1. Թեպետ «ես չզբաղվել քաղաքականություն», բայց քանի որ «քաղաքականությունն ամեն օր զբաղվում է ինձնով», Աստծու ամեն օր մտնում է գրպանս, քթիցս է բերում ամբողջ կյանքում ամբարած… խելքս, մտնում է խոսքիս մեջ ու տունս քանդում՝ «չհարմարվողի» համբավս երեսովս տալով, ուրեմն, ասեմ. թե՛ այս տարվա, թե՛ անցած տարվա, թե՛, վախենում եմ գուշակեմ՝ ճիշտ դուրս գամ, խայտառակվեմ աշխարհով մեկ, եկող տարիների ամենակարևոր քաղաքական իրադարձությունը մեր ազգային առաջընթացի ձախողումն է. փտած, ժանգոտած, հոտած ու քայքայված համակարգի արդյունք հանդիսացող «քաղաքական էլիտայի»՝ ապազգային ժողովարանի վերարտադրությունը՝ որպես թշվառ, անգետ, անօգնական ժողովրդին դաժանորեն ծաղրելու հաջողված փորձ, որպես ապօրինության հերթական հաղթանակի վկայություն մեր երկրում: Ես սա կանվանեի «անցնող տարվա ամենաանմաքուր քաղաքական գործարքը»:
2. Իմ կարծիքը միայն ինձնից թաքցնելու ճիգով՝ ի լուր աշխարհի խոստովանեմ. մշակութային իրադարձությունների նմանակումը մշակութային ամենաստացված իրադարձությունն էր այս տարի՝ նորանշանակ նախարարի կամքով, ձեռամբ ու վավերացումով: Այստեղ են ասել. «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: «Պետպատվերով» տպագրվող գրքերի փոշեկոլոլ զանգվածից «ահաբեկված» նախարարը մի զարկով վերացրեց գրամոլների հսկա բանակը՝ կտրելով նրանց հացն ու ջուրը, գրականության տպագրության համար նախատեսված «պետական աջակցության» փողերը փրկելով փոշիանալուց, որպեսզի միմիայն հանճարների գրքերը տպագրվեն, իսկ անճարները թող սպասեն. մի օր նրանց դռանն էլ հարսանիք կլինի: Բայց թե տաղանդի ու անտաղանդի մետրաչափն ումի՞ց ենք ուզելու՝ Աստված գիտի ու նախարարը: Սրանից կարևոր էլ ի՞նչ կարող է լինել հակամշակութային մեր օրերում:
3. Իմ դժվար ապրվող ու դժվար գրվող կյանքում մի գլխացավանք էլ ծնվեց՝ նոր գիրքս՝ «Փեակների տարաբախտություն» վեպը, որի տպաքանակը երեք ամսում սպառվելու վրա է (ով կարող է և ուզում է գնել՝ գնում է, ով չի կարող, բայց ուզում է կարդալ, նվիրում եմ, էլ չասեմ, թե գրպանիս փողից ինչքան եմ բաշխել, որ Հայաստանի մարզերով, քաղաքներով ու գյուղերով ճամփա անցնի ու գա հանգրվանի Երևանի գրասեր հանրության որոնած շնորհանդեսներում), բայց ես դեռ մի սար պարտք ունեմ՝ հրատարակման ծախսի տակից դուրս գալու համար: Ասում են՝ կես ճշմարտությունը նույն սուտն է, ու հիմա մյուս կեսն էլ հիշեմ, որ «ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում»-ը աղոթքի նման հնչի և գուցե հասնի Տիրոջը: Ի տարբերություն նախորդ գրքերիս, այս մեկը ճամփա է ընկել ու գնում է մեն-մենակ. հասավ Ֆրանկֆուրտի «Գրքի տոնավաճառ», անգամ օվկիանոսից այն կողմ՝ ամերիկաներ հասավ, բազմեց Վոնեգուտի թանգարան-գրադարանի տեսակ-տեսակ գրքերի կողքին (ուր էր թե՝ լեզվական պատնեշը չլիներ, ու այլախոսը հայերեն կարդար. երազելը հանցանք չէ), անգամ մի շարք «դժվարահաճ, քմահաճ» գրականագետների գնահատությանն արժանացավ, էլ չասեմ, թե ընթերցողների ինչ փնտրվող լսարան է հավաքել. իրար ձեն տալով՝ ասում-խոսում են, կարդում-հուզվում են, զգացմունքը թաքցնելով՝ փսփսում, իրար ականջի ասում են. «Անպայման կարդա», ու ականջս կարմրելով՝ լսում է: Բա չասե՞մ՝ քարը գլուխը, թե «Պետական մրցանակի» չարժանացավ:
Ահա և ամբողջը: Տարին փոխվում է, մենք նույնն ենք: Մաղթանքս ինձ ու գրիչ բռնող բոլոր ընկերներիս. թող լինի ու ապրի ու տեսցվի գրականությունը, որ մեկ-մեկ էլ ուրիշներն են ստեղծում: Իր քթից՝ իր գրից այնկողմ տեսնողն արդեն տեսանող է: Թող լինի: