ԹԵՎԸ ԿԱԽ ԼՈՐԸ / ԲԱԿՈՒՐ

Գումարտակի հրամանատար Հայկ Մոսունցը ինքնամոռաց վիճում էր գնդապետի հետ. «Ինչո՞ւ չես վստահում վաշտերի, դասակների հրամանատարներին: Ախր դիրքեր ստուգելը ի՞նչ մի գումարտակի հրամանատարի գործն է: Ասում է՝ անձամբ ստուգիր, որ ամեն ինչ կարգին լինի: Ասում եմ. թույլ տուր գրոհենք, թե՝ կամանդուշչիից հրաման չկա, պիտի սպասենք՝ հատուկ գործողություն է մշակվում»: Մեր դիմաց ասես թե հակառակորդ էլ չկա: Շուշին վերցնելուց հետո թուրքը հուսալքվել է: Ո՞ւմ համար կռվեն, ո՞ր գաղափարի: Հայերի հողն է, վաղ թե ուշ՝ ետ են խլելու, դեռ հարյուրամյակներ շարունակ հայերի հողը շահագործելու համար պետք է հարկ մուծեն: «Դե, գնդի հրամանատարին առարկել կլինի՞… Գանձակցի գնդապետ Սուրեթ Հուսեյնովն է Աղդամը «փրկելու» գալիս: Բաքուն առանց մի կրակոցի «գրավեց»: Արցախցու դեմ ի՞նչ պետք է անես, այ բրդի արքա, գնա գանձակում քո բուրդը գզի…»:
Դիրքապահ Աշոտը ուզեց կանչել. «Կանգնի՛ր, ծածկագի՛րը…», սակայն գումարտակի հրամանատարը ի՞նչ է իմանում, թե որն է ծածկագիրը: Զինվորը ձգվեց, պատիվ տվեց: Հրամանատարի հայացքը սահեց զինվորի վրայով, սակայն ասես թե չնկատեց էլ նրան: Մեկ այլ դեպքում կկանգներ, Շուշիի թանգարանի հավաքածուից կհարցներ ու կավելացներ.
– Կարծում ես՝ Շուշիի թանգարան ստեղծելը ավելի պակա՞ս կարևոր է, քան թե դիրք պահելը: Էս որ ապստամբել ենք, այդ թանգարանը հիմնելու, մեր մշակույթը, լեզուն, գիր ու գրականությունը փրկելու համար ենք պատերազմում:
Աշոտը շտապ գետնատնակ մտավ ու կապվեց գնդի շտաբի հետ:
– Մեր գումարտակի հրամանատար Հայկ Մոսունցը քիչ առաջ անցավ իմ կողքով ու ականապատված դաշտով դեպի հակառակորդի դիրքերը գնաց:
– Ինչո՞ւ չկանգնեցրիր:
– Մտածեցի՝ գուցե գաղտնի ինչ-որ բան է ստուգում ու ետ կգա:
– Ձեռքին սպիտակ դրոշ կա՞ր:
– Չէ՛, նման բան չեմ նկատել: Բայց կարծես թե ինքն իր հետ էր խոսում:
– Կհասցնե՞ս կանչել, որ վերադառնա:
– Հիմա կփորձեմ, բայց երևի ուշ լինի: Համ էլ չեմ ուզում հակառակորդի ուշադրությունը գրավել:
– Գալիս ենք, ոչինչ չձեռնարկես: Դիպուկահար ենք բերում, եթե թշնամուն հանձնվելու է գնում՝ կկրակենք:
Հայկ Մոսունցը նկատեց, որ ամայի դաշտում շուրջբոլորը մկների բներ են: Մինչ պատերազմը այստեղ ցորենի արտերն էին ծփում: Երևի մկներն էլ են զարմացել, թե ինչու մարդիկ դադարեցին ցորեն աճեցնել: Գուցե իրենց սովամահ անելու համար այդպես վարվեցին: Մի պահ Հայկը ուշադրությունը կենտրոնացրեց դաշտի ձայներին: Ծղրիդներն իրենց հիասքանչ ճռվողյունով լցրել էին շուրջբոլորը: «Տարօրինակ է, կռվով տարված՝ երբեք ուշադիր չենք դաշտի ձայներին: Այս էակների համար ի՞նչ պատերազմ, ի՞նչ թշնամություն: Այո՛, սա իրոք նրանց մոլորակն է, նրանց բնությունը. Իսկ մենք իրար հետ հաշտ ու խաղաղ չենք կարող ապրել: Մարդու մի տեսակը հեռուներից, որ Լեռնային Ալթայ է կոչվում, քոչերով եկավ, սրի քաշեց բնիկ ժողովուրդներին, տիրեց նրանց ունեցվածքին, երկրին, գետերին, սարերին: Քաղաքակիրթ աշխարհ, դե լուծիր խնդիրը: Ինչո՞ւ ես հափշտակողի կողմն անցել: Այդպես ձեռնտո՞ւ է քեզ: Վաղը քո տունն էլ է մտնելու, խլելու է ամեն ինչ: Կարծում եք՝ նման բան անհնա՞ր է: Հայերիս դժբախտ փորձը ձեզ օրինակ»:
