Նարեկացու և իր երկերի վերաբերյալ ստեղծվել է լեռնակուտակ գրականություն: Բնականաբար, վաղուց առաջացել էր Նարեկացու երկերի, նաև դրանց վերաբերյալ եղած ուսումնասիրությունների մատենագիտությունը կազմելու անհրաժեշտությունը. այդ առաքելությունը ստանձնել և մեծ բարեխղճությամբ ու բարձր մակարդակով իրականացրել է գրադարանային գործի նվիրյալ, Արարատյան Հայրապետական Թեմի գրադարանավարուհի Աստղիկ Ղափլանյանը:
Մատենագիտությունն ընդգրկում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 1173 թ. ընդօրինակված թիվ 1568 ձեռագրից մինչև 2014 թ. տպագիր հրատարակությունները: Սա առաջին մատենագի-տությունն է, որտեղ նշված են նաև ձեռագրեր: Ձեռագրացուցակների, տեղեկատու հրապարակումների օգնությամբ տրված է հաշվառված ձեռագիր և տպագիր միավորների բովանդակ հարստությունը:
Համաձայն ձեռագրացուցակների՝ ներկայացված են Նարեկացու ստեղծագործությունները, նրա կենսագրության հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն: Մասնավոր բծախնդրությամբ ներկայացված են «Մատեան ողբերգութեան» պոեմի բոլոր ձեռագրերն ու տպագիրները. Աստղիկ Ղափլանյանը ձեռագրացուցակներից հանել է «Նարեկ»-ների ամբողջական 204 միավոր, որից 7-ը՝ տաճկերեն, 1-ը՝ արաբերեն: Մատենագիտության մեջ տեղ գտած հատվածական «Նարեկ»-ները կազմում են 110 միավոր: Արձանագրված են նաև «Գանձեր»-ը՝ 68 միավոր, «Տաղեր»-ը՝ և «Փոխեր»-ը՝ 516 միավոր: «Երգ երգոց»-ի մեկնության քննական բնագրի ներածության մեջ (Մատենագիրք հայոց: ԺԲ հտ.: Ժ դար: Գրիգոր Նարեկացի., Ե., 2001, էջ 757-759) հիշատակված է այդ երկի 72 միավոր, հեղինակի կատարած աշխատանքի արդյունքում հայտնի է դարձել «Երգ երգոց»-ի մեկնության 94 միավոր: «Նշխարներ Ս. Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից» բաժնում վեր է հանված 575 ստացվածքներով ձեռագիր միավոր: Նշված է հայ միջնադարյան իրականության մեջ շատ տարածված ձեռագիր համայիլների (որոնցում մշտապես տեղ են գրավել «Նարեկ»-ի ԺԲ և ԽԱ գլուխները) 43 միավոր: Նշված են նաև «Մատեան»-ից հատվածներ պարունակող տպագիր հմայիլները:
Մատենագիտության մեջ արձանագրված են «Մատեան»-ի բազմաբարդ աստվածաբանության բացատրությանն ուղղված ինչպես միջնադարյան լուծմունքները, այնպես էլ Հակոբ Նալյան պատրիարքի (1745 թ.) և հայր Գաբրիել Ավետիքյանի (1801, 1827 և 1859 թթ.) մեկնությունները: Հաշվի առնելով նյութի կարևորությունը՝ աշխատության մեջ նշված են այն հետազոտությունները, որոնցում խոսվում է «Նարեկ»-ի՝ հայ գեղարվեստական գրականության, բանահյուսության և արվեստի վրա ունեցած ազդեցությունների մասին: Ընդգրկված են նաև Նարեկացու ժառանգության այլալեզու թարգմանությունները: Բերված է նրա վաստակին նվիրված ուսումնասիրությունների մատենագիտությունը:
Աստղիկ Ղափլանյանը, մատենագիտության լեզվով ասած, մատենագիտության մեջ ստեղծել է մատենագիտություն, այն է՝ մատենագիտական միավորները բաժանել է ըստ բնագավառների կամ ըստ թեմաների՝ Նարեկացին՝ փիլիսոփա (հոգեբան), մարդասեր, Նարեկացին և աղանդավորությունը, Նարեկացու միստիցիզմը (ծածկագրություն, թվերի և տառերի խորհրդաբանություն), դավանությունը, լեզուն և ոճը, ««Նարեկ»-ը՝ բժշկարան», ավանդապատումներ, հրաշքներ և այլն, ինչը ավելի դյուրին է դարձնում հետազոտողների գործը: Գրքում տեղ են գտել նաև «Ս. Գրիգոր Նարեկացին և համաշխարհային գրականությունը», «Նշանավոր մարդիկ Ս. Գրիգոր Նարեկացու մասին» բաժինները, վերջում բերված են տեղեկատվական նյութեր:
