ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ / Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Համեմատական առումով, Վահան Թեքեյանը թեև ապրեց արևմտահայ գրականության մեր գեղապաշտ սերնդի մյուս գրողներից ավելի երկար, սակայն նրան երջանիկ կյանք չվիճակվեց, ավելին, նրա ապրած ամեն մի օրը լեցուն եղավ բազում դառնություններով: Գրեթե ողբերգական եղան նրա կյանքի մանավանդ վերջին տարիները:
Միքայել Կյուրճյանին դեռևս 1940 թ. ապրիլին գրած մի նամակում Թեքեյանը ցավով նշում է. «…ուժս պակսած է, բայց խմբագրատուն («Արեւի» – Ա.Ա.) կու գամ կոր` որովհետեւ պէտք է գալ եւ պէ՛տք է սատկիմ այս գէշ օդին, գէշ օգնականներուն եւ գէշ գործին մէջ…»1: Իսկ հաջորդ տարվա դեկտեմբերին գրած նամակում խոսելով իր «գէշէն գէշ» վիճակի մասին, վկայում է. «Երեկ իրիկուն երբ խմբագրատունէն ելայ` հինգ վայրկեան մայթին եզերքը, մութին մէջ կեցած մնացի` երթալիք տեղս չգիտնալով, որքա՜ն մութ էին մտածումներս» (էջ 452): Մտածումները, իհարկե, շատ մութ էին, բայց «անժպիտ» Թեքեյանը շարունակում էր աշխատել ու ստեղծագործել, և անգամ երբեմն էլ դիմում երգիծանքի` իրեն ծանոթ կանանցից մեկին գրելով. «Հազս բնաւ աղէկ չէ… Կը վախնամ կոր, որ սիրտս կանգ պիտի առնէ… ոչ թէ մեկու մը, այլ ինքն իր վրայ…» (էջ 458): Իր այդ ծանր վիճակով հանդերձ՝ Թեքեյանը այս շրջանում ձեռնարկում է հիվանդանոցում գտնվող Շ. Շահնուրին օգնության հանգանակություն կազմակերպելը, ազգային ու կուսակցական ոլորտներում ծավալում իր պայքարները:
Նրա կացության շատ թե քիչ լավացման արտահայտություններից մեկն էլ եղավ 1941-ից «Արեւի» համարներում «Ամենօրեայ» վերնագրով սյունակի բացումը, որը նա անվանեց իր «երկրորդ երիտասարդության պտուղները»: Բայց ո՛չ տնտեսական և ո՛չ էլ մանավանդ առողջական վիճակի էական փոփոխություն նրան չէր սպասվում: 1943 թ. գարնանը «Արեւի» խմբագրատանը նա աղիների գալարում է ունենում, սրտի ցավեր, փոխադրվում է Կահիրեի ֆրանսիական հիվանդանոց, ուր մնում է մի քանի օր: Գրողն արդեն ստեպ-ստեպ է այցելում խմբագրատուն: Նա ավելի ապրում է «երեկի ներկայութեամբ ընդդէմ այսօրւան», թեև իր մի դեռատի նամակագրի (Ֆիմի անունով – Ա.Ա.) գրում է, թե ինքը դեռ շարունակում է «փոխն ի փոխ տառապել» անցյալով, ներկայով ու ապագայով: Այս առումով, Թեքեյանը երգիծական մի ուշագրավ նկատում ունի, որը պարզում է տխուր իրականության հանդեպ ունեցած նրա բնավորության ու մտածողության սթափատեսությունը նաև, որտեղ գրում է, որ Ալեքսանդրիայում գտնված ժամանակ Միք. Կյուրճյանի հետ… զգուշանում էին «անցեալին վրայ խոսելէ, ապագային վրայ չկրնալով խոսիլ եւ ներկային մէջ խոսելու արժանի բան չգտնելով…», և ապա շարունակում. «Այն տպավորութիւնը ունիմ, թէ իմ վերջալոյսիս տարիները կ’ապրիմ` որոնց լոյսը եթէ պակասած` քաղցրութիւնը աւելացած է: Բայց ասիկա կը պարտիմ մեծ մասամբ տխրութեան, չըսելու համար տառապանքին` զոր երիտասարդի եւ չափահաս մարդու ալ սիրտըս ապրած եւ թարգմանած է չափուած տողերով…» (էջ 471):
Թեքեյանի ապրած օրերը գնալով, իհարկե, ավելի ու ավելի ծանր էին դառնում, որին նպաստում էր նաև Կահիրեի, ուր նա ապրում էր, դժվար տանելի տաք ու խոնավ եղանակը: Թեքեյանը 1943-ի սեպտեմբերին կարճ ժամանակով լինում է Ալեքսանդրիայում, որի ծովափնյա օդը կազդուրիչ դեր է ունենում նրա առողջության վրա, որի արդյունքում «շատ գէշ» չէր` «շատ ա՛ղէկ չըլլալով հանդերձ»: Նա մասնակցում է արտասահման ապաստանած հայության հայապահպանմանը սատար կանգնելու նպատակով ստեղծվող «Հայ ազգային հիմնադրամի» կազմակերպման աշխատանքներին: Գրողին առաջարկվում է ստանձնել Կահիրեի հայկական վարժարանների ուսումնական խորհրդի ղեկավարումը, սակայն նա չի համաձայնում: Եգիպտոսի «հայկական կեանքին մթնոլորտը» ևս «շնչելի» չի դարձնում նրա ապրած օրերը: Իրենց ազնիվ չեն պահում նաև Թեքեյանի որոշ բարեկամ-ընկերները: Շուտով նա ընդհարվում է «Արեւի» տնօրինության ու կուսակցության որոշ ղեկավարների հետ և դադարում թերթին աշխատակցելուց: Նա հեռանում է նաև Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունից: Հրանտ Նասիբյանի նյութական աջակցությամբ 1943-ին Կահիրեում լույս է տեսնում Թեքեյանի «Հայերգութիւն» բանաստեղծությունների ժողովածուն: Կապված կյանքի հարուցած բազում դժվարությունների հետ` Թեքեյանը տասը տարի գիրք լույս չէր ընծայել: Թեքեյանի 5-րդ այս գիրքը միտում է մեր ժողովրդի անցած ճանապարհի հայելին դառնալ, նրա գոյակռվի, հույսի ու հավատի, կորուստների և մանավանդ մարդկային ու ազգային մաքառումների արտացոլքը տալ, որը Թեքեյանը խտացնում է ժողովածուի առաջին՝ «Վասն ձեր», բանաստեղծության հետևյալ տողերում.
…Փառքն ու արհաւիրքը անցեալի,//Ներկայի շուարումը//Ու ապագայի տեսիլքը//Ժողուեցի մաս առ մաս/Վասն ձեր եւ բազմաց…
Ժողովածուի առաջաբանում Թեքեյանն իր գիրքը որակում է որպես թարգման. «…Հայ Ազգին կարճ ատենի մեջ ապրած հոգեկան աճումի եւ կորուստի, հրճուանքի եւ տառապանքի, յոյսի, անյուսութեան եւ յետոյ դարձեալ յոյսի բոլորովին անօրինակ, իրեն միայն յատուկ կեանքը ու միանգամայն կ’արտահայտէ այդ կեանքին ներշնչած, հոս արուեստ դարձած ոգին»2, որը բառ առ բառ խտացումն ու ընդհանրացումն է նաև հենց իր` Թեքեյանի ողջ կյանքի:
1944-ի ամռանը Թեքեյանը այցելում է Պաղեստին: Երուսաղեմում, Հոպպեում և Հայֆայում նրա պատվին կազմակերպվում են հանդիպումներ ու հավաքույթներ: Գրողը վայելում է Հ. Օշականի, Շ. Պերպերյանի և իր մի խումբ համակիրների ընկերակցությունը, գոհ մնալով իր ապրած այդ օրերից՝ նորից վերադառնում է Կահիրե և շնչարգելությունից ու պնդերակությունից բուժվելու նպատակով մեկնում Ալեքսանդրիա, շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո վերսկսում իր ծանր աշխատանքը «Արեւում»: Թեքեյանը այլևս նման չէր ո՛չ նախկին «ղազէթճիին» և ո՛չ էլ բանաստեղծական նախկին «յորդումներ կ’զգար կուրծքին տակ»: Բազում մտածումներ ու ասելիքներ մեկընդմիշտ պիտի «թաղուած մնային» նրա մեջ: Հոկտեմբերի վերջերին գրված մի նամակում նա արձանագրում է.«Կար չկար ծեր (Թեքեյանը 66 տարեկան էր այդ ժամանակ – Ա. Ա.) մարդ մը կար, որուն քերթող կ’ըսեին եւ որ վերջ ի վերջո, եկած էր, սիրած էր գալ նոյն համոզումին` բայց ոչ առանց տխրութեան, ծէր մարդ մը, ծէր քերթող մարդ մը հետեւաբար, որ խոր ծերութեան հասնելէ քիչ առաջ, թերե՜ւս այդ համոզումին շնորհիւ` որ իր քերթուածներուն մէջ թափած սէրերէն ցոլք մը կը դարձնէր իրեն, զայն կը դնէր նայուածքին, ձեւին ու ձայնին մէջ` որոնք իր խրտչոտ ու երկչոտ ըլլալովը, վերապահ ըլլալէ աւելի` գրեթէ կարծր ու չոր էին իր ամբողջ երիտասարդութեանն ու չափահասութեանն ալ ատենը» (էջ 479) (ընդգծումը – Ա.Ա.):
Այսպես, տարիների հեռվից գրեթե սպառիչ բնութագրելով իրեն ու իր քերթողությունը, Թեքեյանը վերոհիշյալ տողերում նորից ու նորից է շեշտում այն անհուն տխրությունը, որ ուղեկցել էր իրեն ողջ կյանքի ընթացքում:
Այդ տխրության պատճառները տարբեր էին, որոնցում հետին տեղ չէին գրավում Թեքեյանի շրջապատն ու մանավանդ նրան վիճակված միայնակ կյանքը. «Դժուար է խնամող մը եւ տուն մը չունենալ մանավանդ: Առաջ այսպէս չէր բոլորովին. Ընտանիքի մը մէջ կ’ապրէի. (Թեքեյանը նկատի ունի ծանոթ ընտանիքում մի կարճ ժամանակ իր ապրելը – Ա.Ա.), մինչ հիմա սենեակի մը մէջ եմ միայն, երբ աւելի պէտք ունիմ հանգստի, հոգածութեան» (էջ 484):
Ավելացնենք, որ միշտ էլ նրա բնակած «սենեակները» «դամբանային» եղան, իսկ կերած հացը` լեղի, որի պատճառով էլ նա իր արցունքների հետ իր այդ դատապարտվածությունն է, որ կուլ էր տալիս, ու իրեն վիճակված կյանքի մնացած մասը ապրում «կէս մը մանուկի եւ կէս մը ծէրի վիճակով»: Եվ գուցե հենց դրա համար էլ նա իրեն հաճախ անվանում էր «քարանձաւ», «աւերակ», «անապատ», մի անապատ, որ իր բառերով ասած` «աւելի չոր եւ ճնշիչ կըլլար»:
Չնայած այս ամենին՝ Թեքեյանը միշտ մնաց նվիրյալ հոգի, հավատալով, որ պետք է «մէկդի նետել մտածումները եւ հաստատ կերպով… մղել ներկայ ամենօրեայ պզտիկ պայքարները, որոնց յաղթական ելքով է` որ վաղը հնարաւոր պիտի ըլլայ… մեծ պայքարը…» (էջ 482):
Այս ընթացքում Թեքեյանը «Արեւում» տպագրում է անստորագիր մի քանի ջախջախիչ խմբագրականներ, որոնցից մեկն էլ «Ի պատասխան հարեւաններու հանած անյարկի վլվլուքին»` նկատի ունենալով հնչակյաններին հակառակորդ կուսակցության օրգան «Յուսաբեր» թերթը, ստեպ-ստեպ, ինչպես ասում են, նաև թևածում բանաստեղծական աշխարհներում:
Միակ մխիթարությունը դառնում է այն, որ նախորդ գրքի հովանավորի օգնությամբ լույս աշխարհ է գալիս հերթական ժողովածուն՝ «Տաղարանը», որի նախնական վերնագրերը՝ «Հոգետուն», «Վերջին լույս», «Նոր սեր» արդեն ենթադրում էին, որ գրողը այստեղ կատարում է մարդկային կյանքի ու սիրո տարաբնույթ եզրերի բացահայտումներ:
1945 թ., ինչպես ասում են, բանաստեղծական հունձք չբերեց Թեքեյանին և ոչ էլ առողջության կազդուրում: Տաք Եգիպտոսում, ուր, Հ. Օշականի խոսքերով ասած, «մարդուն միտքը կը լխկի», Թեքեյանը «կը ’ մրսեր»: Կմրսեր հոգով, մտքով, բայց մանավանդ շրջապատից բխող սառնությունից:
Շ. Շահնուրի բնութագրմամբ` «բարձր բարոյականի ջատագով», «միշտ վերապահ», «գերզգա» այդ մարդը ստիպված էր ամեն օր շփվել ազնվություն ու մտավորականի հոգի չունեցող «շուկայիկ մարդոց» հետ: Եվ այդ ազնվական մարդը, որ վեր էր նաև իր կուսակիցներից, որքան դժբախտ էր իր անձնական կյանքում, նույնքան էլ միայնակ էր հասարակական շրջապատում:
Թեքեյանը 1945-ի սկզբներին ունենում է թոքի արյունազեղություն, սկսում է դժվարությամբ քայլել, առավել ևս դժվարությամբ գրել, անգամ կարդալու տկարություն է զգում: Թեքեյանը մարտին պառկում է Կահիրեի ֆրանսիական հիվանդանոցում: Ձեռքերի վերքերը և մանավանդ թոքերը ծայրագույն վատթար վիճակի էին հասել, հազը՝ այլևս անտանելի. «Ասանկ չարչարուելո՞վ պիտի մեռնիմ. Սանկ շնորհքով հիւանդութիւն մը ըլլար, քեզ քանի մը օրեն առնող տանող… բայց ասիկա՜ … էօֆ…»3:
Շուտով հիվանդի վիճակը այնքան է ծանրանում, որ բժիշկները խորհուրդ են տալիս քիչ խոսել, իսկ ավելի ստույգ՝ պահանջում են «բնաւ չխոսել»: Թեքեյանը այլևս մահճակալին գամված մարդն էր, մենակ, քան երբևէ, և եթե չհաշվենք նրան «ընկերակցող» հիվանդությունները, կողքին չուներ ո՛չ հարազատներ, ո՛չ հոգատար ձեռքեր և ո՛չ էլ իր մտքին ու ձեռքերին այնքան տարիներ հավատարմորեն ծառայած գրիչը: Եղածն ընդամենը կարճ ժամանակով այցելած մի քանի համակիրներ էին: Բացակա էր նաև Տերը: Թեքեյանը այլևս մահվան անկողնու մեջ էր, ուր տեղափոխվել էր իր կյանքի ցավի անկողնուց: Անօգնական մարդն էր նա՝ իր մի հատիկով, որը շուտով այլևս չէր բացվելու: Վերջինների՜ց մեկը… «Կմըսի՞ սիրտըդ» հայ բանաստեղծ…:
Մահվանից ընդամենը մեկ ամիս առաջ Թեքեյանը փայփայում էր այն միտքը, որ ամռանը Երուսաղեմ կայցելի: Չայցելեց: Ո՞ւր… ո՞ւր էր պատրաստվում մեկնել Եղեռնից մազապուրծ արևմտահայ վերջին դասական բանաստեղծը: Դեռևս 1914-ին լույս տեսած իր «Հրաշալի Յարութիւն» ժողովածուում տպագրած «Երկու մահերը» քերթվածում Թեքեյանը տենչում էր իր մահվան երկու տեսակ՝ «իրիկուն մը մարիլ» գյուղական խրճիթի մեջ, ուր «սէրը տիրէ», և կամ՝ «Տարուիլ դաշտե՛րը կռուոյ, վրեժաբորբ, հըրաչուի»: Բայց դժխեմ ճակատագիրը նրան թույլ չտվեց նման ելք ընտրել, թեև նրա ողջ կյանքը մարտադաշտից քիչ տարբերվեց:
1945 թ. ապրիլի 1-ին, որը Զատիկի տոն էր, փրկության, խաղաղության ու հույսերի տոն, այդ նույն հույսերով պարուրված, բայց և անհուսությամբ լեցուն հիվանդին քննելուց հետո բժիշկները եզրակացնում են, որ «Հույս չկա»: Արդեն երևում էին առաջին մահանշանները՝ դեմքի դեղնություն, անկանոն խոսք: Հիվանդը հաճախ է խնդրում շուրթերին թրջած բամբակ մոտեցնել ու ինքն իրեն հազիվ շշնջում «սո՜ւ… ո՜ւս…», անգամ՝ բանավոր բանաստեղծություն անում. «Հոգիս էր, հոգեակս կ’ուզես… Բայց հոգիս շուտ չեմ տար…»: Ապրիլի 2-ին, շատ թե քիչ խնամք ապահովելու համար Թեքեյանի մտերիմ, բժիշկ Շահեն Սևհոնքյանը հիվանդին տեղափոխում է իր տուն, սակայն մեկ օր հետո Թեքեյանը խնդրում է իրեն տանել Հելիոպոլիսի իր բնակած սենյակը (առաջին հարկում բնակվում էր Միքայել Կյուրճյանը – Ա. Ա.), ուր նրան պետք է խնամեր վարձված օտարուհի (ավստրիացի) հիվանդապահը: Այդ կիսադատարկ ու անկահույք սենյակը բանաստեղծի թափառական կյանքի ո՞րերորդ բնակատեղին էր, ոչ ոք չի կարող ասել, բայց այն եղավ վերջինը: Իր գրած բանաստեղծություններից մեկում («Գեղջկական») Թեքեյանը երազում էր «…ի մահ ընթանալ քիչ առ քիչ», սակայն այն իրեն շատ երկար սպասել չտվեց: 1945 թ. ապրիլի 4-ի վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված (430-ին), իր բնակած փոքրիկ սենյակում, գրողի կողմից այնքան «սպասված», բայց երբեք չսիրված մահը այցելեց նրան ու… մարեց լույսը, այն լույսը, որ նրա կյանքի ընթացքում միշտ էլ կիսալույս էր եղել ու շատ հազվադեպ բացվել նրա համար:
Մահվանից առաջ Թեքեյանը խնդրել էր «պարզ թաղում». «արարողութիւն չեմ ուզէր, ծաղիկ չեմ ուզէր: Օ՜ … մանավանդ ճառ չեմ ուզէր»4: Հաշվի չառնելով գրողի փափագը՝ նրա աճյունը հաջորդ օրը տարվեց Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հուղարկավորողների մեջ սրտակից բարեկամները քիչ էին: Մեծ մասը նրանք էին, ովքեր անտարբեր ու անհոգ էին եղել Թեքեյանի նկատմամբ, երբ նա ողջ էր, անգամ կային մարդիկ, որոնց գրողը չէր հանդուրժել երբեք:
Թաղման արարողությունը եղավ զուսպ ու պարզ, տիրապետողը համատարած լռությունն էր: Թեքեյանի մարմինը ամփոփվում է Կահիրեի Մար Մինայի գերեզմանատանը՝ իր դժբախտ գրչեղբայրներ Արփ. Արփիարյանի և Եր. Օտյանի շիրիմների հարևանությամբ: Նոր կացարանը ոչնչով չէր տարբերվում նախորդ բնակատեղիներից. նույնքան մութ էր ու նույնքան միայնակ: Հետագայում Թեքեյանի աճյունը տեղափոխվեց Կահիրեի արվարձան Հելիոպոլիսի գերեզմանատուն՝ իր բարեկամ-գործընկեր Միհրան Տամատյանի շիրմի մոտ, ուր մինչև օրս էլ հանգչում են կողք կողքի՝ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության երբեմնի նախագահն ու այդ կուսակցության երբեմնի ատենապետը:
Կյանքից հեռացավ հայ գրականության մեծերից մեկը՝ անճարակ ու լքված հայ գրողը: Նա, ով ապրեց ու իր գրչով արտահայտեց հայ մարդու պանծացումներն ու փլուզումները, ով մասնակիցն ու ստեղծողներից մեկը եղավ արևմտահայ ու սփյուռքահայ գրականությունների լավագույն արարումների, ով անմնացորդ նվիրվեց իր ժողովրդի ոսկի տեսիլներին և արձանագրեց նրա «պայծառացած» պայքարները, որոնցից մեկի արտահայտությունը եղավ նրա «Սուէտիա» բանաստեղծությունը.
Պզտիկ գիւղե՛ր, դուք մեծցաք,//Անհունօրէ՜ն մեծցաք դուք՝//Երբ բնակիչ չունեցաք…//Ու ձեր այն Լեռը մեծցաւ,//Լեռն անծանօթ մշուշոտ//Պայծառացաւ, հայացա՜ւ…
Թեքեյանը իր ողջ կյանքի ընթացքում տուն չունեցավ, ու ինքը եղավ իր տունը, ընտանիք չունեցավ, ու ինքը եղավ իր ընտանիքը, զավակ չունեցավ, ու ինքը եղավ իր զավակը՝ իր երեք գրքերում զետեղած «Զավակս» վերնագրած երեք* բանաստեղծություններով և միշտ մնաց «ծեր տղա» այն մանուկը, որ ինչպես գրել է 1927-ի հունվարի 18-ի «Արեւ» թերթում տպագրած իր մորը վերաբերող հոդվածում, միանգամից «պատանի եղաւ», տարօրինա՜կ հուզումներով պատանի, ով նույնքան անսովոր տղա պիտի լիներ, որքան որ վաղ ծերացած այր: Նա կորցրեց նաև իր ծննդավայրն ու հայրենիքը և հար մնաց մխիթարության ու սփոփման կարոտ մտավորական մարդը, սիրվելու կարոտ մարդը, որ երբեմն սիրեց, բայց ոչ մեկից չսիրվեց ու իր ստեղծագործություններով հենց այդ իր մեծ կորուստներն է, որ երգեց ու իր ամբողջ կյանքով փաստեց դեռևս 1925-ին գրված մի սոնետի առաջին տողով՝ «Ծնած օրէս մինչեւ այժմ իմ Հայրենիքս ինծի հետ//Տարի ամէն տեղ…»: Նրա կորցրած ու «կորսվող» հայրենիքը.
Իմ հայրենիքս, ա՜հ, ինչպէ՜ս դաւեց ինծի, խաբեց զիս…//Կը պահանջեմ մերթ իրմէ հաշիւն անհուն իմ սիրոյս,//Իմ կորովիս վատնուած, իմ խորտակուա՛ծ երազիս,//Ու մերթ՝ ձեռքերս երեսըս գոցած կու լամ լացով մը անյոյս,//Պաղատելով որ ապրի՛, հոգ չէ թէ զիս մեռցուցան… («Մութ ժամեր»)
Թեքեյանն իր ուսերին կրեց նաև նահատակ հայ գրչակիցների կիսատ թողած գործի ծանրությունն ու իր ողջ կյանքով դարձավ սփյուռք դարձած անտունիների բոլոր ժամանակների հավերժական խորհրդանիշը:
Տախտակներու վրայ չոր, ձեղուններու տակ ցրտին//Հիմա սառող քովէ քով հայ որբերու ո՜րբ ձեռքեր…
(«Որբերուն ձեռքերը»)
Նա՝ հոգին խռովյալ ու դեմքը միշտ տխուր մարդը՝ հայ գրականության հավերժական ներկա Վահան Թեքեյանը, ում կյանքն ու գործը, թերևս, կարելի է բնութագրել երկու բառով՝ պայքար և անկում: Ո՛չ կյանք, ո՛չ սեր, ո՛չ երջանկություն` այդ հենց նրա համար էր ասված: Եվ այնուամենայնիվ Թեքեյանը երջանիկ եղավ, երջանիկ, որ բանաստեղծ էր, ավելի ճիշտ՝ Թեքեյանը բանաստեղծ էր և հենց դրա համար էլ երջանիկ եղավ: Ե՛լք, ամեն գնով ելք. սա Թեքեյան մտածողի ու արվեստագետի ամենամեծ գերխնդիրն եղավ և դարձավ նրա կյանքի իմաստը, որ նպատակ ուներ օգնելու հայ մարդուն, որ նա միայնակ չմնա իր ցավերի հետ:
«Գիշերագնաց ճամբորդն էր ան, անստոյգ արահետին վրայ: Ոսկետառ անձնագիր մըն էր ան, թէեւ պատառոտուն»,- նրա մասին գրեց Շ. Շահնուրը և ավելացրեց. «…Թէքէեան քար դրած էր իր սիրտին վրայ եւ անով չափած՝ անյատակ ողբերգութիւնը Հայուն»5: Եվ իրոք, Թեքեյանն իր մեջ կրեց իր ազգի ողջ տառապանքը և ինչ գրում էր իր մասին, նույնքան վերաբերում էր իր տառապակոծ ժողովրդին.
Անդունդի մէջ ինկած ազգ, անդունդի մէջ հեղձամահ:
Ներդաշնակությունների բանաստեղծը, Կ. Զարյանի խոսքերով ասած՝ «հայ գրականության ամենեն թանկարժեք դեմքերից մեկը», Զ. Սյուրմելյանի բնութագրմամբ` «հայ բանաստեղծության իշխանը», Ա. Չոպանյանի բառերով՝ «խորախոհ բանաստեղծը», իրենով մարմնավորեց արևմտահայ ու սփյուռքահայ մտավորականի ողբերգական ճակատագիրը և հենց այդ ճակատագրով հաստատեց հայ մարդու գոյատևելու վճռականությունը:
Բանաստեղծ, արձակագիր (վեպ, պատմվածքներ, քրոնիկոններ, հուշեր), թատերագիր (նախատեսել էր անգամ չափածո թատերգություն գրել), երգիծագիր, խմբագիր, գրաքննադատ, հրապարակագիր, կուսակցական ու հասարակական գործիչ, ուսուցիչ, թարգմանիչ, նամակագիր (որոնց մեծ մասը ճանաչողական, պատմական ու գրական արժեք ունեն), երեսփոխան ու բարերար Վահան Թեքեյանը հասցրեց վեց գիրք տպագրել: Նրա մի քանի գործեր հրապարակվեցին հետմահու՝ «Կեսարիա» օրագրություն-ուղեգրությունը, «Երկու դրախտները», որը պարունակում է նրա հոդվածների մի մասը, Կահիրեի «Թէքէեան ֆօնտի յանձնախումբի» վեցհատորյակում (նախատեսված էր 15 հատոր) լույս տեսած որոշ գործեր, այդ թվում «Եթէ տէրը կամենայ» վեպը, «Հովհար հոգւոյ» (արձակ և ոտանավոր երգիծանք) և այլն, սակայն մինչ այսօր էլ առանձին հրատարակման են սպասում մամուլի տարբեր օրգաններում ցրված գործեր (գեղարվեստական և ոչ գեղարվեստական):
Բայց կա ու միշտ լինելու է ճանաչելի Թեքեյան գրողը, մարդն ու գործիչը, ում համար ամենադիպուկ բնութագիրը տվել է հենց ինքը՝ «Մեկ հատիկս», որի բանաստեղծական բարձունքը, ցավոք, այլևս չհաղթահարվեց սփյուռքահայ և ոչ մի քերթողի կողմից:
Նկատի ունենալով իրեն վիճակված կյանքի ողջ ընթացքը՝ իր բանաստեղծություններից մեկում («Ապրի՞լ թէ ոչ, երազել») նա գրել է. «Չառինք երազ մը կեանքէն, ու երազէն չառինք կեանք…»:
Այդ անհաս երազի ու տենչված կյանքի խառնարանում էլ ապրեց ու արարեց մեծ բանաստեղծը՝ իր հեռու-մոտիկությունից իր ստեղծած գրականությամբ դիմելով իր ժամանակակիցներին ու բոլոր նոր եկողներին՝ ասելով. «Այս պատմութեունը, որ իմս է եւ որ քունդ է նույն ատեն»:

—————-
1. Թէքէեան Վ., Նամականի, Լոս Անջելես, 1983, էջ 446: Այս գրքից բերված մեջբերումների էջերը այսուհետ կնշվեն տեքստում – Ա. Ա.:
2. Թէքէեան Վ., «Հայերգութիւն», Գահիրե, 1943, էջ 3:
3. Տե՛ս Հակոբեան Ժ., Թէքէեան Վահան, Աստուածախոյզը, Գլենդել, 2009, էջ 216:
4. Նույն տեղում, էջ 225:
5. Շահնուր Շ., Բաց տոմար, Փարիզ, 1971, էջ 52-53:

*Ուշագրավ է, որ Փարիզից Ա. Տատրյանին ուղղված 1934 թ. մարտի 22 թվակիր նամակում Թեքեյանը խոսում է նաև չորրորդ «Զավակս» բանաստեղծության մասին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։