Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ

 

ՀՆԱՈՃ ԵՐԳԵՐ
(ազգային նվագարանների համար)

* * *
Խորին խորհրդով,
Ինչպես եկեղեցի են կառուցում,
Այդպես էլ ես բանաստեղծություն եմ գրում,
Բառն այնպես եմ շարում տողի մեջ,
Ինչպես սրբատաշ քարը խորանի շարվածքում:
Հնչյուններին թևեր եմ քանդակում,
Որ հաղորդվենք Բարձրյալի հետ:
Մայրենի լեզվովս գրած տողիս
Զանգակատան ղողանջով եմ օծում,
Որ փառավորվենք Մեսրոպյան
հայտնության հրաշքով:
Բանաստեղծություններիս յուրաքանչյուր տան մեջ
Հույսի կանթեղ եմ կախում,
Սիրտս յուղի տեղ այրում նրանց մեջ:

* * *
Ի՞նչ ես ուզում ինքդ քեզնից, ծերացածս,
Որտե՞ղ փնտրեմ ու հետ բերեմ կորցրածդ,
Չեմ հիշում՝ որ փողոցում,
Ճամփաբաժնի որ հատվածում,
Որ տան դռանն ես դու թողել ունեցածդ:
Քամու բերած, քամու տարած, ծերացածս,
Հիմա ի՞նչ ես ուզում քեզնից,-
Որտեղ պիտի զիլ ճչայիր, լացախառը ծիծաղել ես,
Որտեղ պիտի ծիծաղեիր, լաց ես եղել,
Արժող-չարժող մարդու առաջ սիրտդ բացել,
Խոնարհվել ես,-
Հիմա ի՞նչ ես ուզում քեզնից, խենթ ու
խելառ ծերացածս,-
Քո գնացքը կանգնած է հին կայարանում,
Քեզ հետ ճամփա ընկածներից հատ ու կենտ
մարդ է մնացել,
Ովքեր վաղուց, շա՜տ վաղուց են քեզ մոռացել,
Բայց դու ապրում, շնչում ես, կաս՝
Սիրտդ լիքը երազ ու սեր.
Հաստատ գիտեմ, ծերացածս,
գնալու ես Վասպուրական,
Այգեստանի խնձորենու այգիների անուշ բույրով
Ապրելու ես երկա՜ր-երկար…

* * *
Անծանոթ, անդուռ աշխարհում,
Չգիտեմ ո՞ւմ դուռը թակեմ, որ ասեն.
– Ներս արի, ծերուկ:
Ներս արի, վաստակած մեր ընկեր:
Չգիտեմ, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ,
Որ չասեն ցնդել է ծերուկն այս.
Ինքն իր հետ վիճում է,
Ինքն իրենից խռովում,
Ինքն իր հետ կռվում,
Ինչ-որ բանի դեռ սպասում է՝
Խենթացած ծերուկն այս ինքնասեր…
Չգիտեմ, չգիտեմ, չգիտե՜մ, որ քարին անունս գրեմ,
Որ կարդացողն իմանա,-
Անծանոթ, անդուռ աշխարհում,
Հեքիաթս մինչև վերջ չեմ պատմել,
Անմար կարոտ կա սրտիս մեջ,-
Ուզում եմ այս անդուռ աշխարհում,
Մասիսի փեշին ծվարած մեր հին տան դուռը բացել:

