Ֆեյսբուքյան «Գրականություն» խմբի 5-ամյակը

Ավետիք Իսահականի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ֆեյսբուքյան «Գրականություն» խմբի 5-ամյակը: 6000-ից ավելի հետևորդ ունեցող այս խումբը ստեղծվել է գրականագետ, գրաքննադատ, բանասիրության թեկնածու Անի Փաշայանի կողմից հիմնականում ժամանակակից գրականությունը ճանաչելի դարձնելու համար: Գործունեության ընթացքում խումբը մեծացրել է մատուցման հնարավորությունները: Գրական ստեղծագործությունների հետ միասին ընթերցողը կարող է հաղորդակցվել դասական և ժամանակակից երաժշտության, գեղանկարչության, լուսանկարչության լավագույն նմուշներին: Խմբի ամենօրյա աշխատանքային պատկերում կարելի է տեսնել գրականության, թատրոնի և արվեստի մյուս ճյուղերին առնչվող հոդվածներ և մեկնաբանություններ, որոնք ներկայացնում են մեր երկրի լավագույն պարբերականների, կայքէջերի նյութերը: Գրեթե ամեն օր տեղադրվում են նաև հատվածներ հայ և համաշխարհային գրականությունից, ձայնագրություններ, տեսահոլովակներ: Խմբի նյութերին ծանոթացող ընթերցողները հնարավորություն ունեն հայտնելու իրենց կարծիքը՝ թողնելով մեկնաբանություններ:
Մարտի 2-ին գրադարանի բազմամարդ սրահում հավաքվել էին գրողներ, արվեստագետներ, խմբի աշխատանքներին հետևող շատ ընթերցողներ: Ելույթ ունեցան բանաստեղծ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, գրող, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը: Վերջինս Ա. Փաշայանին հանձնեց Պատվոգիր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կողմից: Այնուհետև խոսք ասացին բանաստեղծներ Նոնա Պողոսյանը, Բենիկ Ստեփանյանը, Մարգարիտա Վարդանյանը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը: Իրենց կատարողական վարպետությամբ ունկնդիրներին հիացրին երաժիշտ, երգահան Վահան Արծրունին, երգահան, դաշնակահար Սարգիս Աթամյանը: Ժամանակակից բանաստեղծների գործերի մի փունջ ներկայացրեց դերասանուհի Անուշ Գալստյանը: Գրական-երաժշտական ցերեկույթը վարեցին «Գրականություն» խմբի հիմնադիր Անի Փաշայանը և խմբի թատրոնի բաժնի ղեկավար, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանը:
Ա. ՓԱՇԱՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։