Մերօրյա հայ արձակը հարստացավ մի նոր անակնկալով` հանձին Սուրեն Սարումյանի «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը» վեպի: Այս երկը կրկին ապացուցեց, որ արվեստի զարգացումը պահանջում է անակնկալներ: Եվ ինչքան լավ է, որ այս զարմանալի և հրաշալի ստեղծագործությունը շունչ ու թևեր է առել հայ գրականության արցախյան օջախում: Սակայն այստեղ անհրաժեշտություն կա պարզաբանելու երևույթի մասնագիտական առնչությունը, որի թելադրանքով խնդրո առարկա վեպը համարում ենք անակնկալ:
Մենք գիտեինք Սուրեն Սարումյանին որպես լրագրողի, «Մարտիկ» զինվորական թերթի փորձառու խմբագրի, սակայն որպես տաղանդավոր գրողի՝ չգիտեինք: Չափազանցություն չէ նրան հասցեագրված «տաղանդավոր գրող» բնորոշումը: Նրա բազմիմաստ խոսքն արժանի է սրտաբուխ դրվատանքի, որ պատկերավոր մտածողության, տարիների ընթացքում բառապաշարի հարստացման, մայրենիի ճկունության յուրացման արդյունք է: Պարզվում է, որ աստվածային շնորհ ունեցող լրագրողի ճամփան գնում է դեպի ստեղծագործական արդյունավետ հունձք: Հրանտ Մաթևոսյանից հետո վկայակոչենք Մուշեղ Գալշոյանին, Մաքսիմ Հովհաննիսյանին, Լևոն Խեչոյանին և մյուս ականավոր գրողներին, որոնց հրապարակախոսությունն օծված է գեղարվեստականության ոսկեփոշով: Այստեղ պատահական չենք հնչեցնում «հրապարակախոսություն» ժանրը, որն ընդունել են Չարենցն ու Սևակը, իհարկե, պատկերավորության սահմաններում: Մեր այս դիտարկումը լրիվ առնչվում է Ս. Սարումյանի վեպին` թե՛ բովանդակության և թե՛ գեղարվեստական առանձնահատկությունների առումներով: Ս. Սարումյանը ձեռք է մեկնել մի այնպիսի երևույթի, որի պատճառով ցնցված են ոչ միայն խոշոր տերությունների ղեկավարները, այլև հասարակական գիտակցության բոլոր ձևերի ժողովրդամետ ներկայացուցիչները: Երևույթն ինքնըստինքյան դառնում է ոչ միայն հրապարակախոսական քննարկման առարկա, այլև նրա դեմ մարտնչելու, նրա առաջն առնելու գործողություն: Այստեղից էլ` նրա աշխարհասասան բնույթը, որը հուզել է նաև մոլորված աշխարհի կողմից դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հրապարակախոս-գրողին:
Պատահական չէ նաև արցախցի գրողի անհանգստությունն Իսլամական պետության` քաղաքակիրթ աշխարհի դեմ ուղղված հանցագործությունների և իրեն Շամի խալիֆ հորջորջած Աբու Բաքր ալ-Բաղդադիի մարդատյաց գաղափարաբանության կապակցությամբ: Հիրավի, պատահական չէ, քանզի արցախցի գրողի պապենական-ավանդական հայրենիքը բոլշևիկ ղեկավարների կողմից նետվել էր Ադրբեջան կոչված նորաթուխ հանրապետության հայակուլ երախը և խորհրդային 70 տարիների ընթացքում ենթարկվել ամեն կարգի ահաբեկչության` երկիրը հայաթափ անելու ու սեփականելու աններելի միտումով: Պատահական չէ նաև այն առումով, որ Իսլամական պետության շորշոփները քաղցկեղի ճիրաններով հասել են օսմանիզմի թույնով վարակված Ադրբեջանի կառավարիչներին, որոնց իմացությամբ ու թույլտվությամբ հարյուրավոր ազերի երիտասարդներ դարձել են Իսլամական պետության մուջահիդներ ու նրա նոր խալիֆի դրոշի տակ գորշ գայլերի ոռնոցով աղաղակում են. «Ես` Ալլահի նվաստ ծառաս, ուխտեցի չդառնալ հորս տուն, քանի դեռ վերջին քաֆիրը իր կարմիր արյունով չի ոռոգել խալիֆայության սրբազան հողը»: Իսկ ազերի մուջահիդի արյունամած ուղեղում խալիֆայության երազած տարածքը ներառում է մեր Մայր Հայաստանը և նրա անբաժանելի մասը կազմող Արցախ աշխարհը:
Կարդալով ու վերընթերցելով Ս. Սարումյանի վեպը` ընկալում ես հեղինակի փոթորկված հոգու ալեկոծումը, համոզվում նրա գեղագիտական իդեալի մարդասիրական ընդգծումներում, որոնց մեջ առավելագույնս հնչում է այն կոչը, որ աշխարհի ուժային կենտրոնները պետք է միջոցներ ձեռնարկեն Իսլամական պետության նախաձեռնած արհավիրքի առաջն առնելու, այլապես ապագա սերունդները չեն ների երբեք:
Ս. Սարումյանի երկը ժանրային առումով որակվում է որպես վեպ: Գրքի գիտական խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Գրիգորյանը այդպես էլ անվանում է: Հայտնի է դասական վեպի հատուկ կառուցվածքը` կոմպոզիցիոն և սյուժետային օրինաչափություններով: Ս. Սարումյանի վեպը դուրս է դասական վեպի սյուժեի պահանջներից: Սակայն դա չի խանգարում երկի գաղափարի` արմատական իսլամիզմի անընդմեջ բացահայտմանը, որը գտնվում է ընթերցողի ուշադրության կիզակետում: Իսկ այդ աշխարհացունց գաղափարը գրված է արյամբ, մարդկային ցեղի համար կործանարար հետևանքով: Ահա այդ գաղափարի հիմնական պահանջը, որն արդեն իրականացվում է Ալլահի արնախում զինվորների կողմից. «Աշխարհի բոլոր մարդիկ պիտի հնազանդորեն խոնարհվեն Ալլահի առջև և նրան ճանաչեն իրենց վրա միակ Տիրակալ: Ալլահը թող ամրություն տա մեր բազուկներին, ու մեր առջև ընկնելու է Հռոմը»:
Դժվար չէ նկատել, որ Իսլամական պետության գլուխ կանգնած Աբու Բաքր ալ-Բաղդադին իրեն ներկայացնում է որպես նոր Աթիլլա, որի անունից Մեծն Չարենցը դեռևս 1916-ին մարգարեական պայծառատեսությամբ գրել է.
…Մոռացել էին արքա Աթիլլին,
Եվ հեգնում էին երազը նրա…
Եվ կարծում էին, որ մեռել է նա…
Իսկ ես-բարձրացել,
անցնում եմ կրկին…
Ես կրկին ահա քանդում եմ, վառում.
Քաղաքներ, գյուղեր փլչում են իմ դեմ,
Եվ այս անգամ ես`
գո՜ռ, անհա՛ղթ արդեն`
Մի կարմիր գիշեր կմտնեմ Հռոմ…
Ս. Սարումյանի երկը, դասական վեպի սյուժետային տարրերը չպահպանելով հանդերձ, կարելի է ներկայացնել որպես էպիկական սեռին պատկանող քաղաքական վեպի մի նոր, հաջողված օրինակ:
Անդրադառնալով վեպի կոմպոզիցիոն կառուցվածքին, կարող ենք նշել, որ այստեղ ևս գրողը նորովի է մոտեցել հարցին` շահելով այն տեսակետից, որ գրքի առանձին պատումներ հիշեցնող մասերը սերտորեն կապված են երկի բովանդակությանը: Նրանցում ներկայացվող կերպարները թեկուզ տարբեր առիթներով ու տարբեր տարածքներում գործում են մեկ գաղափարով ու մեկ միտումով, սակայն չեն կրկնում միմյանց: Նրանց գաղափարն արմատական իսլամիզմն է, նպատակը` նրա տարածումը` այլադավան ժողովուրդների անխնա ոչնչացման գնով:
Վեպի հաջողությանը նպաստել է հեղինակի խորքային իմացությունն իսլամի՛ ընդհանուր դրույթների և արմատական իսլամիզմի նկրտումների առումներով: Այդ է վկայում գրքի մուտքը` «Հանուն ողորմած և գթառատ Ալլահի» վերտառությամբ, որտեղ բացահայտվում են «խալիֆ», «քաֆիր» «Ղուրան», «շեյխ», «մուջահիդ»¬ «ջիհադ», «Քաաբա», «զիմմի», «ջիզյա» և այլ հասկացություններ:
Իրադարձությունների և փաստերի կոնկրետ իմացությամբ Ս. Սարումյանը պատկերում է Իսլամական պետության ղեկավարի ու նրա արնածարավ զինակիցների չարագործությունները` հիմնադրման սկզբից մինչև մեր օրերը: Ճիշտ է, վեպի գործող անձինք նույն գաղափարի կրողներն են, սակայն տարբեր են իրենց ազգային բնավորությամբ ու դաժանությամբ: Դրանք չեչենական պատերազմի մասնակից, հորդանանցի Ալավադն է, Սաիդ և Շարիֆ Քուաշիներ ջիհադական եղբայրները, որոնք Փարիզում կազմակերպեցին «Շառլի Էբդո» երգիծական հանդեսի աշխատողների սպանդը, Աբու Մուսլիմ ալ-Թուրքմանին, Իսլամական պետության ներքին գործերի նախարար Աբդուլ Ուահիդ Խուդայար Ահմադին, ազերիներ Աբուլֆազը, Ահմատը, տաջիկ Ռոստոմը, չեչեն Ումարը և ուրիշներ: Նրանք համակված են սարսափազդու մի գաղափարով, որն ազդարարում է. «Երկիրն, արդարև, բաժանված է երկու խրամատի, երկու ճամբարի, և երրորդ ճամբար չկա: Կա հավատի և իսլամի ճամբար, ու կա քուֆրի և երեսպաշտության ճամբար: Մուսուլմանների և մուջահիդների ճամբարը և ջհուդների ու խաչակիրների ճամբարը»: Այս քարոզից հետո ընդգծվում է, թե կեղծ, Ալլահին դեմ կարգախոսներ են քաղաքակրթությունը, խաղաղությունը, համակեցությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, աշխարհիկությունը, ազգայնականությունը, հայրենասիրությունը և այլն: Նրանց համար ճշմարիտ են միայն նրանք, ովքեր կգնան Շամի նոր խալիֆի նշած ուղիով և զոհվելուց հետո կճաշակեն Ալլահի դրախտի պտուղներն ու անմահ հուրիների սերը: Գրքում բերված է նաև Իսլամական պետության տեսաբանների կեղծ քարոզը տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հանդեպ. «Այս պետությունում արաբն ու ոչ արաբը, սպիտակամորթն ու սևամորթը, արևմուտքի մարդն ու արևելքի մարդը եղբայրներ են և հավասար են: Խալիֆայությունում միասին են կովկասցիները, հնդիկները, չինացիները, շամիները, գերմանացիները, ֆրանսիացիները, ավստրալացիները, եգիպտացիները, իրաքցիները, հորդանանցիները: Նրանք բոլորը միասին են, և Ալլահն է միավորել նրանց սրտերը: Նրանց արյունը խառնվել է միմյանց և դարձել է նույնը: Նույն խրամատում, նույն դրոշի ներքո նրանք անձնազոհ են ու օրհնված եղբայրական սիրով և նշված` Ալլահի շնորհով»:
Ս. Սարումյանի վեպը հանրագիտարանային ընդգրկումներ ունի: Նրանում պատկերված են 21-րդ դարում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները` Իսլամական պետության խառնարաններից մինչև Եվրոպա և ԱՄՆ: Վեպն ազգային-մշակութային արժեք է ստանում այն առումով, որ նրանում ռեալիստական վառ գույներով նկարագրված են հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները` Արցախի ճակատագրի ներկա և ապագա վիճակի համապատկերին: Ճիշտ ու նպատակամետ են գրքի այն էջերը, որոնցում պատկերվում է Արցախի պաշտպանության բանակի քաջասիրտ զինվորների հերոսական պայքարը ազերի դիվերսանտների ներխուժումների ու հարձակումների դեմ: Հմուտ գրչի արդյունք են «Յաշմայի բրիգադը Ղարաբաղի լեռներում», «Զորականը», «Մահվան հնձվորը» և այլ պատումներ:
Գիրքն ավարտվում է «Ջիհադի հիմնավորումը, խալիֆի և շեյխի աստվածաբանական երկխոսությունը» պատկերով, որտեղ հեղինակը երկխոսության միջոցով ներկայացնում է Իսլամական պետության խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի և նրա խորհրդատու, աստվածաբան-քարոզիչ Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի միջև: Մեջբերելով «Ղուրան»-ի սուրահները, նրանք գալիս են վերջնական եզրակացության. «Իսլամը բացարձակ ճշմարտություն է, պարտադիր ողջ մարդկության համար… Իշխանություն ունի միայն Ալլահը, և նա է Տիեզերքի իրական Տիրակալն ու հովանավորը: Ալլահը վկա, մենք կանգնում ենք երկրի երեսից բոլոր մարդկային թագավորությունները բնաջնջելու անհրաժեշտության առջև, որպեսզի աշխարհին իշխի նրա իրական Ինքնակալը»:
Ս. Սարումյանի վեպը կարող է քննություն բռնել ոչ միայն թեմատիկ-գաղափարական հիմքով, այլև գեղարվեստական թարմ ու կոլորիտային պատկերավորությամբ: Այն ապագա ունեցող երկ է: Ողջունենք հեղինակին և մաղթենք նոր հաջողություններ` մեր նորօրյա գեղարվեստական խոսքի ասպարեզում:
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր