ՆՍՏԵՆՔ ՈՒ ՍՊԱՍԵՆՔ… / ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ

Լուր չկա - Գուրգեն ԽանջյանՏպագրվել է   #4 (2923) 15 փետրվարի 2008 թ., Գրական թերթ

Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» գրքում ներկայացված հերոսները ժամանակակից հայ երիտասարդներ են: Պատմվում է առաջին դեմքով: Գլխավոր հերոսը նկարիչ է, զբաղվում է նկարչությամբ, թեև ծնված չէ նկարչության համար: Վաստակում է իր հացը, ընդամենը. ավելին չի էլ ուզում: Նկարում է առանց ներշնչանքի, առանց ոգևորության, փառք չակնկալելով: Թեև նկարներն իրացվում են, գովողներ նույնիսկ լինում են, չի հավատում: Ուրախանո՞ւմ է: Ո՛չ այնքան: Ո՛չ ինքն իրեն, ո՛չ իր հետ շփվողներին այնուամենայնիվ ջանք չի անում խաբել, ներկայանալ իբրև լիարժեք արվեստագետ, գործին սիրահարված, դրանով ապրող: Իբրև մարդ էլ լիարժեքության զգացում կարծես թե չունի, մարդ է, էլի, բոլորի պես մեկն էլ ինքը: Կրթություն կարծես թե ստացել է, բայց կրթվածի կերպար չի ներկայացնում, ոչ էլ փորձում է նմանվել: Երազանքներ, փնտրտուքներ չունի: Այն աստիճան ցածում գտնվող մեկն է, ազգային զգացումից զուրկ մեկը, որ արցախյան կռիվներն էլ նրա աչքում արժեք չունեն, իր ինքնասպան մտերիմ ընկերը արցախյան կռիվների մասնակից էր, իր աչքում վախկոտ մեկը, ասես վախկոտությունն էր նրան տարել մասնակցելու արցախյան կռիվներին: Ընկերոջ ինքնասպանության գործում նկարիչն ինքն էլ, կարելի է կարծել, թե մասնակցություն ունի, անձնասպանը իր թողած թղթում ակնարկ ունի այդ մասին. այդ գործը քննող քննիչը նկարչին էլ է կալմեջ արել, փորփրում է՝ անհանգստություն, եթե չասենք տագնապ հարուցելով նկարչի մեջ: Այնուամենայնիվ, այդ անհանգստություն-տագնապը նրան հունից չեն հանում, չեն շեղում իր ապրելակերպից՝ անկողնային հարկադրյալ հարաբերություններ աքսորում գտնվող մի ընկերոջ կնոջ հետ, կամովին՝ մեկ ուրիշի հետ, որ իր մտերիմների խմբի մեջ է, կին, որ չունի ամուսին, ընկերներից սրան ու նրան է մերձենում, կամենում իբրև ամուսին ունենալ իր կողքին, չի հաջողվում, թեև չեն հրաժարվում մերձենալ, իրենց ուզածին հասնում են, բայց ոչ իբրև ամուսին: Այդ թվում և գրքի հերոսը, որ առանձնապես սեր, հարգանք, համակրանք չի տածում իր երբեմնի դասընկերների նկատմամբ, որոնցով շրջապատված էր, շարունակում է մտերմությունը նրանց հետ: Նա սեր, հարգանք, համակրանք չի տածում նաև այս շրջապատից դուրս գտնվող իր ճանաչած մարդկանցից որևէ մեկի նկատմամբ: Ում կողքով անցնում է, ում մասին խոսք է լինում, միայն և միայն քամահրանք է արտահայտում, ուրիշ ոչինչ: Ինչո՞վ է ուրախանում այս մարդը: Ո՞ւմ է կարոտում: Կա՞ մեկը: Հարազատներ, ծնողներ նույնպես կողքին չկան: Ինքն է, իր չոր գլուխը, դիմացը ողջ մարդկությունը, ներառյալ իր շրջապատը. հանգամանքների բերումով իր մտերիմները, որոնց հետ առնչվում է, ստիպված, ակամա: Միակ բանը, որ ընթերցողի աչքն է խոթվում, սեռական հարաբերություններն են: Այն ներկայացվում է հատուկ ջանադրությամբ, ամենայն ճշգրիտ մանրամասնություններով, ծայրեծայր: Հերոսը, թերևս հեղինակը նույնպես, շընչահեղձ լինելով կամենում են ընթերցողին նույնպես անմնացորդ ներքաշել այդ գործողության մեջ: Կյանքի այդ կողմը հերոսի համար գերընդունելի միակ բանն է: Գրքում ներկայացված շների սեռական գործողությունները նույնպես ընթերցողին են ներկայացվում ի՜նչ ոգեշնչվածությամբ, մանրամասն, անմնացորդ, երկարորեն: Հերոսն ինքն էլ շների այս գործողություններին տրվում է հափշտակությամբ, կարծելով թե ընթերցողին նույնպես ներքաշում, մասնակից է անում դրան, ինչը վայելում են շները ու ինքը՝ հերոսը: Հայ գրականության մեջ նորահայտ այս կերպարը՝ «Լուր չկա» գրքի հերոսը, երևույթ է՝ ամենայն ուշադրության արժանի: Այն չի՞ թափանցել նորագույն հայ գրականության մեջ համաշխարհային նորագույն գրականությունից, որին հետամուտ է Գուրգեն Խանջյանը, հայ նորագույն գրականությունը համաշխարհային նորագույն գրականությանը համաքայլ ընթանալուն նախանձախնդիր հայ մի գրող, որ ժամանակակից հայ գրականության առջևից ընթացողներից է հանդիսանում:
«Լուր չկա»-ի հերոսներից է անձնասպանի գործի քննիչը՝ ամենաարգահատելի կերպարներից, որպիսիք հասարակությանը հայտնի են կյանքից, նենգ հազարադեմ, տարօրինակ, անհասկանալի, հարբեցող, խարդավանող, ձեռքն ընկածը պրծում չունի, մի հրեշ, որ հրեշտակ է ձևանում, մտերմանում հետդ, քեզ ցավակից դառնում, համարիր, թե դիմացինդ մարդ է: Ի՞նչն է նրան մղում ներկայանալ թե՛ հրեշի, թե՛ հրեշտակի տեսքով ու գործելակերպով, հավաստի, համոզիչ թե՛ մեկի՝ հրեշտակի, թե՛ մյուսի՝ հրեշի դեպքում:
Գրքի գլխավոր հերոս նկարիչը անբաժան է սպանվածից, սպանվածը մշտապես իր հետ է, իր մտքում, իր մտորումների մեջ, անհաշտ, մշտապես կռիվների մեջ նրա հետ, մարդատեղ չդնելով նրան, բայց և նրան շրջանցել չկարողանալով, թակարդի մեջ գտնվելով, իր օձիքը նրա ձեռքում, նրանով շաղախված: Շունը, որին ակամա կապվել ու խնամում էր իբրև իր ընտանիքի անդամի, թե՛ տանը, թե՛ դրսում, զբոսանքի տանելիս շարունակ լինում է նրա հետ, նրան հավասարված, նրան համախոհ, զրուցակից, մտերիմ, ամբողջ օրը նրա հետ, նրա կողքին, շան ու մարդու հարաբերություններ, ընդունելի, բայց ոչ մըշտապես հասկանալի, թեև իրար մշտապես հարմարվել կարողացող: Թվում է, թե շունը մշտապես թափանցում էր նաև նրա մտքերի մեջ, նրա հետ բաժանում նրա անհանգստությունները, կապված սպանվածի հետ, հորդորում, խորհուրդներ տալիս, ստիպում նրան իրեն տանել զբոսանքի կամ բնական պահանջներ կատարելու, որպեսզի կրկին ու կըրկին հեռանա ինքնասպանի թողած գրությունից, չփորձի այն կարդալ, ինչը իրեն ոչ մի լավ բան չի խոստանում… Հայտնվել է նաև իր՝ նկարչի գրած մի թուղթ, որ կարդալուց նույնքան փախչում է… Ինքը գիտի, թե ինչու: Շունն օգնում է փախչելու. զբոսնելու ժամն է…
«Լուր չկա»-ն ավարտվում է նրանով, որ նկարիչը այդ զույգ փաստաթղթերից ի վերջո ազատվելու համար դրանք վերցնում է, ուսն առնում նաև հրացանը (ապահով լինելու համար ինչ-ինչ վտանգների՞ց), հավատարիմ շան ընկերակցությամբ հայտնվում գերեզմանատանը, ամայի, քարքարոտ բազում դարափոսեր հաղթահարելով: Որոնում է ինքնասպանի գերեզմանը, որպեսզի հենց այդ գերեզմանի վրա այրի զույգ, իրեն հանգիստ չտվող փաստաթղթերը: Գտա՞վ փընտրած գերեզմանը… թվում է՝ այո: Հապշտապ այրում է զարհուրանք պարունակող փաստաթղթերը… թեև վստահ չէ, թե այդ արեց փնտրած գերեզմանի վրա: Ինչո՞ւ էր ուզում ճիշտ այդ գերեզմանի վրա այրել, այնքան էլ հասկանալի չէ: Բարեբախտաբար մտքով անցել էր հետը վերցնել նաև տանն ունեցած հրացանը: Գերեզմանատան կատաղած շների ոհմակի հարձակումից կարողացավ պաշտպանվել, կրակեց մեկի վրա, մյուսները ետ քաշվեցին, փախան: Կյանքի ու մահու այդ կռվում անհետացավ նաև նրա նվիրյալ շունը, իրեն հոշոտել պատրաստվող շնային ոհմակից մազապուրծ:
Հերոսը վերջապես դուրս է գալիս գերեզմանատնից: Կորցրել է քաղաք վերադառնալու ճանապարհը: Ընկնում է մի զբոսայգի, այդ ուշ ժամին մարդկային ձայներ է լսում, մոտենում, հարցնում է, թե ինչպես գնա, որ քաղաք տանող ճանապարհը գտնի: Ինչ մարդիկ են՝ պարզ է: Ծաղրական բացականչություններ, և հենց նա հեռանում է, ետևից քարեր ու փայտի կտորներ են նետում: Վայրենացած մարդկանց մի ոհմակ, անտեր-անտիրական կատաղած շների պես:
Հերոսը արյունլվիկ, գզգզված գալիս-հասնում է տուն: «Երբ տուն եկա, թվում է՝ սաստիկ հոգնած պիտի լինեի: Սակայն ճիշտ հակառակն էր՝ զարմանալիորեն առույգ էի. ինչպես հաջող սեքսից հետո»: Լոգանք է ընդունում, յոդ քսում մարմնի քերծվածքներին, հագուստը փոխում. «Հինը, չգիտես ինչու, այրել ուզեցի, բայց չայրեցի, մտցրեցի պարկն ու գցեցի լոգարանի անկյունը»: Չի մոռանում ասել նաև այս մասին, կարևոր է համարում և շարունակում է՝ «Եկավ ամենահաճելի պահը՝ սուրճ, կոնյակ, շոկոլադ…»… սիգարեթ… փնտրում է, չի գտնում. խանութ պետք է վազի՝ ծխախոտի… Հափշտակում է հարևանից նրա մոտոցիկլետը, կատաղի սլացքով հասնում խանութ, մի քանի տուփ սիգարեթ է վերցնում: Խանութպանը հարցնում է. «Է՞լ»: Պատասխանելու փոխարեն, թե էլ ոչինչ, համարյա անմիջապես, առանց մտածելու ավելացնում է. «Մի տոպրակ շան կեր», ինչ որ սովոր էր ասել: Եվ նորից նույն մոտոցիկլետով սլանում է տուն, մոտոցիկլետը վերադարձնում տիրոջը, փակվում իր սենյակում՝ ըմբոշխնելու սուրճ, շոկոլադ, օղի… ծխախոտ, ինչքան սիրտն ուզենա, նույնքան էլ հանգիստ կքնի և կարթնանա ու կշարունակի կյանքը նույն ռիթմով, նույն սիրած ու չսիրածների հետ, նույն մթնոլորտում, աշխարհը խառնիճաղանջ, ինքը աշխարհի նկատմամբ անտարբեր, աշխարհից մեկուսացած, իր սահմանափակ հետաքրքրությունների մեջ ամփոփված, կսպառի իր համար սահմանված կյանքը, հրաժեշտ կտա աշխարհին, կհայտնվի նույն շիրմաքարերի շարքում, միանալով հազար տարվա մեռելներին… Սպասված լուրը, վերջապես, արդեն առած… Այդ է հուշում «Լուր չկա»-ն. այլապես ինձ համար, գոնե իբրև ընթերցողի, անհասկանալի է մնում գրքի խորագիրը: Թեև գիրքը լիապես ըմբռնում եմ, այն ներկայացնում է ազատ, անկախ Հայաստանի այսօրվա պատկերը, հանձին գրքի հերոսի ու նրա հետ շփվող մարդկանց փոքրաթիվ խմբի, որոնք, կարելի է ասել, հասարակության միջին խավն են ներկայացնում՝ քաղցած չեն, աշխատանք կարծես թե ունեն, իրենց վիճակից չեն գանգատվում, ունեցվածքի տեր չեն, ոչ էլ բարձր դիրքերի: Իսկ այդ միջին խավից դուրս կա ստորին խավ, որի ամենաստորին շերտին գրքի հերոսը հանդիպեց գերեզմանատնից դուրս գալով, մի պուրակում, այդ ուշ ժամին, հարցնելով նրանց, թե որ ճանապարհն է քաղաք տանում: Այդ ստորին շերտի մարդիկ նրա հարցն անպատասխան թողնելով, հենց նա հեռացավ, ետևից քարեր և փայտի կտորներ են տեղում, մարդ լինելուց դադարած, մարդկությունից դուրս մղված, թափառական գազազած շների ոհմակի վիճակում: Միջին խավից վեր, բարձր խավ նույնպես արդի հայությունը չունի՝ կրթված մարդկանց դաս, որ նաև մտավորականություն անունն ունի. գիտնականներ, արվեստագետներ, ժողովրդական կյանքը տնօրինող, ընթացք տվող, ղեկավարող և առաջ մղող, երկրի գլուխներ: Իշխանությունների մեջ թափանցել են քրեական տարրերը: Հատակը բարձրացել է վերև, զավթել բարձր աթոռները, բազմել Ազգային ժողովում և իր ինչ լինելը թաքցնելու ջանքեր չի էլ անում: Այսօր ողջ աշխարհն է մխրճված հանցագործության մեջ: Ճապոնիայի պես խստաբարո մի երկրում, հեռուստացույցի էկրանին տեսանք ճապոնական վարչապետին բանտ առաջնորդելիս, կեղծարարության, գռփելու, կողոպտելու մեղադրանքով: Հայաստանում այդպիսի բան չկա: Գողացածը գողի ձեռքին բռնում են, չի հաստատվում, որ գողացել է: Հայ լրատվամիջոցները պարբերաբար հոլովում են մի խորհրդարանականի անուն. գրպանը լիքը գնում է արտասահման, ձերբակալվում մի կոստյում գողանալու համար, կարողանում է բանտից, գիտեք ինչ ճանապարհով, դուրս պրծնել, վերադառնում Հայաստան և շարունակում առոք-փառոք բազմել խորհրդարանի իր աթոռին: Վերջերս լրատվամիջոցները դարձյալ նրա մասին աղմկեցին. հիշյալ խորհրդականը ծեծկռտուքի էր բռնվել իր նման մեկի հետ, այնպես ջարդել ախոյանին, որ նա ընկել էր հիվանդանոց, իսկ խորհրդարանում նա՝ հերոսը, գոռգոռալով բացատրում է. ի՞նչ է եղել, որ, խոսքը խոսք է բերել, տղաներ ենք, իրար օձիք ենք բռնել: Խորհրդարանական վերջին ընտրություններին նա ևս ներկայացրել էր իր թեկնածությունը: Կընտրվեր, վստահ էր… Չընտրվեց, ինչ-որ անցուդարձի պատճառով: Հայաստան երկիրը թող լաց լինի, լրատվամիջոցները հայտարարեցին. Հայաստանը լքում է նա, ժողովրդից ու երկրից խռովածը, իր ողջ դիզածը հետն առած, աչքներդ էլ հանում է, այո, տանում է այստեղից իր թալանածը, երկրից, ուր ազատություն է՝ թալանիր, կողոպտիր ինչքան կարող ես, ձեռքդ բռնող չկա:
Գրքի հեղինակը ճանապարհ անցած, հասուն գրչի տեր, այսօրվա Հայաստանը ներկայացրել է իսկ և իսկ այնպիսին, ինչպիսին այն կա, առանց վերնախավի՝ բարձր մտավորականության, արվեստագետների, ժողովրդի մեծ մասը երկրից դուրս, ցաքուցրիվ, աշխատավոր զանգվածի փոխարեն՝ գործազուրկների զանգված, ներքնախավը՝ ինչպիսին տեսավ գրքի գլխավոր հերոսը գերեզմանատնից դուրս գալուց հետո, երբ ճանապարհը կորցրել էր ու հանդիպեց պատահած պուրակում մարդկանց խմբի և հարցրեց, թե ինչպես գտնել քաղաք տանող ճանապարհը, պատասխանելու փոխարեն հենց մի փոքր հեռացավ, սկսեցին քարեր ու փայտի կտորտանքներ շպրտել նրա հետևից: Նրանց պե՞տք է մարդ կոչել:
Փորձեք առարկել, վիճել «Լուր չկա» գրքի հեղինակի հետ:
Այս հոդվածը գրվում է այդպիսի վեճ հրահրելու ցանկությամբ, դրա հույսը չունենալով:
Գրքում կեղծ ու հնարովի ոչինչ չկա: Անբնական, անհասկանալի, վայրիվերո, անտրամաբանական ժամանակներ:
Այո՛:
Իր հազարամյակների գոյության ընթացքում շատ անգամ է Հայաստանն ու հայությունը հայտնվել անդունդի եզրին: Հիշենք թեկուզ մեկը՝ Եղեռնը, հայության բնաջնջումը Արևմտյան Հայաստանից, գաղթականներով ու որբերով լի Արևելահայաստանը, որ ապաքինվեց մի երկու տասնամյակի ընթացքում, և բռնեց վերելքի ճանապարհը, հասավ ի՜նչ բարգավաճման. Մատենադարան, Գիտությունների ակադեմիա, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Պարույր Սևակ և իրեն համազոր իր սերնդակիցների աստղաբույլը… Բարձրացող Երևան, ծաղկող Հայաստան:
Նոր հրաշք լինելո՞ւ է:
Սպասենք:
Նստենք ու սպասենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։