Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1. Անցյալ տարվա կարևոր քաղաքական իրադարձությունը, անշուշտ, ՀՀ-ԵՄ Համաձայնագրի ստորագրումն էր: Այն լուրջ շրջադարձ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու Եվրոպայի համար: Այն փաստորեն Արևելք-Արևմուտք հարաբերությունների ջերմացման, սառը պատերազմի աստիճանական վերացման սկիզբն է: Ի վերջո, նման համաձայնագիր կստորագրվի նաև Ռուսաստանի հետ: Այս գործընթացը ԱՄՆ-ը չի կառավարում: Դա լավ է, բայց և վտանգավոր: Հնարավոր է, որ մեր հանրությունը շահի մի քանի ուղղություններով: Մենք ստիպված կլինենք ավելի որակյալ մթերք ու ապրանք արտադրել՝ եվրոպական երկրներում վաճառելու համար: Պարտավոր ենք թուրքական որոշ մթերքներ դուրս մղել ԵՄ շուկայից (տնտեսական պատերազմ է): Պարտավոր ենք կանխել մեր երկրում բարոյական անկումը: Իսկ դա արվում է ոչ թե օրենքներ սահմանելով, այլ` մշակույթով, գրականությամբ:

2. Անցյալ տարվա մշակութային ամենակարևոր իրադարձությունը գրողներին պետական պատվերներից և աջակցությունից զրկելու որոշումն էր: Դա վկայում է, որ մեր քաղաքական վերնախավը խավարի, տգիտության մեջ է թաղված: Նման որոշումը խիստ վտանգավոր է երկրի անվտանգության համար: Հիշենք, որ բոլոր հզոր կայսրություններն էլ սեփական մշակույթից հասարակության կտրվածության, բարոյական անկման հետևանքով են քայքայվել ու կործանվել:

3. Անցյալ տարի ավարտել եմ «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը, որը գրել եմ շուրջ 30 տարի: Համացանցը հնարավոր է դարձրել մեր հին ձեռագրերից զատ հետաքրքիր նյութեր քաղել և բացահայտումներ անել օտար աղբյուրներից: Այն պատմավեպը աննախադեպ է դարձրել: Այս աշխատությունը պետք է դառնա հանրության, երիտասարդության, դպրոցականների, զինվորների սեփականությունը և ոչ թե մնա դարակում: Սա ևս վկայում է, որ հանրությանը պատկանող միջոցները երկրում արդար ու հավասարաչափ չեն բաշխվում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.