Ամբողջ գիշեր ինչ-որ մեկը ցածրաձայն ու անգույն բառերով խոսում էր իմ մեջ: Առավոտյան, երբ սովորականից ուշ արթնացա, այդ խոսակցությունից ոչինչ չէի հիշում: Աշխատանքի գնալիս միշտ սափրվում եմ, թեև աշխարհագրության ինստիտուտում, որտեղ արդեն շատ տարիներ Հայաստանի պատմական աշխարհագրության բաժնի վարիչն եմ, դոկտոր՝ առանց պրոֆեսորության, ոչ ոք ուշադրություն չի դարձնում իմ դեմքին՝ սափրված եմ, թե ոչ, նույնիսկ՝ Դիանան, որին սիրահարված եմ անհեռանկար սիրով, ինչպես անանցանելի պատին ու անհաղթահարելի ծովին: Նա ամուսնացած է, ունի մանկապարտեզի երեխա, ոնց որ այժմ էլ հղի է և սիրում է ոչ թե ինձ, այլ իր ամուսնուն: Ես սափրվում եմ Դինայի աչքին հմայիչ երևալու համար:
Լոգարանում, որի սալիկներից մի քանիսը պոկված են, ծորակից անվերջ բարակ շիթով ջուր է հոսում, ծուլանում եմ նորոգել, որովհետև այդտեղ աշխարհագրություն չկա, կանգնում եմ քառանկյուն հայելու առջև ու տաք օճառափրփուրով ծածկում այտերս: Բավականություն եմ զգում ջերմությունից: Ածելին սահում է ձախ այտիս վրայով և ցուցադրում մանկութ ինձնից անբաժան խալը, կարծես միասին ծնված լինենք: Անսովոր ուշադրությամբ մտասևեռվում եմ հայելուն, և ոչ միանգամից, այլ աստիճանաբար գծագրվում է մարդու դեմքը՝ նախ մեկ ու մյուս աչքերը, հետո քիթ ու բերան, երկու լոշտակ ականջներ, ծնոտը՝ ամբողջովին օճառափրփուրով պատված: Նման է ինձ: Նա էլ է սափրվում: Ինձ նման չէ, բայց նույնությամբ կրկնում է իմ բոլոր շարժումները: Հանկարծ փռշտացի: Նա էլ փռշտաց: Անզգույշ շարժումից ածելին արյունոտեց ձախ ականջիս բլթակը: Նրա բլթակից էլ արյուն եկավ, սակայն, իմին հակառակ, աջից: Ճիշտ ժամանակն էր ինձ բնորոշ քաղաքավարությամբ հարցնելու.
– Ո՞վ ես, ընկեր, ի՞նչ գործ ունես իմ լոգարանում:
– Դու ես,- նույնպիսի քաղաքավարությամբ պատասխանեց նա:- Բարև:
Անկիրթ կլինեի, եթե նույնկերպ չպատասխանեի նրա ողջույնին և դեռ մի բան էլ ավելի՝ հազար բարև, քիչ էր մնում հարևանիս պես ասեի՝ բարով:
– Ես քո ներքին մարդն եմ:
– Այտիդ խալը երբվանի՞ց է:
– Հարցրու մեր մորը:
– Մահացել է:
– Գիտեմ,- ասաց ներքինս, շարունակելով սափրել մյուս այտը, կզակի տակ, բերանի շուրջը: Ես փոքրիկ մկրատով մազեր թռցրի հոնքերիցս, նույնն էլ նա արեց: Մեր հոնքերն այնքան նման էին իրար, աչքերն էին մի փոքր տարբեր, երբ ես մի կողմ էի նայում, նա նայում էր հակառակ ուղղությամբ, որից, անկեղծ ասած, բարկանում էի, նա ի՞մ ներքին մարդն է, թե՞ ուրիշի ներքինը: Ես լվացվում էի և աչքի ծայրով դիտում նրան, կարծես ոչ թե ես էի լվացվում, այլ նա: Սովորություն է՝ սափրվելուց հետո դեմքս օծում եմ բուրավետ օծանելիքով, որ Դինայի ուշադրությունը գրավեմ: Այս մեկին չէի սպասում. իմ ներքին մարդն էլ օծվեց և, ինչպես ինձ թվաց, ավելի հանգամանորեն, մի՞թե, մտածեցի, նա էլ է Դինային անհույս սիրահարված, և խղճացի նրան:
