Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում ՀԳՄ թարգմանական բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կառա Չոբանյանի գրքերի (Գ.Գ. Մարկես «Նահապետի աշունը» և այլն, թարգմանությունը՝ իսպաներենից) քննարկումը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով «Նահապետի աշունը» գրքի՝ բնագրից կատարված թարգմանությունը, անդրադարձավ Ռուբեն Հովսեփյանի թարգմանությանը՝ շեշտելով, որ Մարկեսի լեզվական, գրողական հմտությունները Ռուբեն Հովսեփյանը կարողացել է փոխանցել հայերենով, քանի որ որոշակի իմաստով նաև մարկեսյան մտածողության, առասպելաբանված գիտակցության կրողն էր:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, փաստելով, որ եթե խորհրդային տարիներին ռուսերենով միջնորդավորված թարգմանություններ են հրատարակվել, ապա այսօր կարող են թարգմանվել բնագրից՝ առանց միջնորդավորման, և տեղեկացրեց, որ «Նարցիս» ամսագրի գրեթե յուրաքանչյուր համարում Կառա Չոբանյանը որևէ իսպանալեզու գրողի ստեղծագործություն է ներկայացրել, որոնք հետագայում հավաքվել են մի գրքի մեջ՝ «Իսպանալեզու պատմվածք» խորագրով: Փաստելով, որ թարգմանական գրականությամբ հայ գրականությունն ամեն անգամ մի նոր գույն, մտածելակերպ է ստանում, Շ. Մկրտչյանը վստահեցրեց, որ Կ. Չոբանյանը կարողանում է հաղթահարել և բարդ, անստորակետ, անվերջակետ, ծավալվող պարբերությունները բերել, տեղ հասցնել:
«Գեղարվեստի չափը երբեք չխախտելով՝ Կառա Չոբանյանը կարողացել է այդ վեպը հայացնել»,- ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ նշելով, որ լեզվամտածողության նոր շերտեր են հայտնաբերվում այս վեպով:
Ելույթ ունեցան նաև գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը, Վարուժան Ավետիսյանը, Թամար Հովհաննիսյանը, բանաստեղծ, «Գարուն» հանդեսի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Կառա Չոբանյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