Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Օրերը վազում էին իրար ետևից, եղանակները հաջորդում էին միմյանց` տաք, ցուրտ, խոնավ, չոր, արևը հեռանում էր, մոտենում, լուսինը կլորվում էր, կիսատվում, մարդը նայում էր անտառին, դաշտին, լեռներին, ծովին, արևին, լուսնին, էլի ինչ-որ բան էր ուզում տեսնել, ինքն էլ չգիտեր` ինչ, չէր ստացվում, մատը դնում բերանը` ծպպացնում:
Միջատներն իրենց թռիչքն օդում զսպած` թիրախ էին փնտրում դաշտի խայտաբղետի մեջ, գտնելով` սրընթաց արշավում: Թռչուններն ընկնում էին միջատների ետևից, որսում` ուտում, մեծ թռչուններն ընկնում էին փոքր թռչունների ետևից, որսում` ուտում, ձկներն ընկնում էին ձկների ետևից, որսում` ուտում, կենդանիներն ընկնում էին կենդանիների, թռչունների, ձկների ետևից, որսում` ուտում: Մարդը նայում էր վեր, վար, աջ, ձախ, բարձրացնում էր հոնքը, կախում շրթունքը` ծպպացնում: Կայծակ էր ճայթում, հողը երերում էր, ամպերը գալիս` երկինքը ծածկում էին, մոլեգնում էր քամին, մարդը մտնում էր քարանձավ` պատսպարվում, քարանձավի պռնկին կանգնած` նայում էր վեր, վար, ձախ, աջ, բարձրացնում էր հոնքը, կախում շրթունքը` ծպպացնում, թոթվում ուսերը: Ամպերը ցրվում էին, աստղերը ծիկրակում, լուսինը ելնում` իր ճամփով սահում էր դանդաղ, ապա արեգակն էր հայտնվում, և լուսինն ու աստղերը նրա ներկայությամբ դժգունում էին աննշմարելիության չափ, արևը բարձրանում էր, շողարձակում, կենդանիները դուրս էին գալիս որջերից, թռչուններն ընկնում էին ճանճերի ետևից, մեծ թռչունները` փոքր թռչունների, մեծ ձկները` փոքր ձկների, մեծ կենդանիները` փոքր կենդանիների, ոմանք հալածում են, ոմանք փախչում, թռչում, սողում, վազում … Սակայն…
Սակայն իրենց վազք ու թռիչքի ընթացքում բոլորը շրջանցում էին դաշտի կենտրոնը, որտեղ ուռչած թումբը այդպես էլ չէր կանաչում, գորշ էր մնում` գարնանային խոտը պատշաճ հեռավորությամբ էր շուրջառել նրան: Մարդը նայեց, հոնքը վեր հանեց, մատը մտցրեց բերանը` կծեց, ուզեց մյուսների պես շրջանցել` անցնել-գնալ, բայց ոտքերը չենթարկվեցին` տարան ուղիղ թմբի կողմը© անցավ խոտուծաղկի սահմանը, ամայի հողով քայլեց, հասավ մեջտեղին, նստեց` նայեց… Թմբի գագաթը ճաքճքած էր, տակից, դեռևս հեռու, մազմզուկներ էին նշմարվում: Մարդն ականջը սեղմեց գետնին` լսեց… Խուլ հառաչ, ճիգի ճռռոց… Ուղղվեց` նստեց, դարձյալ նայեց… Թմբին խազեր կային` ուղիղ, բեկբեկուն, խաչվող, շրջանաձև… Ճյուղ վերցրեց, ինքն էլ խազեց խազերի տակ` ուղիղ, բեկբեկուն, խաչվող, շրջանաձև… Թումբը ժպտաց, մարդը մատը մտցրեց բերանը, կծեց, ինքն էլ ժպտաց` դավադիրի ծուռ ժպիտով: Կենդանիները հեռվից նայում, վախեցած կախում էին գլուխները, ոռնում` հեռանում: Մարդը մնում էր, ասես մնալու հրաման ուներ: Ջուր բերեց, ջրեց, էլի բերեց, էլի ջրեց, թումբը կլանեց ջուրն ու մի քիչ էլ փքվեց: Դանդաղ էր ծավալվում, մարդն անհամբեր` նույնիսկ գիշերելու չհեռացավ, մոտակայքում քնեց, գաճաճ խնձորենու տակ, հաճախակի արթնանում էր, գլուխը բարձրացնում` նայում թմբի կողմը` բան չի՞ փոխվել… Խնձոր ընկավ գլխին, աչքերը բացեց, գլուխը քորեց` սաղարթի միջով նայեց անհատակ երկնքին, հոնքը վեր հանեց` ծպպացրեց, վերցրեց խնձորը գետնից` կծեց, պինդ էր ու թթու, բայց ծարավ էր` կերավ, քունը վերջնականապես կորցրած` մոտեցավ թմբին, շրջակա հողը փխրեցրեց, գոմեշների արահետից չոր կղանք պոկեց, բերեց` շաղ տվեց, առատորեն ջրեց, սրբեց քրտինքն ու նստեց թմբին, թումբը կամաց ծիծաղեց տակից, մարդը լսեց, ժպտաց, նայեց երկնքին` տեսավ լուսինը լրիվ է, սառը ճերմակով առատորեն լուսավորում է շրջակայքը… Իսկ հետո՞, հետո ի՞նչ կա` լուսնից, աստղերից, արևից հետո, չէ՞ որ ծառից հետո ուրիշ ծառ է, նրանից հետո` բացատ, բացատից հետո` էլի ծառ, ապա գետը, գետից հետո` եղեգնուտը, հետո դաշտը, հետո անապատը, հետո… Ոչի՞նչ… Բայց ոչինչն ի՞նչ է, եթե իսկապես ոչինչ լիներ` անուն չէր ունենա, բայց անուն ունի` ոչինչ, այդ ոչնչից ուրիշ բան սկսու՞մ է, թե՞ էլի ոչինչն է, իսկ ոչնչին հասնելու համար ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, իսկ ի՞նչ է ժամանակը, անդադար վազող գա՞յլ է, բազեի ճախրա՞նք, թե՞ կայծակ, որ վերից ճայթելով գալիս` զարկվում է ծառին, թե՞ չկա ժամանակ, եթե չկա` թումբը ո՞նց է ուռչում օրեցօր, օրեցօրն ի՞նչ է, ինչու՞ է իր երբեմնի ողորկ մաշկը կնճռվել, ժամանա՞կն է կնճռել, թե՞ մաշկի բնույթն է այդպիսին… Դե, դուրս արի, էլի, ի՞նչ դանդաղ ես շարժվում` զայրացավ մարդը, ոտքով հարվածեց թմբին, դեղին կարիճը ելավ` խայթեց ոտքը, ճիգով ոտքը բերանին մոտեցրեց, կծեց խայթվածքը, թքեց, վախեցած նայեց թմբին, գնաց` գունավոր մրգեր քաղեց, ներկեց դեմքը, կուրծքը, ազդրերը, ընձենի կապեց մեջքին, մանր ոսկորների ճերմակ շարանը կախ տվեց վզին, մազերի մեջ գունագեղ փետուրներ խրեց, սեթևեթելով գնաց թմբի մոտ, պտտվեց շուրջը` պարեց, հետո ցախ բերեց` խարույկ վառեց, խոնարհվեց` ճակատը հպեց թմբին, այդպես մնաց մի քիչ, ապա ուղղվեց, ձեռքն առաջ պարզեց ու ակնածական ձայնեց.
Բուբուբու, բաբուբու, բուբու,
Բաբուդու, բուբադու, բաբու,
Թաբուդու, թուբադու, թադու,
Թուբադու, թաբուդու, թաբու:
Շլաչ այծին հալածեց, մահակը խփեց ոտքերին` տապալեց, փոշու մեջ կռիվ տվեց հետը, քարշ տվեց` բերեց թմբի մոտ` մորթեց, հատած կոկորդից արյունը քամեց թմբի ճաքճքած գագաթին` «Թաբուդու, թուբադու, թադու», թումբն ագահորեն քաշեց` կլանեց արյունը, մարդն էլի արյուն քամեց մահամերձ ջղացնցվող այծից` «Թաբուդու, թուբադու, թաբու», թումբն էլի խմեց, բլթացրեց` պղպջակ թողեց, գոհացած հոգոց հանեց: Գիշերով անձրև եկավ, որոտ թնդաց, կայծակ խփեց, սակայն մարդը չհեռացավ թմբից` չգնաց անձավ պատսպարվելու, նա տեսավ` թումբն ուռչում է, էլի ու էլի: Անձրևը դադարեց, երկինքը մաքրվեց, լիալուսինը ճերմակ լույս գցեց թմբին, թումբն ուռչում էր, ճռռում-ճաքճքում էր բարձրացող հողը, հմայված-ապշած` մարդը կորցրեց հավասարակշռությունը, գլորվեց լանջն ի վար, դժվարությամբ ոտքի կանգնեց, բայց նորից ընկավ, որովհետև հողը փնչացնելով դողում էր ոտքերի տակ, երերում, ալիքվում, ծնկած նայեց` գագաթը պատռվել` բոց ու ծուխ էր շպրտում միջից, ահա, ահա և մազմզոտ գլխիկը, երևակվեց, դուրս եկավ, բացեց հրացայտ աչքերը` նայեց, բարձրացավ, էլի, էլի, ու մեկեն խոյացավ երկինք… Վիթխարի ծառ հիշեցնող մութ կերպարանք էր, որ արմատները հողում թողած` պտտահողմի պես գնում-գալիս, անդադար ահագնանում էր, հառաչում, տնքում, մռնչում, ոտքերի տակից բազմագլուխ վիշապներ հայտնվեցին, հոտոտեցին օդը, նայեցին` դուրս սողոսկեցին ընդերքից, տեղավորվեցին բնի շուրջը: Ճոճվող սաղարթների խորքերում էլեկտրական պարպումներ ճարճատեցին, հռնդյուն լսվեց, շվվոց, բոցեր ելան, ապակի ու երկաթ թռան, տառեր, բառեր, ելևէջներ, թվեր սուրացին, կավ, ներկ ու թանաք շպրտվեց, պղպջակներ հայտնվեցին, բարձրացան երկինք` պայթեցին` թունավոր անձրևով իջան հողին: Ծառանման կերպարանքն արդեն ծածկել էր երկինքը մինչև հորիզոն, ամենուրեք էր, նրա մութ զանգվածում պայթյուններ էին դղրդում, լույսեր էին բռնկվում, որ շողացող նետեր դարձած` սուրում-մխրճվում էին գետին, դաշտը բռնկվեց, անտառը բռնկվեց, ջրերում պարեց կրակի արտացոլանքը, հրդեհ էր համատարած, կենդանիները գլխապատառ փախչում էին ոռնալով` «Էս ինչ արիր, մարդ, էս ինչ արիր…»: Իսկ մարդը գերված էր, դյութված, հմայված, մատը բերանում` անշարժացած նայում էր, մի քիչ վախենում էր, սակայն հետաքրքրությունն անչափելի էր` միտք չուներ փախչելու, հակառակը` պատրաստ էր մտնել` գնալ, գնալ, գնալ, գնալ…