* * *
Ծերացած թթենիս երգում
Ու արևահամ թութ էր բաժանում անցորդներին,
Տերևները ծա՜փ-ծափ տալով պարում էին
հովերի հետ.
Աստղերն էլ էին երգում.
Ես լողանում էի աստղերի շողերով,
Հնձվորների հետ քնում նոր հնձած արտում,
Թռչում տիեզերք, լողում աստղերի ծովերում,-
Հեքիա՜թ էր, թռի՜չք, թեթև՜…
Արթնացա, աստղերից էի իջել,-
Թթենիս, բոլորովին մերկ,
Սև ամպի տակ կանգնած լալիս էր:
Ե՞րբ, ամառս ե՞րբ անցա՜վ…
Ուզում էի բանաստեղծության պարտեզ ստեղծել,
Բառերս, ծաղիկներ դարձած,
Անձրև էին մարդկանց հոգիների վրա:
Ուզում էի երգերս թևածեին աշխարհով մեկ,
Բոլորին-բոլորին պատմեին մեր ճերմակ
սարի հեքիաթը…
Եվ այն աղջիկը, որին համբուրել էի,
Ամռան անձրևոտ մի գիշեր,
Յոթ որդով սեղան նստեր Հին Բայազետ
քաղաքի մեր տանը,
Հայրս փառավորվեր՝ իր յոթ թոռներին գրկելով…
Ափսո՜ս…
Ամառս ե՞րբ անցա՜վ:
* * *
Չքնաղ իմ երկիր, իմ սուրբ հայրենիք
Առանց քեզ մի օր չեմ կարող ապրել…
Իրիկնաժամին դաշտերիդ վրա
Հարության ղողանջ ու լույս է ցողվում.
Երկչոտ մի պախրա ուզում է թռչել
անդունդից անդունդ.
Գետն համրանում է,
Որ պախրան հանկարծ անդունդը չընկնի:
Իմ բարի երկիր, իմ մայր հայրենիք,
Բարձրագահ սարիդ աղոթք է հղում
Սեգ ժայռին թիկնած վանքը խնկահոտ,
Որի գագաթին իմ նախապապի
տապանն է կանգնած.
Ամեն լուսաբաց, տապանի միջից իմ նախապապը
Ինձ ձայն է տալիս.
– Այդտե՞ղ ես, որդի՛ս:
– Այստեղ եմ, Հայր իմ,
Ուրիշ մի երկրում
Ես մի օր անգամ չեմ կարող ապրել:

* * *
Ես վաճառեցի գրպանի ժամացույցս,
Ճերմակ վարդեր գնեցի,
Վաղ լուսաբացին եկա
Սիրահարների այգին,
Որ սուզվեմ աչքիդ կապույտ լճակներում,
Ու երկնից երանության անձրև մաղվի մեզ վրա…
Սպասեցի՜, սպասեցի՜, սպասեցի՜…
Կեսօրին վարդերիս թերթերին ջուր ցողեցի,
Որ ժպիտները չխամրեն,
Ու դու հավատաս, որ իմ միակն ես՝
Ճակատիս է այդպես գրված…
Օրը մայրամուտի շապիկ հագավ,
Սպասեցի՜, սպասեցի՜, սպասեցի՜…
Թռչունները վերադարձան,
Ծառերին «բարի գիշեր» մաղթեցին,
Կտուց կտուցի գրկվեցին, որ տաք ձվեր ածեն…
Վարդերս ուշաթափվել էին՝
Գլուխները կախ, մթան մեջ լալիս էին:
Չէ՛, չէ, չէ, չե՛մ անիծում քեզ:
Զով գիշեր է, ամռան գիշեր.
Ժամացույցս վաճառել,
Ճերմակ վարդեր եմ գնել քեզ համար…

ԿՆՈՋՍ ՝ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՄԱՐԻԵՏԱՅԻ ՀՒՇԱՏԱԿԻՆ
-1-
Երեկ երկնքում քո աստղը տեսա,
Այնպես պայծառ էր ժպտում,
Ոչ մի օր այդպես դու չէիր ժպտացել
Վաղանցուկ կյանքի շաղոտ մշուշում:
Հեռու-հեռավոր անհուն տիեզերքից
Կարոտ աչքերով նայեցիր ինձ,
Ասացիր. – Արի՛, առանց քեզ այստեղ,
Չեմ կարող ապրել, առանց քեզ այստեղ
Տխուր է ու լուռ…
Երեկ քո աստղից բարություն ցողվեց
Ճերմակ մազերիս, հոգնած ուսերիս,
Աստղիդ շողը ցոլաց աչքիս մեջ,-
Ասացի,- Կգամ, կարոտել եմ քեզ…
-2-
Մի օր մի ծառ կամ մի ճերմակ ծաղիկ դարձած
Կապրենք հավերժ իրար կողքի,
Իրար կարոտ,
Նորից իրար չենք հասկանա…
-3-
Խնձորենին ծաղկել էր…
Խնդություն էր…
Այս գարնանը խնձորենին չծաղկեց:
Հինգ ամիս է՝ ոչ մի տող չեմ գրում:
-4-
Մի ճնճղուկ, ծիրանենու ճյուղին թառած,
Երգում է…
Չգիտեմ, գուցե լալիս է:
-5-
Բարդին հովի հետ պարում էր:
Տերևները ծափ էին տալիս:
Հովը խռովեց…
Բարդին թախծում է:

ՏԱՂԻԿ
Իմ ունեցածը սիրո ծաղիկ է,
Անուշ տաղիկ է ծոցիկիդ մեջ,
Ծոցիկդ վարդ է, վրան շաղիկ է,
Հրաշք ծաղիկ ես աշխարհի մեջ:

Ես պարտիզպան եմ, թող քո ծաղիկը
Պահեմ-պահպանեմ պարտեզիս մեջ,
Ես քո ջրհորն եմ, սրտիս խաղիկը
Շաղ կտամ քո ծով ծամերի մեջ:

Իմ ունեցածից աշխարհը չունի,
Մի հատիկ ես դու աշխարհի մեջ,
Նման ես երկնի անհուն կապույտին,
Ո՛չ սկիզբ ունես և ո՛չ էլ վերջ:

Իմ ունեցածը սիրո ծաղիկ է,
Անուշ տաղիկ է ծոցիկիդ մեջ,
Ծոցիկդ վարդ է, վրան շաղիկ է,
Ապրում ես միայն իմ սրտի մեջ:

* * *
Ցողիկ կաթեց ծաղկի ծոցին,
Արշալույսի շող կա ցողի ցոլքի մեջ,
Մեղուն մտավ ծաղկի ծոցը,
Ծաղկի ծոցը սիրո բոցով բռնկվեց:
Սարը կարմիր արև երկնեց՝
Բոց մորուքով, հրավարս.
Հավքերն ամեն ինքնամոռաց
Երկունքի սուրբ մեղեդիներ խմբերգեցին՝
Մայր արևին նվիրված…
Ու տիեզերքի անհուններից,
Խոր-խորքերից անհայտի,
Նոր օր ծնվեց ու խառնվեց
Հին օրերի քայլերգին…

ՃԱԽԱՐԱԿՍ
Ճանապարհներիս խաչմերուկներից
Փայտեր եմ հավաքում,
Խարույկ վառում,
Նստում խարույկիս դիմաց,-
Պտտո՜ւմ, պտտո՜ւմ եմ ճախարակս…
Խելառ քամին ուզում է հանգցնել խարույկս,
Փայտեր եմ դնում կրակին,
Պտտո՜ւմ, պտտո՜ւմ եմ ճախարակս.
Երանության օրերս մանում՝
Գույնզգույն կծիկներ դարձնում,
Շարում խարույկիս չորսբոլորը,
Որ չմգլեն, չնամշոտեն հանկարծ:

* * *
Երանի փոթորիկների դեմ մաքառած նավին.
Գոռ ալիքներին բախվելով է մաշվել,
Նա դիմացել է ծովերի զայրույթին,
Մահաբեր ալիքները ճեղքելով է
Իր ճանապարհն անցել…
Ամեն ինչ լափող ծովն ահեղաշունչ,
Խաղալիք է դարձրել հզոր նավին,
Զարկել է ժայռերին, կողերը փշրել է,
Որ նավը շեղվի իր ճանապարհից…
Բայց նավը չի շեղվել,
Նավը փարոս ուներ,-
Մաքառելով հասել է նավահանգիստ…
Ախ, եղուկ, եղո՜ւկ,
Փոթորիկների դեմ մաքառած նավին,
Որ պիտի փտի նավահանգստում,
Ու ծեր ճայերը ծրտեն կայմին…

