Հիշողություն, որի արմատները շատ խորքերից են գալիս… / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անդրանիկ Հակոբյանը ստեղծագործել սկսել է վաղ հասակից, սակայն նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Քամու դեմ մենակ» խորագրով, լույս տեսավ 2001 թվականին, երբ նա արդեն հատել էր իր կյանքի չորս տասնամյակի շեմը: Բայց այդ «ուշացման» պատճառը ամենևին էլ իր թերացումը կամ «ծուլությունը» չէր, այլ վերջին տասնամյակներին մեր ժողովրդի կյանքում կատարված արմատական հեղաբեկումները, որոնք իրենց շրջապտույտի մեջ էին առել մասնագիտությամբ փիլիսոփա-սոցիոլոգ, հոգեկերտվածքով` գեղարվեստական խոսքի սիրահար երիտասարդին: Անցած տարիները, սակայն, նպաստեցին նրա ստեղծագործական նախասիրությունների հստակեցմանը, անցումը բանաստեղծությունից արձակին: Արդյունքում ընթերցողի դատին հանձնվեցին «Շոգելք» (2004) պատվածքների ու էսսեների ժողովածուն և «Երկիրը կապույտ երկնքով» (2016) վիպակը: 2016-ին հրատարակված ժողովածուն ամփոփում է վերջին երկու գրքերի գործերը մեկ հատորում` «Զրույց լեռան հետ» ընդհանուր խորագրով:
Ժողովածուն բացվում է «Արմաղան լեռան կանչը» շարքի համանուն պատմվածքով, որն, ըստ էության, ներկայացնում է հեղինակի ծննդավայրի` Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի կյանքի իրապատում համապատկերը` գլխավորապես մանկության տպավորությունների հիման վրա: «Գյուղը մեր լեռնաշխարհի ամենաբարձր բնակավայրն էր, աշխարհից շուրջ երկու ժամվա ոտքի ճանապարհ հեռու, ձմռանը` կտրված, ինքն իր մեջ ամփոփված, ինքն իր հետ խռով ու հաշտ, միասին, գեղախռիկ /մեր բառն է/, իրար հետ ծնվող ու մեռնող մեր գյուղը»: Ոչ մի բան գունազարդված չէ այստեղ, հուշային գրվածքներին սովորաբար շատ յուրահատուկ կարոտի ու ափսոսանքի և ոչ մի երանգ չի խաթարում հիմնականում «կոշտ ու չոր» մարդկանց ու կյանքի այդ համապատկերը: Բայց այս «կոշտ ու չորը» միանշանակ չէ, ներքին ու նրբին հոգեբանական բացատրություն ունի, որ չի վրիպել մանկան ուշադիր աչքից. «Երևի դա նրանց ինքնապաշտպանությունն էր,- գրում է հեղինակը:- Ներսի լույսն ու ջերմությունը, սերն ու քնքշանքը աշխարհից ու իրենցից թաքցնելու համար երևի կոշտ էին ու չոր»: Սա մի գյուղ է, որ «մայիսից մինչև հոկտեմբեր /…/ մժեղի պես եռուզեռի մեջ էր», ուր դարերի ընթացքում «աշխատել-ապրելու հետաքրքիր կարգ էր մշակվել», ըստ որի ամեն ինչ արվում էր ժամանակին ու համատեղ: Բայց «Մադինայի վեց ամսվա դառն ու դժվար աշխատանքից ավելի ծանր էր ձմեռը»: Այդուհանդերձ, ձմեռն էլ ուներ իր հետաքրքրությունները` օրվա թերթերը աչքի անցկացրած, տաք օջախների շուրջ իրար գլուխ հավաքված գյուղացիների անվերջ զրույցները աշխարհի անցուդարձի մասին, որոնց արդյունքում ձևավորվում էր «գյուղի տեսակետը», որով «Կաստրոյին խրատ էին տալիս, Բրոզ Տիտոյին զգուշացնում, Բրեժնևին, իհարկե, քաջալերում»… Եվ այդ ամենի միջից դուրս լողացող, կյանքի փորձություններում թրծված գյուղացու ներքին կերպարը` սեղմ ու դիպուկ մի արտահայտության մեջ` «Ախպե՛ր, շնորհակա՛լ ենք»: Ու մանկան զարմացական-հիացական ընկալումը` «Էսքան դժվար ապրող ու էդքան գոհ մարդիկ, աշխարհի հետ խռով ու էդպես հաշտ մարդիկ, իրենց բախտից, դժվար տրվող հացից գոհ, երկրին շնորհակալ մարդիկ»: Ու նաև աշխարհը, որ «հլու-հնազանդ հարմարվում էր» այդ մարդկանց տրամաբանությանը, «գյուղի տեսակետին» («Լուսավորիչը»):
Թվում է, աշխարհից կտրված, ներփակ կյանքով ապրող այս գյուղին ոչ մի բան չէր սպառնալու, բայց, ահա, ամբողջ ժողովրդին պարտադրված պատերազմը իր թոհուբոհի մեջ է առնում նաև նրան, գույնզգույն երազներով ապրող մանկանն ու պատանուն անգամ դարձնում հայրենիքի պաշտպան, ազատամարտիկ: Անդրանիկ Հակոբյանը սեփական ապրածի հավաստիությամբ է ներկայացնում Ղարաբաղյան ռազմաճակատում հայտնված մարտիկի զգացողություններն ու տագնապները, որոնք արդիական հնչողություն ունեն նաև այսօր: Գլխավոր դասերից մեկը խոհն է ընդհանրապես պատերազմի անիմաստության շուրջ. «Ո՞վ է հորինել պատերազմը, ե՞րբ, ինչո՞ւ, ինչի՞ համար…»: Եվ ապա` գլոբալ մարտահրավերների դերը անհատի հետագա ճակատագրում: Այս մտահոգությունը հեղինակը կարողացել է ամփոփել սեղմ ու դիպուկ ձևակերպումների մեջ. «Դու սովորել ես քնած քայլել, դու առել ես չորացած մամուռի ծխի համը»: Կամ` «Դու կարող ես անթերի կողմնորոշվել մթնում, քայլել քարափների վրայով, չգայթել ծերպերին», բայց տանը, փողոցում խեղճանա՜լ ու շփոթվե՜լ, տեսնելով, որ մեկը աֆղանկայով բենզին է վաճառում, մինչդեռ` «Տղերքը դեռ էնտեղ են»: Իսկ այդ ամենի եզրակացությունը շատ հստակ է ու որոշակի` «Որովհետև այնտեղ պարզից էլ պարզ էր` առջևում թշնամին է, թիկունքում` ձերոնք» («Երկվություն»):
Պատմվածքներից մեկում («Հոր ծանրությունը») Հակոբյանը նշում է, թե երբ նոր-նոր է սկսել ծանոթանալ իրապաշտ գրողներին, հասկացել է, որ «ռեալիստական գրականությունը իմ կոչումը չէ», դա բացատրելով նրանով, որ թեև «աշխարհի հետ իր կռիվը» սկիզբ ու վերջ չունի, բայց նաև չի ցանկանում «մեր կյանքը մինչև հատակը թունավորող շատ ու շատ անպետքություններ ջրի երես հանել…»: Այսպիսի միտվածությունը, սակայն, ամենևին չի նշանակում, թե նա լավ չգիտի նման երևույթների խորքային պատճառները, քանզի երանի է տալիս «բոլոր նրանց, ովքեր գիտեն կյանքի ինչպեսը և չգիտեն ինչուն», այսինքն` չեն ըմբռնում կյանքի, այսպես կոչված, «հասարակական արժեքը»: Այնուամենայնիվ, նույնիսկ հովվերգական թվացող պատումները, ըստ էության, հեքիաթներ չեն, այլ կենդանի հուշային վերապրումներ, միանգամայն իրական: Պատմվածքներից շատերի ժանրը, թերևս, կարելի է բնորոշել որպես «արձակ բանաստեղծություն», քանզի հեղինակի գրողական աչքը կարողացել է նկատել հողի արդար աշխատավորների` «Մասիս գյուղի ամենահին տրակտորիստ» Եդվարդի ու «դասական սերմնացան» Ավետ ապոր («Հորովել»), «գյուղի վերջին դարբին» Օհանես բիձայի («Վերջին դարբինը»), ծաղկող Ներսեսի («Որձաքար») կերպարների` կյանքի, աշխատանքի նկատմամբ ներքին վերաբերմունքի, պարզ, բնական, ժողովրդական իմաստնության պոեզիան:
