ՇՈՒՇԻԻ ԱՌԱՍՊԵԼԸ «ԱՐՑԱԽ-ՆԱՄԵՈՒՄ»

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Արցախ-ՆամեԺամանակ առաջ, բանահյուսական «Արցախ Նամեի» հատորի առիթով ես գրել էի, թե «Միայն նա կարող է դա անել»: Եվ այժմ, երբ լույս է տեսել «Արցախ Նամեի» 8-րդ հատորը, ակամա կրկնում եմ նույնը, թե «Միայն նա կարող էր դա անել»: Եվ իմ այս անդրադարձը միաժամանակ ափսոսանքի, կարոտի թախծոտ վերհուշ է, այնքան հմայիչ, համակրելի, մտերիմ մարդու մասին, որ իմաստ էր տալիս դեպի Արցախ իմ այցելություններին: Գրավիչ, առինքնող բան կար նրա կերպարում, ոչ միայն արտաքին պահվածքով, այլև լեցուն բովանդակությամբ՝ իրատես ու իդեալապաշտ, այն, ինչ գրականագետները անվանում են «ռեալիզմի ռոմանտիկ»: Իմ խոսքը Հրաչյա Բեգլարյանի և նրա «Մեր հին ու նոր Շուշին» գրքի մասին է: Շարադրանքը կատարելապես զերծ է ոճի հռետորական պաճուճանքից: Դա մի իսկական հանրագիտարան է, հազարամյակների պատմության ավանդապատումներով պանծացված անուն, ծագման առասպելից մինչև մերօրյա գոյության խորհրդանիշը, ուր բեկվում են հայոց պատմության դրամատիկ անցումները: Ես կցանկանայի այդ անցումներից առանձնացնել երկու թվական, որոնք ճակատագրական եղան Արցախի տիեզերական գոյության տեսակետից՝ 1752 և 1920:
Մինչև 1752 թվականը ոչ մի թուրք ելուզակ մուտք չէր գործել Արցախի տարածք: Եվ ահա Մելիք-Շահնազարի դավաճան գործարքով Փանահ խանի թափառախումբը ներխուժում է Արցախ և ամրանալով Շուշի անառիկ բերդաքաղաքում, Փանահը պառակտում է մելիքական միությունը և տիրապետող դիրք գրավում ամբողջ արցախականում: Թուրքական բարքերը կազմալուծում են Արցախի էպիկական ու ներպետական կառույցը, բռնության ու կամայականությունների, աղետների ենթարկելով Արցախի հայությանը, ընդհուպ մինչև մելիքական տների փոշիացումը: Այսպես մինչև ռուսական բանակի մուտքը Արցախ՝ 19-րդ դարասկզբին: Մի աննախադեպ վերածնունդ շարժման մեջ է դնում քաղաքային համայնքի հայոց կյանքը: Ուղղակի կարելի է ասել, որ հրաշքներ է գործում հայ հանճարի ստեղծագործ ոգին: Մի քանի տասնամյակների ընթացքում քաղաքը բարգավաճում է տնտեսական ու մշակութային զարգացման բարձր ցուցանիշներով, ստեղծվում են արհեստագործական, կրթական, մշակութային կատարյալ հաստատություններ՝ մամուլ, թատրոն, դպրոցներ, բարեգործական ընկերություններ: Շուշին դառնում է ժամանակի հասարակական զարգացման և քաղաքակրթության կենտրոններից մեկը ամբողջ անդրկովկասյան երկրամասում: Այսպես մինչև 1920 թվականը:
Ես սոսկ ուրվագծում եմ երևույթը, մինչդեռ Հրաչյա Բեգլարյանը այդ երևույթի ընդերքում իրողություններ է բացահայտում, որոնք վկայում են թուրքի մշտական դավադիր գոյությունը հայկական Արցախում: Գրքի հատվածներից մեկը կոչվում է «Շուշիի մրրկածոփ օրերը», ուր կարծես «բարեկամի» խաղաղության կամքն է միավորում հայի և թուրքի համակեցությունը: Այս պարագայում է, որ հայ հոգևոր թեմը ընդառաջում է թուրք վերակացուի խնդրանքին՝ թեմական դպրոցում ընդունելու նաև թուրք երեխաներին: Թեմի տնօրեն Հասան-Ջալալը, որ գիտակ էր թուրքի բնույթին, տեղին է ակնարկում, «թող սովորեն, բայց իմացեք, մի օր այդ կրթված թուրքերը կվառեն մեր քաղաքը»: Սա կարծես արձագանքը լինի Րաֆֆու գուշակության, թե «Թուրքն այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»:
Եվ այսպես Շուշիի թեմականում թուրքը նացիոնալիզմ է սովորում, իսկ հայը՝ ինտերնացիոնալիզմ: «Հոկտեմբերյան հեղափոխությունը, ինտերնացիոնալիզմը, լենինիզմը, ժողովուրդների բարեկամության գաղափարները լակմուսի թղթի պես ներծծվել էին Ղարաբաղից դուրս բարձրագույն դպրոցներում և համալսարաններում սովորող հայ երիտասարդների մեջ» (99): Գաղափարի այդ նվիրյալներից էր Ալեքսանդր Ծատուրյան-Ռուբենին, որ սպիտակ հաշտարար դրոշով ընդառաջ էր գնում թուրք խուժանին, և ցից հանված գլխով ցուցադրվում Շուշիի փողոցներով: Այսպես ահա, 1915-ից սկիզբ առած ցեղասպանությունը շարունակվում է 1920 թվականի Շուշիի հայոց բնաջնջումով, հիմնահատակ այրված հայկական թաղամասի և խոշտանգված Ղազանչեցոց եկեղեցու սահմռկեցուցիչ պատկերների մեջ գծա­գրելով Արցախի ապագան, նորահայտ կարգերի ինտերնացիոնալ գաղափարներով պաճուճված ազգային քաղաքականության խարդավանքներում: Արդյունքում ստացվեց պատմական Արցախի տարածքներից կողոպտված և թուրքերեն անվանակոչված (Լաչին, Քյալբաջար, Ֆիզուլի), այլև Հայաստանի հետ կապող սահմաններից առանձնացված «ինքնավար» մի մարզ, էթնիկական զտման բացահայտ ու քողարկված վարչարարության աքցանում: Բայց միայն Աստծուն է հայտնի, թե այդ պատառիկի պահպանման ճանապարհին ինչպիսի դժոխային արհավիրքների միջով են անցել Շուշին և Ղարաբաղը՝ դիմագրավելով թուրք բարբարոսների մահարշավ ասպատակության աղետներին: Իսկ Նժդեհի և Թևանի հակառակ բանակում հայ ինտերնացիոնալիստ հեղափոխականները՝ Ա. Մյասնիկյան, Ս. Տեր-Գաբրիելյան, Ա. Հովհաննիսյան, Բ. Կնունյանց, Ս. Կասյան և ուրիշներ, գործում էին սոցիալիստական Ռուսաստանի կուսակցական, պետական բարձր ատյաններում, դառնալով նույն այդ կարգերի զոհը:
Յուրահատուկ շեշտ ունի «Շուշին խորհրդային տարիներին» հատվածը: Մինչև 50-ական թվականները դեռ մնում էին այրված հայկական թաղամասի ավերակները, որի տպավորության սարսուռները ցնցել են Ավ. Իսահակյանին, Օսիպ Մանդելշտամին, Մարիետա Շահինյանին: «Քշիր մեքենան. դուրս գանք այս դժոխքից, այստեղ դեռ կոտորած է», ասել է Ավ. Իսահակյանը: Մանդելշտամը սարսափը վերատպել է «Կառապանը», բանաստեղծությամբ՝ «Այսպես Լեռնային Ղարաբաղում, // Գիշատիչ Շուշի քաղաքում // ես ապրեցի այս սարսափը…// Եվ անամոթաբար շիկնում են մերկացած տները, // Իսկ նրանց վերևում նշմարվում է // Երկնքի կապտախիտ ժանտախտը»: Իսկ երբեմնի «Գեղեցկագույն քաղաքը» Մարիետա Շահինյանին այսպես ներկայացավ 1927 թվականին. «…Ես տեսա Շուշիի կմախքը… նմանը մենք տեսանք Պոմպեյում և Հերկուլանում: Միայն թե այնտեղ գործող անձը բնության կույր տարերքն էր, իսկ այստեղ գազանի կույր տարերքը՝ արթնացած մարդկային զանգվածների մեջ» (354):
Այս հատվածում քաղաքական ասպարեզի վրա է Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիևը՝ «Արևելքի մեծ աղվեսը», և մեծ ճանապարհի ավազակը, որ ուղղակի սերում է Փանահ խանի տոհմից, նույնքան արգահատելի է, նույնքան քստմնելի: Նա է, որ իր դրածո Կևորկովի միջոցով կազմալուծեց Արցախի մտավորականության կառույցը և մարզը սուզեց թուրքական բարբաջանքի մղձավանջում: Միանգամայն տեղին է Հրաչյա Բեգլարյանի կշտամբանքը մեզ բնորոշ համակերպության հանդեպ. «Արդեն 50-ական թվականներին,- գրում է հեղինակը,- Շուշի քաղաքի հայկական թաղամասերում երևացին հզոր բուլդոզերները, բարձիչ մեքենաները, որոնք քաղաքից քերում, մաքրում էին հայերի տներն ու բակերը, չխնայելով անգամ եկեղեցիները… Այն ժամանակ և հետո ոչ ոք չէր խոսում այդ մասին… Մենք քնած էինք լեթարգիական քնով, մենք բարեկամության, ինտերնացիոնալիզմի նարկոզի մեջ էինք, և մեր դարավոր թշնամին մեզ վիրավորում էր, ինչպես ուզում էր: Կտրում էր մեր ձեռքը, ոտքը, հանում էր մեր աչքը, կտրում մեր լեզուն, և ուշքի գալով, մենք շնորհակալություն էինք հայտնում» (239-240):
Այսպես մինչև 1988 թվականի ազգային շարժումը, մինչև 1992-ին Շուշիի ազատագրումը: Այժմ իսկ դժվար է երևակայել, թե Շուշիի, Խոջալուի և կայսերական ՕՄՈՆ-ի օղակների մեջ առնված Ստեփանակերտը ինչ ֆիզիկական ու հոգևոր ներուժ էր պարունակում իր մեջ, դիմա­գրավելու չարիքը, այլև ազդակ հանդիսանալու ազատագրական պայքարի՝ Արցախը մաքրելու թուրքական գարշահոտությունից: Այդ հաղթանակների պսակը հանդիսացավ Շուշիի ազատագրումը, որ նշանավորվեց մի նոր Ավարայր հայոց ազատագրական պայքարի բազմադարյան պատմության մեջ:
«Արցախ-Նամե» ութերորդում ստվար բաժին է կազմում «Մշակույթը»: Գրքի հեղինակը անուններ է հիշատակում, կենսագրական համառոտ տեղեկանքներում ներկայացնում արվեստի, գիտության, մշակույթի ամենատարբեր բնագավառի անհատականությունների, ծնունդով շուշեցիների, ընդգծելու համար, թե հոգևոր ու ֆիզիկական ինչ ներքին ուժ է թաքցնում արցախյան բնաշխարհը, արտա­դրելով ժամանակի քաղաքակրթության համազոր արժեքներ: Ապա նաև մամուլը, դպրոցը, թատրոնը, գրականությունը, զուգահեռի վրա նաև ռազմավարական արվեստը, հենց միայն Չարդախլու գյուղի օրինակով, որ տվել է երկու մարշալ, տասնյակ գեներալներ ու Խորհրդային Միության հերոսներ: Վերջապես նաև հոգևորը՝ եկեղեցիների նորոգությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավերժականը Պարգև սրբազանի աղոթքով:
«Արցախ-Նամե» ութհատորյա մատենաշարով Հրաչյա Բեգլարյանը անփոխարինելի ավանդ ներդրեց նորագույն շրջանի հայ մշակույթի պատմության մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։