Մի պահ ոտքը հողաթմբին կպավ, ու քիչ մնաց գետնին փռվեր: Ոտքի տակից մի լոր դուրս թռավ, թևը կախ գցեց, իբրև ջարդված է, առաջ վազեց: Հայկը գիտեր իր բնից վտանգը հեռացնելու թռչունների այդ խորամանկ քայլի մասին: «Վիրավոր» լորը հայ հրամանատարին տարօրինակ զիգզագներով մինչև առաջնագծի դիրքեր «առաջնորդեց»: Սա էլ լորի հետ ինչ-որ ինքնամոռաց խաղի մեջ մտած՝ քայլում էր նա ետևից: Մի պահ, երբ արդեն խրամատին էին հասել, լորը, իր գործն ավարտած համարելով, «ջարդած» թևն ուղղեց ու վեր թռավ:
Հայկ Մոսունցը առաջնագծի խրամատի թումբն անցավ ու զարմանքից քար կտրեց: Խրամատի երկայնքով հողաթումբը հակառակ ուղղությամբ էր կիտած, գնդացրի փողն էլ դեպի ետ՝ մեր ետնապահ դիրքերն էր ուղղած: «Ցնդե՞լ է վաշտի հրամանատարը, բա զինվորնե՞րն էլ չեն հասկանում, թե որ ուղղությամբ է թշնամին, ու ինչպես պետք է փորել խրամատը… Էսպես էլ կռիվ ենք անում… Գուցե կողմնորոշումս է սխալ: Լավ, մի զինվոր չկա՞, որ հարցնեմ»: Այդ պահին աջ կողմից ձայներ լսեց: Խրամատով քայլեց դեպի ձայնի կողմը: Քիչ այն կողմ Կարկառ գետի հեղեղատն էր: Էքսկավատորով գետի լայնացրած ու խորացրած տեղում երեք զինվոր ջրի մակերեսից նռնակի պայթյունով խլացրած ձուկ էին հավաքում: Գնդի հրամանատարը խստիվ արգելել էր ձուկ որսալու համար պայթուցիկ օգտագործել ջրում: Գետափին կրակի վրա կաթսայով ձուկ էր եփվում: Զինվորները ուշադրություն չարժանացրին գումարտակի հրամանատարին, չնայած նկատեցին նրա հայտնվելը:
– Հիմարներ, ձեզ ո՞վ է թույլատրել թողնել դիրքերն ու ձուկ որսալով զբաղվել: Խրամատը ո՞վ է թարս փորել տվել: Չգիտե՞ք, թե թշնամին որ կողմում է: Ես ձեզ ռազմական տրիբունալի եմ տալու: Ձեզ պես զինվորներ մեզ պետք չեն:
– Սլուշա՛յ,- ջրի միջից պատասխանեց զինվորներից մեկը,- թը նի զդես քամանդիր, է, թը թա՛մ քամանդիր…- ցույց տվեց հայկական դիրքերի կողմը:
Նա անշտապ դուրս եկավ ջրից, առանց սրբվելու հագավ տաբատը, մոտեցավ:
Մասունցը նոր միայն հասկացավ, որ թշնամու դիրքում է հայտնվել: Զինվորների շորերի մոտ հրազեն չկար: Իսկ ինքը ատրճանակ ուներ: Մի կերպ քողարկեց շփոթմունքը: Գիտեր, որ հակառակորդի հրամանատարների մեջ մի Մամեդ կար, որի հետ մեր հրամանատարները սերտ հարաբերություններ ունեին ու նրա միջոցով էին գերիների փոխանակում անում կամ պայմանավորված գումարի դիմաց ազատում գերուն: Գումարտակի հրամանատարը ուշքի գալով հարցրեց.
– Լսե՛ք, իսկ ո՞ւր է Մամեդը:
– Մամեդը տուն է գնացել, վաղն արի,- ասաց ադրբեջանցի զինվորը:- Բայց դու մի՛ գնա դեռ, սպասիր, միասին ձուկ կուտենք, թե չէ որ Մամեդն իմացավ՝ քեզ չենք հյուրասիրել, կաշիներս կքերթի:
– Չէ՛, շնորհակալ եմ, ժամանակ չունեմ, վաղը կգամ…
– Լավ, որ այդպես է, մի շրանուկ ձուկ տամ,- դիմեց մյուս զինվորին,- Ահմադ, ձուկը բեր մեր հյուրին տանք՝ տանի,- ապա դարձավ Հայկին,- գետի ձուկը ձերն էլ է: Տար զինվորներին, երևի վաղուց Կարկառի անուշահամ ձուկ չեն կերել:
Ուռենու ճյուղի մեջ անցկացված ձկների շարանը տվեց հայ հրամանատարին: Հայկին զինվորը ծանոթ թվաց: Զինվորը ժպտաց:
– Ճանաչեցի՞ր աղդամցի Լատիֆին: Աղդամի իմ ճաշարանում փիթի կերած կլինես: Ստեփանակերտցիք ու մարտակերտցիք հատուկ Աղդամ էին գալիս ու իմ պատրաստած քյալլան ու փիթին վայելում: Է՜, խաղաղ ապրելը շատ ավելի լավ է, քան թե մայրերին դադարգյուն թողնելը:- Լատիֆը ընդհուպ մոտեցավ հայ հրամանատարին, շշուկով ասաց:- Դու ինձ ասա՝ ի՞նչ է լինելու մեր հալը: Ես կիսով չափ հայ եմ, մայրս է հայ:
– Խորհուրդ կտայի վերցնես ծնողներիդ ու հեռանաս երկրից,- ասաց հայ հրամանատարը,- հենց այսօ՛ր հեռացիր, վաղը գուցե ուշ լինի…
– Ես քեզ հասկացա,- շշուկով ասաց Լատիֆը, ապա ձայնը բարձրացրեց:- Գնա ձերոնց ասա, որ ադրբեջանցիների մեջ էլ մարդիկ կան, որոնք հյուրին պատվել գիտեն: Վաղը կգաս, կտեսնես, թե Մամեդի հետ ինչպես կընդունենք հակառակորդ հրամանատարին: Ձեր այս հաղթանակներից հետո մենք հայերին ավելի ենք հարգում: Ղարաբաղցի հայի հետ կռվել չի լինում: Մեր կամանդիրն է ասում: Դու որ առանց վախի մեր դիրքերն ես եկել, հալալ է քեզ… Մենք այդպիսի քաջ հրամանատարներ չունենք:
– Լավ, Լատիֆ, Մամեդին ասա, որ վաղը այս ժամին սպասի,- ասաց հայ հրամանատարը,- եթե իրավիճակը չխառնվի՝ կգամ:
– Ինչո՞ւ, վատ բա՞ն է սպասվում:
– Պատերազմ է, ի՞նչ իմանաս…
– Իրոք, մոռացել եմ, որ պատերազմի մեջ ենք… Տես, արահետից դուրս չգաս, դաշտը ականապատված է: Թե ինչպես չես պայթել ականի վրա… տարօրինակ է:
– Հա՛, ինձ այստեղ թևը կախ լորը բերեց:
– Նրանք անգիր գիտեն, թե որտեղ է ականապատված:
– Ապրես, Լատիֆ,- ասաց գումարտակի հրամանատարն ու բռնեց դեպի հայկական առաջապահ դիրքը տանող արահետը:
Հայկ Մասունցը վաղուց չտրորված արահետով քայլում էր ու մտածում՝ ուր որ է ետևից կհնչի կրակոցն, ու այլևս ոչինչ չի լսի՝ ո՛չ ծղրիդների աշխույժ ձայները, ո՛չ հեռվից եկող թնդանոթների որոտը, ո՛չ էլ կնոջ, երեխաների ձայնը… Գլխավերևում գնդակների սուլոցներ լսեց ու մեքենայորեն իրեն գետնին նետեց: Տագնապահար լորեր հայտնվեցին ու թևերը կախ գցած՝ Հայկին այս-այն կողմ իրենց հետևելու առաջարկեցին: Քիչ անց հայկական կողմից եկող արկերի շառաչյուն տարածվեց, որին հետևեցին հակառակորդի դիրքերում խուլ պայթյունները: «Ապրեն հրետանավորները,- մտածեց գումարտակի հրամանատարը,- գիտեն, որ վերադառնում եմ, լռեցնում են կրակակետը»: Հայկ Մոսունցը խրամատ հասավ: Նրա պատմությունը քրքիջով ու լիաթոք ծիծաղով լցրեց խրամատը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։