«Նոր Վերնատունը»` թումանյանական ավանդներին հավատարիմ (Հյուսիսային համալսարանը` Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ)

2009 թ., Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ, Հյուսիսային համալսարանում հիմնադրված «Վերնատունը» դարձավ մի յուրօրինակ գիտահետազոտական օջախ, որի ուշադրության կենտրոնում, ի թիվս գիտական տարաբնույթ հարցերի ուսումնասիրության, կարևոր տեղում են թումանյանագիտության զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրերն ու նախաձեռնությունները:
Համալսարանի ղեկավարությունը 2008 թ. ձեռնամուխ եղավ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 140-ամյակին նվիրված տոնակատարությունները պատշաճ ձևով անցկացնելուն: Այդպես, 2008-ի տարեսկզբին, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանի առաջնորդությամբ և մի շարք անվանի լոռեցիների նախաձեռնությամբ, Հյուսիսային համալսարանում հիմնադրվեց «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը (հիմնադիր նախագահ` Բ. Մակիչյան):
2008-2009 ուստարվա ընթացքում համալսարանի դասախոսների ուժերով Երևան քաղաքի, Լոռու, Արարատի և Արագածոտնի մարզերի հարյուրավոր դպրոցներում կազմակերպվեցին օլիմպիադաներ` «Իմ Թումանյանը» խորագրով: 2009 թվականից սկսած` ամեն տարի փետրվարի 19-ին համալսարանում գումարվում է միջբուհական գիտաժողով` նվիրված Մեծն Թումանյանին: Այդ օրը թումանյանագիտության ոլորտում զգալի աշխատանք կատարած անձինք պարգևատրվում են պատվոգրերով և «Թումանյան-145» հուշամեդալով, արժանանում Հյուսիսային համալսարանի «Պատվավոր պրոֆեսոր» և «Լավագույն բարեկամ» պատվավոր կոչումներին:
2013 թ. մարտի 29-ից ապրիլի 2-ը կազմակերպվեց «Հովհաննես Թումանյանը և արդիականությունը» հանրապետական միջբուհական գիտաժողով` նվիրված Թումանյանի մահվան 90-ամյակին, իսկ 2016 թ. տպագրվեց «Թումանյան-145» գիտաժողովի նյութերի ժողովածուն:
Հովհ. Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Երևանի Հյուսիսային համալսարանը և ՀԳՄ-ն կազմակերպել էին երթ դեպի Ազատության հրապարակ՝ հանդիսավոր նշելու տոնը: Համալսարանի ուսանողները, «Լոռվա ձոր» հ/կ-ն ծաղկեպսակ դրեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Հովհաննես Թումանյանի հիշատակին: Ռ. Շառոյանը թումանյանական ավանդներին հավատարիմ մնալու համար արժանացավ «Թումանյան 145» հուշամեդալի: Հովհ. Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առիթով ՀԳՄ-ին՝ ի դեմս նախագահ Էդ. Միլիտոնյանի, հանձնվեցին Հյուսիսային համալսարանում գումարված միջբուհական գիտաժողովների՝ «Թումանյանը և 21-րդ դարը», «Թումանյանը և արդիականությունը», «Թումանյան-145» ժողովածուները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։