– Հարևան ջան, այտիս խալը առաջին անգամ ե՞րբ ես տեսել,- հարցնում եմ նրան բակում հանդիպելիս:
– Ա՛յ մարդ, էս նեղ ժամանակներում ուրիշ բան ու գործ չունե՞ս:
Այդ էր ու այդ, դրանից հետո նա թշնամացավ ինձ և բարևս այլևս չէր առնում:
– Մի՛ նեղացիր,- հանգիստ ասաց ներքին ձայնս,- մարդ է, էշ չի, որ հասկանա:
Մեր գյուղում, որտեղից շատ տարիներ առաջ անվերադարձ հեռացել եմ, դարձել քաղաքացի, մի էշ էր ապրում՝ Համբոյի էշը, շատ աշխատասեր, իմաստուն, զռում էր երգելու պես, էգ էշերը գժվում էին նրա զռոցից, նաև՝ որոշ երիտասարդ կանայք: Լսելով իմ հիշողությունը՝ ներքին մարդս, որն ինձ հետ գնում էր ակադեմիա, այդ օրը գիտաժողով կար, ես պետք է զեկուցեի հնագույն աշխարհագրության մասին, բարձրաձայն ասաց, կարծես ես ասացի. էշը կենդանիների աշխարհագրության զարդն է: Այս կարևոր մտահանգումով հասանք ակադեմիայի աստիճաններին: Սկզբում ես բարձրացա, ետևիցս՝ նա:
Կարդում էի զեկուցումը, և ինձ թվում էր՝ ոչ թե ես, այլ նա է գրել իմ խառնափնթոր ձեռագրով: Շատ խելացի էր իմ ներքին մարդը, ինձնից առավել: Կարծեցի աշխարհագրագետը նա է, ոչ ես: Չափազանց հմուտ էր ֆիզիկական ու տնտեսական աշխարհագրությունից, իսկ գեոմորֆոլոգիայի ու գեոդեզիայի խնդիրներին բացառիկ խորությամբ էր տիրապետում՝ շարժելով իմ բարի նախանձը: Հո չէի թշնամանալու նրան, նա էլ ես եմ, ես էլ՝ նա, երկուսս էլ միանման խալ ունենք, իսկ խալը, ճիշտ են ասում, երկնային նվեր է ու ճակատագիր:
Գիտաժողովից հետո, կեսօրին գնացի իմ առանձնասենյակ՝ հինգ համարի փարիզյան սուրճ խմելու, հասկանալի է՝ նրա հետ: Մենք արդեն մեկ մարմին ենք՝ ես դրսում, նա ներսը: Չգիտեմ, նա գոհ է այս ֆիզիկական միացությունից, թե ոչ, ես գոհ ու գոհ եմ և շնորհակալ քսանմեկերորդ դարին, որ մեզ հանդիպեցրեց իրար, շատերի նման չեմ տառապում միայնության հիվանդությամբ, սիրում եմ նրան ինձ սիրելուց խորն ու առավել: Եթե կուզեք իմանալ, ինձ չեմ սիրում, նրան եմ սիրում, նա էլ եթե ինձ է սիրում, անշուշտ, ուրեմն երջանիկ եմ և սիրում եմ ինձ:
Դիանան սիրահոժար առաջարկեց սուրճն ինքը եփի, որ առաջ էլի էր պատահել, ինձ հետ էլ սեղան նստեց, առանց իմանալու, որ ես միայն ես չեմ, նա էլ է այստեղ: Ես մտածեցի՝ գուցե աներևույթն ավելի է ներկա, քան երևացողը, աչքերը երբեմն խաբում են և աշխարհն արտացոլում ծուռ հայելու մեջ՝ մեզ հեռացնելով գոյության ճշմարտությունից:
– Փանոս Սիմոնիչ, շատ հաճելի հոտ ունեք,- ժպտաց Դինան, թեև ինձնից բավականին հեռու էր նստած՝ բազմոցի վրա, իսկ ես՝ գրասեղանի աթոռին:
Սիրտս խփեց. նա առաջին անգամն էր այդ խոստովանությունն անում, թեև, ինչպես գիտեք, միշտ էլ օծվել եմ, այ քեզ աշխարհագրական նորություն: Հանկարծ սիրտս վախ ընկավ՝ իսկ եթե Դինան, նույն Դիանան, ոչ թե Սիմոնիչի հոտով է հրապուրված, այլ՝ նրա ներքին մարդու, որն առավոտյան ավելի հիմնավոր օծվեց, քան ես… Սիրտս ծակծկեց այդ կասկածանքից, որը հաջորդ րոպեին դարձավ համոզիչ իրականություն. Դիանան շնչում է իմ ներքին մարդու հոտը, նրանով է ոգևորված՝ մոռացած ամուսնուն, մանկապարտեզի երեխային և իր հղիությունը:
– Դինա, հղի՞ ես,- անսպասելի, անպատեհ հարց տվեցի ես և մինչև ականջներս շիկնեցի:
– Ո՞վ ասաց,- շփոթվեց Դինան,- ձեր ի՞նչ գործն է:
Շուտով, որ հազարամյակներ թվաց, իմ ներքին մարդու նկատմամբ ցավալի խանդից ավելի հիմարացա.
– Դինա, ամուսնուդ սիրո՞ւմ ես:
– Այդ ի՞նչ հարց եք տալիս, Սիմոնիչ, իհարկե սիրում եմ:
– Ուրեմն հղի ես:
– Ումի՞ց:
– Մագելանից հղի կլինես:
– Հաստատ,- համաձայնեց Դինան:
Եվ ես մտածեցի, թե Մագելանը, որը, իմացեք, կատարել է առաջին շուրջերկրյա նավարկությունը, իմ ներքին մարդն է և անխղճորեն օգտագործում է իմ թանկարժեք օծանելիքը, կարծես թշնամու ապրանք լինի:
Սափրվելուց հետո ես արդեն չէի օծվում, որ ներսինս էլ ինձ հետևելով չմեռոնվեր՝ չարժանանալու Դիանայի ուշադրությանը: Որոշ ժամանակ դա իր դերը կատարեց, Դինան ո՛չ ինձ էր հոտոտում, ո՛չ էլ նրան, կարծես մենք գոյություն չունեինք, ապրում էինք շատերի պես անհոտ ու անդեմ:
– Ընկեր Սիմոնիչ, ոնց որ մի տեսակ եք…
Շան աղջիկը ճիշտ էր նկատել, այժմ ես միայն ես էի և ոչ նաև ներքին մարդը, իմ և Դիանայի միջև այդ հավելյալ արժեքն իր հոտ ու բանով արդեն չկար: Ես ցնծում էի, երբ մի գիշեր սրտովս սարսափելի միտք անցավ, գուցե իմ անհոտ հոտով հավելյալը ես եմ նրանց արանքում, փոքր, ավելորդ, միայնակ մահկանացու, որ մի օր պետք է անհիշատակ ջնջվի Երկիր մոլորակի աշխարհագրությունից:
Սկսվեցին հոգետանջ օրեր. Սիմոնիչի կերպարանքով օտարականն իմ մեջ էր, և Դինան սիրում էր ոչ թե ինձ, այլ նրան, իր ամուսնուն ու Մագելանին և հղի էլ չէր: Վշտից մի քանի շաբաթ չսափրվեցի, օծվելու մասին խոսք անգամ լինել չէր կարող, և դեմքիս ալեխառն մորուք կապեց: Այդ մութ, տխուր ու ցուրտ ժամանակներում հայաստանյան աշխարհագրության մեջ մորուքը բավականին տարածված զարդարանք էր, մորուք էին հագնում թե՛ տարեց ու թե՛ երիտասարդ մարդիկ, ծնվեցին, նույնիսկ, մորուքավոր երեխաներ, ով մորուք չուներ, չէր կարող հավակնել դառնալու երևելի ազգային գործիչ, անգամ կանայք էին ձգտում մորուքավորվելու, և եթե դա նրանց չէր հաջողվում, ամուսնանում էին մորուքավոր տղամարդկանց հետ:
– Մորուքը ձեզ շատ է սազում, Փանոս Սիմոնիչ,- ասաց Դինան:
Նրա «ձեզ» հոգնակի դերանունը, ես մի քիչ էլ լեզվաբան եմ, այս անգամ ընկալեցի ոչ թե սովորականի պես ինձ վերաբերող հարգալից արտահայտություն, նա ինձ հետ երբեք չէր խոսում «դու»-ով, քանզի ես տարեց էի և նրա գիտական ղեկավարը, այլ՝ հավասարապես ինձ ու իմ ներքին մարդուն ուղղված հավաքական դիմելաձև: Մորուքս ակամայորեն շոյեցի: Մեջիս մարդն էլ իրենը սղալեց: Ե՛վ ուրախացա, որ մորուքս Դիանային դուր է գալիս, և՛ տխրեցի, որ նա բացահայտորեն հավանում է նաև ներսումս ապրող մարդու ճիշտ իմ մորուքի նմանությամբ մորուքը, իր նկատմամբ իմ սերը, փաստորեն, բաժանում երկու հավասար մասի իմ ու նրա միջև՝ ինձ զրկելով ամբողջական ու կատարյալ զգացմունքից: Իսկ գուցե, անհանգստացա, նրա մասնաբաժինն ավելին է, քան իմը…
– Դինա, ո՞ւմ ես ավելի շատ սիրում…
– Մագելանին,- ասաց Դինան:
Սիրտս մի քիչ տեղն ընկավ՝ ավելի լավ է դա լինի Մագելանը, քան իմ ներքին մարդը:
Չգիտեմ որքան ժամանակ պահանջվեց, որ ես հաշտվեմ իմ ներքին մարդու հետ՝ չնախանձեմ, չթշնամանամ, չատեմ, լինենք ընկեր ու բարեկամ, ես՝ նրա նման, նա՝ ինձ, նույն մորուքով, աչք-ունքով, քիթ ու մռութով: Նա նույնությամբ կրկնում էր իմ բոլոր շարժումներն ու արարքները, իմ կերածն ու խմածը նաև նրանն էր, պատահում էր, երբ հիվանդանում էի՝ հարբուխ կամ թոքաբորբ, նա էլ էր ինձ հետ անկողին ընկնում, բայց ամենահետաքրքիրն ու զարմանալին, չեք հավատա, մեր մտածողության ու ձայնի նույնականությունն էր, նա ընդօրինակում էր ինձ, ես՝ նրան, նույն զգացմունքներն էինք երգում ու լաց լինում մեր մեջ:
– Անունդ ի՞նչ է, եղբայր:
– Անունս Փանոս է, հայրանունս՝ Սիմոն, աշխարհագրագետ եմ, գիտության դոկտոր՝ առանց պրոֆեսորության, ամուսնացած չեմ, ծնվել եմ հազար ինը հարյուր երեսունվեց թվականի հուլիսի երեսունին,- սիրալիր ասաց իմ ներքին ձայնը:
– Դիանային սիրո՞ւմ ես, նա Մագելանի կինն է…
– Ինչպես դու ես սիրում,- խոստովանեց նա:
– Մորդ անունը ի՞նչ էր:
– Քո մոր անունը:
– Գոհար:
– Շատ գեղեցիկ կին:
– Նա ավտովթարից մահացավ, հիշո՞ւմ ես:
Իմ աչքերն արցունքոտվեցին, իսկ նա լաց էր լինում:
Գիտնականները վիճաբանում են, թե երբ ու ինչպես ստեղծվեցին գետերը, լեռներ, ծով և օվկիանոս, ո՞վ է նրանց հայրը, մի՞թե Աստված, և չեն գալիս մի ընդհանուր եզրակացության: Մի օր, երբ հոգնեցի այդ մասին մտածելուց, հանկարծ նա իմ ներքին ձայնով ասաց.
– Ամեն ինչ մարդու ստեղծագործությունն է, Աստծուն էլ է արարել մարդը:
– Իսկ մարդո՞ւն…
– Նա առեղծված է, անսկիզբ ու անվերջանալի,- ասաց նա:
– Ո՞վ է Աստված:
– Սերը,- ասաց ներքին ձայնն իմ ձայնով:
Եվ ես պարզ հասկացա, որ նա Դիանային սիրում է Աստծուց շատ և պատրաստ է նրա համար նույնիսկ մեռնել:
Իմ հանդեպ Դինայի սերն ու հարգանքը ես ամբողջովին նվիրեցի իմ կեսին, որն ավելի էր արժանի վայելելու կնոջ սերը: Երևակայական դաշտում ես Դինային խլեցի իր ամուսնուց, հեռացրի նաև Մագելանից, որին կապված էր գաղտնի սիրով, և ամուսնացրի ներքին մարդուս հետ: Եվ երջանիկ եղա այդ գործողությամբ: Կարծես Դիանան լիներ իմ կինը:
Անմոռանալի ժամանակ էր թե՛ ողջերի և թե՛ մեռածների համար, հատկապես՝ անկախ Հայաստանի աշխարհագրությունում, որտեղ մեռածներն ավելի շատ էին, քան ողջերը: Հույսը մարմրելով շշնջում էր օճորքից կախված աղոտ լամպի պես: Երկրի բյուջեն՝ տորիչելյան դատարկություն: Աշխատազրկության ահեղ ալեկոծություն եղավ: Կրճատում էին աջից, կրճատում էին ձախից, վերևից ու ներքևից, գողն էլ մի կըռնից էր վրա տալիս, գելն ու բոզն էլ մյուս կըռնից,- հիշեցի պապիս հառաչանքը,- աչքդ թեքեցիր – բանիդ տերը չես,- ասում էր նա,- էսպես ապրում ենք, էլի, ամեն մեռնողի երանի տալով: Ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտում ինձ մի թանաքագիր գովասանաթուղթ տվեցին՝ երկարատև անբասիր աշխատանքի դիմաց, և ուղարկեցին տուն: Եթե իմ ներքին հիանալի մարդու բարոյական աջակցությունը չլիներ՝ փողոցի աղբամանից հաց ու բան էի մուրալու: Մտքիցդ հանիր,- խոսում էր նա,- պետք է դիմանաս, Դիանայից ամաչիր, օրեր են, կմթնեն, անց կկենան, մենք փառքեր ունենք թաղված հողի տակ:
Անտանելի շոգ ամառ էր: Ինձ թաղեցին աստվածային Ադամ պապիս գերեզմանոցում: Իմ ներքին մարդը հուզիչ մահաճառ ասաց՝ սգավորներին ինձ ներկայացնելով որպես քսանմեկերորդ դարի մի նշանավոր գիտնական, որին աշխարհը երկար է հիշելու: Միջօրեի բարկ արևից կկոցված աչքերով, խոր փոսից նայելով նրան, ես մտածեցի՝ քանի դեռ ներքին մարդս խոսում է, ինձ մահ չկա: Դուք էլ ձեր վերաբերյալ այդպես կարծեք, հոգին չի մեռնում, դա կսփոփի ձեր սրտերը: Դինա, սիրելիս, լաց մի՛ եղիր: Հակառակ խնդրանքիս, Դինան շարունակում էր սևորակ աչքերից աղի արցունք թափել մետաքս այտերի վրա:
Հաջորդ բոլոր օրերին, որ դարձան անհաշիվ տարիներ ու դար, օվկիանոսի մութ հատակից ես փակ աչքերով տեսնում էի տիեզերքի աշխարհագրության անընդգրկելի քարտեզը, որտեղ ոսկեբաշ մի ձի էր անձայն խրխնջալով վարգում՝ որոնելով ինձ կամ ձեզանից որևէ մեկին: