Ուրախանալու առիթ կար` ընկերներով հավաքվել էինք դրախտի պատկերով չափագրված ու ինքն իր մեջ ճարպակալած մի գողտրիկ խորտկարանում: Դուդուկի մելամաղձն իր հունի մեջ դանդաղ մարմրում էր: Խորտկարանի գաղտնիքակուլ հետնախորշերում ինչ-որ աղջիկներ էին շրջում կիսամերկ, հարեմների վավաշոտ բույրով օծված ինչ-որ տնքոցներ էին լսվում կողքի բացուխուփ սենյակներից, տարաշխարհիկ գույն ու շշուկով ինչ-որ անըմբռնելի տեսիլքներ էին արթնանում-շուլալվում ժամանակի ոտուփեշին, և այդ ժամանակն ասես իր հունից փախչում ու փոշիանում էր ունայնության հակառակ երեսին: Այդ ամենը թեպետ թափանցիկ-ընկալելի էր, բայց մեր քեֆը մի տեսակ անհաղորդ առանձնության մեջ էր ծավալվում, ասես հավերժության պատրանքով պարուրված` տրվել էինք վայելքի բնազդին, և մեր տեսածն ու ընկալածը դեպի փարավոնների ժամանակներն էինք մղում: Ամեն ինչ գեղեցիկ ու իմաստավոր էր, բայց ինչ-որ մի պահի ինչ-որ մի բան խաթարվեց, ու վայելքն ինձ համար ճաք տվեց չսպասված տեղից. հանկարծ ու միանգամից, ինչ-որ մի որոճացող հանդարտությամբ, դուդուկի ծիրանաբույր քուշուշքին խառնվեց ու մեղեդուն հյուսվեց երգչի թուրքահունչ ողբը, որը գնալով վերածվեց կաղկանձ հիշեցնող ինչ-որ զառանցանքի: Կաղկանձը թափ առավ, տարածվեց փսխուկի արտազատումով, և ժամանակների չսպիացող խորքերից, մերկ վճռականությամբ ու տապալող թափով ինձ վրա եկավ թուրքի հարամ շունչը: Նրանք` ծորուն վայնասուններով սնվող չալմավորները, այդ վայնասունների արանքներում մանկան ճիչը դեռ մոր արգանդում խեղդում ու սարսափը մղձավանջի պատկերներով ցոլացնում էին արյան լճակներում: Եվ ականատեսների աչքերի առաջ արյան կարմիր հայելուց լույսի մուժը անդրադառնում էր խելագարության արտացոլքով: Այդ ամենը կարծես թե մեր արյան հիշողության մեջ է, բայց ահա… Երգողի ձայնը մահվան լուրի սարսուռով իմ ոսկորներն էր թափանցում, և ես լսում էի անապատի ավազուտներում թաղված ու անթաղ ոսկորների խուլ տնքոցը: Եվ իմ նախապապերի արյունոտ հիշողություններն իմ մեջ վերարթնանում ու սև կնիքի դրոշմով տպվում էին ուղեղիս վառվող կեղևին: Ու ես դառնում էի պրկված նյարդերի կծիկ, բողոք ու ցասում, ո՞ւմ դեմ` հայի՞…
Ուրեմն այսպես. հայ ենք, բայց ի՞նչ ասել է` հայ. տիեզերական զանգի քրիստոնյա ղողա՞նջ, այլոց համար լինելիության աստվածային կե՞րպ, որոշակի նպատակով բռունցքավորված ջահելի եռա՞նդ, թե՞ հինգ հազար տարեկան անատամ ծերունու թելթռուց հիշողություն… Ասում ենք` հայ, ու շահի պատեհությամբ հմայված, նույն վայրկյանին էլ հայ լինելներս մոռանում ու մեր դարավոր մշակութային նվաճումը գետնին ենք հավասարեցնում: Ասում ենք` հայ, և սրտնեղության պուճուր կեռմանում չարանում ու հայի համար դառնում ենք անեծքի մտրակ. Արարատի վեհությամբ հմայված` մեր լուռ մենության մեջ հայ ենք, հուղարկավորության թափորի մեջ իրար կարեկցող ու պինդ հայ ենք, կենացների մանվածապատ մշուշներում հայ ենք ու հայ ենք, բայց…
Իմ խոհն ինձ խնջույքից սահուն տարանջատում ու մենության գմբեթի տակ էր ներքաշում: Իսկ երգողն արդեն վերջնականապես ջնջել էր չափի ու չափազանցի սահմանը: Երգը` հոգու թևավոր հրճվանքը, մարդուն մահվան երախից խլելու աստվածային շնորհ է, բայց նրա երգը մութ ու պայթուցիկ տագնապով իմ հոգին ավերում և ողբի շառաչով ինձ դեպի մահն էր տանում: Ու ես անզորությունից փայտանում էի: Նրա կաղկանձի մեջ ասես գաղթականների հետևից քարշ եկող մարդագայլերի ուրվականներ էին շրջում, և հարյուր տարի անց ես դեռ չլերդացած արյան հոտն առնում ու խելագարվում էի: Հարյուր տարի հետո ես դեռ դողէրոցքի ջղաձիգ ցնցումներով զգում ու վերապրում էի մահվան սարդոստայններում մարմրող հոգիների լուռ տառապանքը. սրտիս ձյունը մաղվում էր գլխիս, խելագարության հին ու ժանգոտ լարը մտրակվում էր քունքիս, և լինելիության անվերծան խորհուրդը սև դիմակով ու սև մանգաղով հիմա էլ բարձրանում էր ժամանակի սանդուղքով: Լուսնի մահիկից դարձյալ արյուն էր ծորում, և արյան հոտն առած մարդակերը չռված աչքերով սևեռվել ու հեռուներից ինձ էր նայում: Թոկափախ երգը ծորում ու ծավալվում էր` բոլորին լսելի, իսկ ժամանակի այդ նույն հոլովույթում մեր երկրի ու աշխարհի մեծ լսարաններում Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված արարողություններ էին կատարվում` «Հիշում եմ և պահանջում»: Հիշում ենք բոլո՞րս, թե՞ մեկումեջ, հիշում ենք ամեն պահի՞, թե՞ առիթից-առիթ, հիշում ու ցավից քրտնո՞ւմ ենք, հեռահար մղումներով գոտեպնդվում ու բռունցքվո՞ւմ ենք, թե` «Հայ ենք մենք, եղբայրնե՛ր, հայ ենք մենք»…
Երգը մարդու արյան բաղադրության հանգույն պիտի կարկաչի ու իր հետևից տանի, բայց նա առջևից գնում ու երգն էր իր հետևից քարշ տալիս: Սատկած կատվի պես. պոչից մի կերպ լաթով բռնած, զզվանքով ու նողկանքով… Նրա երգը կարծես թե ինձ դեպի ցնծություն պիտի տաներ, բայց ահա դեպի կառափնարան էր տանում` ջղերս սղոցելով, սիրտս մամլիչի տակ ճզմելով, հոգուս մեջ թքնելով… Այդ վայնասունն ասես իր մշուշոտ ստվերներով տրոփում էր անգո մի երակում և հենց այդ երակի լռին խորքերում էլ ցնծությունը վերածում է ողբի:
Հնի ու նորի ջղագրգիռ համադրումով խենթացած և իբր նորի փնտրտուքով տարված՝ նրանք անթույլատրելիության վիհն անցնում, սրա-նրա երգի կռճոնը հավաքում, իրենց ծորուն էության լորձով շաղախում ու որպես հայ երգ են մատուցում: Լեզուն հայերեն է, ոգին` թուրքա-հունա-պարսկա-արաբական, երգողը հայ է, երգը` օտարի ծորուն հառաչանք: Իմ խոհի գալարը արագորեն շիկանում ու տեսանելի պատկեր էր դառնում: Իսկ պատկերի մեջ համոզմունք էր բնավորված. եթե Կոմիտասը հրաշքով արթնանար ու նրանց լսեր, նորից կխելագարվեր` այս անգամ արդեն հայի անհոգի ու բթամիտ տեսակի անհոդաբաշխ զառանցանքից: Իսկ մենք այդ զառանցանքը լսում, մեր ներսի ցավը թաքուն ջղաձգումով մարում ու հարմարվողականության փորձված ու անշառ արահետն ենք բռնում` ո՞ր մեկի բերանը փակես…
Իսկ անպատվություն արտաբերող բերանը փակել պետք է. եթե այսօր մենք նրանց բերանը չփակենք, վաղը նրանք կփակեն մեր բերանը` ամոթի ու խայտառակության ծեփով, վերջնական ու անշրջելի: Եվ անհեռանկար հույսով, որովհետև նրանք չեն գիտակցում քաղցկեղի պես չանչավորված իրենց «արվեստի» ողջ վտանգավորությունը, վարակիչ վտանգավորությունը, որի վրայից շեկ անապատների ամայության շունչ է փչում: Ավելին` կույր մոլորության մեջ խարխափելով, դեռ արդարացում են հորինել` ժողովուրդն է պահանջում, իբր՝ ժողովրդի ուզածը հենց դա է, որ կա: Այդ նույն ժողովուրդը կասեր` խելքիդ ձյուն գա: Մենք էլ ժողովրդին միանանք ու ընդդիմանանք` պատկերավոր մի օրինակով. խորտկարանում իշխան ձուկ ենք պատվիրում, ասում են` չկա, խորոված ենք պատվիրում, ասում են` չկա… հաց ու պանիր, ասում են ` չկա, գոնե վարունգ, պոմիդոր, ասում են` չկա, բա ի՞նչ կա, ասում են` վարունգի կլեպ… Հիմա ի՞նչ անենք. եթե մենք վարունգի կլեպը ուտենք, կնշանակի, որ մեր ուզածը վարունգի՞ կլեպ էր: Ահա և տրամաբանականի ու անտրամաբանականի գիտակցական շփոթը: Ու այդ շփոթի մեջ էլ երգը դիմակավորվում է, ու երգի տնազը որպես երգ է մատուցվում: Ու իրենց փորացավը մեզ համար գլխացավ է դառնում: Նրանցից մեկը մի օր զրույցի մեջ իմ գրող ընկերոջը ծաղրել, ասել էր. «Քո երեք տարվա աշխատավարձը ես երեք ժամում եմ վաստակում` քեֆ-ուրախության մեջ, իսկ դու գնա սոված փորով նստի ու հոդված գրի ազգային գաղափարախոսության մասին: Ու չմոռանաս նաև իմ երգի դեմ գրել. միևնույն է` քո գրածը ոչ մեկն էլ չի կարդում ու ոչ մեկին էլ պետք չի»: Հետո կարծես թե չէր հանգստացել ու նախատինքը տարակուսանքին խառնելով՝ հավելել էր. «Տնաշեն,- ասել էր,- աշխարհը պահի մեջ մոխրանալու վտանգի մեջ է, իսկ դուք դեռ ձեր տրեխավոր պապերի երգն եք երգում»:
Ուսերիս դատավորի թիկնոց վերցնելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ նպատակ, ո՛չ էլ խրատամատույց մխիթարությամբ եմ երթի ելել, պարզապես մտահոգությունն է իմ մեջ գնալով տագնապալի դառնում, որ այս բիճ դարում ամեն ինչ շահի մոլուցքով նժարելը մի օր մեզ վերջնականապես ու անդարձ կնժարի: Ու մենք կընկնենք անապատի խորշակի բերանը. մի օր էլ մեր օրորոցայինը կդառնա օտարի նեյնիմ: Եվ մենք, ձեռքներս քունքներիս դրած, կմտածենք՝ ի՞նչ է սա` զուտ շահի տրամաբանությամբ առաջնորդվելու գայթակղությո՞ւն, օտարամոլության խարա՞ն, ազգային դիմագծի կորո՞ւստ, թե՞ օտարի ոտնահետքերով քայլելու հեշտ ու անուղեղ մոլուցք: Այդ օտարը հեռուներից որսաշան պես հոտոտելով-հոտոտելով շատ զգույշ մոտենում, այդ զգուշության մեջ մեզ ապահով քնեցնում և խփում ու դարերով փայփայած մեր մշակութային գանձը քթներիս դեմից թռցնում է: Եվ թալանչու նեյնիմով շաղախում ու իրենն է ազդարարում: Իսկ մենք, առանց դույզն իսկ ամոթ զգալու, մեր մշակույթի շքեղ պալատից ելնում ու մտնում ենք օտար խաշնարածի փարախը: Իսկ ո՞ւր մնաց մեր հպարտությունը, պատիվը, արժանապատվությունը, հիշողությունը… Ասացի` հիշողություն ու Հրանտ Մաթևոսյան պայծառ հայի խոսքը մտաբերեցի. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես` ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես-հիշողության մեջ չես` հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:
Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ / ՄԱՄՌԱԿԱԼԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