Անդրանիկ Հակոբյանի հիշողության ու խոսքի արմատները շատ խորքերից են գալիս` Հայկի ու Բելի, հայրենի Հարք գավառի, իր հոր ու նախնիների ծննդավայր Մուշ-Բուլանուխի ժամանակներից, երբ նրանք հայրենի այդ հողի վրա քայլել են «աստվածների ոտնահետքերով» և որտեղով անցնում էր «առասպելի և իրականության սահմանագիծը»: Այդուհանդերձ, այդ ամենը ևս հեքիաթ չէ, որովհետև, ինչպես հավաստում է գրողը, ճիշտ է, «Հորս երկիրը լեգենդ է, դյուցազներգություն, էպոս», բայց` «այդ ամենը եղա՜ծ, իրակա՜ն»:
Իր տոհմի և, ընդհանրապես, ամբողջ ժողովրդի հայրենազրկության ողբերգական պատմությունը, սակայն, հեղինակը տալիս է ոչ թե լայն ու ծավալուն էքսկուրսների, սյուժետային պատումների, այլ զուսպ, երբեմն խորհրդանշական-այլաբանական պատկերների մեջ: Ահա «Տարեմուտ» պատմվածքը, որ գրողի գերդաստանի պատմությունն է` ավանդույթի և ներկայի համադրումներով: Մշո դաշտից 1917-ին գաղթած համագյուղացիները, նրանց թվում նաև յոթնամյա հայրը, տասնամյակներ անց անգամ «չէին խոսում իրենց երկրից, ազգ ու տակից, փախեփախից: Լռում էին: Առանձի՛ն- առանձի՛ն: Ամեն մեկն իր իմացածի խորությամբ էր լռում» (ընդգծումը մերն է – Պ.Դ.): Ասելիքը խտացված տողերի մեջ ներկայացնելու այս ոճը ևս, կարելի է ասել, ժառանգված է նախնիներից, քանի որ, գիրքն ընթերցելիս, այլևս բնական է հնչում հեղինակի զարմացական հարցը, թե «Էս ինչ խիտ երկիր է, խիտ ժողովուրդ: Էս ինչ բյուրեղացած հավատամք է,- աշխարհի շեն վըր գութնին էր, գութան չեղներ, աշխարհն ի՞նչ էր: Էս ո՞նց են հասել էս պարզությա՜նը, էս ծավալների՜ն, էս խորությա՜նը» («Վերջին դարբինը»):
Հասարակական, սոցիալական կյանքի կնճիռներն ու հիմնահարցերը գլխավոր տեղ են գրավում ժողովածուի «Հիշողության կենտրոն» և «Աշխարհի անավարտ քննությունը» բաժինների էսսեներում ու պատմվածքներում: Դրանցում հերոսը երբեմն խճճվում է ժամանակների մեջ` արդարի ու անարդարի, ուժեղի ու թույլի, ստորի ու վեհի, բացարձակի ու հարաբերականի հանգույցներում: Հարցեր, որ հաճախ անլուծելի են, քանի որ ընդհանուր են, բոլորինն են: Եվ մնում է միայն… զարմանալ` «Այս ի՞նչ հանելուկ է մարդը», ու արձանագրել, որ «Քո բաժինը հարցն է, հարցումը, իսկ պատասխանը երբեմն կա, երբեմն թվում է, երբեմն էլ… Էնքա՜ն գլուխներ են ջարդվել»: Գրողը բացում է ներկա կյանքի հրատապ խնդիրներ, փորձում` դրանք բարձրացնելով, ավելի կարևորել, մղել լուծումներ գտնելու: Մի՞թե, մեղմ ասած, մտահոգիչ չէ, որ, ասենք, իր դասընկեր Գագիկը, «որ հրաշալի գրող էր դառնալու, թունաքիմիկատների առևտրով է զբաղվում», կամ` «Աշոտը շինարար է, մինչդեռ բժիշկ էր դառնալու», բայց, ըստ էության, նա հոգում նաև բանաստեղծ է, քանզի համոզված է, որ «խոյակը տաշելիս քարն այնպիսի խնամքով պետք է շուռումուռ տալ, ինչպես նորածնի բարուրը…»: Կյանքի օրինաչափություններից մեկն էլ ընդերքում և մակերեսին մղվող «գոյության կռիվն» է, «կենսաբանական հրամայականը` ինքնապաշտպանության ավանդույթը»: Մի շատ կարևոր ճշտումով` «Գոյության հիմքում կռիվն է, ոչ թե մերժումը: Հակառակ դեպքում, ինչո՞ւ դեռ ոչ մեկին չի հաջողվել Պիկասոյին, Վելասկեսին, Ռենուարին, Սարյանին հայհոյելով` նկարիչ դառնալ»…
Սակայն կյանքը, ժամանակը նաև իր սրբագրումներն են մտցնում, մարդկանց ու ժողովուրդների ճակատագրերը փոխում կամ կանխորոշում: Այդպես, ահա, «զինվորական չէինք ծնվել, ու պատերազմը մեր երազա՜ծը չէր», բայց… «պարզապես ընտրություն մեզ չէր տրվել», բացի կռվել-հաղթելուց: «Հիշողության կենտրոն» էսսեում Անդրանիկ Հակոբյանը խոսում է «մե՛ր բաժին պատերազմի» մասին, քանզի նրա համոզմամբ` «ամեն սերունդ իր բաժին կռիվն ունի, ու էդ կռիվը դպրոցական փոխանցում-վազքը չէ. դա ամեն գնով պետք է հաղթական ավարտի՛ բերել, որ որդուդ չմնա»: Բայց այստեղ էլ կան գրողին մտահոգող հարցեր, խնդիրներ, որոնք համազգային քննարկում-որոշումներ են ենթադրում` զոհված-հերոսացածներին սիրել-փառաբանելու հետ մեկտեղ, նաև պատերազմական հուր ու կրակի մեջ ողջ մնացածներին գնահատել-պաշտպանելը, այն գիտակցության արմատավորումը, որ պատերազմը միայն զենքն ու ռազմաճակատը չէ, պատերազմն ապրում են ամեն տեղ ու ամեն ինչում` տանը, փողոցում, դպրոցում… Եվ ուրեմն ճշմարիտ է «1993 թվական, սեպտեմբեր» էսսեում արծարծված գաղափարը, թե «մեր դպրոցն էլ է պատերազմ ապրում», այն յուրահատկությամբ, որ «Պատերազմում կռվում է զինվորը, բայց հաղթում կամ պարտվում է նրա ուսուցիչը: Հաղթում կամ պարտվում է այն դասը, որ զինվորն ստացել է»:
Հրապարակախոսական պինդ ջիղ ունի «Լեռներում աշուն է» էսսեն, թեև առիթը ընդամենը ոչ մի կերպ չգրվող, «չստացվող» նամակի պատմությունն է: Խնդիրն այն է, որ մարտական տարիների մտերիմ ընկերոջ ծնունդը նամակով շնորհավորելու ավանդույթը պարտադրում է, բայց գիրը դժվարությամբ է առաջ գնում, քանի որ ուզում է խուսափել «հերթապահ բառերից», գրիչն ընդվզում է խաղաղ օրերի սովորական, մաշված արտահայտություններից, որովհետև նրա համար, ում հասցեագրելու է այդ գիրը, «բառը հրետանային համազարկ է», և իրենք, ըստ էության, պտտվում են «նույն խմորի շուրջը», իսկ դա «հաց դառնալու համար թոնիր մտնող» իրենց հիշողությունն է: Եվ այդ հիշողությունը, լիարժեքորեն ապրված կյանքը, ելք է որոնում նույնքան տաք ու խիտ բառի, խոսքի մեջ: Ահա թե ինչու, «Տղերքը հետս խռով են, որ նամակը չի ստացվում, իրենք ասելիք ունեն, իրենք ուզում են բառամիջում ենթադրվել, երևալ, իսկ ես խոփի պես ապառաժի եմ դեմ առել»: Բայց նաև հենց այստեղ է, որ երևան է գալիս գրողի խառնվածքի բուն էությունը, քանզի թեև «Խոփի պես քարի եմ դեմ առել, ու նամակս չի ստացվում», բայց «Ակոս ծռելը իմը չէ: Ելքը մեկն է. կա՛մ ես, որ խոփ եմ` կջարդվեմ, կա՛մ քարը»:
Անդրանիկ Հակոբյանը ձգտում է իր մեջ վերազարթեցնել հոգու նախասկզբնական անաղարտության զգացողությունը, որը հենց բուն բանաստեղծության զուլալ ակունքն է: «Ընթացքից` ճանապարհի կեսին» էսսեում նա երանի է տալիս մանկագիրներին, «որ սկիզբ մտնելու համար հասցնում են իրենց վրայից թափ տալ ապրած օրերն ու բնական լինելու չափ կարողանում են մաքրվել»: Ահա թե ինչու, նրան` իր ներքին աշխարհի որոնումների մեջ, գրավում է ոչ թե թանգարանային կանոնավորությունը, այլ ժողովրդի մեջ տարածված անունով «քրջի շուկան», որովհետև իր սրտի ուզածը «տատ ու պապոտն է, թող որ փոշեհամ, թող որ շոգեխաշ» … Ու քանի որ դա է իր ճշմարտությունը, ուրեմն և «տպավորությունն այնպես է, որ քրջի շուկան կարծես պատմության դասագիրք լինի, միայն թե նկարները գունավոր չեն»: Բայց դա չի նշանակում, թե գրողի համար ոչ մի գունավոր բան չկա: Ապացույցը` «Նորավանքի մայրամուտն է` մի տեղ հասած ցորենի պես դեղին, մի տեղ` կարմի՜ր – կարմի՜ր»: Ընդհանրապես, ամբողջ համալիրն իր արտաքին ու ներքին խորհուրդներով մղում է իրոք որ պատկերավոր-բանաստեղծական ընկալումների. «Նորավանք կոչվող այս աստվածային վեհությունն ըմբշամարտիկների պես իրար ագուցված լեռների բազուկների մեջ է, տարածություն չկա առաջ նայելու, ուստի պարտադրված ես վերև՛ նայել, երկի՛նք, Աստծո՛ւն»:
Գրողին լրջորեն մտահոգում են ներկա մեր կյանքում առկա խնդիրները` արտագաղթ, ազգասիրության անկում և այլն, որոնք, իհարկե, ունեն իրենց պատճառները, բայց իր համար անընդունելի են ու անհասկանալի, քանզի` «Հայաստանը Արարատի նկար չէ, ոչ էլ «Կռունկ», «Կարիքից կքած, բայց հերոսական հայրենիքի դասալիքներին ուրիշներն ապաստանելու են, սակայն չեն հարգելու»: Իսկ, ահա, «Երկիրը կապույտ երկնքով» վիպակում Եղեռնից մազապուրծ և Իսպանիայում բնակություն հաստատած Լևոնի սլովակուհի կինն ու Լևոնի մահից հետո վերջինիս երկրորդ ամուսին իռլանդացի Դևին Դոյլը, որոնք մեծ հարգանքով էին պահում մեծ տառապանք ապրած հայի հիշատակը, որոշում են նախ իրենց որդուն` Դեննի-Դանիելին, մի հայ կնոջ միջոցով հայերեն սովորեցնել, ապա նաև` հայ-ադրբեջանական հակամարտության շրջանում, ուղարկել Հայաստան` մոտիկից ծանոթանալու իր հոր երկրի նոր պատմությանը: Խորհրդանշական է, որ այստեղ` «Զվարթնոց» օդանավակայանում, տեղի է ունենում պապի և թոռան հանդիպումը` արյան կանչի անխուսափելի զգացողություններով. «Պապ ու տատիս հետ այդ տաք, հարազատ երեկոների մեջ ես տեսա ինձ, տեսա ու ճանաչեցի: Նրանց մեջ ես գտա հորս, նրանք իմ մեջ վերակերտեցին հորս դիմանկարը, ում պարզվեց, այնքան նման էի»:
Բայց նկատենք, որ, այսուհանդերձ, գրողը նաև չի ուզում երբեմն ոմանց ականջի համար ձանձրալի խրատաբան լինել, դրա համար էլ կոչ է անում`«Խրատ չտանք իրար ու խրատ չառնենք: Պարզապես կրենք սեփական ժողովրդի զավակը լինելու պարտքն ասեմ, թե պատիվը, ու մեզ ո՛չ մեկի հետ չհամեմատենք»: Իսկ եթե պե՛տք է համեմատվել, ապա միայն «մեր իսկ պատմության հետ, կռվել` ինքներս մե՛ր մեջ, հաղթել` ամենից առաջ` ինքներս մե՛զ»: Կարևոր