ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

– Ո՞րն է գիրքը ընթերցողին հասցնելու ամենակարճ ճանապարհը:
– Մեր փոքրիկ երկրի ներկա՝ ԲԱԶՄԱԲԱՐԴ կյանքի հորձանուտ նետված կամ նետվող գրողի ու նրա ստեղծագործության դիմաց հառնել ու հառնում են ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ խնդիրներ, որոնցից ոչ մեկն էլ՝ ինչպես էլ դասավորենք, չի ցանկանում երկրորդ կամ երկրորդական կոչվել: Դրանք բոլորն էլ առաջին են, և վե՛րջ:
Եվ այսպես.
ԽՆԴԻՐ ԱՌԱՋԻՆ.
Հարազատ մնալով սեփական հոգեկերտվածքին ու դարավոր մշակույթի ավանդներին՝ ստեղծել աշխարհատարածական բոլոր սահմանները ոտնակոխ անող, բարձրակարգ ու բարձրարվեստ, բայց ոչ բոլորի կողմից ընկալվող գրականությո՞ւն, թե՞ գնալ օտար ափերից ներս թափանցած հեղհեղուկ և արտաքո գույների ու ձևերի տակ ենթատեքստ չենթադրող հեշտ ընկալվող, հեշտ մարսվող, հեշտ ընդօրինակվող և կաթիլ-կաթիլ անպատրաստ մեծի և առավել անպատրաստ փոքրի հոգու մեջ՝ բոլոր առումներով թույնի նման կաթեցվող սերիալային մտածողության փափուկ ճանապարհով…
Թեև կա նաև երրորդ ճանապարհը.
Գեղարվեստական գրականության բոլոր չափանիշներին համապատասխանող, ամեն ինչը տեղը տեղին ստեղծված, տպված, բայց Աստվածային կայծից զո՛ւրկ, ճի՛շտ սարքված գրականության ճանապարհը:
ԽՆԴԻՐ ԵՐԿՐՈՐԴ, որ նույնպես ԱՌԱՋԻՆ է.
Այդ բազմաբարդ կյանքի ցավոտ ո՞ր հարցին կամ հարցերին անդրադառնա, որ դա կամ դրանք չլինեն խիստ սովորական ու պարզունակ, մեկ բառով ասած՝ բանալ,
Ապա և.
ԽՆԴԻՐ ԵՐՐՈՐԴ՝ առավել ևս՝ ԱՌԱՋԻՆ.
Բոլոր դարերում նույն մշտահոլով և նույն քարացած «ԻՆՉ»-ն «ԻՆՉՊԵՍ» ներկայացնելու ԳԵՐԽՆԴԻՐԸ:
ՉՈՐՐՈՐԴ և՝ ամենակարևո՛ր, այսինքն՝ նույնպես ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐ.
Տպագրության ամենացավոտ հարցը լուծելու ԽՆԴԻՐԸ, երբ, որպես կանոն, թույլ կամ… վատորակ գրականությունը տպագրվելու հազար ճանապարհ ունի, նորմալը, էլ չեմ ասում՝ լա՜վը…
Եվ վերջին ու, իհա՛րկե, թվարկված խնդիրների հանգույն ոչ թե ԱՌԱՋԻՆ, այլ՝
ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐ.
Գրքի ճանապարհը դեպի ընթերցողը բացել-լուծելու ԽՆԴԻՐԸ՝ իրերի այն իրավիճակում, երբ դպրոցականի ծնողը՝ հեռուստաէկրանից՝ հավասարության նշան դնելով տեստերի և մեր դասականների բանաստեղծությունների միջև, կարող է դեմ լինել ոչ թե զավակի՝ երևի ամբողջ օրը համակարգչի ու հեռախոսի անիմանալի բավիղներում թափառելուն, այլ նրան՝ գոնե անգիր արվող մի քանի բանաստեղծությամբ հիշողություն մարզող, ճաշակ զարգացնող, սիրտն ու հոգին կրթող, հոգեվերլուծության մղող մի քանի բանաստեղծություններին…
Եվ վերջապես.
Չբարձրաձայնվող, բայց գրողի ենթագիտակցության մեջ ամուր նստած
ՀԱՐՑ-ԽՆԴԻՐԸ և
ԱՌԱՋՆԱԿԱՐԳԸ՝
Ո՞ւմ կհանդիպի իր հոգու հատոր ԳԻՐՔԸ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.