Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործի լուսաբանման համար առանձնահատուկ արժեք ունեն նրա ընտանիքի անդամների հուշերը: Առհասարակ գրականագիտության համար գրողի ընտանիքի անդամների յուրաքանչյուր հոդված, հուշ, առավել ևս մենագրություն սկզբնաղբյուրի նշանակություն ունեն: Այս իմաստով մեծ ու անփոխարինելի է պոետի դստեր` Նվարդի դերը: Նրանից հետո բանաստեղծի ընտանիքի անդամներից թումանյանագիտությանը իր ավանդը բերեց նրա թոռնուհին` բան. գիտ. դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը: Եվ ահա այս անունների կողքին դրվեց բանաստեղծի թոռնուհու` Արեգի դստեր` Սուրմա Թումանյանի անունը: Նրա «Եվ միայն տարիներ անց կամ «Անցյալի որոնումներում» մենագրությունը (“И только через много лет…’’ или “В поисках прошлого’’, Санкт-Петербург, 2017, К 150-летию со дня рождения Ованеса Туманяна) հարստացրեց թումանյանագիտությունը, հայ ժողովրդի ու նրա մշակույթի, նաև ստալինյան բռնաճնշումների զոհերի կյանքի պատմությունը: Այս ուշագրավ աշխատությունը բացառիկ է իր բովանդակությամբ և նշանակությամբ: Հեղինակը գրականագետ չէ, ոչ էլ բանասեր, պատմաբան կամ քննադատ, նա ակնաբույժ է, բայց սա ամենևին էլ զարմանալի չէ: Թումանյանի մասին գրել են ամենատարբեր զբաղմունքի մարդիկ, իսկ նրա մասին առաջին մենագրության հեղինակը եղել է ոչ թե բանասեր կամ քննադատ, այլ կաշվի առևտրով զբաղվող գործարար: Ամենակարևորն այն է, որ հեղինակը Թումանյան է և կրում է իր մեջ պոետի ազնիվ արյունը: Նա մեծ բանաստեղծի թոռն է, նրա կրտսեր որդու` պետական ու կուսակցական գործիչ Արեգ Թումանյանի միակ դուստրը` Սուրման: Հայտնի է, որ Թումանյանը, իր կյանքի վերջին ամիսներին` 1923 թ. հունվարին, ծանոթանալով Դոստոևսկու դստեր հուշերին, նկատել է. «Էս գիրքը հենց էսպես և եթե ավելի թույլ էլ լիներ գրված, նույնպես արժեքավոր է և հետաքրքրական, որովհետև աղջիկն է գրում հոր մասին»: Թե՛ Նվարդը, թե՛ Սուրման գրում են իրենց հայրերի մասին, հետևաբար, բանաստեղծի բնորոշմամբ, այդ գրքերը արժեքավոր են ու հետաքրքրական:
Սուրմայի այս աշխատությունը ներկայացնում է գրողի ու նրա զավակների, մասնավորապես ամենակրտսեր որդու` Արեգի կյանքի առավել ուշագրավ էջերը և լրացնում է պոետի ընտանիքի պատմությունը: Ընտանիք, որի առաքինությունը և զոհողությունները չափ ու սահման չեն ճանաչել:
Ասում են` անունը պատահական չի դրվում և այս կամ այն կերպ իր դերն է խաղում մարդու ճակատագրում: Ուշագրավ է, որ «Հազարան բլբուլի» հերոսին Թումանյանն անվանել էր Արեգ: Սուրմայի վստահեցմամբ` բանաստեղծը հաշվի է առել ոչ միայն Ղ. Աղայանի ցանկությունը, այլև նկատի է ունեցել չար ուժերի դեմ հանուն արդարության մարտնչող իր հերոսին: Սակայն իրական կյանքում, ինչպես գրում է հեղինակը, չա՛րը կանգնեց Արեգի ճանապարհին և կործանեց նրան: Այդ չարի անունը ստալինյան բռնաճնշումներն էին` անմեղ մարդկանց աքսոր, գնդակահարություններ: «Հազարան բլբուլի» պես անավարտ մնացին Արեգի երազներն ու նպատակները:
Գրքի առաջին գլուխը ներկայացնում է Արեգի մանկությունն ու պատանեկությունը: Հովհ. Թումանյանի «Ծաղիկների երգը» ընտանեկան բեմադրության մեջ Արեգը խաղում էր Արևի դերը` իր անվանը համապատասխան: Սուրմայի կարծիքով, նա այդ օրերից սովորեց ու նաև հավատաց, որ ինքը մարդկանց լույս, ջերմություն, ուրախություն և երջանկություն տանելու առաքելություն ունի (էջ 11): Արեգը գերազանց էր սովորում, Ստ. Լիսիցյանի խոսքերով` «գիմնազիայի հպարտությունն» էր, սակայն դպրոցն ավարտեց 11 տարում: Պատճառն ավելի քան հարգելի էր: 1917 թ. դեկտեմբերի 22-ին Անդրանիկ զորավարի կոչին Թումանյանը պատասխանում է. «Սիրելի՛ Անդրանիկ, Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է… Ես չորս տղա ունեմ, չորսն էլ կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կը լինեն: Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել»: Արեգը չէր կարող իր հայրիկի այդ խոստումից հետո դպրոց գնալ, ու թեև դեռևս զինվորական տարիքի չէր, աշակերտական նստարանից` 1918 թ. առաջին ամիսներին, կամավոր մեկնեց ռազմաճակատ և Էրզրումի համար մարտերում ցուցաբերած արիության համար արժանացավ Գեորգևյան Խաչի:
Հովհ.Թումանյան – հայրը կուռք էր իր զավակների համար: Նրա խոսքն օրենք էր, օրինակը` վարակիչ: Պոետի բոլոր երեխաներն էլ ձգտել են նմանվել նրան` և՛ ստեղծագործել, և՛ ազգային-հասարակական գործունեությամբ զբաղվել: Գրականության մեջ իրենց ուժերն են փորձել Արտավազդը, Անուշը, Համլիկը, Արեգը: Մանկության տարիներից Արեգը բանաստեղծություններ էր գրում: Տանը նրան «գանգրահեր պոետ» էին կանչում, 11 տարեկանից սկսում է պատմվածքներ ու հեքիաթներ գրել: Տեղեկանալով այդ մասին` բանաստեղծը բանտից հումորով գրում է. «Хи хи хи хи, Арег пишет стихи… Է՛հ, ինչ արած: Համբուրում եմ նոր պոետին… նա շարունակ կներշնչվի ու կգրի, կգրի և ոչինչ դուրս չի գա»: Բանաստեղծ, իհարկե, Արեգը չդարձավ, սակայն պոեզիայի նկատմամբ սերը երբեք չմարեց: Աշխատության «Немного о творчестве» գլխում ուշագրավ տեղեկությունների ենք հանդիպում Արեգի գրական ստեղծագործությունների` պոեմների, վիպակի, աշուղ Իմերլանի մասին լեգենդի, Թումանյանի կյանքին ու գործին վերաբերող անավարտ աշխատության մասին: Հոր կերպարը հաճախ է ներշնչանքի առարկա դարձել Արեգի համար: 1923-ին, մինչև պոետի մահվան վերջին ակնթարթը, որդիներից միայն նա էր հայրիկի կողքին: Իսկ հոր մահից հետո Արեգը գրկեց նրա սիրտը բառի ուղղակի իմաստով. «Ես հայրիկի սիրտը գողացա, ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը… բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա… Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը, ճիշտ ա, նա չի բաբախում, բայց… չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի: Պետք է դեն գցեին, կարո՞ղ էի համբերել: Չէ՞ որ ես էլ սիրտ ունեմ»: Հիվանդանոցում հոր տանջալից մահվան վիշտը մշտապես բույն դրեց Արեգի սրտում ու հոգում և, ի վերջո, վերածվեց լեգենդի, որի հերոսի` Իմերլանի կերպարում ներկայանում է Թումանյանը:
Գրքի յուրաքանչյուր տողում Սուրմա Թումանյանը դեպքերի անաչառ շարադրողից բացի, սիրող դուստր է: Նա արտահայտում է նաև իր հոգու անանց ցավը, որ իր հոր վերջին օրերին ոչ ոք նրա հետ չէր, միակ վկաները բանտախցի պատերն էին, ծառը, որի մոտ գնդակահարվել էր, իսկ դրանք խոսել չգիտեին (էջ 40):
Հովհ.Թումանյանի զավակները հաճախ են փորձել ստեղծել իրենց հայրիկի կենսապատումը: Աշխենը գրել է «Համառոտ կենսագրություն» 5 էջի սահմաններում: Անուշն առաջինն էր, որ պատմվածքի ժանրում սկսել էր գեղարվեստորեն շարադրել հայրիկի կենսագրությունը, Համլիկն էլ քրոջը խորհուրդ էր տալիս. «Հայրիկի խոսքերը, որ մեջ ես բերում, աշխատիր ճիշտ լինես և քիչ խոսեցրու հայրիկին, քիչ և զգույշ»: Այդ սկզբունքը կիրառել է նաև Արեգը Իմերլանի կերպարը ստեղծելիս: Այնուհետև Նվարդն էր իր ամբողջ կյանքը նվիրել իր հայրիկի կյանքի տարեգրությունը կազմելուն, և մահվան անկողնում անվերջ կրկնում էր «Հայրիկի տարեգրությունը մնաց»:
Սուրմա Թումանյանի այս գիրքը պատկերացում է տալիս Արեգի թումանյանագիտական աշխատանքների մասին: Բանաստեղծի կյանքով ու գործով զբաղվելու Արեգի ծրագրերը պայմանավորված էին ոչ միայն նրա արյան կանչով, այլև Պողոս Մակինցյանի` պոետին ներկայացրած մեղադրանքներով, որոնք հնչել էին նրա` Թումանյանի 60-ամյակի առիթով գրված ելույթում: Քննադատը, որ պոետին մտերիմ էր եղել և ակնածանքով ու խոնարհումով էր վերաբերվել նրա կենդանության օրոք, 1929 թ. մեղադրում էր նրան նացիոնալիզմի, հայդուկիզմի, կրոնականության, հեղափոխականության բացակայության, պրոլետարիատին չգովերգելու մեջ: Եվ միայն Արեգը այդ պահին համարձակվեց պատասխանել Մակինցյանին` գրելով. «Ես ուզում եմ տալ Թումանյանի բնորոշումը-Հովհ. Թումանյանը ողջ հայ ժողովրդի համազգային պոետն է» (էջ 50):
Ուշագրավ է, որ Մակինցյանը բանաստեղծին նացիոնալիզմի մեջ մեղադրելիս նկատի ուներ մասնավորապես «Հայոց վիշտը»: Այնուհետ Արեգը սկսեց լրջորեն զբաղվել Թումանյանի կյանքի և գործի ուսումնասիրությամբ: Միաժամանակ մտադիր էր կազմել նրա կյանքի տարեգրությունը (էջ 49-50)»:
Գրքի վերջին գլուխներում` “Московский период”, “Конец счастья”, ներկայացվում է Արեգի կարճատև կյանքի համառոտ ուրվագիծը և ողբերգական ավարտը: Մասնավորապես այս գլուխները շարադրելիս հեղինակը կատարել է հետազոտական լուրջ աշխատանք: Ամենայն մանրամասնությամբ կարողացել է ուսումնասիրել Անվտանգության ֆեդերալ ծառայության (ФСБ) արխիվում պահվող Արեգ Թումանյանի գործը, Հայաստանի ազգային արխիվի նյութերը, իր պապիկի գրական-գեղարվեստական ողջ ժառանգությունը:
Կյանքի վերջին տարիներին Արեգը տեղափոխվեց Մոսկվա: Ղեկավարեց ՍՍՀՄ Առևտրի ժողկոմխորհի պլանավորման բաժինը, ստանձնեց մի շարք այլ պաշտոններ: 1931թ. ապրիլիլ 11-ին ծնվեց Սուրման, լվացքի զամբյուղը մահճակալն էր, մայրիկի վերնաշապիկները` բարուրաշոր: Արեգը մտերիմ էր Ալ. Մյասնիկյանի, Ս. Օրջոնիկիձեի, Ս. Կիրովի և այլ անվանի գորիչների հետ, սակայն չխուսափեց ժամանակի լավագույն քաղաքական գործիչներին, մտավորականության սերուցքին պատուհասած ողբերգական ճակատագրից: Ա. Միկոյանը Արեգին ծանոթացրել էր անձամբ Ստալինի հետ` նրան ներկայացնելով որպես շատ պատրաստված ու հմուտ մասնագետի: Սակայն Միկոյանը, ոչինչ չկարողանալով անել մտերիմ ընկերոջ համար, հետագայում ամեն ինչ արեց Երևանում Թումանյանի թանգարան ստեղծելու համար:
Արեգին ձերբակալում են 1937 թ. հուլիսի 4-ին: Երբեք ոչ ոք ու ոչինչ, նույնիսկ ստալինյան բռնաճնշումները, բանտի դաժան կյանքն ու կտտանքները չստիպեցին Արեգին ստորագրություն դնել որևէ փաստաթղթի տակ, որը կստվերեր իր ու իր գերդաստանի սուրբ անունը: Եվ նա դատապարտվեց գնդակահարության, որն ի կատար ածվեց Ներքին գործերի ժողկոմիսար Հենրիխ Յագոդայի ամառանոցում:
