ՍԵՎ ՇՈՒԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԱՂՔԱՏԻ ԸՆԿԵՐ / Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՍԵՎ ՇՈՒԿԱՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ
ՄԻ ՏԵՍԱԿՆ Է
Սև շուկան կորոնավիրուսի մի տեսակն է,
նրա մոտ ընկերն ու փեսան
այստեղ վաճառում են ամեն ինչ,
ինչ մարդը խժռում է ակնթարթում.
գլխիվայր կախված չղջիկի սև տուտուզ
և խոզի լորձունքով համեմված խոզի դունչ,
կապիկի խաշած պինդ ուղեղ`
քաղաքական վերջին լուրերով համեմված:
Ուտում են ագահաբար, հաճույքից աչքերը կիսափակ,
ասես խժռում են Աստծո մանանան,
մինչև որ Քովիդ 19-ը կծնվի և ինքը կխժռի նույն մարդկանց:

ՍԵՎ ՇՈՒԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԴՐԱԽՏ,
ԵՎ ԴԵՌ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՆԴԻՆ
Սև շուկան, որ վաղուց խորհրդանիշ է դարձել
(դուք լավ գիտեք, թե ինչի),
սև վզնոց է կատաղած շան,
նրան փաղաքշել չի կարելի,
նա կարող է քեզ բռնել ակնթարթում
և վարակել սև հիվանդությամբ,
կամ գաղտնի ուղեկցել դեպի անդրաշխարհ,
ուր զոմբի տղերքը խաղ չեն անում զոհի հետ…
մտցնում են հողի մեջ մի ակնթարթում,
ասես լավություն են անում, և
ճչում` Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Սև շուկան
տնտեսական թյուրիմացության որդնող հետևանք է,
հանրապետության ընդարձակվող աղբարկղերի մոտ
տնտեսական քաոսի փտող հիերոգլիֆ
և տնտեսական ախտի նշան,
բայց օգուտ է քաղում քաոսից
և վարդի կեղծ մուրաբա է առաջարկում,
որ հարուստ է միայն մահվան տեսականիով:
Բոմժի քրքրված ստամոքսում,
որը ոչ փող ունի, ոչ էլ առողջություն,
սև շուկան ցրիվ է գալիս երեկոյան,
որ առավոտյան նորից մկանոտվի,
նա մարդկանց քշում է հանց ստրուկներ
և պահանջում նրանցից հպատակվել,
այստեղ գույնն այլևս կարևոր չէ,
որովհետև աշխատավարձն է պլպլում
ցեցը կերած համազգեստի գրպանում:

ԻՍԿ ԴԻՄԱՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՍԵՎ ՇՈՒԿԱՆ…
Իսկ դիմացի պուրակի սև շուկան
շարունակում է ապրել` անտարբեր շարժմանը,
բնության կորստաբեր ցուցմունքին հակառակ`
բացում է իր դռները առավոտը վեցից
և ներս թողնում մարդկանց գորշ,
մգլոտած այն տեսակը,
խուլ ու համրի պես,
ուսին` մշտապես ծանր գլաքար,
որից կքվել են հանց խեղված պուպրիկ:

Այդ սև շուկան անվերջ է,
ասես մանուկի ճիչ և ծերունու խոր հոգոց,
այստեղ աղոթքն ու անկումը,
իրար պինդ գրկած,
գլորվում են ցած, դեպի Կոնդ, ուր
ձկան գորշ թեփուկի մեջ փաթաթված`
թրջվում է ծանր հումուսը կյանքի:
Նրա վրա իր թագն է դրել
կարիքն ու հիվանդությունը,
ծերացող պուրակը ուզում էր
ապրել ևս մի տասնամյակ,
բայց աճող թաղամասը քշեց նրան`
տեղը թողնելով սև շուկայի
մեծ, կլոր աչքերը բազեդովյան,
ինչ-որ տոն է, որից բոլորը զզվել են մահացու,
դիմացի սև շուկան լքվել է կեսօրին,
բայց դեռ սև էներգիան գործում է անարգել,
սա անլեգալ մի տեղ է,
բայց ամենաաղետյալը մարդկանց աղքատ շփոթմունքում,
այստեղ է ավարտվում Կոլումբոսի հայտնագործությունը:
Նա Ամերիկայից բերեց սիֆիլիս և ծխախոտ,
բերեց մարջան և առևտուր,
բերեց ոսկու պինդ կտորներ,
որ բանկ դարձան հետո ահեղ և ահավոր,
և ձև ստացան այնքան չքմեղ,
որ թվում է` կույս է նրանց արարել:

Սև շուկան ուռչում է հանց թթխմոր.
նրա մեջ ապրողներ կան գաղտնաբար,
նրանց համար երկիրը գաղտնի հոգս ունի`
ամեն կերպ ամրացնել ձեռք ու ոտք
խաբող կշռաքարերի ոտներին:

ՍԵՎ ՇՈՒԿԱՆ ՊԼՊԼՈՒՄ Է…
Սև շուկան պլպլում է
հանց խոզի ճարպ,
եռում է մրջնանոցը կրքերի,
քաղաքի համար սա մի վայր է,
ուր ամեն ոք մերկ է, եղկելի, կասկածելի,
բայց աչքը Տիրոջ բարության աջին հառած,
կարծելով, թե Սուրբն է իրեն սպասում
մրոտված խաչմերուկի անկյունում,
փող կտա (վալյուտա) և նամակ`
Տիրոջ ձեռքով գրված,
հիվանդանոցի պահակին հասցեագրված,
որ անգրագետ է և խմած,
և նամակը իր ձեռքը կընկնի որպես գանձ…

Սև շուկան ռումբից ճեղքվել է մեջտեղից,
տեռորիստը բերել է գարշահոտ մեկին
և ստիպել իրեն պայթեցնել.
մարդու մարմնի մսերը կախված են ճյուղերից,
շուկան վերածվել է սպանդանոցի,
միայն թե անասունների փոխարեն
մարդիկ են հիմնաքանդվում,
աշխարհը իսկույն սևացավ,
սև շուկայի՞ց էլ սև աշխարհ.
դե ինչ, հասել ենք սև կետին,
որից այն կողմ հայտնվում է…
սև շուկան,
ասես չի եղել մեզ ոչինչ,
և ուրիշի կողմից
պարտադրված անհեթեթ
հասարակարգ, որ դուրս է սողում հետնաբակից`
հանց տոնածառի խաղալիք,
իսկ ներսից դատարկ է` հանց փուչիկ,
փուչ ու անընտանիք,
միայն ճառերն են շաչում հանց գնդակ,
և մեկ էլ բանկերի շարքը դասդասվում է,
ասես այն գողը չէ երեկվա,
և գողություն կանի միայն ապագայում,
որից ոչ մի փող քեզ չի հասնելու,
միայն թուք ու նախատինք…
ասես պատմական
մի ողջ հարյուրամյակ էլ կուլ չի գնում,
սոցիալիզմից դեպի անհայտ մի կացութաձև…

ՍԵՎ ՇՈՒԿԱՆ ՁՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ…
Սև շուկան ձյուն է ուզում,
որ մաքրվի, չքվի, վերածնվի`
հանց հեքիաթի կարապ
և սև փալասի աղբակույտ:
Մարդիկ ուտիճների պես
քայլում են նրա կողքով
և երազում թանկ հագուստ
ու բարձր հասարակության
մի ծվեն, մի ժպիտ, մի հեգնանք,
փողի մի կապուկ` ներկը դեռ չչորացած,
մի քննախույզ հայացք, որ նաև կշոյեր`
հանց կույսի մաքրամաքուր ափ,
և հեղափոխության հեքիաթը կցրեր
հինավուրց լեզվի ծանր բոցերով,
որ քարացել, մնացել է ժողովրդի կոկորդում
(գրաբարի ձևով),
էլ ուժ չկա,
կա միայն սև շուկա:

Սև շուկան վաճառում է ամեն ինչ`
անգամ իր կյանքի ընթացքը կաթվածահար,
բայց որ հառնում է իր կյանքի սև մոխիրներից,
դառնալու նորից կաթվածահար,
ամբոխը դառնում է այստեղ դիվային,
դառնում է գազան և սգո սատին,
քրքրում թաթը, մահվան գերին,
սև աշխարհի ավարտը (էպիստոլոգիան)` ըստ Բերդյաևի:

Սև շուկան փորձում է համբարձվել`
ազատվել մրոտ մարդկանց թշվառ ամբոխից,
կողքին` պուրակը,
որի ծառերը սև են,
հանց խափշիկի մաշկ,
որ չի լողացել ծնված օրից…

Սև շուկան նաև մարդու հոգին է,
որ դեգերում է իրերի խորքում,
փորձում դուրս պրծնել գոյի աքցաններից,
որ հրում է նրան դեպի մահիճ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։