Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

1. Անցնող տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությունը, հավանաբար, այն էր, որ մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ դեռևս չի կարողանում թոթափել իր մեջ արդեն քանի՜ դար բնակալած բռնակալի ու ստրուկի հոգեբանությունը:
Մյուս կարևոր իրադարձությունն էլ տարեմուտի նախօրեին, որպես Ամանորի և Սուրբ Ծննդյան շռնդալից նվեր, մատուցված ինքնախոստովանական բացահայտումն էր, որը մեր մեծաքանքար այրերի հարճաբարո գործունեության արդյունքում, ի տես համայն աշխարհի, կատարեցին մեծապետական շովինիզմի գլխավոր գաղափարակիրներն ու լոկոմոտիվները` այժմ արդեն ամենալկտի դրսևորումներով տալով կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն:

2. Անցնող տարվա ամենակարևոր մշակութային իրադարձությունն ինձ համար այն էր, որ վերջապես գլխի ընկա. Սովետը վերադարձել է: Հակառակ դեպքում, ինչո՞ւ էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ռուսաց լեզվի դասավանդման, զարգացման ու տարածման համար հատուկ հայեցակարգ մշակում, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը, սովետական ամենանեխած տարիների հանգույն, ԿԱԶՅՈՆԻ ոճով, բառապաշարով ու մեծագույն անտարբերությամբ պատասխանում իմ այն խնդրանքին, որ աջակցեն Ռուբեն Մամուլյանի 120-ամյակի առթիվ նրա միակ մանկական գրքի թարգմանությունը հրատարակելու հարցում:

3. Անցնող տարում իմ ստեղծագործական կյանքի կարևոր իրադարձությունն էր, որ հրատարակեցի թարգմանական երկու վեպ և իմ պատմվածքների ու պիեսի ժողովածուն: Իսկ ամենակարևորը` հաջողացրի բոլորել 65-ս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։