ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԱՆՈՒՆՆԵՐ. ԳԵՂԱՄ ԳԱՎԱՖՅԱՆ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

geham

Այսօր, թերևս, կարող ենք արձանա­գրել, որ Անկախացումից հետո անցած տասնամյակների մեր գրական ընթացքի կարևորագույն երևույթներից մեկը հայ գրականության միասնականության ըմբռնման և գործնական կիրառման ուղղությամբ իրականացվող ջանքերն են: Ձերբազատվելով գաղափարական, կուսակցական և այլ նեղ ու կաշկանդիչ սահմանափակումներից՝ գրականագիտությունն աստիճանաբար նվաճում է նոր տարածքներ, ընդարձակում գրական դաշտը՝ գրական-գիտական մտքին վերադարձնելով հանիրավի մոռացված, լիարժեքորեն չարժևորված անուններ:
Ահա վերջերս այդ շարքը լրացնելու է գալիս նաև 20-րդ դարի առաջին կեսի արևմտահայ նշանավոր գրող, իմաստասեր, հրապարակախոս, մանկավարժ, ճարտարապետ Գեղամ Գավաֆյանը՝ «Կորսուած վայրկեաններ» խորագիրը կրող ընտրանիով: Այդ ակներևորեն շնորհակալ գործը նախաձեռնել և ժողովածուն կազմել է թարգմանիչ, գրականագետ Աշոտ Ալեքսանյանը, հրատարակությունն իրականացրել է «Գրական հայրենիք» («Հայաստան» հրատ.) ընկերությունը: Ինչպես տեղեկանում ենք Ա. Ալեքսանյանի Ներածականից, ընտրանու կազմմանը մեծ օժանդակություն է ցուցաբերել գրողի որդին՝ փարիզաբնակ Զարեհ Գավաֆյանը՝ տրամադրելով իր ձեռքի տակ եղած տպագիր (ընդ որում՝ ձեռագրերի հետ համեմատական քննությամբ ճշտված և ծանոթագրված) և անտիպ ձեռագիր նյութերը: Ժողովածուն փակվում է նաև Զարեհ Գավաֆյանի բավական հանգամանալից Վերջաբանով:
Գեղամ Գավաֆյան անունը, ինչպես ասվեց, ցավոք, շատ քչերին է հայտնի ոչ միայն Հայրենիքում, այլև Սփյուռքում: Այդ տաղանդավոր անհատականության անձի և գործի մասին պահպանվել են միայն իր հետ առնչված ճանաչված դեմքերի հուշերն ու հիշատակությունները, միակ վերլուծական անդրադարձը Սեդա Պարսումյան-Տատոյանի՝ Բեյրութում 1987 թ. հրատարակված «Էջեր արեւմտահայ մտածումէն» ժողովածուում է, որտեղ Ե. Տեմիրճիպաշյանի, Տ. Չրաքյանի, Շ. Պերպերյանի և Դ. Վարուժանի կողքին քննվում են նաև Գեղամ Գավաֆյանի իմաստասիրական հայացքները: Մինչդեռ պատկերացում կազմելու համար նրա ամբողջական կերպարի վերաբերյալ, բավական է նշել, որ Գեղամ Գավաֆյանը որդին է ժամանակին Կ. Պոլսում հանրածանոթ մանկավարժ Գարեգին Գավաֆյանի, երկրորդական կրթությունն ստացել է համբավավոր Պերպերյան վարժարանում, իսկ բարձրագույն կրթությունը՝ Փարիզում (1906 – 1910 թթ.)՝ ճարտարապետի որակավորմամբ: Պոլիս վերադառնալով, պաշտոնավարել է նախ՝ Բուրսայում, ապա՝ Կ.Պոլսի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինական ծրագրերի բաժնի ղեկավար: 1914-ից անցել է ուսուցչական աշխատանքի, նաև ակտիվորեն մասնակցել ազգային-հասարակական կյանքին, թղթակցել այդ տարի հիմնված «Մեհեան» հանդեսին ու «Նավասարդ» տարեգրքին, ավելի ուշ՝ 1922-ին (Հ. Օշականի, Վ.Թեքեյանի, Շ.Պերպերյանի, Կ. Զարյանի հետ) հիմնել «Բարձրավանք» միամսյա գրական-գեղարվեստական հանդեսը: Գեղամ Գավաֆյանի անվան հետ է կապվում հետեղեռնյան դժվարին շրջանում, շուրջ մեկ տասնամյակ (1917-1927 թթ.) Կ.Պոլսի նշանավոր Կեդրոնական վարժարանի անխափան գործունեության ապահովումը՝ որպես տնօրեն և դասախոս: Ավելորդ չէ նշել, որ ճարտարապետ Գեղամ Գավաֆյանը Կ.Պոլսում հեղինակել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության վարժարանի շենքը, Իզմիրի հայտնի ջրամբարը…
Ժողովածուն վերնագրված է «Կորսուած վայրկեաններ»: Անկեղծ ասած, նկատի առնելով ամբողջ վերն ասվածը, ակամա հարց է ծագում, թե որքանո՞վ է արդարացված այդ խորագիրը, որքանո՞վ է այն արտացոլում կամ ամբողջացնում հեղինակի էությունը, կյանքը, գործը: «Կորսուած վայրկեաններ»-ը 1914-ի վերջերին և 1915-ի սկզբին գրած չորս բանաստեղծությունների շարքի ընդհանուր խորագիրն է, որոնցից երեքը տպագրվում են առաջին անգամ (վերջինը հրատարակվել է 1915 թ. մարտի 1/14-ին Կ.Պոլսի «Ազատամարտ» օրաթերթում): Եվ բանաստեղծությունների բովանդակությունն էլ, ըստ էության, արտահայտում է հենց այդ դրամատիկ-ողբերգական ժամանակի ներքին լարվածությունն ու հակասականությունը, 26-ամյա բանաստեղծի հոգեբանական ապրումների դինամիկան. «Երազ մ’ունէի, ու երազիս հետ, ու երազովս // կ’ապրէի առանձինն: Ինձ համար կեանքը պայծառ էր, // մարդկութիւնը յաւերժական եւ տիեզերքը անճառ: Բայց տեսայ որ կեանքը մթի՜ն է (…), Ու երազս ինձ հետ մնաց, լոկ ձեւ մը միայն, // անկենդան ալիք հին օրերու սարսուռին…» (30 սեպտ. 1914): Ընդամենը երկու շաբաթ հետո՝ «…Բայց, անայլայլ եւ անխռով, ես կը փարիմ աստուածագեղ Երիվարիս, անծայրածիր իդեալիս լերկ բարձունքները թափառելու…» (12 հոկտ. 1914): Եվս երկու ամիս անց՝ «Երբ մթագնի քու հոգւոյդ խորը անհուն երազը կեանքին. // Երբ սպառին արշալոյսներն // Ու /…/ իտէալիդ վսեմ տեսիլքն անհետի: /…/ հեռուներէ՜ն, հեռուներէ՜ն, հեռուներէ՜ն // մտի՜կ ըրէ,//Մեռելին փա՜ռքը պիտի պատմեմ» (9 դեկտ. 1914): Վերջապես, շուրջ մեկ ամիս անց՝ «Իրիկունին՝ հոգւոյս վերեւ ստուերներն երբ սաւառնին, // Ես կ’երազեմ զօրութիւններ որք /…/ Զիս անսահման բացարձակին տանին բոցովն սպառելու…» (18 յունուար 1915):
Գրքի խորագիրը, այսպիսով, բնորոշում է Գեղամ Գավաֆյանի երիտասարդական (ժողովրդի կյանքի ամենաբարդ ժամանակին համընկնող) շրջանի էությունը: Այնուհետև՝ Եղեռնի ոճրագործությունից հետո, նվիրվելով հայոց հիմնիվեր խաթարված կյանքի պահպանման ու վերանորոգման դժվարին առաքելությանը, դաժան և անգութ իրականության հարվածներից կանխահասորեն իմաստնացած գործիչը 1922-ի իր հիմնադրած «Բարձրավանք» հանդեսի հունվար-հունիս համարներում տպագրում է մեկ այլ՝ արդեն հոդվածների շարք՝ «Մեր կեանքին հանդէպ» ընդհանուր խորագրով: Ի դեպ, այստեղ ևս նկատելի է դատողությունների ներքին դինամիկ ընթացքը: Առաջին՝ հունվարին տպագրած հոդվածում նա փորձում է «իրերու գահավիժումին մէջ, որուն ընթացքը կը խուսափէ մեզմէ», «երբ երէկի յոյսերուն կը յաջորդէ ներկայի անձկութիւնը», իմաստավորել իր ներկա կյանքի հանգրվաններն ու խարիսխները ճշգրտող ուղիների ոգեկան հիմքերը: Ընդ որում՝ որքան էլ դժվար կամ անհնարին թվացող, բայց համոզված է, թե «պիտի ապրին այն գործերը միայն որ կը ձգտին գաղափար մը իրականացնել», ուզում է, որ «լայննան մեր իրականութեան հորիզոնները և անոնցմէ դուրս գան իրենց անհատականութեանը, իրենց գաղափարներուն և իրենց կամքին մէջ հզօր մտածողներ, որ հասկնան և ըմբռնեն զիրար», որ «գիտնան իրենց աչքերը դէպի ներս դարձնել, օրուան կիրքերուն քով լերան պէս բարձր տեսնելու համար վաղ­­ուան հաւատքը՝ որ կը միացնէ զիրենք» (ի դեպ՝ մեր կողմից ընդգծված տողը բացահայտում է նաև իր հիմնադրած հանդեսի «Բարձրավանք» անվան շարժառիթը): Հաջորդ՝ փետրվարի համարում զետեղված հոդվածի տոնայնությունն ավելի զուսպ է ու մտահոգիչ՝ «Անտարբերութի՛ւն եւ մտքի ծուլութիւն, ահաւասիկ երկու բեւեռները որոնց շուրջ կը դառնայ մեր ազգային կեանքը»: Ու թեև վերապահելով՝ «չեմ ուզեր խտացնել յոռետեսութիւնը անոնց որ կը կարծեն իրենց դերը լրացած տեսնել երբ մեր թերի կողմերը կը մատնանշեն…» և հաստատելով, թե «Ես կը հաւատամ մեր ցեղին հզօր հատկութիւններուն», իսկ «Ինչ որ էական է, անիկա հակազդումի ուժն է», այնուամենայնիվ, անպատասխան է մնում Հարցը, թե «Պիտի ունենա՞նք այդ ոյժը, մեր ազգային մարմինը կարող պիտի ըլլա՞յ այդ հակազդումին»: Ավելին՝ առկա է նույնիսկ մտավախությունը, թե «…հիմա, երբ ամեն ատենէն աւելի պէտք ունինք որ բոլոր ուժերը կեդրոնանան այս օրուան աշխատանքին համար, (…) մեզի որոշապէս կ’երեւայ թէ թշնամին ամենէն շատ հոն չէ՛ ուր փտութիւնը կայ, այլ հոն ուր կը տարածուի ուծացումը և անոր նկատմամբ անտարբերութիւնը…»: Եվ ապա, մի քանի ամիս անց, արդեն հունիսին՝ «Ունեցա՞ծ ենք, ունի՞նք այսօր ազգային քաղաքականութիւն մը: Ունինք քաղաքական կազմութիւններ: Ի՞նչ կ’ուզեն, ի՞նչ կ’ըսեն, ի՞նչ կ’ընեն: Ի՞նչ կ’ուզեն: Ինձ այնպէս կը թուի թէ այսօր ոչ ոք գիտէ թէ ի՞նչ կ’ուզեն»: Նման վիճակի հանդեպ, սակայն, որոշակի էին իր համոզմունքները, հստակ էր ազգի ապագայի իր տեսլականը՝ «Տեւականը պիտի ունենանք այն ատեն երբ աղերս մը ըլլայ մեր ուզածին, մեր ըսածին և մեր ըրածին մէջ…»: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ էր ճշտել երկու բան. նախ՝ «Բաւական չէ որ ազատագրութիւնը գայ, պէտք է վերջապէս որ բան մը մնացած ըլլայ անկէց՝ որ կ’ուզենք ազատա­գրել»: Եվ դարձյալ՝ ամբողջ հայությունը՝ Հայրենիքում թե Սփյուռքում, պետք է առաջադրի «ներկայի հարց մը և ապագայի հարց մը»: Այսինքն՝ «ի՞նչ կերպով կրնանք մեր տրամադրելի միջոցներու ամբողջութիւնը կազմակերպել և ուղղել, ազատագրութեան մէջ պահպանումի այդ նպատակին օժանդակելու համար» և՝ «ո՞րն է այն մտայնութիւնը զոր պէտք է ստեղծենք, և ինչ են այն տարրերը զոր պէտք է պատրաստենք, որպէս զի իրարմէ հեռու ապրող զանգուածներու հասարակական կեանքը ձգտի միեւնոյն վախճանին՝ այն օրուան համար երբ կարելի պիտի ըլլայ հասարակաց կեանքով ապրիլ»: Կարծում ենք, նման հարցա­դրումների արդիականությունն զգալի է նաև մեր օրերում:
Ժողովածուում ամփոփված հետագա գործերն ընդգրկում են տարբեր տարիների ու տասնամյակների՝ մինչև իր կյանքի ավարտը՝ 1959 թվականի աշնանը, գրած և հիմնականում Կ. Պոլսի «Ոստան», «Բարձրավանք», «Հանդէս մշակոյթի», Իզմիրի «Հայ գրականութիւն» հանդեսներում, Ազգային հիվանդանոցի Տարեգրքում հրատարակված կամ անտիպ իմաստասիրական («Իմաստասիրութիւն», «Գաղափարին», «Իրականութիւն եւ միտք», «Նայուածքներ արդի քաղաքակրթութեան վրայ»), գիտական («Գիտութեան բնոյթը եւ տարակոյսը», «Արժէքը», «Տիեզերքի պատկերը», «Նիւթ եւ Զօրութիւն», «Լաբլասի երկհարիւրամեակին առթիւ»), հուշային (իր ուսուցիչներ Ռ. Պերպերյանի, Տ. Չրաքյան-Ինտրայի, Ե. Դուրյան Սրբազանի և շատ այլ մտերիմների ու երախտավորների մասին) գործերում: Հատկանշական է, որ իր կյանքի վերաբերյալ հուշերը ունեն «Երբ օրերը կ’անցնին» ընդհանուր խորագիրը (ընդ որում՝ ըստ Զ. Գավաֆյանի ծանոթագրության, հեղինակն այդ խորագիրը պահել է նաև «1959ի ամառը սկսած՝ ապա անաւարտ մնացած «Յիշատակներուն» համար):
Արդ՝ վերադառնալով ժողովածուի ընդհանուր վերնագրի վերաբերյալ վերն արված դիտարկմանը, կարծում ենք, ավելի տրամաբանական կլիներ Գեղամ Գավաֆյանի կյանքն ու գործը ընդգրկող հավաքածուն վերնագրել իր իսկ կողմից ընտրված «Մեր կեանքի հանդէպ» կամ «Երբ օրերը կ’անցնին» առավել բնորոշ ու ընդհանրացնող խորագրերից մեկով: Թերևս, նշենք մեկ-երկու այլ թերիներ, որոնց սրբագրումը, սակայն, մեծ դժվարություն չի հարուցի հետագա հրատարակությունները կազմելիս: Նախ՝ հեղինակի անվան հապավման մասին. հայտնի է նրա ստորագրությունը՝ Գեղամ Գ. Գավաֆեան, (ներկա հատորում հապավվում է նաև՝ ԳԳԳ): Ներածության և Վերջաբանի մեջ նշվում է Գեղամ Գրիգոր Գավաֆեան ձևով, մինչդեռ գրողի որդին մեկ-երկու տեղ (էջ 180, 193) տողատակի ծանոթագրություններում ընդգծում է, թե «ԳԳԳ ստորագրութիւնը՝ միջին Գ’ովը Գրիգոր անունին չէ որ կ’ակնարկէ, այլ հօրը՝ Գարեգինին»: Ապա՝ ժողովածուի ծանուցման մէջ նշված է՝ «… 1958-ին Շվեյցարիայում իր մահկանացուն կնքելու տարին», մինչդեռ հայտնի է, որ Գեղամ Գավաֆյանը մահացել է 1959 թ. նոյեմբերի 30-ին: Այնուհետև՝ Ներածականում հեղինակի դասընկերների թվում հիշվում է նաև Եղիա Տեմիրճիպաշյանը, սակայն դա չէր կարող լինել՝ նրանց տարիքային մեծ տարբերության պատճառով (Ե. Տեմիրճիպաշյանը ծնվել է 1851-ին, Գ.Գավաֆյանը՝ 1888-ին): Ծանոթագրություններից մեկում Ռեթեոս Պերպերյանի ծննդյան տարեթիվը ևս 1851-ն է, մինչդեռ՝ ըստ նրա կենսագիր և մտերիմ Պետրոս Կարապետյանի կողմից ճշտված վկայության, մեծ գրող-մանկավարժը ծնվել է 1848 թվականի հոկտեմբերին:
Այս ամենը, ինչ խոսք, ոչ մի կերպ չի կարող ստվերել ներկա նախաձեռնության հեղինակների շնորհակալ ջանքն ու իրականացրած գործի աներկբա արժեքը, որով Գեղամ Գավաֆյանի նման ինքնատիպ ու կարևոր անհատականության կյանքն ու գործը վերադառնում է արդի մեր գրական-գիտական հանրությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։