ԿԱՄԻԼԱ

Առիւծաբաշ Արքաներին

Օ՜, սիրեկան դուք այրեր,
Հեշտանքի անտառներում խուզարկու,
Հաճոյքների տարփանքներով վառվռուն,
Կրքէ կրակներով խելագար:
Կեանքն ըմբոշխնող
արու- արքայ մարմիններ,
Հարուա՛ծ- հարուա՛ծ սուզուող
խորքը ցնծութեան,
Հասնումների սիրատոչոր ժայթքումով,
Առագաստի քրտինքներով բոցաւառ:
Համբոյրներով էգ կույսերի սիրակեզ,
Կայծականետ ձգումների լարումով,
Կանթե՜ղ վառեք սիրոյ երկիր հեշտանքի,
Գգուանքների արբեցումով մորեմերկ:
Գռմռում եք առիւծաբաշ պոռթկումով,
Վայելքների հիւթեղ բնի մէջ սիրատենչ,
Հպումների թունդ բոյրերով մաշկաթոյր,
Խտացումի շոգ բերկրանքով անհաշիւ:
Հորդե՛ք այրեր ազատութեան գագաթներից,
Բազուկներով սիրահարուած որձերի,
Ազդրերն ի վե՜ր, ծիծերն ի վար հունձքերով,
Հնձէ՛ք շիկագանգուր գրկումներ:
Կաթնածորան հեղեղներով նաւարկու,
Սուզուէ՛ք խորքը մտերմագին մոռացումի,
Զուգաւորման խառնարանում գայթակղիչ,
Թափէ՛ք հուրը ցանկագրգիռ ապրումի:
Առյիւծաբաշ Արքաներ,
Դիւթական հոգոցներով հաղթական,
Սիրոյ հանդես ճախրանքներով վեհաշուք,
Գաղտնաթովիչ համբոյրներով առնական:
Օ՜, սիրեկան դուք այրեր,
Գիշերների թիկնոցներով մերկապարան,
Հուրհրացող սերմի
ցայտկումներով փայլփլուն`
Դէպի ծո՜ցը մեղրածորան կոնքերի:
Խենթացնորհ գգուանքների Արքաներ,
Իղձերի սաւանի վրայ թփրտուն,
Հաստաբուն ցողունը խրէ՛ք հորդահոս,
Թփի արմատի մէջ հասուն:
Հոլանապար շուքերի մէջ անխնայ,
Գիշերների մութը մաշող մարմիններ,
Ատամներով` մսեղ շուրթի մէջ հիւթալի,
Անչափելի խտացումով սիրահեղ:
Անտառների թաւ խորքերում շիկացող,
Բոսորահամ, վառ կրքերով հմայիչ,
Մարմներգութեան վերմակի տակ քրտնած,
Փառաբանէ՛ք շոյանքները էգերի:
Խնջո՜յք-խնջո՜յք բոցկլտումով մորեմերկ,
Թափէ՛ք հուրը մշտափափագ տարփանքի,
Ծիծերն ի վար , ազդրերն ի վե՜ր հսկումով,
Դուք մրափէ՛ք հմայքներով սիրածի:

Կարմիր կoշիկներ
Զարմանահրա՜շ կoշիկներ,
Ցեխաջրի մէջ իսկ մաքրամաքուր…

Քայլում են նրանք ճանապարհներով,
Ստուերն է քարշ գալիս նրանց ետեւից:
Մութը խժռում է հետքերը ունայն,
Ու արբենում` ոնց գիշատիչ:

Լուսինն է խնդում մթան երեսին,
Դալկադեմ ծառերն են անհասցէ մրսում:
Քամին լիզում է ցաւը ոտքերիս,
Ցրտահար լեզուն է քսմսում դեմքիս:

Երկինքն է վերից բորբոքուած լալիս,
Հեղեղ է փսխում օրը մթամած:
Կoշիկներն են կարմիր ոտքերս սեղմում,
Կրում` բեռը հոգնած ուսերիս:

Գնում են նրանք անկոտրուն ու լուռ,
Անտուն օրերի փշէ պսակով:
Թվո՜ւմ է, թէ պարում են անդարձ,
Բախտի քմահաճ ոլորաններում:

Ժամանակը կանգնել` ձեռնաքաշ ու բիրտ,
Պատրանք է տնկում ճամփեքի եզրին:
Մթով կարկատում լոյսը կարկամած,
Աճուրդի նստում ոնց վաճառական:

Մատնիչ օրերն են անդադար դոփում,
Չարի բերանում լորձունքն է փրփրում:
Ձանձրոյթը կախուել` անցեալի փեշից,
Խաւարի ձեռքն է շարունակ պագնում:

Տանում եք դուք ինձ անդարման խինդով,
Տենչանքի ծանր պարկը շալակած:
Արնավառ կեանքի թափառականնե՜ր,
Անտուն օրերի փշէ պսակով:

Տառապանք իմ
Տառապա՜նք իմ,
Մի՛ տխրիր այդքան,
Ես քո երջանկութիւնն եմ անխինդ,
Որ կանգնել եմ հայեացքիդ ներքոյ
Եւ ցրում եմ խռովքդ թանձրամիտ:
Քո մետաքսէ արտասուքը թշուառ,
Հանգչում է հիմա իմ ապարանքում,
Որտեղ չկա՛յ չարութիւն ու տատասկ,
Որտեղ վհուկներ չե՛ն վխտում:
Քամուն եմ տվել ցաւդ մրրկահողմ,
Պսակով օծել վիշտդ զարդարուն:
Իմ կուրծքն եմ պատռել
ճակատագրի դիմաց,
Որ խաղա՜ղ նիրհես անխոց միրաժում:
Տառապա՜նք իմ,
Մի՛ տխրիր այդպէս:
Ես քո երջանկութինն եմ անխինդ:

ՃԳՆԱՒՈՐՆԵՐԸ
Ամէն օր սովորում ենք ապրել,
Որ մեռնենք ամէն օր անդարձ:
Նամշահոտ, ծալքաւոր հողի տակ,
Սպասում է հաստափոր ընդերքը:

Ելնում ենք մեր տաք անկողնուց,
Զարդարուած քամու բոյրերով:
Երազներ են թափւում մեր մարմնից,
Դատարկվում է անզոր գիշերը:

Սպիացող քաղցր վերքերով,
Ճգնում ենք ապրել ամէն օր:
Գնում ենք ամբոխ- ամբոխ,
Ու մեռնում ենք մի օր մենաւոր:

Մեր կողքին վազվզող մրջիւններն են,
Գնում են մանրաքայլ հեւքով:
Տանում են մեզնից մեր երազները,
Հանդուգն, անհաշիվ քուրձերով:

Խտանում է հողի հառաչանքը,
Պղնձէ ժայռերն են ոռնում:
Զառանցում է գոյութեան պատրանքը,
Ու՞ր ենք մեզ այսպէս տանում:

Հառնել են յիշողութեան խաչքարները,
Մեզ համար փրկութիւն են հայցում:
Ամէն օր արթնանում ենք, որ մեռնենք,
Մեր ստուերն է մեր վրայ լացում:

Հողափոշու կարմիր փշրանքներն են,
Մեր դեմքը առհավետ ծածկել:
Կեանքը հսկայ մի մրջնանոց է,
Մեզ` իր երախն է բացել:

Ամէն օր ծնւում ենք, որ մեռնենք,
Ամէն օր մեռնում ենք հիրաւի:
Որբ ենք աշխարհում շքադիր,
Թափուր է աշխարհը մեզնով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։