1. Դրականը – դէպի Եւրոպա պատուհան բացելու մեր ազգային բնաբուխ ձգտումը: Յիշո՞ւմ էք Ռուսական Կայսրութիւնը Պետրոս Մեծի ժամանակներից. ինքը` կայսրութիւն, բայց ձգտում էր դրան, իսկ ինչու մենք ` ոչ, այն էլ` դարեր անց:
Դժգոհանքը – սփիւռքահայութեան հետ յարաբերութիւնների այսրոպէական ընթացքից, որը երեւան հանեց 6-րդ համահայկական համաժողովը: Երեւի ոչ մի անգամ մենք այդքան նախայարձակ չէինք պահանջում Սփիւռքից թուային կոտորակների խաղը. Եթէ 10 մլն ենք, միայն իբր 2-ն են, գիտէ՞ք, արեւմտահայերը, եւ աւելի յանդուգն ու վիրաւոր թուացոյցը` արեւմտահայերէնին տիրապետում է, արեւմտահայերէնով խօսում ընդամէնը 170.000 մարդ: Իսկ դա խորքի մէջ ցուցումի պէս բան է` ուղղուած բոլոր նրանց, ովքեր դեռ երազախաբ չեն եղել եւ ցանկանում են արեւմտահայ ուսուցչի պատրաստութիւնը Հայաստանում կամ Սփիւռքում: Ի՞նչ էք խօսում, ո՞ւմ է պէտք, արեւելահայը աւագ եղբայր է, ու վե՜րջ:
2. Մշակութային իրադարձութիւննե՞րը – ընդհանուր անգոյն մթնոլորտում գրեթէ իւրաքանչիւր քայլ, որ մեզ մօտեցնում է բարձր արուեստի դարպասներին: Օրինակ` Դ. Շոստակովիչի 13-րդ` «Բաբի Յար» համանուագի առաջին կատարումը Հայաստանում այս աշնանը: Մնացեալը շատ է մեզ քաշում ճահճուտը:
3. Ստեղծագործական կեանքո՞ւմ. անցնող տարում աւարտին հասցրինք լիբանանահայ արձակագիր Գէորգ Աճեմեանի երկերի 4-րդ հատորի հրատարակութեան պատրաստումը եւ յանձնեցինք տպագրութեան: Վերջապէս տեսանք քառահատոր «Արեւմտահայ ընդարձակ կենսագրական բառարան»-ի եզրագիծը: Եւս մէկը. վերջացրինք Դ. Լոուրենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վէպի ամբողջական թարգմանութիւնը` գիտական մեկնութիւններով ու ծանօթագրութիւններով: Մաղթենք, որ յաջորդ տարուայ կէսերին լոյս տեսնի: