Տարեմուտի հարցաթերթիկ-2017. ՆԱՆԵ

1. Քաղաքական իրադարձություններն արդեն տարիներ ի վեր առատ են մեր կյանքում: Միայն թե` կարևո՞ր արդյոք, կամ կարևոր` առաջընթացի՞, թե՞ կործանման ընթացքի համար: Ցավոք, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ, նոր իրավունքների արտոնություններ ստացած Ազգային ժողովը և նոր կամ ոչ այնքան նոր վարչակազմը և այլ նոր ու հին պատասխանատուներ զբաղված էին ընդամենը մանր-մունր դրական շտկումներով, բայց մեծ ու հսկայաքայլ երկրաքանդ գործերով: Ավելի մեծ եռանդով ու թափով շարունակվում է հզոր երկրներից և հզոր ուժերից մեր երկիրը ավելի կախման մեջ դնելու խայտառակ գործընթացը` վարկ-պարտքերով, պայմանագրերով…
Եվ մեր անկախ երկրում ես դեռ անկախություն եմ երազում…

2. Մշակութային կյանքում ևս եռուզեռի պակաս չկար, միայն թե դարձյալ` ի շա՞հ արդյոք, թե՞ ի վնաս, կարևո՞ր, թե՞… Եվ, ցավոք, այստեղ էլ տեսանելի շարժը լրիվ այլ տեղ է տանում: Որքան ասես բթացնող, զբաղեցնող անիմաստ շոուներ, մրցույթներ և դրանց վրա` բլուջեից ծախսեր ու ծախսեր: Եվ դրան զուգահեռ քիչ առ քիչ տարբեր ձևերով ասպարեզից հանվում է երկրի մտավորական խավը, ում խոսքը և անգամ լուռ, բայց կարևորվող ներկայությունն ազգի ամրության հենասյուներից է, ոգին, ուժը: Ու հենց դա էլ նրա «մեղքը» համարվեց: Աստված չանի հասնենք նաև այդ ընթացքի «Ոտքի, դատարանն է գալիս»` մեզ անցյալից արդեն ծանոթ «արարին»…
Ու «Ոգու սովի» այս ժամանակներում չեմ կարող «հայի վերջին խելքը» չերազել:
Իսկ իմ ստեղծագործական կյանքը, բնականաբար, շատ առումներով երկրի և մշակութային վիճակի հետ իր անմիջական կապն ունի:

3. Ստեղծագործողի առաքելությունն իր ժողովրդին ծառայելն է, սակայն վաղուց է արդեն ժողովրդի հետ կապը կտրված: Այն վերականգնելու փոխարեն, ամեն նոր եկող նախարար դեռ իր հերթին և նոր ջանքերով ավելի է խորացնում եղած անդունդը: Գրողների գրքերի տպագրման համար տրամադրվող պետական պատվեր-աջակցության վերացումը հենց այդպիսի մի ջանքի արդյունք էր ու տարվա ամենացավալի իրադարձություններից: Անտիպ գրքերն ու այդ պատճառով անարձագանք մնացած ստեղծագործությունները մեր երկրի պատմության ամոթալի էջերից մեկն են դառնալու: Լավ է, որ գրիչն ու թուղթը դեռ մեր տնօրինության տակ են: Աչքներս պահենք լավ ժամանակների…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։