ԳՈԼՖՍՏՐԻՄ Վինսենթ վան Գոգին (կոլաժ) / Վալերի ՊԱՐԱՆՅԱՆ

Մի օր չէ, մի շաբաթ չէ, մի ամիս չէ, մի քանի տարի շարունակ, ծովաքամու պես մե՛րթ պոռթկալով, մե՛րթ դադարելով, այդ յուրօրինակ մարդու մտքերում մի պատկեր էր պտտվում:
Իբրև թե անանձրև, բայց միգապատ մի օր, միայնակ կանգնած է ծովափին, ուր տարածուն ու թույլ թեքությամբ ափը ծովից զատված է կրիայի տեսքի գլաքարերով, որ մամռածածկ են, կիսով չափ՝ կանաչ, կիսով չափ՝ բրոնզա-ժանգա-մանուշակագույն:
Եվ տարածուն ու թույլ թեքությամբ այդ ափին ցաքուցրիվ, նոսր ու աղքատիկ սաղարթով կեչազգի ծառեր են, տեղ-տեղ՝ դարձյալ նոսր ու աղքատիկ սաղարթով եղևնիներ:
Ալիքները «սակավ» են, ծովն իր ալիքների խմբաքանակի ինն ալիքից ութը, խենթանալու բան, ասես՝ մայրն իր ձագերին, կուլ է տալիս, ու խշշյունը նվաղում, անլսելի է դառնում, իսկ ջրերին ու գլաքարերին՝ թառած ու օդում թևածող ճայե՜ր, ճայե՜ր:
Ու ճայերի տագնապագույժ կռինչ՝ ճի՜վ, ճի՜վ…
Ճի՜վ, ճի՜վ… արձագանքվում են այդ յուրօրինակ մարդու արցունքաթաց ակնախոռոչներում, ինչպես հեռավոր ու խուլ որոտմունքները՝ խոնավությունից կաթկթող բազալտե անձավներում:
Ու իբր այդ ամենը տեղի է ունենում հեռավոր ու անծանոթ Նորվեգիայի ամենահյուսիսային կետում, ուր մայրցամաքի ափերը շոյելով անցնում է սառցաշխարհին ուղերձված Կարիբյան ծովի եռացող ջրերի Գոլֆստրիմ հոսանքը:
Եվ հե՛նց նրա կանգնած տեղում ափն աղեղնաձև կորանում է ծովի մեջ, կամ՝ ծովն աղեղնաձև ափը շուրջկալում:
Աշխարհագրական քարտեզներում գրաֆիկորեն դա շա՜տ լավ է երևում:
…Կիրակի էր, տանն էր: Մտքին, քամու պես, նույն «նորվեգական» պատկերն եկավ:
Արագ վճռեց ու մեքենայով գնաց Սևան: Յոթ սարից ու յոթ ծովից անդին ցնորք Նորվեգիան չէր, մոտիկ էր, քթի տակ, ուր կարող էր գնալ, երբ կամենար ու մնալ, որքան կամենար:
Հասնելով լճի ամենահեռու հատվածը, որ նաև ամենահարավային կետն էր, մեքենան թողեց խճուղում ու դանդաղ քայլերով մոտեցավ ջրերին:
Զարմանալի էր, նրա նման սևանասերն այդ կողմում երբևէ չէր եղել: Երևակայվող նորվեգական պատկերի ճշգրիտ պատճենն էր՝ թույլ թեքությամբ տարածուն ափը լճից զատված էր կրիայի տեսքի գլաքարերով, որ մամռածածկ էին, կիսով չափ՝ կանաչ, կիսով չափ՝ բրոնզա-ժանգա-մանուշակագույն:
Ցաքուքրիվ, նոսր ու աղքատիկ սաղարթով կեչազգի ծառեր էին, ու տեղ-տեղ՝ դարձյալ նոսր ու աղքատիկ սաղարթով եղևնիներ:
Ալիքները «սակավ» էին, լիճն իր ալիքների խմբաքանակի ինն ալիքից ութը, խենթանալու բան, ասես՝ մայրն իր ձագերին, կուլ էր տալիս, խշշյունը նվաղում, անլսելի էր դառնում, իսկ ջրերին ու գլաքարերին՝ թառած ու օդում թևածող ճայե՜ր- ճայե՜ր:
Ու ճայերի տագնապագույժ կռինչ՝ ճի՜վ, ճի՜վ…
Ճի՜վ, ճի՜վ… արձագանքվում էին այդ յուրօրինակ մարդու արցունքաթաց ակնախոռոչներում, ինչպես հեռավոր ու խուլ որոտմունքները՝ խոնավությունից կաթկթող բազալտե անձավներում:
Իսկ ափը, ուր նա կանգնած էր, աղեղնաձև կորանում էր լճի մեջ, կամ լիճն էր աղեղնաձև ափը շուրջկալում: Աշխարհագրական քարտեզներում գրաֆիկորեն դա շա՜տ լավ է երևում:

Այո՜, ճիշտ երևակայվող պատկերն էր:
Տարբերությունը միայն այն էր, որ տագնապագույժ կռինչները՝ ճի՜վ, ճի՜վ, մոտիկ Սևանից չէին գալիս, ինչպես բոլոր-բոլոր խորհրդավոր ձայները՝ գալիս էին հեռու հեռվից, ավելի ստույգ՝ մի տեղից, որ անդին էր յոթ սարից, որ անդին էր յոթ ծովից, կռահեցի՜ք, այդ յուրօրինակ մարդու դեպքում՝ հեռավոր ու խորհրդավոր Նորվեգիայից, սառցաշխարհին ուղերձված Կարիբյան ծովի եռացող ջրերի Գոլֆստրիմ հոսանքով շուրջկալված ու շոյվող Նորվեգիայից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։