Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

1. Ոչ միայն անցնող ու անցած քսանհինգ տարիների, այլև հետագա տարիների, թերևս նաև դարերի խոշորագույն, ես կասեի` պատմական իրադարձությունը, ինչ խոսք, եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության վերանկախացումն ու Արցախի ազատագրությունը, որոնց ականատեսն ու մասնակիցը եղավ մեր սերունդը: Ես այդ մասին նշում եմ, որովհետև թե՛ մեկը, թե՛ մյուսը շարունակվող գործընթացներ են, համայն հայությունը հենց այս պահին քայլ առ քայլ ընթանում է խրթին, խութերավ լի ուղիով` ուղի, որը, ես հավատում եմ, վերելք է տանում: Այսինքն` մենք պատմություն ենք կերտում: Փառք Աստծո, վերջապես մե՛ր պատմությունը:

2. Մեր ժողովրդի մշակույթը, այդ թվում և գրականությունը, ինձ դարերով հոսող լայնահուն գետ է ներկայանում, որը մերթ ընդ մերթ ահագնանում, հուժկու շատրվանում է, դառնում Նարեկացի, Թումանյան, Վարուժան, Չարենց… Արհեստականորեն չարագացնենք կամ չարգելակենք գետի բնականոն ընթացքը, մանավանդ որ ամենաաննշան կալյակն անգամ այդ շատրվանումների մեջ իր ցողն ու ցոլքը ունենում է:

3. Անցած տարի իմ «Վրիժակ» վեպը արժանացավ Ռուսաստանի հայերի միության մրցանակին (ես պիտի ասեի` դրամաշնորհին): Այս տարի ավարտեցի վեպի 2-րդ հատորը` «Հայի հավերժությունը»: Այժմ աշխատում եմ ֆրանսիական աբսուրդ թատերգության հեղինակների (Բեքետ, Իոնեսկո, Ժենե և այլն) թատերկերի ժողովածուի թարգմանության վրա, որի նախաբանն ու մեկնությունները ֆրանսիացի ժամանակակից գրականագետներն են գրում ու իմ չափ ոգևորված են թվում:
Ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եմ հրատարակելու այդ գրքերը, չգիտեմ:
Հույսով ու հավատով Նոր տարվան եմ սպասում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։