ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ / Լիլիթ ԱՆՏՈՆՅԱՆ

Կարինե ԱշուղյանԿարինե Աշուղյանի գեղարվեստական հղացքը բյուրեղացնող «Հմայագիր» (2017 թ.) ժողովածուն գեղագիտական-փիլիսոփայական առումներով գրական բացառիկների կարգից է: Նրա՝ սեփականատիրության ժամանակաշրջանի անարդարությանը չադապտացված, ինտելեկտուալ, այսպես կոչենք, պատմաներգործական պոեզիան մեկնաբանում է արդի հայոց պատմության տրամաբանությունը, որի շարժման մեջ է՝ որպես հայուհի, մայր, քաղաքացի և իմաստասեր: Բնականոն է, որ նրա գեղարվեստական համակարգի տիրույթում արձագանք են ստացել երկրի ներքին ու արտաքին հիմնախնդիրները, որոնց հենքի վրա բազմաչափ իրականության սեփական գնահատականն է և ինքնագիտակցման բարձր աստիճանը: Հիշենք Մ. Մ. Բախտինի կարծիքը. «Գրականության հաջողված երկերը նախապատրաստվում են դարերով, իսկ ստեղծման ժամանակաշրջանում քաղում են միայն հասունացման երկարատև ու բարդ ընթացք անցած պտուղները»:
Նշյալ հայեցակետից ելնելով՝ «Հմայագիր» ժողովածուի հանգուցային խնդիրն ազգային առաքելություն ստանձնած անհատի փիլիսոփայական գեղագիտության ձևավորումն է, ինչպես նաև՝ արդի հայոց պատմության յուրահատուկ ընթացքի մեկնաբանությունը: «Հմայագրի» խոր գեղարվեստական բովանդակությունն ընդգրկում է պատմաշրջանի պատկերը, որի ընկալումը մոտ է շեքսպիրյան տեսակետին. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել//օ, բախտ իմ դժխեմ, ինչու ծնվեցի, որ հենց ես ուղղեմ» («Համլետ»): Ակնհայտ է, որ գոյությունն իմաստավորող նշյալ կերպը Խորհողին գերակայող դեր է վերապահում Կնոջ համեմատությամբ՝ հանուն գաղափարի նրան ուղղորդելով ազգային-քաղաքական ընդվզման դաշտ, երբ «բոլորը դարձան ազգափրկիչ,// աննավ, անղեկ, աննավաստի նավապետեր,// անծով ծովակալներ»: Զուգահեռաբար կառուցվում է պատկերային մտածողության մի մոդել, որն առաջ է մղում հեղինակի «կոնցեպտուալիստական» տրամադրությունները: Վերջիններս հատկորոշվում են արդեն որդեգրած արժեքների ճշմարտությամբ: «Քաղաքացիական ան­հնազանդության ամեն քայլ, ամեն գործողություն համազգային խղճի պոռթկում է…»,- այլ տեղում վկայում է Աշուղյանը՝ ներքնատեսությամբ մարգարեանալով ներկա՝ Նոր Հայաստանի գալուստը և կանխազգալով հեղափոխության մոտեցող շնչառությունը: Անհրաժեշտ է կարևորել այս վերաբերմունքի պատճառը, որի առնչությամբ բանաստեղծուհին վկայում է. «Պոեզիան՝ որպես աշխարհը զգալու և տեսնելու կերպ և պոեզիան՝ որպես զուտ արվեստ, երկու վիճակով էլ տրված է մեզ՝ որպես հայկականության բաղադրիչ»: Տեսականը գեղարվեստորեն խտանում է Դ. Վարուժանից, Հովհ. Թումանյանից, Ե. Չարենցից, Պ. Սևակից մինչև մեր օրերը հասած գրական ժառանգորդման և ավանդույթների փոխանցման եղանակով՝ հավելելով Է. Վերհառնի, Վլ. Մայակովսկու, Մ. Ցվետաևայի և Ի. Բրոդսկու նորարարական մտքի ներուժը: Առանց այդ (և, անշուշտ, ավելի ու ավելի) ներգործության ճանաչման՝ անհնարին է նրա ժողովածուի փիլիսոփայական-գեղագիտական խորաշերտերի վերլուծությունը: Եթե ասվածին գումարենք ներազդող հայ և օտար հեղինակերի զուտ տեսական փորձի յուրացումը և Կ. Աշուղյանի՝ գեղարվեստական ամբողջական համակարգ կառուցելու ընդունակությունը, ապա կարող ենք համոզված հաստատել, որ «Հմայագրի» պոետիկան՝ իբրև խոսքարվեստ, պատկեր, հույզի սիմֆոնիա և գիտափիլիսոփայական կառույց, համադրական է, բազմաշերտ, ներտեքստային, միևնույն ժամանակ՝ շոշափելիության չափ իրական: Գրական ելակետն անեղծ վերարտադրության պահանջն է, անմիջականորեն արտահայտվելու մղումը, ինչով բացարձակ են քերթողն ու գրականությունը: «Թող մեր գերագույն նպատակը լինի ԳՐԵԼ, ինչպես զգում ենք, և ԱՊՐԵԼ, ինչպես ԳՐՈՒՄ ենք»,- պահանջում է Աշուղյանը: Առաջնորդող գաղափարն է. «Մեր արյան բաղադրության մեջ բանաստեղծության ներկայությունն է մեր բոլոր և՛ հաղթանակների, և՛ կորուստների պատճառը»: Գրական հավատամքի միջոցով հաղորդակից ենք դառնում բանաստեղծուհու «շնչել-արտաշնչելու» հետ, սկսում նրա գեղարվեստի ճանաչողության ընթացքը: Էական է «Հմայագիր» երկի փիլիսոփայական համակարգի միջնադարյան խորաշերտերի առկայծման հարցը, որը ողջ գրավչությամբ հանդերձ, այլ ուսումնասիրության նյութ է: Նույնը խորհրդանիշի ներկայության և գրողի ներզգացման-ապրումակցման ընկալումների դեպքում է, որոնք ոչ միայն հեղինակի գեղագիտական-գրական նախասիրության դրսևորումն են, այլև ռացիոնալ և իռացիոնալ տեսական ակունքների հաստատումը՝ Պլատոնից մինչև հերմենևտիկա, մինչև Գադամեր և Ռիկյոր՝ չանտեսելով, անշուշտ, մեր սքանչելի միջնադարը, որի կարևոր հատվածներից մեկին է վերաբերում նրա գիտափիլիսոփայական մենագրությունը: Հոգևոր միակի զգացումով ահռելի տառապանք կրող բանաստեղծուհու կենսազգացողության մեջ, նախ, հառնում է Նարեկացու պաշտամունքը.
Ով միակ անվերջ,//միակ անզույգ Մեծ,//հավատի որքան//սերմ կա քաջառողջ//կասկածներիդ մեջ,//որքան հղի բառ՝//ամեն բառիդ մեջ://Ինչ լիաբողբոջ//սերեր՝ սիրուդ մեջ: («Խոնարհ տաղիկ Նարեկացուն»)
Մեր ուսումնասիրության հիմքում գրական բնագրի գեղարվեստականության չափանիշներն են, բանաստեղծական վերարտադրության տեխնիկան, կերպը, երկի միասնական ոճային կառույցը, լեզուն, ինչպես նաև գեղարվեստական ներգործման մյուս մեխանիզմները, ինչպիսիք են հեղինակի հոգեբանությունը, կերպարը, կերպարայնությունը և ոգին: Պատկերման այս հիմնախնդիրները երևան են գալիս բանաստեղծուհու ստեղծագործական գործունեության վաղ փուլերից՝ ուղղակի առնչվելով նրա բանախոհական էությանը, զի «Պոեզիան ակնթարթային բնազանցություն է, երբ բանաստեղծն ակնթարթի մեջ պետք է մոտենա աշխարհի և իր կեցության բառային ձևակերպմանը» (Գ. Բաշլյար):
Դառնալով անձնական քնարերգության ներառվածության հարցին` նշենք, որ այն առաջնահերթություն է ցանկացած բանաստեղծի համար, և Աշուղյանի գրքի տասը բաժինների անգամ այն ստեղծագործությունները, որոնք զուտ «անձնական» քնարերգություն են, առանց բացառության բոլորը, նրա երկի ամբողջական փիլիսոփայական գեղագիտության բաղադրիչներն են, հմմտ.՝
Դու ասում էիր,//որ ես նման եմ մեր այբուբենին՝//որ գեղեցիկ եմ ու մանրաքանդակ,//ինչպես Մաշտոցի տառերը նրբին,//որ ես գաղտնիքն եմ ու առեղծվածը,//ինչպես տառերը մեր՝ Աստծո ընծա,//և որ շնչիս մեջ մոգություն կա կեզ//տառերը կապող հմայանքի պես:
Անդրադառնանք նաև բանաստեղծուհու սերածի ընդհանուր սկզբի հիմունքի հարցին, որի միջնորդությամբ նրա գրականությունն իմաստավորվում է՝ որպես միայն լինելություն: «Որքան էլ ծանր ու դժվար եղավ կնոջ ու գրողի իմ ճանապարհը՝ Amor fati, սիրում եմ իմ ճակատագիրը»,- գրում է Աշուղյանը: Այլ տեղում նկատում նույնպես. «Քոնն է այս բախտը, էլ ուրիշ ոչ ոք//Չի կարող գրկել այսքան թախիծը» (2004 թ.): Ճակատագիրը հարաբերվում է դաժան փորձառությամբ ձեռք բերված արժեհամակարգին՝ բացահայտելով հայտնության գաղտնիքը: Վերջինս իմաստով տրոհված չէ Հովհ. Թումանյանի, Հովհ. Շիրազի հղացքից առ այն, թե բանաստեղծ լինել-չլինելը երկնային շնորհի լինել-չլինելու հարց է, «ձեռնադրում» և «թագադրում» է: Այս հարցում աստվածայինի ներկայությունը վավերացվում է՝ բացահայտելով, որ ի վերուստ է բանաստեղծուհուն տրված առանց ընտրության մի վիճակ: Բանաստեղծը Աշուղյանի կերպարում մեզ երևում է որպես առաքյալ, որը երկնայինն անհամեմատ շատ է կրում ներքուստ, քան աշխարհիկը: Սովորական երջանկության որոնման մասին, եթե կարելի է այդպես բնութագրել, խոսք անգամ լինել չի կարող: Նման զգացողության հետ նա ոչ մի առնչություն չունի: Որպեսզի Բանաստեղծը երջանիկ լինի, պետք է ԲՈԼՈՐԸ երջանիկ լինեն: Այդ անհնարին և գեղեցիկ երազանքով է նա տոգորված:
Հաջորդ հարցը սիրելի և կույր ճակատագրի տևական դիմադրության նկատառումն է, որը մեկնում է երիտասարդ Կնոջ անցած Գողգոթայի ուղին: Այս է պատճառը, որ թեև «Հմայիլներ» և «Հմայագիր» ժողովածուների միջև տասներեք տարվա հեռադրություն է, կորստի և միայնության թախիծը երկու գրքերում հաջորդական է.
Երեկ և այսօր//հետաձգեցի//հրճվանքը սիրո,// հրճվանքը գրի://Իմ շնչակտուր//վազվզոցների//ընդմիջումներին// շնչելով մի ումպ//Բանաստեղծություն:
Խնդրո առարկան ոչ միայն բանաստեղծուհու՝ ճակատագրով շնորհյալ-սրտառուչ կին լինելն է, այլև նրա կերտած գրականության հետ ապրած ժամանակի բովանդակային կապը: «Ես իմ դարին դատապարտված եմ, ուրիշը ծնել, որքան էլ կամենայի, չեմ կարող», – ինչպես բանաձևել է Մ. Ցվետաևան:
Առաջին՝ «Ձեռնադրում», «Ձմեռնամուտ ըստ հայկյան տոմարի» շարքերից սկսած մինչև վերջինը՝ գրական մանիֆեստ հիշեցնող «Performance»-ը, Կ. Աշուղյանը կառուցում է իր ապրած ժամանակի բացառիկությունը գիտակցող բանաստեղծուհու կերպարը: Նա միևնույն ժամանակ լուծում է արդի հայոց պատմության և պատմական անհատի, փիլիսոփայության ու արդի հայ բանաստեղծության փոխհարաբերության հարցը: «Եթե կուզեք,- գրում է,- միայն փիլիսոփան ու բանաստեղծն են, որ Մարդու և Մարդկության սերն են փնտրում: Եվ ըմբռնում են ակնկալում հանուն Սիրո, որ իրենց Բառ ու Բանի արձագանքն է»:
Սերը համարելով գոյի հանգակետը՝ աշխարհաքաղաքական դավադրությունները նա մերժում է քրիստոնեական Սիրո հանգրվանից՝ նորագույն տարեգրության մեջ առանձնացնելով ողբերգական երկու թվանիշ՝ 27.10.1999 և 01. 03.2008.
Երբ ժամացույցը իր խեղճ գլուխը//տարուբերում է վարուվեր, աջ-ձախ…//հրաժարվում է ցույց տալ այսօրը,//ծամածռվելով ցատկոտում կատաղի,//երկու տարե­թվերի միջև՝// 27.10.1999 և 01. 03.2008:
Չորրորդ հարթության վրա գրական և մերձգրական միջավայրերի պրկված ներկայությունն է, որին արձագանքում է հեգնանքով և այդ սկզբունքով կառուցում բանաստեղծության նորօրյա մանիֆեստը.
«Անմահն ու սինը» զիլ «Performance»-ից//Քաղաքի ընտրյալ-բոհեմիկ կեսը//«Չսպանել թիթեռ» գրքի հետ տարավ//Թիթեռների դին… («Performance»):
Կարելի է նկատել, որ Կ. Աշուղյանի տաղաչափության ընկալումը չի առնչվում բանաստեղծության հանգավոր-դասական որևէ ձևի հաղթահարման նպատակին, քանզի նույն հաջողությամբ նա տիրապետում է և՛ դասական տաղաչափության հիմունքներին, և՛ բանատողի ազատ շարահյուսական համակարգին, որոնց դիմում է անկաշկանդ, երբ է ծնվում տողը՝ արտահայտելու անձնական կամ անանձնական ապրումն ու տպավորությունը: Տաղաչափումն իրագործվում է լեզվի նկատմամբ բնական մոտեցման դրույթի համաձայն, որի կիրառության դեպքում բանատողի չափը պայմանական է: Ընդհանրապես ճիշտ է, որ օրիգինալ բովանդակությունը չի կարող օրիգինալ ձև չգտնել: Բնական խոսքի գեղարվեստական արտահայտումը, տվյալ դեպքում, իրագործվում է բառաստեղծման, նրբին բաղաձայնույթի, ներքին իմաստախաղերի, անսովոր բառակապակցումների միջոցով, որոնց ճաշակն ազնվական է, հմմտ.՝ նորատձևություն, շըրջ-ԱՆՑՈՒՄ-ային, ան-ապ-ատ, վանակարոտ, աներբ սեր, բառերը հանձնել ծովերին, թվա-գիր և այլն: Բանաստեղծությունից բանաստեղծություն ստեղծաբանական յուրահատկություններ են դրսևորվում՝ ըստ կոնկրետ բնագրի միտումի՝ ձևավորելով Աշուղյան բանաստեղծուհու ներկայանալի ոճի հորինվածքային յուրահատկությունը: Ուսումնասիրության առանձին նյութ են նաև պատկերային համակարգի մետաֆորիզմը, այլասացությունը, որոնց վերլուծական անդրադարձ արդեն եղել է: Այսպիսով, Կ. Աշուղյանի «Հմայագիր» ժողովածուն, գեղարվեստի բարձրարժեք փաստ լինելով հանդերձ, միաժամանակ փիլիսոփայական-գեղագիտական բացառիկ իրողություն է, որի ստեղծման անհրաժեշտությունը թելադրված է ժամանակակից հայ գրականության նորոգության հրամայականով: «Հմայագիր» երկի գեղագիտական նորույթը, նախ, փիլիսոփայական խորքով հատկանշված պրոֆեսիոնալ պոետիկան է: Ժողովածուի բովանդակային համակարգը ձևավորում է բանաստեղծուհու գրական դավանանքը, բացահայտում տեսական հանգրվանների հարուստ ավանդույթը հայ, ռուս և եվրոպական դասական արժեքների զուգահեռով: Առանցքային հիմնահարցերից են բանաստեղծուհու կին-մայր-հայուհի-աշխարհի քաղաքացի-իմաստասեր կերպարի ամբողջացումը, ինչպես նաև արդի քաղաքական ընթացքի և հայոց ներկա պատմության մեկնաբանությունը: Արտահայտչական միջոցների ազատ փոփոխությունները «Հմայագիրը» այսօր դարձնում են պահանջված, համարձակորեն վաղվան նայող, վաղվա լեզվական իրողությունները կանխազգացող, հե­տևաբար՝ չհնացող: Ու թեև մենք բոլորս փնտրում ենք բանաստեղծների, որոնց հանգակետերը վերֆիզիկական ժամանակում են, «Հմայագիրը» հաստատում է, որ մեր փնտրած բանաստեղծները մեր շարքում են: Ճիշտ է՝ հայացքով Երկնքին միտված, ավելի հակված Անդինին, սակայն մոտ ու սիրելի: Որովհետև մենք բոլորս փնտրում ենք հենց այն Սերը, որը Բանաստեղծ է դարձնում և մեզ է վերադարձվում՝ իբրև Բանաստեղծելու խիզախում, բառի գյուտ և թե մանավանդ՝ իբրև ապրած կյանք:

————————————————
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Աշուղյան Կ., «Հմայագիր», Երևան, 2017:
Աշուղյան Կ., «Մի ճամպրուկ ճակատագիր», Երևան, 2014:
Աշուղյան Կ., «Փիլիսոփայական-գեղագիտական միտքը 13-14-րդ դդ. հայ քերականության մեկնություններում», Երևան, 2015:
Բախտին Մ., Դոստոևսկու պոետիկան, Ստեփանակերտ, 2009:
Андреев А., “Целостный анализ литературного произведения”, Минск, 2003.
Якобсон Р., “Избранные работы”, Москва, 1985.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։