դասեր են սրանք, որ ինչպես վկայվում է «Լռության շարական» և «Էտյուդ հորս» փոքրածավալ էսսեներում, գրողին ներարկվել են դեռ մանկուց, իր պապից և հորից: Նա խոստովանում է, որ իր պապի առավոտյան աղոթքով է սկսվել իր մանկությունը և պապի լվացվելու` «լուսաթաթախ ու հեթանոս ջրի ծեսն» է եղել իր առաջին դասագիրքը… Իսկ հոր էության մեջ նրան առինքնել է «մեկ անգամ արդեն բնօրրան կորցրածի» խռովքն ու «սեփական տունը պահել չկարողացողի անուժության իր նզովքը պարտությանը, չարին, վատին», բայց նաև` «օջախ վերագտածի իր խաղաղությունը»: Ընդհանրապես, հոր կերպարը տրված է սեղմ ու դիպուկ վրձնահարվածներով` «Հայրս քայլելիս շուրջբոլորն ու ոտքերի առաջ նայելու սովորություն չուներ: Հեռուն նայելով էր քայլում: Դրա համար էլ, գուցե, ուրիշների կորցրածը երբեք չգտավ: Դանդաղ ու դժվար գտավ և ստեղծեց իրենը, գտավ ու գնաց ուրիշ աշխարհներում գտածը պահպանելու»:
Ընդհանրապես, «Լռության շարական»-ով մեկնվում է նաև ժողովածուի ընդհանուր խորագիրը` «Զրույց լեռան հետ», որը, թերևս, երկակի իմաստ ունի` մե՛կ հայրենիքի էությունը խորհրդանշող լեռն է, մե՛կ էլ` «հայր կոչվող անհասանելի լեռը», որի դեմ ծնկի գալու, նրա հետ «էդպես էլ անավարտ, գուցե հավերժորեն ձգվող լուռ զրույցը շարունակելու» խորհուրդն ունի: Բայց կարևորն այն է, որ «էս դեպքում չհասկացվելու եզրեր չկան, որովհետև սա արյուն կոչվող թանձրուկի մենախոսությունն է, ու իր ակունքը լեռան ապառաժի ծոցի մեջ է»…
Ոչ միայն պատմվածքներում, այլև էսսեներում Անդրանիկ Հակոբյանի խոսքը պատկերավոր է, լեզվական ու տարբեր արտահայտչամիջոցներով համեմված: Ամեն բան բնության մեջ մարմին ու հոգի է նրա համար: Ճամփեզրին դեն շպրտված վարդը «Միայնակ քամու ճանապարհը» էսսեում պարզապես ալեկոծում է գրողի ներաշխարհը` «փոշոտված աչքերը մի կերպ բացուխուփ անելով, ջանում էր նայել երկնքին»: Արձակագիրը հաճախ է օգտագործում նաև հակադրությունների եղանակը` իրավիճակների ներքին բարդությունն ու խորքը շեշտադրելու համար: Բնորոշ է «Ուխտագնացություն դեպի Եռաբլուր» էսսեն: Սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո, շարունակելով նրա իսկ ավանդույթը, Ամանորը Եռաբլուրում դիմավորող ընկերների «հոգում լույս էր ու ցերեկ», քանզի «Եռաբլուրում թախիծ կա ու հպարտություն, բայց մութ չկա: Եռաբլուրում թախիծն էլ է լուսավոր, հպարտությունն էլ, մութն էլ» (ընդգծումը մերն է – Պ.Դ.):
«Դարոյնքի ապառաժե ոգին» էսսեն ավարտվում է հետևյալ խորհրդանշական տողերով. «Բնության մեջ կա շատ ավելի զորեղ մի բան, քան մահն է: Մարդու կենսաբանական բացակայությանն ընդդեմ բարձրանում է ամենակարող ու ամենահաս հիշողությունը: Նա մեզ համար պահպանում է աշխարհը, որ մերն է, ու ժամանակ առ ժամանակ մեզ տանում է այն աղբյուրները, որոնցից ջուր ենք խմել»: Թերևս, հենց այս տողերում էլ խտացված է Ա. Հակոբյանի ժողովածուի հիմնական ասելիքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։