Շնորհակալական խոսք՝ վերլուծելու փոխարեն / Սիրանույշ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Սեղանիս փառավորված «նստած է» Նունե Շամախյանի հեղինակած «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գիրքը: Հպարտության, հիացմունքի, ցավի խառը զգացողությամբ եմ թերթում, կարդում, իմը դարձնում բոլոր այն նյութերը, որոնք ձեռք են բերվել տքնաջան, իմաստալից, նվիրված աշխատանքով, կորստից փրկելու մեծ ձգտումով և նվիրումով: Ինչե՜ր կարող էին լինել այս գրքում, եթե ոչնչացնողի ձեռքը ավելի հզոր լիներ… Ինչևէ:

Պետք է մեր խոնարհումը բերենք անվանի հայ ջութակահարուհի և գիտնական, արժանահիշատակ Անահիտ Ցիցիկյանին, քանզի նա առաջինը ձեռք զարկեց այս թեմային, որն, ավաղ, մնաց անավարտ: Բայց նրա գործը շարունակեց նվիրված, գիտական մղումով նպատակադրված Նունե Շամախյանը՝ Մեծ ջութակահարուհու դուստրը՝ հենակետ ընդունելով Ա. Ցիցիկյանի աշխատությունները, նա ստեղծել է առանձին ինքնուրույն հետազոտություն՝ «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գունեղ պատկերագիրքը:

Զարմանքն ու հպարտությունն են ուղեկցելու բոլոր նրանց, ովքեր կթերթեն էջ առ էջ աննկարագրելի, կարևոր, նոր նյութերով լեցուն էջերը, չեն գնա առաջ, նորից ետ կգան՝ նայելու, զարմանալու և հիանալու այն հարթաքանդակներով, որոնք իրենց վրա պահում են դարերի խորհուրդը։ Եթե փորձեմ մեկ առ մեկ վերլուծել տեսածս, «կկրկնվի» գրքի ծավալը, ուստի՝ փորձում եմ մտապատկերումս պահել բոլոր-բոլորը… ազգային մեր գանձերը՝ ապացուցելու առաջինը լինելու մեր հպարտությունը:

Նունե Շամախյանը հերոսական, տանջալից ստեղծագործություն դարձրած աշխատանքը արել է յուրովի, բայց նա մենակ չէ: Նրա կողքին են ազգային նվիրյալները: Մարդիկ, որոնք սրտանց բերել են իրենց օգնությունը, այս դեպքում նաև հմտությունը՝ արժևորելով գրքի կարևորությունը, անմնացորդ կանգնել Նունե Շամախյանի կողքին: Գիրքը ապագայինն է: Դեռ գալու են սերունդները, որոնք մեր կորցրած հողի տակից հանելու են դարերով «թաքնված» գանձերը – աշխարհին ապացուցելու մեր ստեղծագործական մտքի հավերժությունը:

Սիրանույշ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀՀ մշակույթի վաստ. գործիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։