Մատենագիտությունն ունի անվանացանկ, որտեղ հիշատակված են Նարեկացուն ու նրա արվեստին առնչված բոլոր անձանց ազգանունները՝ գրախոսողներ, խմբագիրներ, նկարիչներ և այլն:
Մատենագիտության մեջ զետեղված են լուսանկարներ, որոնցում ներկայացված են Ս. Գրիգոր Նարեկացու ճգնարանը, ճգնարանի հատակագիծը, Գրիգոր Մլիճեցու՝ Նարեկացու պատկերը բովանդակող երկու մանրանկարները:
Այս մատենագիտության առանձնահատուկ կողմերից մեկը նրա ընդգրկունությունն է. այն ներառում է Նարեկացու անձին ու գործին առնչվող յուրաքանչյուր գրվածք՝ տպագիր թե ձեռագիր, որ հասանելի է եղել հեղինակին: Ու քանի որ նշված աշխատության մեջ արտացոլված է Նարեկացու ամբողջ ստեղծագործական ժառանգությունը, ուստի՝ այնտեղ իրենց հետաքրքրող տեղեկություններ կարող են գտնել ոչ միայն նարեկացիագետները, այլ նաև, առհասարակ, հայագետները, գրականագետները, աստվածաբանները, փիլիսոփաները, արվեստագետները, մշակութաբանները, մանկավարժները, հոգեբույժները և պարզապես ընթերցող լայն շրջանակները. մեծ է աշխատության ճանաչողական արժեքը:
Այս մեծարժեք աշխատանքը պատրաստ էր տպագրության, երբ 2015 թ. մայիսի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սբ. Պատարագից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց «Տիեզերական Եկեղեցու» 36-րդ վարդապետ (հիշյալ իրադարձության հետ կապված նյութերը զետեղված են «Յավելուած» բաժնում): Հեղինակը մատենագիտությունը նվիրել է Պապի կողմից Ս. Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակելուն և Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին:
Խնդրո առարկա մատենագիտությունը մեզանում Նարեկացու թողած անգին ու անմահ վաստակը հայագիտական ուսումնասիրությունների հիման վրա հաշվառելու և որոշակի համակարգով ներկայացնելու առաջին փորձն է: Ավելի քան մեկ տասնամյակ Աստղիկ Ղափլանյանը անձանձիր աշխատել է Հայաստանի տարբեր գրամշակութային օջախներում՝ որոնել, դասակարգել, ամբողջացրել…: Այդ աշխատանքի շարժառիթը այն անվերապահ ու ակնածոտ սերն է, որ տիկին Աստղիկը տածում է Նարեկացու անվան ու ժառանգության նկատմամբ: «Տասդարյա պատմություն… և երկար տարիների աշխատանք, որը փորձում է ի մի բերել նարեկացիագիտության անցած ուղին: Ս. Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությանը ծանոթանալու համար հարկավոր էր ոչ միայն նյութերի ուսումնասիրություն, այլև երկարատև կենտրոնացում, սեր մեծ մտածողի և աստվածաբանի նկատմամբ, ի վերջո՝ անսահման հավատ առ Աստված»,- գրում է գրքի խմբագիր Հակոբ Քյոսեյանը: Իրոք, այս աշխատությունը յուրովի ներկայացնում է նարեկացիագիտության անցած ողջ ուղին:
Նշենք, որ հեղինակը սոսկ չի զետեղել մատենագիտական միավորների վերնագրերը ժողովածուի մեջ, նա ձեռքն է առել դրանցից յուրաքանչյուրը, թերթել, զգացել դրանց լույսն ու ջերմությունը: Իր կատարած աշխատանքը տիկին Աստղիկը բնորոշում է Հակոբ Նալյան պատրիարքի հետևյալ խոսուն արտահայտությամբ. «Ադամանդէ պալատին խեցիէ դուռ շինեցի»:
Հեղինակն աշխատում է մատենագիտության նոր՝ վերամշակված տարբերակի ուղղությամբ, որը ներառելու է 2468 մատենագիտական միավոր: