Նոյեմբերի 27-ին՝ Ե. Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Հավաքվել էին մտավորականներ, գրողներ, ուսանողներ, աշակերտներ, չարենցագետներ և չարենցապաշտներ` վեր- արժևորելու Չարենցի ստեղծագործությունները, խնկարկելու նրա հիշատակը:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը բացման խոսքում նշեց, որ Եղիշե Չարենցը աշխարհ եկավ շատ բարդ ժամանակաշրջանում, դժվար կյանք ունեցավ` ապրելով ընդամենը 40 տարի և իր մեջ կրելով իր ժողովրդի անցյալն ու ապագան:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը Չարենցի և նրա պոեզիայի հանդեպ ամենամեծ հարգանքը համարեց այս բազմությունը, որ եկել է մեկ անգամ ևս զգալու Չարենցի շունչն ու ոգին, նրա պոեզիայի իմաստնությունը: Ըստ նրա` բանաստեղծությունները ապրող երևույթներ են, կենդանի օրգանիզմներ, և ամեն ժամանակի հետ այդ բանաստեղծությունները և պոետները նորովի են արտահայտվում ու բացահայտվում, ամեն ընթերցող իր համար նոր շերտեր է գտնում այդ բանաստեղծությունների մեջ: «Բանաստեղծը մեր պոեզիայի այն հսկա բաբախող սիրտն է, որ անվերջության էությունն ու գաղափարն ունի իր մեջ, և բոլորի հետ խոսում է, ապրեցնում բոլորիս»,- ընդգծեց նա: Ապա հավելեց, որ Չարենցի պես մեծություններին ընկալելը հեշտ չէ, բանաստեղծությունը ընկալելը մեծ արվեստ է, և եթե ընթերցողը չի հասկանում, չի սիրում, ավելի լավ է հեռու մնա պոեզիայից: Եվ կոչ արեց կարդալ բանաստեղծներին, պաշտպանել նրանց և բանաստեղծությունները, քանի որ մեր գրականությունը դրա կարիքն ունի այսօր և միշտ:
Լևոն Բլբուլյանը վստահեցրեց, որ Չարենցին նվիրված հուշակոթողի մոտ հավաքվածներից շատերը նորից կվերցնեն, հերթական անգամ կթերթեն Չարենցի ստեղծագործությունները, ապա կարդաց իր բանաստեղծություններից մեկը` նվիրված Չարենցին:
Ըստ Արտեմ Հարությունյանի` Չարենցի ուժը իր քաղաքական, ազգային ընդգրկման մեջ է և մեծ է հենց նրանով, որ պատմության ուղիներում գտավ իր Հայաստանն ու սոցիալական պայքարի ձևերը և մինչև վերջին րոպեն կարողացավ իրական մնալ: «Չարենցը իր երկրի ձայնն էր, սա էր նրա ուժը: Չարենցի ակտուալությունը հենց իր ամենամեծ պոետական ձիրքն է. ակտուալ լինել, զգալ` ինչ է կատարվում և արձագանքել»,- ասաց Ա. Հարությունյանը:
Գրողի ստեղծագործություններից ասմունքեցին Ե. Չարենցի անվան դպրոցի սաները, ինչպես նաև աշակերտներ տարբեր կրթօջախներից:
Նույն օրը գրողի տուն-թանգարանում բացվեց ցուցահանդես` նվիրված Ե. Չարենցի մահվան 76-րդ տարելիցին և «Երկիր Նաիրի» վեպի հերոս Մազութի Համոյի հիշատակին: Վեպի ձևավորումների հետ միասին ներկայացվեցին Մազութի Համոյի անձնական իրերը, որոնք թանգարանին են նվիրել նրա ժառանգները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