6-ամյա Սուրման այլևս չի տեսնում իր հայրիկին: Հիշողության մեջ մնում են միայն նրա ձեռքերի ջերմությունը և վերջին համբույրը: 1937 թ. նոյեմբերի 5-ին Սիբիր է աքսորվում նաև Մուշեղը` դառնալով ստալինյան բռնաճնշումների հերթական զոհը և երրորդ զոհը պոետի ազնվական ընտանիքից: Աքսորեցին նաև Արեգի կնոջը` Ամալյային: Մոր ձերբակալությունից հետո մի ամբողջ գիշեր 6-ամյա Սուրման միայնակ մնում է տանը, անվերջ լաց է լինում, իսկ նույն բնակարանի կից սենյակում ապրող հարևանները վախենում են մոտենալ և գոնե հանգստացնող մի խոսք ասել: Սուրմային տեղափոխում են մանկատուն, և միայն 21 օր անց Աշխենը նրան տանում է Թիֆլիս` Օլգա տատիկի մոտ: Չորս որդի, մեկ դուստր կորցրած բանաստեղծի այրին փոխարինում է Սուրմայի ծնողներին 9 տարի շարունակ:
10 երեխաների հայրը` Ամենայն հայոց բանաստեղծ ու Ամենայն հայոց որբերի հայրիկ Հովհ. Թումանյանը Եղեռնի տարիներին բազմաթիվ որբերի կյանքեր է փրկել, նրանցից ոմանց որդեգրել, մի մասին էլ իր տուն է տարել ու պահել, շատերի կնքահայրը դարձել` առանց դույզն-ինչ պատկերացում ունենալու, որ որբ են մնալու իր երեք որդիների զավակները, իր թոռները` որոնց թիվը (7) չի հասնելու նույնիսկ զավակների թվին: Երեք որդիներն էլ դարձան ստալինյան բռնաճնշումների զոհ, իսկ չորրորդ որդին` Արտավազդը, չհասցրեց ընտանիք կազմել ու զավակ ունենալ, որովհետև Հայոց մեծ եղեռնի զոհ դարձավ 24-ը չբոլորած: Նույնպիսի ճակատագիր էր սպասվում Թումանյան ազգանունը կրող թոռանը` Վիգենին, ով Երկրորդ աշխարհամարտում կամավոր նետվեց առաջնագիծ, որ հանկարծ չմտածեն, թե ժողովրդի թշնամու զավակ է, և 1941-ին զոհվեց թշնամու գնդակից` մնալով անշիրիմ և կտրելով Թումանյանի գերդաստանի ազգանունը տանող միակ ճյուղը: Այսպես 37-ը շարունակվեց նաև թոռների ճակատագրում և ճղակոտոր արեց պոետի գերդաստանի պատմությունը: 6-7-ամյա հասակում որբ մնացին բանաստեղծի 7 թոռներից 5-ը, երեք որդիների զավակները: Օլգան հազարավոր որբեր պահած բանաստեղծի այրին էր, որբերի, որոնց մի մասին էլ իր տանն էր խնամել, այդ թվում Կարեն Սերոբի Դեմիրճյանի մայրիկին: Այժմ 5 զավակներին կորցրած որդեկորույս մայրը ճակատագրի դաժան խաղով ապրում ու ապրեցնում էր որբացած թոռներին, նրանց էր տալիս իր մեծ սրտի լույսն ու ջերմությունը: Չէ՞ որ ժամանակին նրա անունը Լեոն «Նահատակ» էր դրել, քանի որ ամուսինը «ընտանեկան աղետ» էր: Այժմ առանց ամուսնու, միայնակ, առանց չորս տղաներից որևէ մեկի աջակցության, պիտի լուծեր ընտանիքի առջև ծառացած բոլոր խնդիրները, պիտի պահեր նրանց որբերին:
Գիրքը տպագրվել է խնամքով, հրատարակչական բարձր որակով և ճաշակով: Տեղ գտած ընտանեկան և փաստաթղթային լուսանկարները վավերագրական նյութին հաղորդում են գեղարվեստականություն: Անհնար է առանց հուզմունքի նայել Յագոդայի ամառանոցի այն ծառին, որի մոտ գնդակահարել են Արեգին, և որի վրա փակցված է ցուցանակ` Արեգ Թումանյանի լուսանկարով: Սուրման մեծ պոետի թոռ է, և իր երախտագիտությունը արտահայտում է նաև արվեստի լեզվով` իր հետ բոլոր դժվարությունները հաղթահարած ամուսնուն` անվանի բժիշկ Արտեմ Թոթոլյանին, ձոնված բանաստեղծությամբ:
Թումանյանի կյանքն ուսումնասիրողներից ոչ ոք ո՛չ այսօր և ո՛չ էլ հետագայում չի կարող շրջանցել ո՛չ Օլգայի, ո՛չ Նվարդի, ո՛չ Աշխենի, ո՛չ Իրմայի և այսօր արդեն ո՛չ էլ Սուրմայի ու նաև նրա հայրիկի` Արեգի դեռևս չտպագրված գրառումներն ու շարադրանքները բանաստեղծի մասին: Ինչպես աշխատության յուրաքանչյուր տողի ու բառի, այնպես էլ նրա քնարական վերջաբանի մեջ մեծ սեր կա, թումանյանական սեր: Ընթերցողի սեղանին դրվել է մի գիրք, որ կարող էր և պետք է գրեր միայն Սուրմա Թումանյանը: