Օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հայ պոեզիայի վարդաբույր օր` «Սիրո արահետներով», որը նվիրված էր բանաստեղծուհիներ Մետաքսեի և Լիլիթի ստեղծագործություններին:
Գարնան շունչը և պոեզիայի թարմությունը մեզ տեղափոխեց Մետաքսեի և Լիլիթի պոեզիայի աշխարհը: Բանաստեղծությունները նվիրված էին մայրության և գեղեցկության տոնին: Երկուսը` մայր և աղջիկ, մի հարկի ներքո, բայց իրարից շատ տարբեր և յուրօրինակ իրենց բանաստեղծական ընկալումներով:
Ասմունքողներ Գայանե Սամվելյանը, Աիդա Ասատուրյանը և Նադյա Անտոնյանի ասմունքի թատրոնի սաները կարդացին Մետաքսեի և Լիլիթի հետաքրքիր ստեղծագործություններից, որոնք ներկայացվում էին հանդիսատեսին երաժշտական գողտրիկ ելևէջներով: Ունկնդրին տեղափոխեցին հույզերի և պոռթկումների աշխարհ, որը լի էր հույսով, հավատով և սիրով: Հնչեցին նաև Էմմա Պետրոսյանի կատարմամբ «Կռունկներ» (խոսք` Մետաքսեի) և Արամոյի կատարմամբ «Երանի» երգերը: Ցերեկույթին ներկա էին մտավորականներ, գրականության և արվեստի նվիրյալներ: Օրը լցվեց Մետաքսեի և Լիլիթի պոեզիայի շնչով:
ԽԱՆԴՈՒԹ