Ջավախքցի բանաստեղծ Օքրո Օքրոյանի գրած բազմաթիվ գրքերի մեջ առանձնանում է «Ջավախքը»: Բացառիկ սեր է տածում պոետն առ իր ծննդավայրը՝ Ջավախք պատմական երկրաշխարհը նկարագրում է ուրույն գույներով ու պատկերներով, այնպիսի ապրումներով, որ Ջավախքում ծնվածներս ընթերցելով Օքրոյանի տողերը, պահից անէանալով, ճախրում ենք «այն ափեր», կուլ գնում ու գերի դառնում կարոտախտի բերկրանքին.
Ջավա՜խք, դու քարե սուր ես, մասունք,//Դու Սասնա հզոր մանուկ,//Աշխարհը քո դեմ ցասման բաժակ,//Դու ուրիշին` հզոր բազուկ…
Օ. Օքրոյանի բանաստեղծությունները նաև վերհուշեր են, սիրո խնկարկվող մրմունջներ, զարթոնքի պատարագվող աղոթք, վաղորդայնի լույս… Եվ պոետի արարուն օր` սիրո հանդիպման խոստումներով առլեցուն.
Օրը ինձ համար ժպիտ է մաքուր,//Արևի շող` առավոտներից պոկված…//Իսկ արևը աղջիկ է հուրի,//Շուրթերին` կավե կուժն աղբյուրի…
Օքրոյանի պոետական «հերկերում» սերը զարդարուն է բնությունից պոկված շքեղ պատկերներով, ծուխ-ծխանիով, տառապանքի երգ ու վերքերով, թրթռուն շողերով, հույզերի, տրամադրության բույր ու բոցերով.
Իմ հոգում` յոթ արև, յոթ երկինք,//Յոթ երգ, յոթ վերք, յոթ գաղտնիք…
Օքրո Օքրոյանի քնարական սիրո կերպարները բազմազան են, լուսասփյուռ են, գեղեցիկով լցված: Այդ ուղեծիրների մեջ ուրույն ու անզուգականը իր հոգու հատոր ծննդավայրն է` Ջավախքի չքնաղագեղ անկյունում ծվարած Տուրցխը, որում ապրում, արարում են բանաստեղծելու շնորհներ ունեցող տաղերգուներ: Ջավախք երկրաշխարհը գովերգել են հայ դասականներ Թումանյանը, Տերյանը, Իսահակյանը, բազում ջավախքցի տաղասացներ, ովքեր երգ ու խնդում, կոչնակի ցնծում են բարձրացրել Աբուլն ի վեր` հանց կենաց խոսք: Օ. Օքրոյանի բանաստեղծական խոհն ու խոսքը հանդարտ ու պարզ է, ապրումները, զգացումները՝ անկեղծ.
Լեռներս նոր երգի կայան,//Ճերմակ ձյուների լռություն,//Մեկ արև են,կանթեղ մեկ,//Ու սիրո լուսասփյուռ սրբություն…//
Օքրոյան բանաստեղծի համար Ջավախք աշխարհն իմաստուն հեքիաթ ու երդում-պատգամ է, ոգեղեն շունչ է և դարերի ճամփա: Սիրո, կյանքի, նոր առավոտ է, նաև` ոսկեհյուսք գեղեցիկ աղջիկ, խոնարհ կին, հարսնաքույր, զրնգուն հորովել, հաց ու գինի, բայց ոչ` «զոհաբերվող գերի…»:
Ծննդավայր Տուրցխը ցորեն արտերի, լույսի, հավատի երգ է հնչեցնում, քնքշանքի, կարոտի երգ, որը խոնարհ արտ-հասկի երգն է: Այն խառնվում է աշխարհի սրտին քարոտ, որը խուլ է, անտարբեր, սողացող` ինչպես վտառը օձի… Բայց կերտվում է Աստվածայինը` բարին հաղթող է, չարը հեռանում է պոետի ցանկությամբ: Նա երկնքի Բարձրյալից խոհեր, սուրբ մասունքներ է հավաքում, որոնք մանանայի հատիկներ դարձած` մորմոքուն կանչ ու անուրջներ են դառնում, նվիրումներ, որոնք խառնվում են Ջավախքի վեհությանը, հեքիաթային Ճոպարեթի անտառին, Թափարվան գետին, Փարվանային ու Աբուլին: Եվ այս բոլորի շուքում գարնան զարթոնք ապրող բնությունն է թանձրացած անշղարշ պատկերներով, գույներով, «շեկ կարոտից» զարթնող արևածագի լույսերով: Օքրոյանը իր ստեղծագործություններում հակվում է դեպի անապական մաքրամաքուրը, դեպի տիեզերականը, և նրա հումանիստական մոտեցումները ամբողջացած մխրճվում են մի աստվածահաճո մաքրամաքուր բանաձևումի մեջ` «Աստված սեր է»: (Օ. Օքրոյանը այս վերնագրումով գիրք ունի): Հավելենք, որ «Ջավախք. Դրախտային օրրան» գրքի տպագրությունը նախաձեռնել են Արտակ Ոսկանյանը և Ռուզան Մահտեսյանը:
Օքրո Օքրոյանը դրախտավայր օրրանի` Ջավախքի մասին գրել է «Երկնային» լեզվով` Աստվածային սիրո լեզվով, և իր սիրո ամփոփումը հնչեցրել է այսպես.
Ես լեռների հնձվոր, Աբուլի ծնունդ,// Ես լեռների զինվոր, Աբլարի սերունդ,//Ես լեռների հերոս, ժեռ քարե արձան,//Լավաշ արտերում բուսած վարդ-շուշան…