Ամստերդամը ջրանցքներով կապված է ոչ միայն Հյուսիսային ծովի հետ, այլև մարիխուանայի և անօրինականության միջից նայող բազմաթիվ օրինավորների հետ։ Ես, կնոջս՝ Օլգայի հետ մեղրամիսն անցկացրեցի հենց այնտեղ։
Դեռևս Ամստերդամի օդանավակայանում զգում էինք մարիխուանայի բույրը։ Ինչքան մոտենում էինք քաղաքին, այդ հոտն ավելի էր ուժգնանում։ Քաղաքի կենտրոն ուղևորվելու ճանապարհին նայում էինք երթուղային ավտոբուսի պատուհանից և տեսնում, որ բոլորը՝ աղջիկ, տղա, մեծահասակ, ծեր, ոստիկան թե պաշտոնյա, կա՛մ ծխում էին, կա՛մ հեծանիվ էին քշում։ Երբ ավտոբուսից իջանք, նկատեցինք` ամպերն այնքան ցածր են, որ կարելի է քայլել նրանց միջով։ Կարծես ամպերը, չդիմանալով մարիխուանայի ծխի թավ քուլաներին, թուլանալով ընկել էին ցած։ Ֆսֆսացող քամին փորձում էր փոխել Ամստերդամի՝ թմրանյութով հագեցած օրերը։ Մենք, նախօրոք վարձակալած հյուրանոցի նեղ համարում տեղավորելով մեր իրերը, սկսեցինք զբոսանքը քաղաքի ավանդական, հին ու նոր նեղլիկ փողոցներում։ Զբոսնեցինք ջրանցքների կամրջակների վրա։ Հեքիաթից դուրս փախած քաղաքն անգթորեն խելացի, կկոցած աչքերով նայում էր մեզ։ Ուրույն ներդաշնակություններով խաչասերվող քաղաքը բախվում էր իրարամերժ հակադրությունների ֆոնին և կպչելով հեծանվորդների շարքից՝ հեռանում էր՝ մեզ թողնելով մարիխուանայի օդի քմահաճությանը։ Օլգան ցանկանում էր եկեղեցական համալիրներ, այլ տեսարժան վայրեր այցելելուց բացի, գնանք նաև թանգարաններ, մասնավորապես Նիդերլանդների ազգային կերպարվեստի և Վան Գոգի թանգարան։ Գնացինք, սակայն երկուսիս էլ ազգայինը չտպավորեց, մեզ վրա մեծ ներգործություն թողեց Վան Գոգի թանգարանը։
Երկուսս էլ, Վան Գոգի նկարների առջև հիացմունքից մոլեգնած, քայլում էինք, և մեր հարյուրհազարավոր մտածող բջիջները, սիրահարված կյանքի ուժին, ձուլվում էին գերազանցության զգացման մեջ։ Վան Գոգի «Նշենու ծառը» կոչվող նկարը՝ արված կապույտ ֆոնին, այնքան էր հուզել կնոջս, որ նա նկարին նայելիս հեկեկալով լացում էր։ Շուտով ինձ նույնպես պատեց հուզմունքը, և մենք սկսեցինք լացել ամեն մի նկարին նայելիս։ Կարծես նկարներն աքցանի մեջ էին մեզ առել, և չէինք կարողանում դուրս գալ այդ նկարների թակարդից։ Անցած դարերի աղջամուղջից դուրս էին լողում Վան Գոգի վախերը, և օտար շունչը խառնում էր մեր մազերը։ Չդադարող մեր լացից և նկարների հիպնոսացնող ուժից հետզհետե ավելի ու ավելի էինք ճնշվում և կարծես մտածում էինք նրա պես, ավելի ճիշտ` նրա թելադրանքով։ Առարկայական տարածությունը երկատվում էր՝ վերածվելով հոգեբուժարանի ահազանգի։ Ես ու Օլգան այժմ միայն ցանկանում էինք արագ դուրս պրծնել այդտեղից։ Անտեսանելի գնչուհին խառնել էր մեր և Վան Գոգի ճակատագրի խաղաթղթերը։ Օլգան գոռաց. «Վազեցի՛նք»։ Եվ վազեցինք թանգարանների միջանցքներով դեպի դուրս՝ մեր վրայից պոկելով նկարչի չստացված կյանքի կպչուն շոշափուկները։ Անցյալը խաբել էր ներկային՝ Տիեզերքի անվերջության ծեծված պատկերացման մեջ։ «Օ՜ֆ է, դուրս պրծանք»,- ասացինք և որոշեցինք այլևս ոչ մի թանգարան չայցելել։
Մենք քայլում էինք թմրած օդում, և կարծես այդ կենդանի նյութն ավելի բովանդակալից էր դարձնում ստորգետնյա քաղաքների ու դաշտերի հորինվածքը։ Մարիխուանայի նյութի կենդանի զանգվածը մեր աչքերում ընթանում էր գուլիվերներով բնակեցված գալակտիկական ընդգրկումով։ Այդ ընթացքը վերակենդանացնում էր անկենդան մոլորակներին՝ մեզ հուսադրելով, թե շուտով կվերածվի ազատության։ Ազատության սպասումը մեզ ներփակում էր լրջության մեջ, և չէինք համարձակվում ծիծաղել կամ կատակ անել այդ կենդանի զանգվածի մասին։ Օրեցօր ավելանում էր մարիխուանայով պարուրված օդի ազդեցությունը մեր գիտակցության վրա, և մեր շուրջը քայլող մարդիկ մեզ երևում էին որպես լոկ շնչող արարածներ, որոնց բանականությունը և հոգեկանությունն ապաստանել է հոգեկան շարժումը կարգավորող էներգիայի տարածության մեջ։ Ամստերդամի հնգօրյա զբոսանքը մեզ համար վերածվել էր արթմնի երազի, և նույնիսկ մոռացել էինք, թե երբ ենք վերադառնալու։ Մեր հիշողությունը չէր լուսավորում նույնիսկ կարմիր լապտերների փողոցի լույսի մեջ թաթախված մարմնավաճառների գայթակղիչ ժպիտը։ Ջրանցքները, անհամար նավակները, հեծանիվները, կամրջակները կարճ միացումով կապվել էին մեր սրտերի հետ և մեզ հետ հետաքրքրությամբ հաճախակի նայում էին Ամստերդամի անվարագույր մեծ լուսամուտներից այն կողմ կատարվող անցուդարձին։ Փորձում էի Օլգային համոզել, որ մարիխուանա ծխենք։
«3-ից 4 եվրո է, արի՛ փորձենք, մեզ հետ ոչինչ չի պատահի»,- ասում էի ես՝ նրան խնդրելով, բայց նա, հակադարձելով ինձ, պատասխանում էր. «Դա կարող է բացասաբար ազդել մեր ապագա երեխայի վրա։ Ես ոչ մի դեպքում չեմ ուզում ռիսկի գնալ»։
Ու այդպես իմ թուլությունները միացրած նրա աներեր ուժին՝ հնազանդ անօգնականության զգացման մեջ փորձում էի հաճույք ստանալ։ Մենք շրջում էինք էրոտիկայի ձանձրալի թանգարաններում։ Մեր ոտքերի տակ հողը՝ շրթհարմոնով լցված, մեզ ցուցադրում էր խճուղիներում փշփշոտ բրոնզի պես շողշողացող կանանց և տղամարդկանց սեռական օրգանները։ Եվ էրոտիկ պատկերները, թմրաօդին կպած, մեր ակնախոռոչների լույսերի մեջ խոսում էին հարյուրավոր զույգերի տնքոցներով։ Գիշերային քաղաքում զբոսնելիս ջրանցքներում «Ստոպ» հրամանին ենթարկված նավակները մեզ հանդիման ճռռում էին. ասես ջրերին գամված տնակների օրորոցային էին երգում։ Եվ այդ ճռռոցի միջից լսվում էր մի նախադասություն. «Արագացրե՛ք, ուշանո՛ւմ եք ինքնաթիռից»։
Ես ու Օլգան, նայելով հեռախոսի օրացույցին և ժամին, տեսանք, որ իսկապես ուշանում ենք։ Վազեցինք հյուրանոց, հավաքեցինք մեր իրերն ու արագ տաքսի նստելով՝ մեկնեցինք օդնավակայան։ Այնտեղ արդեն ադմինիստրատորը բարձրախոսով կարդում էր մեր անունները։ Մենք անցանք հսկման կետերով, հևասպառ ընկանք ինքնաթիռ՝ զբաղեցնելով մեր տեղերը։ Թռիչքի պահին վերևից ներքև նայեցինք, և քաղաքի շենքերը գիշերային լուսավորության միջից մեզ երևացին որպես խոր անդունդում ծվարած ցրտահարված աստղեր։ Հանկարծ մեր միտքը եկավ, որ հյուրանոցում մոռացել ենք ինչ-որ իրեր։ Անելանելիությունից հուսահատ, նայեցինք ներքև՝ ասես փորձելով մեր աչքերի մագնիսական ուժով վերցնել դրանք։ Բայց անմիջապես գլուխներս վախեցած ետ քաշեցինք պատուհանից. մեր իրերը` մեծածավալ տեսք ստացած, ծորուն երգեցողությամբ շարժավորված, մոլորված, ծանր շնչելով, փնտրում էին մեզ Ամստերդամի փողոցներում։