* * *
Չեմ հավատում՝ մահը վերջ չէ ու վախճան,
Ես չեմ գնա, չեմ մոռացվի ոչ մի օր,
Ինչ էլ լինեմ, ինչ էլ լինի աշխարհում,
Ես մեկընդմիշտ այս աշխարհում կմնամ…
Ես կդառնամ ծաղիկ, մի ծառ կամ մի խոտ,
Շիրմիս քարին,
շիրմիս հողին կծաղկեմ,
Ինչ էլ լինեմ, ինչ էլ լինի աշխարհում,
Ես էս չքնաղ, հին աշխարհից չեմ գնա:
Ինչ-որ մեկը երբ
տառապի հուսահատ,
Ինձնից մի լույս, հույսի մի
շող կգտնի,
Լույսիս շողով, հույսիս
լույսով ջերմառատ
Էս աշխարհում գոհ ու
սիրով նա կապրի…
Չեմ հավատում՝ մահը
վերջ չէ ու վախճան,
Ես չեմ գնա, չեմ մոռացվի ոչ մի օր,
Ինչ էլ լինեմ, ինչ էլ լինի աշխարհում,
Ես մեկընդմիշտ այս
աշխարհում կմնամ:

Թոռնուհուս`
ՄԱՐԻԱ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ
Մարիա՜, Մարիա՜, Մարիա՜.
Սրտիս մեջ ճերմակ ծաղիկ կա,
Ծաղիկս նվիրում եմ քեզ.
Հույսի կանթեղ կա սրտիս մեջ,-
Գարունդ ծաղկելու է շքեղ,
Գարունս նվիրում եմ քեզ…
Սրտիս մեջ ճերմակ ծաղիկ կա,
Անթառամ է՝ նվիրում եմ քեզ:
Թե արևի երեսը չտեսնեմ,
Ծաղիկս կծաղկի սրտիդ մեջ:

ՏԵՐՅԱՆՅԱՆ ՄՈՏԻՎ
Ամեն իրիկուն մի չքնաղ
աղջիկ ձեռքով է անում,
Կանչում է իր մոտ ինձ մի
քնքուշ սիրտ.
Մթան մեջ հույսի մոմեր են վառվում,
Անունս է տալիս,
կանչում է, կանչում…
Ու ես չգիտեմ, չգիտեմ՝ ով է
Ինձ կանչում անվերջ
մեղմանուշ ձայնով,
Փնտրում եմ նրան ամեն-ամեն տեղ,
Որոնում նրան ամեն առավոտ…
Ինձ մեկը հեռվից կանչում է, կանչում,
Մթան մեջ հույսի մոմեր են վառվում,
Անորոշ մի դեմք, անմարմին մի սիրտ,
Ինձ ձայն է տալիս ու
կանչում անվերջ…

***
Հե՜յ, մատռվակ,
գինի լցրու թասիս մեջ,-
Ես նստած եմ կյանքի
մաշված սայլը հին,
Ճռնչալով նա տանում է ինձ իր հետ,
Անլույս, անհույս
ճամփաներով ու անհետ…
Հե՜յ, մատռվակ,
ականջ մի՛ դիր խոսքերիս.
Ինչ ունեի բաժանել եմ ես վաղուց,
Գինի լցրու, գինի լցրու թասիս մեջ,
Չէ՛, չեմ ուզում կյանքի
գաղտնիքն իմանալ.
Գիտեմ կյանքը, հին հեքիաթ է,
հին երազ,
Ես ուզում եմ հարբաց
ապրել կյանքը այս…
Հե՜յ, մատռվակ,
ի՞նչ ես մոլոր նայում ինձ,
Գինի լցրու, գինի լցրու թասիս մեջ…

ՕՐՈՐ
Քնիր, հովն է օրոր ասում,
Նանի՜կ, նանիկ, անուշ մանկիկ,
Մասիսի դոշին է օրորոցդ,
Անո՜ւշ, անո՜ւշ քնիր, մանկիկ…
Քո աստղը երկնքում է.
Շողում է վառ, ժպտում է ինձ,
Քնիր, մանկիկ իմ սիրասուն.
Երբ արթնանաս կերթանք Սասուն`
Մեր տուն կերթանք,
Աստվածածին վանքը վկա,
Մեր տունն էնտեղ կանգուն է, կա՛,
Ու Դավիթը` թլոլ տղան,
Քո եղբայն է, այնտեղ է նա…
Քնի՛ր, ես եմ օրոր ասում,
Բոյիդ մատաղ, քաղցրիկ տղա,
Բարձիդ տակ է պապիդ զենքը,
Երբ արթնանաս, ելի՛ր, կապի՛ր,
Ելնենք-երթանք մեր տուն` Սասուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։