1. Սահմանային վիճակում հայտնված Հայաստանի քաղաքական քայլերը 2017 թվականին դարձել են իրավիճակով պարտադրված: Սթափ նայելով, թերևս, կարելի է ասել` կարևոր քաղաքական իրադարձությունները Հայաստանում արդեն կատարվել են, և հիմա մի գործընթաց է, որ նման է երկրաշարժից հետո մարող տատանումներին: Մեր օրերում կարծես թե քաղաքականությունը ոչ թե հնարավորինի արվեստն է, այլ մոռացության ու ապերախտության: Գուցե խիստ եմ ասում…
Մենք` հայերս, հերթական անգամ` անցնող տարվա սեպտեմբերին, Սփյուռք-Հայաստան 6-րդ համաժողովի շրջանակում, ցավալիորեն բաց թողեցինք մի հնարավորություն, որը պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար կարող էր լինել ազգանպաստ ոչ միայն ներքաղաքական իրադարձության իմաստով: Առաջին աշխարհամարտում հայկական շահերի պատմական ծիրում անուշադրության մատնվեց ազգային համայնական ոգու շուրջ համախմբվելը, իսկ դրա համար համաշխարհային պատմությունը հնարավորություն ընձեռել էր: Սփյուռք-Հայաստան համաժողովը չծառայեց հայրենյաց ոգուն, որովհետև բաց թողնվեց պահի պատմական թելադրանքը: Այդպես էլ խոսք չեղավ ո՛չ Առաջին աշխարհամարտի, ո՛չ էլ, բնականաբար, այդ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության մասին: Ելույթների ծրագրադրույթներում բնավ անդրադարձ չեղավ գալիք` 2018 թվականին լրացող Արարայի ճակատամարտի 100-ամյակի մասին, որ լուրջ քաղաքական գործոն էր հայերի համար այն տարիներին: Հայ դիվանագետները, ավաղ, չկարողացան քամել հայկական շահը. ի վերջո, ճակատամարտում մարտնչող հայ լեգեոնականները վարձկաններ չէին, այլ հայրենյաց անձնազոհ կամավորներ, ազգային-ազատագրական շարժման մարտիկներ:
Ամբողջ աշխարհը նշում է Առաջին աշխարհամարտի 100-ամյակը. մենք ինչո՞ւ ենք լռել. չէ՞ որ եղել ենք հաղթող ուժերի «փոքր դաշնակիցը»: Արտառոցն այն է, որ Սփյուռքն էլ է լռում, կարծես իրենք չեն հիմնական ժառանգները այն հաղթող զինվորների, որոնք Անտանտի կողքին պատերազմեցին որպես «փոքր դաշնակից»:
2018 թվականին ճակատագրի հեգնանքով համարյա զուգադիպելու են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի` երևանյան օրերն ու Արարայի ճակատամարտի 100-ամյակը, որի ավարտից հետո ֆրանսիացիները դավաճանաբար մոռացան հայի թափած արյունը` նպաստելով պարտված Թուրքիային վերադառնալու համաշխարհային ասպարեզ:
Ճիշտ ասած, գրում եմ ու մտածում` տեսնես անհանգստությունս մեկն ու մեկը կկիսի՞, քանի որ այսօրվա Հայաստանում այն տպավորությունն է, որ ասողին լսող չկա, գոնե այս անգամ հակաճառող լիներ. չէ՞որ մենք պա-տե-րազ-մի մեջ տոկացող երկիր ենք:
2. Ավա՛ղ, ներկայում ավելի շատ ոտքի տակ ենք նայում, քան երկինք:
3. Պատրաստ է արդեն և նստած թախտին, սպասում է տպագրվելու բախտին «Ծաղկե մկրտություն» գիրքս:
2017 թվականին վերջապես մոնտաժվեց և ավարտվեց «Լեգեոնականի ոգին» վավերագրական կարճամետրաժ ֆիլմս: