ՀԱՎԵՐԺ ԹԱԳԱՎՈՐՈՂԸ / Վալերի ՊԱՐԱՆՅԱՆ

Փետրվարի 19-ը ՀՀ պետական տոնացույցում նշված չէ:
Հասկանալի է, ուրեմն այդ օրը պետական որևէ նշանակալից իրադարձություն տեղի չի ունեցել:
Այդ օրը նշանավոր է նրանով, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Թեև մեծի, հանճարի, բայց սոսկ բանաստեղծի ծննդյան օր է, ու պետական տոն չի հռչակվել:
Ո՞ր երկրում այդպես չէ:
Ամենուրեք այդպես է:
Բայց Թումանյանի դեպքում Արմենը պարզ չգիտակցված մի անհամաձայնություն ուներ, և հերթական տարեդարձին ինքն իր համար այդ օրը տոնական դարձրեց: Իր հաշվին մի օրով արձակուրդ վերցրեց, նստեց իր մեքենան ու Երևանից գնաց Դսեղ: Մենակ: Առանց ճանապարհը շեղելու: Ուղիղ տուն-թանգարան:
Թանգարանի տիրուհին տիկին Արմենուհին էր: Թումանյանի եղբոր աղջիկը՝ իսկական Թումանյան: Խոշորակազմ, ժպտերես, գեղեցիկ ու անշպար, հյուրասեր, անափ սիրտ ուներ, պարզ ու պայծառ մտքեր՝ մի իսկական տոհմիկ կին, մի իսկական թագուհի: Նա ինքն էր այցելուներին ծանոթացնում թանգարանի հավաքածուին, որոնցից ամենաանգին ցուցանմուշը, ինչ խոսք, ժառանգաբար իրեն փոխանցված, սարալանջի մորուտում ակնաբխող աղբյուրի պես պարզ ու զուլալ թումանյանական լեզուն էր:
Տիկին Արմենուհու մեկնաբանմամբ ու Արմենի ընկալմամբ թանգարանի բովանդակությունը հաստատումն էր այն իրողության, որ Թումանյանն իր ապրած ու հայ ժողովրդի պետականություն չունեցած շրջանում նրա համար մարդ-պետություն եղավ:
Պատումները վերջացնելուց հետո տիկին Արմենուհին, տան պապենական ավանդույթի համաձայն, թեթև հյուրասիրություն արեց, իսկ հրաժեշտից հետո Արմենը, մտորելով այդ տարեց ու փառահեղ տիկնոջ հմայքի մասին, որ անզուգական էր, որ շոշափելիից անդին էր, որ շնչող էություն էր, Թումանյանություն էր, նստեց մեքենան ու քշեց՝ Երևան չէ, Դիդ:
Այն հեռավոր ու ձյունափառ լեռնաշղթաներով շրջանագծված լայնատարած սարահարթի մեջտեղը, կոնաձև բուրգի պես բարձրացած, բաց ու պարզ տեսանելի հեռուներով բլուր էր, ուր վախճանից հետո ցանկացել էր իր հավերժական հանգիստը գտնել Թումանյանը:
Մեքենան թողեց ստորոտին ու բլուրը բարձրացավ ոտքով:
Քայլքից ու հևքից զգացողությունները սրվել էին:
Հորիզոնները շրջանագծող լեռների ձյունաճերմակն ու երկինքը գմբեթավորող անուշակն կապույտը այն զգացումն էր հաղորդում, որ Դիդից ուրույն թագավորություն է բացվում՝ հավերժորեն թագավորողի հայացքին արժանի, իսկ հավերժորեն թագավորողին հավերժող թագավորություն է վայել, իսկ հավերժող կարող է լինել միայն պահպանված ինքնության թագավորությունը: Անցողիկ թագավորներն իրենց ժողովրդի պետությունն են հսկում, հավերժող թագավորները՝ ինքնությունը:
Հենց նման թագավորության պահպանմանն էր ձգտել արդեն մարդ-պետություն եղած Թումանյանը, իր ժողովրդի ինքնության թագավորության, որը նա Դիդից, իսկ այն իզուր չէր իր անունն ստացել դիտել-դիդել բառից, կարող էր դիտել ու հսկել նաև… իր վախճանից հետո:
Մտահանգեց, որ հայոց ինքնության ռահվիրա Թումանյանով նրա ծննդյան օր փետրվարի 19-ն արժևորվել ու համադրելի է դարձել հայոց անկախ պետականության վերականգնման օրվա՝ մայիսի 28-ի հետ: Գուցեև գերադրելի է, քանի որ պետությունների անկախության կորուստը պատմական ժամանակագրության մեջ արտառոց մի բան չէ, իսկ ժողովրդի ինքնության կորուստն անվերադարձնելի է, անվերականգնելի:
Արդեն Երևան վերադառնալիս, դեռ ճանապարհին, ինքն իրեն երդումի պես խոսք տվեց, այդ օրը՝ փետրվարի 19-ը, իր համար դարձնել տոնական, հայոց ինքնության տոնի օր, և միշտ ուխտի գնալ Դսեղ՝ հայ ժողովրդի ինքնությանը հավերժ թագավորող Հովհաննես Թումանյանի փափագած գերեզմանաբլուր՝ Դիդ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։