ԵՐԱԶԱՆՔԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ / Ալիսա ՀԱՍԱՆՅԱՆ

Ժամանակն ու բարքերն արժևորելու ինքնատիպ առաքելություն ունի արձակագիր-հրապարակախոս Սամվել Բեգլարյանը: Մարդկային ներաշխարհի տարաձև ապրումների վավերագիրն է նրա ստեղծագործությունը: Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց նրա նոր գիրքը՝ «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքների ժողովածուն՝ գեղարվեստական հագեցվածությամբ և ուրույն կոլորիտով: Թերթելով Բեգլարյանի բազմաթիվ պատմվածաշարերը, նաև վերջինը՝ համոզվում ենք, որ արձակագիրն ունի իր ստեղծագործական կայուն տիրույթը, ի՛ր աշխարհը, ի՛ր «օրենքները», որոնք հոգու մաքրության, պարզ ու շիտակ հարաբերությունների, մարդ մնալու, անկեղծ դրսևորվելու և բարության դասեր են տալիս ընթերցողին: Ժողովածուից ժողովածու Բեգլարյանը շարունակաբար բացահայտում է իր շրջագծած միջավայրը՝ ստեղծելով լեռնային սահմանամերձ գյուղաշխարհի, մաքուր ապրելու հավատամքը որդեգրած մարդկանց պարզ ու անպաճույճ մթնոլորտ: Հետևելով նրա ստեղծագործական վերընթացին՝ նկատելի են դառնում ընդգրկուն փոփոխությունները, հույզերի ու զգացմունքների հետզհետե զարգացող դինամիկան:
Ցուրտ աշխարհում տաք անկյուն է որոնում հեղինակը: Գրքում գեղարվեստական պայմանականության սահմաններն ընդարձակվում են, պատմվածքների նախորդ ժողովածուներից մեզ ծանոթ գյուղաշխարհի տարածական ընդգրկումը մեծանում, լայնանում է: Մեկ անգամ ևս համոզվում ենք, որ գործ ունենք մերօրյա ինքնատիպ ստեղծագործողի հետ, որի արձակը զուգադրումն է ավանդական, դասական մտածողության ու դարասկզբի յուրատեսակ հոգեբանության: Պատմվածաշարում մեր օրերի բարքերն են, հետխորհրդային շրջանի գյուղն է, և հանգամանքների բերումով գյուղաշխարհի մարդու հոգու երկյուղալի ու անբացատրելի ապրումների թրթիռը:
Բեգլարյանը, սկսած իր առաջին ստեղծագործություններից, ձևավորել է յուրատեսակ մի աշխարհ, ուր մաքուր ու անարատ մարդկային հոգիները, հետզհետե բախվելով նոր օրերի մտածողությանը, կորցնում են երազանքի երկրի նկատմամբ ունեցած մեծ հավատը: Գրողի ստեղծած աշխարհն ընդհանրական անուն է ձեռք բերում՝ Ցուրտ երկիր, և այդ մեծ անեզրության մեջ՝ մի տաքուկ անկյուն: Տաք կայարանը մեծ լավատեսությունն է, անխախտ հավատը, որ ալիքվում է պատմվածքների այս փոքրիկ փնջի մեջ:
Հեղինակի ներկայացրած գեղարվեստական միջավայրը 21-րդ դարի քաղաքակրթության խժդժություններից հեռու գյուղաշխարհն է: Պայմանական հերոսները իր շրջապատի մարդիկ են: Նա նրբորեն է ներկայացնում հետխորհրդային շրջանի մարդու ներաշխարհի անմեկնելի ելևէջները, խոսում յուրաքանչյուրի մեջ խնամքով թաքցրած հույզերի ու ապրումների մասին, մտերմությամբ բացում գաղտնիքներ, անելանելի թվացող իրավիճակում անգամ կարեկցանքով մխիթարում կյանքի դաժան հարվածներից միայնակ ու անօգնական մնացած իր հերոսներին: Աշխարհը ցուրտ է ու անհաղորդ, երկարող սառն ու անտարբեր օրերի շղթայում ջերմ ու տաք է միայն կայարանը՝ իրենց տեղը չգտած մարդկանց՝ մեկնողների սպասարանը՝ անապաստանների օթևանը («Ցուրտ երկիր, տաք կայարան»): Կարևորն այն է, որ գրողը հավատում է, որ կա այդ կայարանը, տաք անկյունը, ջերմ միջավայրը:
Բեգլարյանի ստեղծագործական շրջագծում ամեն ինչ բնական է, ոչինչ արհեստական չէ: Նախաստեղծ ժամանակների շունչը կա այդ աշխարհում, որը գեղարվեստական պայմանականության ծնունդ չէ, այլ` իրականության արտացոլում: Գյուղի, հողի, հայրենի լեռնաշխարհի սեր ու անցյալի կարոտ կա նրա տողերում, մաքուր զգացմունքների հորդուն հեղեղ կա ու վարակիչ անկեղծություն, հայրենի քար ու հողի անչափելի պաշտամունք կա և ապագայի մեծ լավատեսություն:
Յուրաքանչյուր պատմվածքում նա ստեղծում է մի ուրույն միջավայր՝ իր չգրված ու գործող օրենքներով, անարդար աշխարհի դեմ պայքարով, խղճի, բանականության, գեղջկական մաքուր էության, պարզ ներաշխարհի ու չքողարկված ապրումների հրամայականով: Տեղի է ունենում իրականության ու երազանքի համադրում, ռեալիստականի ու ռոմանտիկականի միաձուլում: Հերոսների միջոցով պոռթկում է հեղինակի հոգու ցավը, բացահայտվում է մարդու այն տիպը, որն այդ աղավաղված բարքերի մեջ անկարող է լռել:
Հեղինակը բուն ասելիքին ու գաղափարական բովանդակությանն անդրադառնում է լուսանցքային ձևով, հպանցիկ, բայց, այդուհանդերձ, ընթերցողի մոտ մտորումների մի երկարող, ոլորուն ծիր է ձգվում: Տողերի խորքից երևում է այն երազայինը, ցանկալին, որն ունենալու մեծ ձգտումն ունի ամեն մեկը: Ակնառու է օրերի սրընթաց վազքի մեջ մարդկային փոխհարաբերությունների հետզհետե նկատվող սառնությունը, ջերմության պակասը, կարեկից սրտերի նվազումը, ցանկապատված հոգիների դրաման: Հերոսների խմբապատկերը, պայմանական միջավայրն ու ժամանակը, որ դիտարկվում է նրա գործերում, թվացյալ միամտության ու պարզության մեջ ունի խոր տարողունակություն: Պատումի հանդարտ գրելաոճում մերթընդմերթ պոռթկում է զայրույթը, և գրողն ակամա փոխարինում է իր հերոսին, ինքը դառնում դեպքերի ու իրադարձությունների մասնակիցը: Նախորդ պատմվածաշարերում հերոսների՝ ընդգծուն արտացոլում ունեցող հուզաթաթավ ապրումներին այստեղ հետզհետե փոխարինում են տիրող բարքերի դեմ պայքարն ու ինքնահաստատման ձգտումը: Սա հեղինակային նոր, հաստատուն նվաճում է:
Մի քանի էսքիզ, և պատրաստ է այն գեղանկարը, որ խտացնում է ժամանակակից մարդու խոհերն ու ապրումները: Տխուր է Բեգլարյանի հերոսների ներաշխարհը, ծավալվող թախիծ կա նրանց հոգում, մի անհաշտ մտերմություն հենց իրենց հետ, որն է՛լ ավելի է բարդացնում տառապանքի բովում թրծված նրանց կյանքը: Մտքի պրպտուն թռիչքը ստեղծում է երևակայական մտածողության գեղարվեստական համապատկեր: Կարելիի ու չի կարելիի սահմանագծում ներքին վախ ու հոգու ցավ ապրող նրա հերոսները կյանքի իրական մտածողության կրողն են և անտեսանելի ուժով փորձում են հաստատել հոգու ազատության ու ճիշտ ապրելու իրենց դավանանքը: Ներքին երկվությունը նրանց մղում է վախվորած նայել կյանքին ու մարդկանց: Բայց հաճախ պոռթկում են զսպանակված զգացողությունները, ծառանում է ցասումը չար ճակատագրի դեմ, ու կյանքի օրենքներին հլու այդ մարդիկ փորձում են պահպանել հոգու մաքրությունը:
Բեգլարյանի գրիչն աչքի է ընկնում հերոսների հետաքրքիր տիպաբանությամբ: Մի դեպքում նրա հերոսն անցյալ դարասկզբից ծանոթ զորյանական տխուր մարդու կրկնօրինակն է, մի այլ գործում հպարտ ու պայքարող հայրենասերն է, մեկ էլ հանդիպում ենք մերօրյա դժվարություններից ու անարդարություններից հոգնած և ճակատագրին հնազանդորեն ապավինած հոգսաշատ մարդուն: Մարդկային օրենքների բարդ շրջագծում հաճախ են իշխում վայրի բնազդներն ու մոլեգին պոռթկումները: Պատկերների ու զգացմունքների հեղեղում բացահայտվում է նաև հեղինակի մարդ տեսակը, որ, դիմակայելով օրերի վերուվարին, պահպանում է իր հետաքրքիր, ինքնատիպ, պայքարող որակը:
Ս. Բեգլարյանը դատապարտում է չարիքը և այն ծնող պատճառները: Հեղինակի՝ պատերազմ ու պատերազմի ավերածություններ տեսած հերոսները շատ յուրատեսակ են ընկալում ավերիչ աղետը: Սահմանամերձ գյուղացին սահմանապահ է ճակատագրի թելադրանքով և արյան ու հոգու կանչով է պայքարում անօրեն ազերիների դեմ: Պատերազմը համահարթեցնում է ամեն ինչ, մինչ այդ շատ կարևոր թվացող բազում երևույթներ կորցնում են իրենց կենսական առաջնայնությունը, հեղինակը հանդարտ ներողամտությամբ է նայում իր հերոսների հուզախռիվ ապրումներին («Անունը չմոռանաս, անունը հիշիր»): Նկատվում է, որ հեղինակն ինքն էլ ապրել է պատերազմի դաժան տառապանքը: Երբեմն կերպարները հեռանում են պայմանականությունից, գրողը դժվարանում է տարանջատել իրականն ու գեղարվեստականը, սեփական դատողություններով ընդհանրացնում է էականը՝ որոշակի վերլուծություններ թողնելով ընթերցողին («Ղաչաղը»):
Իր թշնամուց բացի՝ պարզ ու անպաճույճ կենցաղով ապրող գյուղացին մի հակառակորդ էլ ունի՝ դաժան ժամանակը, որը փորձում է ջնջել ավանդական կենսաձևի իրողությունը, աղարտել միամիտ ու մաքուր հոգիներին, որոնք, չնկատելով օրերի մրցավազքը, ամեն կերպ կառչած են մնում իրենց հնավանդ մտածողությանն ու ապրելակերպին:
Պարզունակ թվացող մենախոսություններն ու առօրեական երկխոսությունները տարողունակ ենթաշերտեր ունեն, որոնց բացահայտումով հեղինակն իր դժգոհությունն ու ցավն է կիսում ընթերցողի հետ: Նուրբ դիտողականությամբ նա նկատում է անտեսանելի մանրամասներ, ընթերցողի միամիտ խոսքի կամ պահվածքի միջոցով ներկայացնում ու քննադատում այն, ինչ յուրաքանչյուրիս հոգուց է բխում: Պարզ, մաքուր ու անկեղծ զգացմունքների վերլուծությունը, հոգու ու մտքի ազատության տենչը դառնում են հեղինակի գեղարվեստի ելակետը («Երկինքը գմբեթի վերևում»):
Թեմատիկ շրջանակից անկախ՝ անմիջապես ակնառու է երբեմն մեղմ, հաճախ էլ ծակող երգիծանքը, անիրավությունների սուր քննադատությունը: Հեղինակի գեղարվեստական խոսքում դա ձևավորում է ասելիքի ինքնատիպ զուգադրումներ: Գյուղաշխարհի ուրույն համուհոտ ունի Բեգլարանի բառապաշարը: Նա հմտորեն է օգտվում հայոց լեզվի ճոխ գանձարանից, միաժամանակ ինքնատիպ մտածողություն ունեցող մեծ բառաշինարար է: Հաճախ կրկնվող գեղարվեստական պատկերներն ու ասելիքը խտացնող նախադասություններն ընդհանրացնում են թե՛ հերոսների ներաշխարհը, թե՛ նրանց միջավայրը: Զարմանալի բացախոս է դառնում նա հերոսների հոգու աշխարհը պեղելիս, իսկ նրանց ներքին երկվությունը, կասկածը, ապրումների ելևէջը ներկայացնելիս կարծես մասնակից է դարձնում նաև ընթերցողին. դա մեծ վարպետություն է:
Հանելուկային են Ս. Բեգլարյանի գեղարվեստական հարցադրումները, տարաձև ու բազմաբովանդակ՝ ակնկալվող պատասխանները: Նա ստիպում է ընթերցողին խորհել, դասդասել ճիշտն ու սխալը, տարանջատել իրականն ու երևակայականը, մտածել իր հերոսների հետ, դեպքերի ոլորապտույտում նրանց հետ կիսել բազում դառնություններ:
Բեգլարյանը գյուղաշխարհի կյանքն ընկալում է ողջ խորությամբ ու հոգու թելերով: Նրա գեղարվեստական մտածողությունը խիստ վարակիչ է, սրտակից ու հոգեհարազատ: Մերօրյա արձակում նա հաստատել է իր կայուն դիմագիծը, իր սահմանագծած աշխարհն ու գեղարվեստական տիրույթը, որի բացահայտումները, հուսանք, շարունակական կլինեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։