Հայ գրականության մեջ ցարդ քառյակի ժանրի դափնին պատկանում է Հովհաննես Թումանյանին: Սա բնավ չի նշանակում, թե նրանից հետո չեն գրվելու քառյակներ: Վկան մեծն Չարենցի նույն ժանրով ստեղծված հրաշալի միավորներն են:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, հայ թատրոնի բացառիկ գիտակ ու տեսաբան Հենրիկ Հովհաննիսյանը Հովհաննես Թումանյանի ստեղծագործության հետաքրքիր մեկնաբաններից է ու միաժամանակ, իմ կարծիքով, վերջինիս պատմվածքների չգերազանցված հրապարակային ընթերցողը: Հանրային ռադիոյի ֆոնդում պահպանվում են «Մերոնք» շարքի` պատմվածքների այնպիսի արտիստիկ ընթերցումներ, որոնք համակում են ունկնդրին` լիովին հաղորդ դարձնելով թումանյանական կախարդական աշխարհին:
Ընթերցողի սեղանին է դրված Հենրիկ Հովհաննիսյանի «Սկեպսիս» քառյակների ժողովածուն, մեկնողական խիստ ուշագրավ «Մտքի խաղային հայտարարը» նախաբանով: Իր նախաբանի համար արվեստագետը բնաբան է ընտրել Հովհ. Թումանյանի «Ձևը խաղ է անցավոր» բանաձևումը և մեկնությունը կառուցել է ըստ այդ արտահայտության:
Մեծ մտածողները չունեն առանց իմաստային խորքի բառախաղեր. նրանց բոլոր մտածումներում առկա է բնածին աստվածային իմաստությունը:
Հ. Հովհաննիսյանը քառյակի ժանրի պատմական ընթացքում իրավացիորեն ճշմարտում է, թե փիլիսոփայական քառյակը ավելի ուշ ժամանակների երևույթ է:
Քառյակի ժանրի նոր մեկնաբանը անտիկ փիլիսոփաներից` Դիոգենեսից, Դիոգենես Լաերտացուց հասնում է Թումանյան, Չարենց` չշրջանցելով Արևելքի պարսից գրականության հանճարներին:
Դյուրին չէ քառյակ գրելը` այն էլ փիլիսոփայական բնույթի: Դրա համար հարկավոր է երկու նախապայման` գրական գործ ստեղծելու բնածին օժտվածություն և տարիների կենսափորձ ու բազմագիտակություն: Եթե այդ նախապայմանները չկան, ապա «մտքի խաղը» ֆիասկո կունենա: «Սկեպսիս» գրքի դարձերեսին տպագրված է շատ խորիմաստ մի քառյակ` հեղինակի` Հ. Հովհաննիսյանի` թղթի վրա գրող ձեռքերի նկարով.
Ճերմակ թուղթ, անապատ է ճերմակ,//Ամայի, անծայր ճանապարհ,// Գնում ես, ինքդ ես ու մենակ,// Փնտրում ես կորած մի աշխարհ:
Գոյի հավերժական անհայտ ճակատագիրը, անցավորի ու մնայունի խնդիրները, ամենակուլ ժամանակի տագնապալի սրաթռիչ իրողությունը դարեր ի վեր տանջել ու տանջելու են մարդուն: Որքա՛ն տարողունակ է այս քառյակը.
Ամեն պահի կորցնում ենք պահը,//Ու պահը մեզ չի սպասում,//Մեր սրտում կորստի ահն է,//Արթուն լինենք թե երազում: (էջ 18)
Ամեն մարդու կյանքում լինում են գեղեցիկ պահեր, որոնք միայն մի ակնթարթ են տևում, սակայն մնում են անմոռաց: Որքա՜ն կուզենար մարդը, որ այդ գեղեցիկ պահը փոքր-ինչ երկարեր: Գյոթեի Ֆաուստի հայտնի խոսքը հիշում են բոլոր նրանք, ովքեր «Ֆաուստը» կարդացել են.
Այնժամ կասեմ ակնթարթին.
«Չքնաղ ես դու, կանգ առ վայրկյան»:
Ահա այս գեղեցիկ պահի ցավալի անցողիկության իրողությանն է նվիրված հետևյալ քառյակը.
Դու գեղեցիկ ես, կանգ առ, ակնթարթ,//Ասաց մի անգամ իմաստուն մի մարդ,//Ու գեղեցիկը լոկ պահն էր մտքի//Նրա, ով տեսավ ակնթարթն այդ: (էջ 20)
Սողոմոն Իմաստունին վերագրվող «Ժողովողը» իր խոր հետքն է թողել տարբեր ազգերի քրիստոնյա նշանավոր գրողների վրա: Ապացույցը «Համլետի» հայտնի մենախոսության` «Լինել, թե չլինել» և Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» «Ո՛չ ստեղծանիլն երբեք յարգանդի…
Ո՛չ ի թիւս մարդկան գրիլ…» հատվածներն են:
Ահա «Ժողովողի» «…ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է» իմաստախոսությունից կարող է ծնվել հետևյալ քառյակը.
Իրական է միայն ոչինչը,//Ի՞նչ ենք սպասում և ինչի՞ց.//Այդ ինչը շունչն է Արարչի,//Եվ այդ է իմաստն իմաստից: (էջ 23)
Ըստ հունական դիցաբանության` ժամանակը` Քրոնոսը, լափում է իր նորածին զավակներին, և մինչև մեր օրերը ժամանակն ընկալվում է որպես ամենակուլ, ամենահզոր, անհաղթ մի երևույթ: Ժամանակն իր տարաձև ընկալումներով բանաձևվում է արվեստագետի քառյակներում.
Ժամանակն անգոյ է, ժամանակն անձև,//Մեզնով է հորինվում ժամանակը.//Մի տեղից գալիս, գնում ենք մի տեղ,// Մեր այս ճանապարհն է ժամանակը: (էջ 26)
Սայաթ-Նովան տրտնջում էր, թե իր «ղորթը» ճանապարհ չունի, որովհետև «խալխի սուտը շատացել է»: Իմաստուն ձևով նոր քառյակ է դարձել ստի և ճշմարտության հավերժական անհաշտ հակամարտությունը.
Սուտն ամեն անգամ առաջ է մի քայլ,//Ճշմարտությունը միշտ է ուշանում,//Ու պետք է նա ո՞ւմ, ինքն իրեն միայն//Անպատեհ մի պահ, անպատեհ տեղում: (էջ 31)
Հայկական հարցը, Հայոց դատը դեռ պատմահոր ժամանակից դարձել է ազգի ցավով ապրող իմաստուն անհատների սևեռամիտ մտահոգությունը: Որքա՜ն մերօրյա է այս երիցս խորամիտ հարցադրումը.
Աստված քանի՞ցս անիծել է քեզ,//Այն` որ ծնվել ես, մի բան էլ հայ ես// Ու կողքիդ նստած, ատամը սրած//Մի արյունախում հարևան ունես: (էջ 39):
Ոսկեդարի փիլիսոփա աստվածաբան Եզնիկ Կողբացին Աստծու մասին ասում է. «…նա, որ կա, պետք է որ մշտնջենական ու անսկիզբ լինի, որը ոչ ոքից գոյության սկիզբ չի առել, իրենից վեր էլ ոչ ոք չկա, որ հարկ լինի իրեն պատճառ կարծել կամ մտածել, թե նրանից է գոյանալու սկիզբ առել»: XXI դարի գիտնական արվեստագետը Աստծու խորհուրդը ձևակերպում է.
Գիտակցվում է մի էություն վերին,//Ճշմարիտ մի կամք, վերին մի սահման,//Մեզանո՞ւմ է արդյոք, թե՞ մեզնից անդին//Խորհուրդը նրա` անհաս մի սահման: (էջ 41)
«Ժողովողի» կողքին հայտնվում է Ավետարանի վարդապետությունը` «Ծանիր ինքդ քեզ» պատգամով: Դրան գումարվում է Հին աշխարհի փիլիսոփաներից Սոկրատեսի խոստովանությունը, որը, իրոք, պարտադիր իրողություն է գիտելիքի նկատմամբ անհագուրդ ծարավ ունեցող մտավորական մարդու համար.
Դու գիտես, որ ոչինչ չգիտես,//Չիմացության վիհերն են անհուն,//Ասում ես` ծանիր ինքդ քե՞զ,//Ի՜նչ լավ ես ասում, իմաստուն: (էջ 52)
Համամարդկային խորհրդածությունների կողքին տեսնում ենք նաև անձնական ու անկեղծ տագնապներ: Անցել են տարիներ, և ի՞նչ է թողել ինքը, որ մնալու է իրենից հետո. կյանքի նկատմամբ կենսասիրությունն այնքան մեծ է, որ ամեն մարդու անհանգստություն պատճառող հոգսերը թվում են չնչին.
Իմ լեռան թիկունքում ի՞նչ գանձեր եմ թաղել,//Կարոտս անսահման ու հոգսերս չնչին: (էջ 60)
Իր հիանալի քառյակներով Հենրիկ Հովհաննիսյանը վերստին հավաստում է այն զորեղ ազդեցությունը, որ Հովհաննես Թումանյանն ունեցել է նրա մտածողության ու աշխարհայացքի վրա: