ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…

Ազատ-ԵղիազարյանՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է գրականագետ ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

– Պարոն Եղիազարյան, հոբելյանը անկեղծ շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից բացի` պատեհ առիթ է հետահայաց մտորումների, ինչու չէ, նաև որոշակի եզրահանգումների համար: Եվ այսպես. ինչպե՞ս կբնութագրի անհատ Ազատ Եղիազարյանը գրականագետ Ազատ Եղիազարյանին:
– Պահպանեմ հարցի թելադրած ձևը և իմ մասին խոսեմ երրորդ դեմքով: Ազատ Եղիազարյանը միշտ ձգտել է հասկանալ գրականության շարժման օրինաչափությունները և գրական երևույթները դիտել պատմական զարգացման շղթայում, հնարավոր լայն համատեքստում: Ինչ չափով է դա նրան հաջողվել՝ դա ուրիշ խնդիր է: Երիտասարդ տարիներին ավելի կտրուկ է եղել գնահատականներ տալիս, բայց միշտ հավատարիմ է մնացել իր գրական և բարոյական սկզբունքներին: Այդ սկզբունքները այսօր էլ չեն փոխվել:

– Որքանո՞վ է արդի գրականագիտական միտքը արտացոլում արդի գրականության ընթացքն ու զարգացման միտումները:
– Արդի գրականությունը չափազանց բարդ պատկեր է ներկայացնում: Իմ տպավորությունն այնպիսին է, որ ավարտվում է արվեստի և գրականության զարգացման մի մեծ փուլ, որի սկիզբը, անշուշտ, Վերածնունդն էր: Անցած հարյուրամյակների ընթացքում արվեստը հասավ շատ մեծ բարձունքների: Բայց հետո սկսվեց անխուսափելի – անկում չասելու համար ասեմ՝ վայրէջքը, որը շարունակվում է ահա մի հարյուրամյակ: Չափանիշներ են փոխվում, աներեր թվացող սկզբունքներ են մի կողմ նետվում (սա տեղի է ունենում նաև հասարակական կյանքում): Սա զարգացման բուն ուղղությունն է, որևէ մեկի՝ անհատի կամ խմբի մեղքը չէ կամ առհասարակ մեղք չէ: Վկայակոչեմ Շպենգլերի հռչակավոր գիրքը՝ «Արևմուտքի մայրամուտը»: Տեսականորեն պարզ է, որ մի նոր փուլ պետք է սկսվի: Բայց այդ փուլի ուրվագծերն այնքան էլ տեսանելի չեն: Այս շրջապտույտի մեջ չափանիշները հարաբերական են դառնում, իսկական գրական արժեքներն ու զանազան «տեքստերը» (այսօրվա գրականագիտության ամենատարածված եզրերից է) խառնվում են իրար: Չեմ կարծում, թե գրականագիտական միտքը խորությամբ բացահայտել և իմաստավորել է այս բարդ և հակասական իրողությունը:

– Գրականությունն ու գրական միտքն առանց բանավեճի` ինչպես երկինքն առանց թռչունների: Այս գեղեցիկ համեմատությունից անցնեմ մեր իրականությանը` մեզանում հազվադեպ են բանավեճի կուլտուրայի ամենատարրական պահանջներին համապատասխանող գրականագիտական «մենամարտերը»: Այդ «հազվադեպից» նշեմ Ձեր և գրականագետ Դավիթ Գասպարյանի բանավեճը մեր թերթի էջերում:
– Հարցը շոշափում է այսօրվա մեր գրական և ողջ հոգևոր կյանքի հիվանդագին խնդիրները: Սովորաբար ասվում է, որ ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ: Բայց ինչպիսի՞ վեճի: Վեճը միշտ երկու կամ ավելի տեսակետների բախում է, բայց տեսակետների կրողները կոնկրետ անհատներ են: Նրանք իրենց մարդկային-էթիկական և գիտական սկզբունքների դրոշմն են դնում ցանկացած տեսակետի վրա: Վեճի ընթացքը շատ հաճախ կապված է հենց այդ սկզբունքների հետ: Դուք հիշեցիք մի քանի ամիս առաջ ձեր թերթի էջերում տպագրված երկու հոդվածները: Իմ հոդվածը Չարենցի մի քանի գործերի հրատարակությանն էր վերաբերում («Գիրք մնացորդաց»): Ես բերել և վերլուծել էի մի քանի շատ խոսուն փաստեր գրքի թերությունների մասին: Այդ փաստերն ու վերլուծությունները հանգեցնում էին պարզ եզրակացության՝ երբ գործ ունեք դասականի հետ, այն էլ Չարենցի, իրավունք չունեք նրա ժառանգության հատվածները դարձնել սեփական անձի գովազդի միջոց (եթե անգամ այդ հատվածներից մի քանիսը գտել եք պահոցներում և այլուր): Դուք պարտավոր եք մեծագույն հարգանքով, զգուշությամբ և իմացությամբ, առաջ չմղելով ձեր անձը, ներկայացնել եղած նյութը: Կազմողը պատասխանեց, ես չարձագանքեցի, որովհետև արձագանքելու բան չկար, իմ բերած փաստերից ոչ մեկը, ըստ էության, հերքված չէր: Բայց մի քանի օր հետո Դ. Գասպարյանը թերթերից մեկում տպագրում է հարցազրույց, որի մեջ, իր սովորական ոճով, թերթի խմբագրության հետ միասին, դատողություններ անում իմ (նաև Էդ. Միլիտոնյանի) մասին, հետն էլ հայտարարում, որ ես գրագողություն եմ արել, այսինքն` «Չարենցը և իր ժամանակը» գրքում (2012) տպագրված՝ Օքսֆորդի պրոֆեսոր Թեո վան Լինտի հոդվածից վերցրել եմ Չարենցի համեմատությունը Պիրանդելլոյի հետ և դրել նույն գրքում տպագրված իմ հոդվածում: Բացատրել, որ այս պնդումը անհեթեթություն է՝ անիմաստ է: Դա տեսանելի է անզեն աչքով: Բայց խնդիրն այն է, որ այդ համեմատությունը ես արել եմ վան Լինտի հոդվածի գրվելուց և «Չարենցը և իր ժամանակը» գիրքը տպելուց մի քանի տարի առաջ իմ «Պատմության երգեհոնը» գրքում (2007) և հերթական Չարենցյան ընթերցումների ժամանակ (այդ զեկուցումն էլ, հատկապես նվիրված Չարենց-Պիրանդելլո խնդրին, տպագրված է նույն 2007-ին հրատարակված «Չարենցյան ընթերցումներ» գրքում): Ի դեպ, սա առաջին նման դեպքը չէ: Ահա թե ինչու պատասխանելն անիմաստ էր, այս մարդը բանավեճի ուրիշ ձև չգիտի: Դա արդեն բանավեճ էլ չէ, դուրս է գրական և գիտական հարթությունից: Եվ ես ստիպված էի դատի տալ քաջ դոկտորին… Ահա թե ինչ շարունակություն ունեցավ ձեր հիշած բանավեճը:

– Կարծում եք, այս և նման նախադեպերը ի զորու են ինչ-որ բա՞ն փոխել:
– Ինձ թվում է, այս հարցի պատասխանը մասամբ արդեն տվեցի վերևում: Վերջին տարիներին մեր բարքերը շատ են ընկել: Ե՛վ բարոյական, և՛ գիտական չափանիշները շատ հարաբերական են դարձել: Այս իրողությունը լիուլի արտացոլվում է վերջին տարիների բանավեճերում (մեծ ցանկություն ունեմ չակերտների մեջ առնել այս բառը): Ընդ որում, էթիկայի բացակայությանը գումարվում է և արհեստավարժության՝ պրոֆեսիոնալիզմի պակասը կամ բացակայությունը: Գրական վեճերի այս մակարդակը, դժբախտաբար, հաճախ ըստ էության խրախուսվում է մամուլում, մանավանդ հեռուստատեսությունում:

– Ի՞նչ հոբելյան առանց հետագա ծրագրերի բացահայտման, եթե, իհարկե, գաղտնիք չէ:
– Լավ հարց է, մանավանդ ստիպում է մոռանալ, որ մարդու կյանքին բնությունը սահմաններ է դնում: Ծրագրեր շատ ունեմ: Այս օրերին լույս է տեսնում իմ «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան» գրքի երկրորդ հայերեն հրատարակությունը, որն զգալիորեն լրացված է: Բայց դրանով իմ էպոսագիտական զբաղումները չեն ավարտվում: Պատրաստվում եմ Յակուտսկում կայանալիք միջազգային մեծ գիտաժողովին, որտեղ զեկուցում պիտի կարդամ հայկական էպոսի և առասպելի հարաբերությունների մասին: Մտածում եմ մի ավելի մեծ աշխատանքի մասին, որը պետք է ընդգրկի հայոց ողջ էպիկական ավանդույթը` առասպելից սկսած: Խորին հարգանք ունեմ մեր էպոսի բոլոր հետազոտողների, մանավանդ Մկրտիչ Էմինի և Մանուկ Աբեղյանի հանդեպ, բայց գիտությունը որևէ կետում կանգ չի առնում:
Վերջին տարիներին ինձ շատ է զբաղեցնում 5-րդ դարի հայ պատմագրության գրական առանձնահատկությունների խնդիրը: Այդ մասին զեկուցումներ եմ կարդացել Բուդապեշտի հայագիտական համաժողովում, ԱՄՆ-ում: Բայց խնդիրների շրջանակը գնալով մեծանում է, և երևի պետք է ավելի համակողմանի քննություն կատարվի: Մանավանդ հայ պատմագիրների խոսքի առանձնահատկությունները ուղղակիորեն առնչվում են անվերջ թվացող վեճերին` Եղիշեի և Խորենացու ժամանակի վերաբերյալ:
Գրեթե ամբողջ գրական կյանքիս ընթացքում ինձ զբաղեցնում է եվրոպական գեղարվեստական գիտակցության մեջ կատարված և կատարվող արմատական փոփոխությունների խնդիրը, փոփոխություններ, որոնք իրենց հուժկու արձագանքն են գտնում հայկական մտավոր կյանքում: Շատ կուզենայի այդ մասին գրել:

– Ձեր ուսումնասիրությունների շրջանակն ավելի քան ընդարձակ է, բայց ո՞րն է Ձեր հոգեհարազատ թեման կամ դեմքը:
– Չգիտեմ, այդ ընդարձակությունը լա՞վ է, թե՞ վատ, բայց դա իմ մտածողության առանձնահատկությունն է: Դեռ մանկությունից տարված էի մեր էպոսով, ինձ համար վայելք էր մեր տանը եղած համահավաքը կարդալ, զգալ ժողովրդական խոսքի ներքին հզոր կենսականությունը: Ինչպես տեսնում եք, տարիների ընթացքում էպոսի հանդեպ իմ հետաքրքրությունը ավելի խորացավ` ինձ հասցնելով մինչև ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան:
Թումանյանը ևս ինձ հետ է մանկությունից: Կարելի է ինչ-որ իմաստով թումանյանական հրապուրանքը էպոսի հանդեպ եղած վերաբերմունքի շարունակությունը համարել: Մեր ոչ մի գրողի ստեղծագործության մեջ ժողովրդական տարերքն այնքան խորը չի դրսևորվում, ինչքան Թումանյանի գործերում: Թումանյանի մեջ մի զարմանալի բան կա. կարգին կրթություն չստացած, Եվրոպան չտեսած այդ լոռեցին ինչպե՞ս իր մեջ կենտրոնացրեց մի ամբողջ ժողովրդի հոգեբանությունը, իդեալները` չմոռանալով երբեք այդ ժողովրդի թերություններն ու դժբախտությունները: Ես շատ կուզենայի իմ հոգում Թումանյանի հզոր, իսկապես ժողովրդական և իսկապես տիեզերական կենսազգացողության մի մասնիկը ունենալ: Մեր խառը ժամանակներում այդ կենսազգացողությունը մեզ շատ է պետք:
Չարենցին մոտեցա արդեն ուսանողական տարիներին: Հիշում եմ, թե ինչ տպավորություն էր թողնում «Խմբապետ Շավարշի» խորն ու անթաքույց ողբերգականությունը: Հետո արդեն Չարենցի ողջ ստեղծագործությունը անվերջ հարցեր էր առաջադրում, որոնց պատասխանելը (կամ գոնե փորձելը) գրականագիտական ամենահրապուրիչ զբաղմունքներից է: Առիթ է, պետք է ասեմ, որ իմ և իմ ընկերների բախտը բերեց. գրականության շատ լավ դասախոսներ ունեցանք՝ Մկրտիչ Մկրյան, Հրանտ Թամրազյան, Էդվարդ Ջրբաշյան: Ջրբաշյանի հետ հետո միասին աշխատեցինք, և իմ հարգանքն ու համակրանքը նրա հանդեպ ավելի խորացան:
Մի վերջին մանրամասն՝ Հրանտ Մաթևոսյանի գործերը ինձ հրապուրեցին հենց սկզբից, և իմ առաջին լուրջ քննադատական հոդվածը գրվեց ի պաշտպանություն Մաթևոսյանի՝ ավագ գրողներից մեկի բոլորովին անստույգ գնահատականների առիթով…

– Որպես «վերադարձ ի շրջանս յուր»` ինչպե՞ս կբնութագրի գրականագետ Ազատ Եղիազարյանը քաղաքացի Ազատ Եղիազարյանին:
– Դարձյալ պահպանեմ հարցի թելադրած երրորդ դեմքը: Ազատ Եղիազարյանը մանկուց մի կիրք է ունեցել՝ արդարությունը: Երբ փոքր էր, երազում էր մեծ մարդ դառնալ և ամբողջ աշխարհում արդարություն հաստատել: Ինչպես տեսնում եք, այդ երազանքը չիրականացավ: Հետո հասկացավ, որ ինքն էլ հաճախ չի կարողացել արդար լինել: Բայց արդարությունը մնաց նրա համար ամենամեծ արժեքը, որը, պետք է ասեմ, շատ դժվարացրեց նրա կյանքը: Մանավանդ որ ճկուն չկարողացավ լինել երբեք: Այս թերությունը խանգարում էր փոխզիջումների գնալ, երբ դա իրոք անհրաժեշտ էր: Բայց, մյուս կողմից, դա նրան ետ էր պահում ամեն փչող քամուց ճկվելուց և խոնարհվելուց: Միշտ մնաց սոցիալական արդարության ջատագով: 80-ականների կեսերից մինչև 90-ականների վերջերը ակտիվորեն զբաղվում էր հրապարակախոսությամբ, հոդվածների մի ամբողջ գիրք տպեց՝ «Իննսունականները» վերնագրով: Այն օրերին այդ հոդվածները գոնե արձագանք ունենում էին: Հիմա այդ էլ չկա:
Այսօր նրա համար շատ դժվար է քայլել Երևանով, որը նրա պատանեկության և երիտասարդութան տարիներին իսկապես շատ սիրելի քաղաք էր, իսկական «գարուն Երևան, սիրուն Երևան»: Իսկ այսօր մեր նորօրյա հարուստները՝ օլիգարխները, օրեցօր իրենց տհաճ դրոշմն են դնում քաղաքի վրա, խեղում են նրա դեմքը: Ամեն անկյունում բարձրանում են, այսպես կոչված, էլիտար շենքեր, որոնք, իհարկե, շարքային երևանցու համար չեն: Ձեռք են բարձրացնում անգամ 20-րդ դարի Երևանի այնպիսի հուշարձանի վրա, ինչպիսին հռչակավոր Փակ շուկան է: Ու նորից ու նորից մտածում ես՝ այդ մարդկանց ամեն ինչ թույլատրվա՞ծ է: Ինչո՞ւ իշխանությունները չեն բռնում Փակ շուկան քանդող մարդու ձեռքը, որը, ներեցեք, թքում է օրենքների և երևանցիների վրա: Կամ, ահա, կառուցված և կառուցվող շքեղ դղյակները: Նախանձը չէ, որ երևանցիներին ստիպում է զայրույթով նայել այդ տներին, այլ այն հստակ գիտակցությունը, որ դրանց ճնշող մեծամասնությունը կառուցված է գողությամբ, այն ամենով, ինչ անվանվում է կոռուպցիա: Մարդիկ գիտեն, որ այդ պաշտոնյաների աշխատավարձը, որքան էլ այն բարձր լինի, չի կարող ապահովել բազմամիլիոնանոց առանձնատների կառուցումը: Բայց դրանք կառուցվում են ու կառուցվում, և ոչ ոք տերերին ոչինչ չի հարցնում…
Հայ ժողովուրդն այսպիսի անկախություն չէր երազում, այլ այնպիսի երկիր, որ հայրենիք լիներ բոլոր հայերի համար և ոչ թե, Իսահակյանի խոսքերով ասած, «պերճ արոտավայր հարուստների ցոփ»: Այսպիսի՛ երկրից են գնում մեր հայրենակիցները՝ ամայացնելով երբեմնի շեն գյուղերը և փոքր քաղաքները:
Ահա այսօր, իմ կյանքի ութերորդ տասնամյակի սկզբին, այսպիսի տխուր մտքեր են զբաղեցնում ինձ, և երբեմն մենք բոլորս՝ Հայաստանի շարքային քաղաքացիներս, այնքա՛ն անզոր ենք թվում այդ ամենի հանդեպ: Թեև ես թումանյանական եմ և հավատում եմ Հայաստանի առաջընթացին և մարդու Մարդ դառնալուն…

– Քանի որ խոսեցիք մարդու մասին, մի վերջին հարց՝ ձեր կյանքում լավ մարդի՞կ են շատ եղել, թե՞…
– Ինձ համար կարևոր հարց է: Ամբողջ կյանքում ավելի շատ գնահատել եմ մարդու մարդկային հատկանիշները, հետո նոր՝ արհեստավարժությունը: Երբ խոսում եմ ինչ-որ մեկի մասին և նրան համարում լավ մարդ, ինձ հաճախ հիշեցնում են՝ այդպիսի մասնագիտություն չկա: Ես հասկանում եմ, որ առանց արհեստավարժության ոչ մի մեծ գործ չի արվի: Բայց ինձ համար բարձրագույն արժեքը լավ մարդն է: Դարձյալ Թումանյանը՝ «Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Լավ արարքը, լավ մարդին»: Հիմա՝ ձեր հարցի ուղղակի պատասխանը: Անշուշտ, լավ մարդիկ ավելի շատ են հանդիպել ինձ: Երբ դեռ երիտասարդ էի, մտածում էի՝ իմ բախտը բերել է, միշտ լավ մարդիկ են հանդիպում: Վերջին մեկ-երկու տասնամյակում բախվեցի չարության, նախանձի, նենգության և մարդկային այլ արատների հետ, ընկերներիս մի մասը չդիմացավ զանազան փորձություններին, և իմ լավատեսությունը մի քիչ խամրեց: Բայց, միևնույն է, կյանքից հաճույք ստանում ենք լավ մարդկանց շնորհիվ: Իսկ ես, հակառակ բոլոր հոգս ու ցավերի և հիասթափությունների, հաճույքով եմ ապրում…

Հարցազրույցը` Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։