«ԵՐԲ ՄԵՆՔ ՉԿԱՅԻՆՔ, ԻՍԿ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐ…»
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու
Գրքի առաջին էջերն են. հնչում է հռետորական հարցը` «Այսքան բա՞ն»…
Չկա պատասխանը: Մի քանի անսահմանության չափ երկվայրկյաններ. ասես շնչելու ցանկությունը ետ է մղվում. կա միայն դեմքին գծագրվող հիացական ժպիտ ակամա` նույնչափ խորիմաստ, որքան և գործի ավարտն է մղում: Նա է` մարդը` չար ու բարի, բարի ու չար, նույնքան որոշակի էլ աշխարհն է նրա դեմ տրամադրված` չար ու բարի… բարի ու չար… Սպասում է հերոսը, սպասում են բոլորը, ժամանակը նույնպես սպասում է, իսկ աշխարհը «ամեն կյանք մուտք գործողի է հաջողություն ցանկանում»: Կյանքը բարեհաճությամբ է տրամադրված ամենքի նկատմամբ: Ապա խոսքը սահուն կերպով անցնում է երազանքին, մարդկային երազանքին, ու պատահում է, որ մարդն այլևս չի լինում, իսկ երազանքը դեռ ապրում է երկրի վրա, և այն իրականանում, կատարվում է ինքն իրեն` առանց տիրոջ` այս երկրի վրա գոյության իսկ: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ գրողի այս հերոսը «երազելով է ծերացել, հիմա էլ գնում է այս աշխարհից` երկրի վրա թողնելով իր կատարված բաղձանքը»:
Ուշագրավ են Զորայր Խալափյանի խոհափիլիսոփայական-վերլուծական հենքով գործերը` «Առայժմ հարցերը լուծում ենք սպանելո՞վ», «Անկուսակցականների կուսակցությունը», «Չեռնիշևսկու դևերը և Դոստոևսկու դևերը», «Արդարություն. հավերժական զառանցանք» և այլ գործեր: Իսկ ահա ինքնաբացահայտման և կամ թե ինքնադիմանկարի մի յուրօրինակ արտահայտություն է հեղինակի «Երևակայական հարցազրույց», այսպես կոչված, «էսքիզը»: Հարցազրույց ինքն իր հետ, ինքն իր դիմաց նստած, հիանալիորեն պարզ, խորախորհուրդ, ծավալով սեղմ, իսկ ենթատեքստով հարուստ մի իրական պատկեր, որտեղից, անշուշտ, կարելի է ստեղծագործական-ինքնակենսագրական մի շարք բացահայտումներ անել: Պայմանականորեն ասված, մեկ այլ խումբ են ներկայացնում գրողի այն գործերը, որոնք խորին փիլիսոփայական ներածությունից հասնում են հայրենիքին նվիրված էջերին` լայն և նեղ առումով` բոլոր ժամանակների հայ իրականություն, հայկական կոտորածներ, Արցախ, Հայաստան, Հայ` ընդհանրապես` արտահայտված թե՛ զուտ հայրենասերի, թե՛ իմաստասերի լեզվով: Սրանք յուրօրինակ դասեր են ու դասախոսություններ, իսկ գիրքը մեծ հաշվով կյանքի դասագիրք է:
Առանց թեմատիկ բացառությունների, փիլիսոփայական գրեթե բոլոր հասկացությունների առկայությունն է այս էջերում` հանգամանալից, պարզորոշ, մատչելի լեզվով և վերլուծության արժեքավոր ու փաստացի ապացույցներով` գիտական հենքի վրա:
Կարելի էր սրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ խոսել գրեթե անսահմանափակ, սակայն ակամա, որ ապա պետք է ընկալվեր իբրև պարզ օրինաչափություն, կանգ առանք նյութերից մեկի վրա` կյանքի ու մահվան իմաստալից անիմաստությունն արտահայտող` «Մահվան խորհուրդը» խոսքին:
«Վախենում ենք մահից. մի ամբողջ հավիտենականություն առանց մեզ կամ մեզնից հետո. չենք պատկերացնում: Բայց չէ՞ որ մի ամբողջ հավիտենականություն արդեն եղել է առանց մեզ, երբ գոյություն չենք ունեցել… մեր ծննդից առաջ, երբ մենք չկայինք, իսկ աշխարհը կար: Եվ ինչո՞ւ է թվում, թե մեզնից հետո հավիտենական խավար է տիրում, մի՞թե տիեզերքի լուսատուն է մեր անձը. մեզնից հետո դարձյալ կլինեն արևն ու աստղերը, ապա այլ արևներ ու այլ աստղեր, կլինի լույս, կլինի խավար, նորից լույս ու խավար: Ուրեմն, հավիտենական խավարի մեջ մի պահ առկայծում է մեր գոյությունը, տիեզերքը ձեռք է բերում ինքն իրեն տեսնելու ու լսելու հատկությունը, ապա կրկին խավար է տիրում, խլություն և կուրություն. տիեզերքում այսպիսի պատահականություններ շատ են լինում…»:
Մարդու կյանքի պատահականությունը… Կյանքի ու մահվան մասին բազմապիսի մտքերից ու խոհերից հետո գրողը գալիս է եզրահանգման. «թերևս մահերից միակը, որ որևէ իմաստ ունի` մահ հանուն հայրենիքի, հանուն կյանքի, այսինքն` հանուն սեփական ազգի հարատևման, որն իր հերթին հանգում է բնազդական մղման` սեփական արյան անմահության…»:
Եվ հետաքրքիրն այն է, որ սա գրողի այն գործերի շարքին է պատկանում, երբ նշված չէ ո՛չ ամիս, ո՛չ ամսաթիվ և ո՛չ էլ տարեթիվ… Ուրեմն, արդիական են այս տողերը բոլոր ժամանակների համար…
Ուրեմն, եղել է աշխարհը նաև այն ժամանակ, երբ մենք չենք եղել, ու կլինի մեզանից հետո էլ… միայն թե պետք է իմաստալից դարձնել թե՛ կյանքը, թե՛ մահը… Հետո էլ ամփոփում ավետարանական նույն խոսքերով` «Ապա կգա այս ամենի վախճանը»: