Ամբողջատեսական իմաստասիրության պոետական հմայքը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նորայր Գրիգորյանը փիլիսոփայական բանաստեղծություն կերտող ստեղծագործողների շարքում է: Միևնույն ժամանակ, նա բանաստեղծական փիլիսոփայության հրաշալի ներկայացուցիչ է՝ հայ գրականության և հայ իրականության մեջ: Նրա գրիչը գեղեցկագույն պատկերներ է գծագրում հոգևոր մտածողության ոլորտում և, եթե բացես այդ պատկերների խորհուրդները, կմտնես հզորագույն զգացողությունների այն տարածքը, որը վայելում է ինքը՝ լայնատարած վայելքների բանաստեղծ Նորայր Գրիգորյանը:
Վաղուց արդեն տեսել ու լսել ենք չափածո այն խոսքերի հեղինակների մասին, որոնք, երբեմն նաև վարպետորեն, ճաշակով, գեղարվեստորեն ու գրագետ համոզում են, որ ամեն ինչ չէ, որ լավ է հայրենիքում, որ ուղիղը թեք է, իսկ թեքն՝ ուղիղ մեր մոլորակում… Չափածո խոսքի վարպետները խոսում են անքուն անցկացրած գիշերների մասին և իրար առջև բացում անհանգիստ սրտերը:Նրանք հիշում են մոռացված սերերը և սիրում են իրենց նոր սերը… Նրանք գնում են երազանքների ետևից՝ օդապարուկի պոչի պես բռնելով հույսի թելի ծայրից, բացում են բառի կափարիչը և ախորժալուր ձևով լսելի են դարձնում նրա անլսելի ձայնը… Նրանք գովերգում են կորուսյալը, գնում են նրա ետևից՝ բարձրանալով լեռներն ու հետո կրկին իջնում են ձորերը… Նրանք փնտրում են մարդուն՝ մարդու մեջ, որ հենց ինքը՝ կորուսյալն է… Նրանք մանկանում են, խաղում են, երբեմն էլ՝ պարզապես, թիթեռ են նկարում թղթին…
Իսկ այստեղ՝ վայելք է. իմացության, ճանաչողության, տիեզերական զգացողությունների վայելք: Այստեղ «ծովից, երկնքից ու տարածությունից մեծ» հզորություն ունեցող իրողություններին հաղորդակից լինելու վայելք է: Իր ունեցածը, ստացածը, ճանաչածը, ապրածն ու զգացածը վայելողը Նորայր Գրիգորյանն է: Մարդ, ում բանաստեղծական խոսքը խորհրդանշում է վերի ու վարի, երկնքի ու երկրի, մարդու և տիեզերքի, Աստծո ու ամբողջի միասնությունը, ներդաշնակությունը, համամասնությունը… Նրա ասելիքը մարդուն ստիպում է շրջվել 360 աստիճանով. շրջվել դեպի ինքն իրեն, տեսնել իրեն որպես երանությունների համար ստեղծված Ադամորդի: Եվ դա լացացնելու աստիճան հուզում է մարդուն, նույն իրեն՝ Ադամորդուն.
Մարդը տիրակալն է տիեզերքի՝//իր մեջ բանտարկված լույսով:
Ահա, թե ով ես դու՝ մարդ, ահա, թե ինչու պետք է սովորես հոգսը թողնել հոգսին, խեղճությունը՝ խեղճին, բանսարկությունը՝ բանսարկուին: Փորձիր բացել գրիգորյանական այս հզոր ասույթի շերտերը և գտնել քեզ այնտեղ: Եթե վարանում ես, նայիր ու տես հեռուներից դեպի քեզ մեկնված ձեռքը: Ավելի շուտ, ոչ թե դեպի քեզ, այլ քո մեջ բանտարկված լույսն ազատագրելու համար մեկնված ձեռքը: Տեր դարձիր քո լույսին և թույլ տուր նրան ազատագրվել օրերիդ անկյուններում հավաքված կեղտից ու աղբից:Բացիր լույսիդ ճամփան, և կհանդիպես բացողին, կհանդիպես ինքդ քեզ՝ տիեզերքի հզոր տիրակալին: Եվ ոչ մի նշանակություն չի ունենա, որ՝
Աշնան խճճված գույներից//արևն ուղին կորցրել է//ու հայտնվել սարդոստայնի մեջ:
Սարդը սարդոստայն հյուսելու համար է: Կարևորը արևն ազատագրելու ներքին մղումն է, մնացածը արևն ինքը կանի: Սարդոստայնն արևի լույսի համար ոչինչ է ու չեղած բան:
Նայենք սարերին: Լույսը համբուրում է նրանց գագաթները: Գնանք այնտեղ: Չվարանենք: Հասկանանք մի բան. ոչ մի նշանակություն չունի, որ՝
Մեր երազանքները ոտաբոբիկ են,//Իսկ սարը՝ բարձր:
Այնքան պարզ, անկաշկանդ ու սիրալիր է խոսում բանաստեղծը, որ ընթերցողին համոզելու կարիք չկա: Նույն պարզ ու անկաշկանդ ձևով նայում ես նրա ցույց տված ուղղությամբ և համոզվում այն ճշմարտության մեջ, որ՝
Գագաթին հասնելու համար//Տիրոջ ձեռքը պետք է բռնես.//Այն միշտ պարզած է:
Եվ սա ավետիս է, Նորայր Գրիգորյանի ավետիսը՝ մեզ, ընթերցողներիս ու նաև նրանց, որ դեռ գալու են համալրելու ընթերցողների շարքերը:
…Ու շարունակվում է Նորայր Գրիգորյանի ավետիսների շղթան, որոնց համար որպես առաջին ավետիս ես առանձնացրի այն, որ Մարդը տիրակալն է տիեզերքի:
Ավետիսների մի շղթայի ենք հանդիպում Նորայր Գրիգորյանի «Առավոտը պինդ գրկած» ժողովածուի անապակ լույսի մաքրությամբ լի էջերում, որի օղակները «Չընթերցված մակագրություններ» են պարունակում:
Ահա նույն այդ շղթայի այս մի օղակը, որ հույսի առինքնող փայլն ունի.
Մինչև դրախտ//ճանապարհն անցնում է//ցորենի կապույտ դաշտով://Եթե սերմնացանը քեզ ձեռքով անի,//ուրեմն՝ հասել ես:
Շղթայի հաջորդ՝ այս մի հատիկ ավետիս-օղակը ժանգը հավատի վրայից մաքրող հատկություն ունի.
Վերադառնալու համար//Երկինքը փոքր է,//Ծովը՝ նեղ,//Տարածությունը՝ քիչ://Միայն քո ձեռքը պարզած:
Եթե ուզում ես վերադառնալ այնտեղ, որը մեծ է երկնքից, ծովից ու տարածությունից, ուրեմն՝ բռնելու ես քեզ պարզված ձեռքը: Հավատա ու վստահիր նրան՝ Ամբողջին, որն էլ դեպի քեզ պարզված ձեռքն է: Եթե վստահեցիր, ուրեմն կզգաս նրա թրթիռը: Եթե զգացիր, ուրեմն ինքդ էլ նրա հետ ես, ուրեմն նրա մի մասնիկն ես, այսինքն՝ ծովի այն կաթիլն ես, որի մեջ նույն ծովն է՝ խտացված վիճակով:
Նորայր Գրիգորյանը հավատում ու վստահում է Ամբողջին, ուստի ապրում է այնտեղ՝
որտեղ ժամանակը անցյալ չունի//որտեղ ժամանակը ներկա չունի//որտեղ ժամանակը ապառնի չունի//որտեղ ժամանակը //ժամանակ չունի:
Տիեզերքի հետ համահունչ են բանաստեղծի սրտի թրթիռները: Դրանք գոյի և անգոյի, անցավորի ու անանցի տարբերությունները ճշտած իմաստասերի սրտի թրթիռներ են: Դրանք անժամանակության գաղտնիքները ճաշակած մարդու սրտի թրթիռներ են:
Ժամանակը մարդկանց հորինածն է, իսկ Ամբողջն անժամանակ է: Հոլովվում է Ամբողջն առանց ժամանակի, ինքն իրենով լրացնելով իրեն: Եվ սա այն մի հատիկ կետն է, որ, եթե ունեցար քո սրտի մեջ, նրանից անբաժան ես տեսնելու «ծառի ստվեր փնտրող թռչուններին», «տերևների սոսափն ապահովող քամիներին…»: Տերևների մեջ խճճված արևն անգամ Ամբողջից անբաժան ես տեսնելու, եթե կետ ունես Ամբողջից, որ թագավորում է սրտիդ կենտրոնում, ինչպես Նորայր Գրիգորյանի դեպքում է:
Թռչուն, քամի, տերև թե արև, յուրաքանչյուրն իր ժամանակն ունի անժամանակ Ամբողջի մեջ, ուստի, իսկապես վայելք է ապրելը ոչ թե ժամանակավորի, այլ անժամանակ հոսքի գաղտնիքների ճաշակումով: Ուստի՝
Ամենահեշտը ապրելն է առանց ժամանակի,//միայնակ, դաշտի մեջ տարածված,//ընկուզենու ճերմակ բունը գրկիդ մեջ://Երբ կռունկների չուն որոշում է//մշտապես հանգրվանել ծառի ստվերում,//երբ քամին սկիզբ է առնում ծառի սաղարթներից,//երբ արևը խճճվում է ծառի տերևների մեջ,//երբ օրորոցի համար չի կտրվում ծառը//երբ ամենաճկուն ճյուղերը դառնում են օրորոցներ//և օրորում են բոլոր ժամանակները:
«Ամենաճկուն ճյուղերը դառնում են օրորոցներ», որոնց մեջ հայտնված մանուկներն են, որ օրորում, այսինքն՝ տանում ու բերում են ժամանակները: Վերից վար իջնող մանուկների շքերթն է ապահովում ժամանակների հերթափոխը՝ ըստ նրանց գալուստի, և սա է աշխարհի կարգը: Իսկ ապրելը հեշտ կլինի, եթե մանուկը մանուկ մնա, եթե ամեն կեղտ ու աղբով չբանտարկվի նրա սրտի մաքուր կետը, որովհետև սրտի մաքուր կետն է Ամբողջի հետ կապը պահող հաղորդիչը:
Ահա Ն. Գրիգորյանի իմաստասիրությունը նրա բանաստեղծական մտածողության մեջ, որն, անշուշտ, մանուկ է պահում նրան: Մանուկ՝ պարզ ու մաքուր սրտով: Եվ մանուկն այդ միանում է Ամբողջին ու թրթռում նրա հետ, լող տալիս կան ու չկան իրարից բաժանող խաղաղ ջրերում: Այդպիսին եմ տեսնում ես Նորայր Գրիգորյանին: Ինչպե՞ս կարող եմ այլ կերպ պատկերացնել, երբ կարդում եմ նրա տողերը՝
…Տունս դուռ չունի, պատուհան,//անգամ՝ առաստաղ,//բայց հիմք ունի՝ ամպերով լցված://Ժամանակս կեսօր չունի, չունի երեկո,//անգամ՝ գիշեր,//իսկ առավոտներս՝ իրար հաջորդող://Ես երկրի վրա թռիչքի եմ վարժվում,//որ վերադառնալիս թռչուններին//թողնեմ իմ տեղում,//ուր մի կավագործ՝ ինձ շատ նման,//թռչունների ու մանկանց հետ//պահմտոցի է խաղում ամպերի մեջ՝//տարածված իմ տան հիմքի վրա:
Մնում է «կավագործ» բառը մեծատառով գրել, որովհետև, մարդու տեսքով պատկերացնելիս անգամ, նրան որպես անսահման ու անքննելի զորություն ես պատկերացնում: Եվ այդ՝ մանկան մաքրությամբ անքննելին պահմտոցի խաղի նման թաքնվում ու երևում, թաքնվում ու երևում է նրանց միջավայրում, ովքեր «երկրի վրա թռիչքի են վարժվում», մաքուր ու բաց պահելով Ամբողջի հետ կապող իրենց սրտի հաղորդիչ կետը: Իսկ հասկանալ Ամբողջին, նշանակում է հասկանալ, որ վերջինս մարդուն երջանիկ տեսնել է ուզում.
Լուսաբացին//կարդացի Աստծո մտքերը//նա կավե սալիկին//մարդ էր ուզում նկարել//ժպտացող:
Մարդկային կյանքի ու գոյության համար գոհունակության, դրական ապրումների հրաշալի դռներ են բացում Նորայր Գրիգորյանի բանաստեղծությունները; Դրանք իրենց մասն են բերում նախախնամությամբ մեզ տրված պահը լուսեղեն ապրումներով վայելելու համար:
Միայն նա, ով կարողանում է կորցնել իրեն անսահմանի մեջ՝ որպես նրա սահմանավոր կետը, նա կարող է հասկանալ բանաստեղծին, ով խոստովանում է.
Ես գիտեմ, թե ինչպես են գրկում լույսը//մթան մեջ://Ես գիտեմ, թե ինչպես են գտնում ժպիտը//արցունքի մեջ://Ես գիտեմ, թե ինչպես են գրկախառնվում//առանց թևերի…
Եվ միայն նա, ով տիրապետում է այս գաղտնիքներին, միայն նա կարող է տեսնել «թե ինչպես են բացվում դրախտի դռները»:
Միայն նա, ով կարողանում է կորցնել իրեն անսահմանի մեջ՝ որպես նրա սահմանավոր կետը, նա կարող է հավատալ այն պատմությանը, որտեղ ասվում է՝
Երբ թռչունը կորցնում է հիշողությունը,//ծառը ձգվում է դեպի նրա թևերը,//երկինքը լողում է դեպի նրա թևերը,//աշունը հեռանում է նրանից//գարունը՝ մոտենում:
Նորայր Գրիգորյանի բանաստեղծությունները գրված են նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հոգիներում ճռվողող թռչուններին, նրանց համար, ովքեր սպասում են ներաշխարհը մաքրող անձրևների, և նրանց համար, ովքեր կորցրել են հույսի լուսավոր շողերը: Բանաստեղծն իր օրինակով է հավատացնում, որ մարդն ինքը նույն թռչունն է, անձրևն է ու արևը.
Երբ թռչունը հեռացավ,//ես նրա փոխարեն երգեցի://Երբ ամպը հեռացավ,//ես նրա փոխարեն անձրևեցի://Երբ արևը հեռացավ,//ես նրա փոխարեն շողացի:
Պոետական ճշմարիտ առաքելություն: Եվ ճշմարիտն էլ ասած կլինենք, որ նման առաքելությամբ շատ պոետներ են երգեր գրել: Սակայն խոսքն այստեղ այն մասին է, որ Նորայր Գրիգորյանի դեպքում ակնհայտ է բանաստեղծական մտածողության խորքերում տրոփող նրա իմաստասիրական խոհը, որը չի կարող չբխել տիեզերական ամբողջի հետ համաձուլված ապրելու նրա կենսակերպից: Համաձուլված՝ չի նշանակում ապրել սրտի մեջ Ամբողջից կետ ունենալով: Դա նշանակում է նաև, որ ինքդ ես լինելու Ամբողջը, երբ «մահ» անունով հեռանա այն, ինչը ժամանակավորն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ասել՝
Երբ մահը հեռացավ,//թռչունն ինձ հետ երգեց,//անձրևն ինձ հետ անձրևեց,//արևն ինձ հետ շողաց:
Պակաս ամբողջատեսական իմաստասիրության ծիրում չէ Նորայր Գրիգորյանի հայրենասիրական խոհը: Մայրենի լեզվի վայելչատես հմայքը չի սահմանափակվում երկրով, երկրներով, և կամ էլ՝ Երկիր Մոլորակով: Այն որպես սիրո լեզու՝ նախասահմանված ձևով բուրում է Ամբողջի բոլոր անկյուններում.
Ես գիտեմ խոսել//աշխարհի բոլոր լեզուներով,//երբ իմ հարազատ լեզվով ասում եմ՝ սեր,//երկրագնդի հենման կետը//դառնում է մի ծաղիկ,//և բուրում տիեզերքի//բոլոր անկյուններում:
Տիեզերական ամբողջի համամասնությունների գաղտնիքները բացող բանաստեղծը երբեմն ինքն էլ «շվարած» է մնում անիմանալիի առջև: Իր ներհայեցողական ապրումների մեջ, սակայն, նրան չի լքում ժողովրդական ընկալումը՝ որպես բանաստեղծական ընկալման ձև.
Էն կյանքից մի աղջիկ//ասում էր՝ արի://Էս կյանքից մի աղջիկ//ասում էր՝ գնա://Էն աղջիկը, որ էն կյանքից//ասում էր՝ արի,//էն աղջիկն էր, որ էս կյանքից//ասում էր՝ գնա://Էն ու էս կյանքի արանքում՝//Երկու սկիզբ ու երկու վերջ ունեցող//ճամփի մեջտեղում,//ես մի կյանք ապրեցի…//Շվարած:
Նորայր Գրիգորյանի պոետական հուզումների գրկում է նաև 20-րդ դարավերջի հայ գրողի ու բանաստեղծի ընդհանրացված ճակատագրի պատմությունը, առավել քան իրատեսական՝ հայ գրականության այդ շրջանի համար, որին նա գեղեցիկ ու ճշմարիտ անվանումով է որակում, նույնքան գեղեցիկ ու ճշմարիտ իր մի չափածոն վերնագրելով Առագաստ անվանումով: Այդտեղ «տղերքն էին», «յամբ ու անապեստ առած», որ «թռչում, վարգում»,
…թուղթ ու գրչով քանդում էին//օտար հիմքերը անձավ:
Շարունակությունը անձամբ կարդալ է պետք, շարունակության մասին մտածել է պետք, «տղերքի» առաջ խոնարհվել է պետք:
Մարդ և տիեզերք, սահման ու անսահմանություն… Նման չափումներով շրջող պոետի հոգին ծաղկում է ուղիղ քո առջև, թևաբախում թռչունի պես, ողողվում արևային լույսերով, հոսում պարզ ու վճիտ ջրերի հետ և լողում՝ զմայլելով մեզ Ամբողջի համամասնության գաղտնիքներով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։