Բանաստեղծի երկրպագության վայրն ու ժամանակը / Գարեգին ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ժամանակը երբեք չի պարտադրում, պարզապես մեր ցանկություններին ու հարմարավետությանն ընդառաջ տեղի-անտեղի ենթարկվում ենք նրան՝ ընդհանրական հիմնավորումներ գտնելով, թե այսօրվա պահանջն է թելադրում և հարկադրում ողնուծուծով փոխվել և «բավարարել» շուկայի պահանջը:
Հարափոփոխ այս ընթացքի մեջ բարոյական նորմերն ու սկզբունքները, իրոք, ենթարկվում են ազդեցությունների, իսկ երբեմն էլ՝ արտաքին հարձակումների, սակայն երկրավորի հազարամյա գիտակցությամբ ապրող-արարող մարդու համար տարվա եղանակները չեն փոխվում, իրար են հաջորդում այնպես, ինչպես նախաստեղծ բնությունն է հաստատել: Այսինքն` Հողը, Լույսը, Հայրենիքը բանաստեղծի համար ժամանակի արագընթաց այլափոխություններից չեն արժեզրկվում, քանզի նրա ես-ի գոյության և ինքնության գրավականը այն լուսեղեն արարումն է, որով իր երկիրը սիրող մարդը այդ տարածքը դարձնում է Հայրենիք:
Նորայր Գրիգորյանի «Առավոտը պինդ գրկած» բանաստեղծությունների ժողովածուն այս անհոգի և անդեմ ժամանակի մեջ մեր ինքնության ու տեսակի կորստյան տագնապներով ապրող անհատի բանաստեղծական սրտամոտ պատկերներով կենդանագիր մի զրույց է աներազանք իրականության մեջ ապրող մարդկանց հետ: Հայրենասիրությունը փանջունիական վարքով մեզ ամեն օր մատուցողների փոխարեն բանաստեղծն ասում է.
Մեղվին հարցրի՝//ի՞նչ կա ծաղկափոշու մեջ,//ասաց՝ իմ դառն անցյալը,//ու ինչքան խորանում է,//այնքան հեռանում է,//ինչքան հեռանում է,//այնքան քաղցրանում է,//ինչպես քո հայրենիքը:
Բանաստեղծ Ն. Գրիգորյանը երկրպագում է իր քարեղեն երկիրը, հողն ու բնությունը, գուցե այդ պատճառով էլ զգում է հողի շունչը, հասկանում է ծառերի ու թռչունների զրույցը, լսում հողի ընդերքում ամփոփված իր նախնիների ձայնը, ուստի որպես իր երկրի վաղվա օրով մտահոգ Հոգի, մշտապես անպատասխան հարցուփորձի մեջ է, արդյո՞ք սա է այն ճանապարհը, որով քայլում է նա որպես ժառանգորդ:
Ես մեկ լեռներում եմ ապրում,//մեկ՝ դաշտավայրում,//մեկ խոսում եմ պապիս հետ,//Ով շարունակ հարցնում է՝//Ո՞ւր հասավ մեր փամփուշտը…
Կամ երբ փորձում է արտահայտել իր կարոտն ու սերը հարազատ ծննդավայրի հանդեպ.
Այստեղ երազանքները անձրևի հետ են իջնում,//թախիծը՝ գոլորշու հետ բարձրանում://Արյունս նեկտարի, խոտի, ծառերի//միջով է հոսում երակներս://Այստեղ ինձ ծառը սովորեցրեց քայլել,// արևը՝ տեսնել, թռչունը՝ խոսել,//անձրևը՝ արտասվել:
Ն. Գրիգորյանի «հողածին» էությունը նրան ամբողջովին չի «բանտում» բնապաշտության սահմանների մեջ, քանի որ նա էլ իր մեծ նախորդների նման մեր պատմության «վիհերում» մեռնող հույսի ճամփաներով է անցնում և անտրտունջ կրում այն ուղտաբեռ ցավը՝ մոռացված արքաներով ու գահերով, որ նրան էպոսի Մհերի նման՝ ոտքերը հողի մեջ խրված՝ ձեռքերը առ երկինք պարզած ասում է.
Եկեք,-ասում եմ բոլորին,//բազմեք գահերին ծիրանի,//եկեք, մանուկ ու հալիվոր,//շինական, որմնադիր ու հյուսն://Այս ընծան իմը չէ բնավ,//լեռները, ծովերը, դաշտերը//և այս տունը՝ գահերով լցված,//հազար տարվա ճամփորդ եմ՝ ոտքերս հողի մեջ խրված:
Ժողովածուն հեղինակը իր ապրած կյանքը, որպես կենսագրություն պայմանականորեն ըմբռնելի շրջափուլերի է բաժանել՝ առավել իրեղեն դարձնելով իր հույզերն ու ապրումները, իր Երկիրն ու Հողը սիրող զավակի այսօրվա և վաղվա հպարտությունն ու թշվառությունը, կորուստներն ու հաղթանակները:
«Նամակներ դիտակետից» շարքում Արցախի հողում զոհված հերոսներից մեկի՝ Արմենակ Ուրֆայանին նվիրված «Երանի» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանության տողեր ու հերոսացման ճառեր չի հորինում, այլ գեղագրում ու խազում է ջահել զինվորի պատկերը երկնքի անհունի մեջ և ասում.
Երանի երկնքին,//որ ծաղիկ էր, թռչուն էր, աղջիկ էր,//ու հողին երանի, երբ//նռնակը քո ձեռքին պայթեց:
Ն. Գրիգորյանը «խիստ ժամանակակից» պոետական ընկալումների ու նորաձևությունների մեջ չի ընկնում, կոչերով ու ճոռոմաբանությամբ չի լցնում բանաստեղծությունը իր բաժին հայրենասիրության մասին խոսելիս, այլ կարողանում է զրուցել Մահն իմաստունի պես ընդունող իր նախնիների նման, միաժամանակ՝ բողոքել ու ընբոստանալ, քանի որ Երկրից հեռացողների համար իր սիրտն է ցավում ու իր աչքն է թացվում, քանի որ ամեն մի հեռացող՝ գյուղից կամ քաղաքից իր հետ հայրենի եզերքի մի պատառիկ է տանում, և այնժամ Հայրենիք-ամբողջությունը սկսում ենք փնտրել երբեմնի երանելի անցյալի մեջ, մինչդեռ՝
…Եվ մեր ձեռքերը,//որ երազում են գրկել անցյալը,//միշտ գրկում են ծուխը՝//սպիտակ ագռավի կերպարանքով:
Այս ամենի մեջ իրապես տեսանելի է Հայրենիքը, հարազատ եզերքը, իր էպիկական տեսակը կորցնելու վտանգի առաջ կանգնած հայի նկատմամբ հեղինակի անթաքույց տագնապը, վախն ու հիասթափությունը, որը նրան չի լքում ոչ մի Աստծո օր:
Ժամանակի ու անառողջ բարքերի դեմ ներքուստ ըմբոստացող մարդ-քաղաքացին, իր խելառությամբ ուրիշներից զանազանվող իր սասունցի նախնիների արյան ժառանգորդը նույնպես ուզում է, որ Աստծո Լույսն ու Արդարությունը հասանելի լինեն բոլորին: Որպես ավանդական բարոյական բարձր արժեքներ կրող մարդ, նա փառաբանում է արարող մարդուն, իր արդար քրտինքը աննկատ սրբող հողագործին, քանի որ այդ նա է հայրենիք ասվածը գուրգուրանքով ու փայփայանքով պահպանում ու շենացնում, որպեսզի այդ հողի վրա իր թոռների համար աճի հեքիաթի խնձորենին՝ վրան երեք խնձոր:
Ն. Գրիգորյանի այս և մյուս ժողովածուները ընթերցելիս հպարտանում ես քո ազգային ինքնությամբ և անբողոք կրում «ցավ ու դարդերի» հիշողության բեռը, քանի որ հավատում ես ոգեղենությանը և նախախնամությամբ ամրագրված քո ճակատագրին: Դա է պատճառը, որ հեղինակը անկայուն, հեղհեղուկ ու արժեզրկված այս ժամանակներում չի շեղվում Լույս տանող ճանապարհից, քանի որ մինչև Դրախտ՝
Ճանապարհն անցնում է//ցորենի կապույտ դաշտով://Եթե սերմնացանը քեզ ձեռքով անի,//ուրեմն հասել ես:
Հեղինակը բարոյախրատական դասեր չի կարդում, պարզապես ցուցանում է մեր «լուսաճակատ» նախնիների կյանքով գծված ոգեղեն ճանապարհը, որով պիտի քայլի յուրաքանչյուր հաջորդ, ով իր ժառանգական գիտակցությամբ սիրում է այս Երկիրը ու հավատում Մհերի վերադարձին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։