1. 2017 թ. ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Եվրոպական միության հետ համաձայնագիրը ստորագրելն էր: Ըստ իս, դա բացառիկ համաձայնագիր է, որով Հայաստանը կամրջեց Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության ինտեգրացիոն նախագծերը` ոչ միայն ի շահ մեր երկրի, այլև հենց այդ միություններում եղած երկրների համար` փոխհամագործություն ստեղծելու օրինակով: Զուտ հայերիս համար այդ իրադարձությունը ես պատմական եմ դիտում ոչ միայն ապագայում ձեռք բերվելիք նպաստավոր գործառույթների և դրական արդյունքների հույսով, այլ, հատկապես, մեր հինավուրց պատմության մեջ հազվադեպ եղած` հզոր երկրների հետ խաղաղասեր, մեզ համար շահեկան հարաբերություններ ստեղծելու առումով: Սա սեփական պատմությունից դասեր քաղելու փայլուն օրինակ է:
Ինչ մնում է համաձայնագրի ստորագրումից հետո պատվիրված և որոշների կողմից սանձազերծված հակահայկական հիստերիային, դրան մենք համարժեք պատասխան տվեցինք, և չի բացառվում, որ այդպիսի դրսևորումներ էլի կլինեն: Նմանօրինակ դեպքերում հասարակությունն ու մտավորականներս պարտավոր ենք ճիշտ կողմնորոշվել և լինել մե՛ր տեղում` մեր ազգօգուտ դերով:
2. Մշակութային կյանքում առանձնահատուկ, համազգային նշանակություն ունեցող իրադարձություն չեղավ: Սպասումներն ավելին էին: Ցավալի է:
Որպես ակներև իրադարձություն կարելի է նշել Ազգային պատկերասրահում բացված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» և իրենց ստվերից հուշտ եղած չինովնիկների կողմից Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում փակված «Խավարում» ցուցահանդեսները:
Արժանին պետք է մատուցել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամին` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրին աջակցելու համար: Լավ ծրագիր է, խոսք չկա, սակայն այդ «կանգառների» մշակույթում անտեսել գրողներին, նկարիչներին, մասնակից չդարձնել նրանց` թերի է: Ինչո՞վ վատ կլիներ, եթե թատերահամերգային կազմակերպությունների հետ մայրաքաղաքի և մարզերի նկարիչներն այդ «կանգառներում»` ցուցադրություններ, իսկ գրողները հանդիպումներ ունենային:
3. Ընդամենը երկու պիես գրեցի, մի քանի պատմվածք: Տեղատվություն էր, հոգսերի խութերը զսպեցին ալեկոծությունը:
Տպագրվելու առումով, մխիթարությունն էլի «Դրամատուրգիա» հանդեսը եղավ, որում տպագրվեց իմ նոր կատակերգությունը: «Դրամատուրգիան» ժամանակակից դրամատուրգներիս համար փարոս է դարձել, բայց բեմ-ափ չենք նետվում, այլ ծվարում ենք նրա ջերմ գրկում` գերժամանակակից բեմադրիչների ողորմածությամբ:
Մխիթարություն էր նաև Կապանի թատրոնից ստացված աչքալուսանքը, որ պատրաստվում են բեմադրել իմ կատակերգություններից մեկը:
Ուտող-ուրացող չլինեմ. թատերական կյանքում և դրամատուրգներիս համար աննախադեպ իրադարձություն էր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի «Ժամանակակից հայ դրամատուրգիա» խորագրով գերազանց կազմակերպված ու անցկացված հանրապետական փառատոնը, որում մյուս գրչընկերներիս հետ արժանացա դիպլոմի և «Հովհաննես Աբելյան» հուշամեդալի: