ԼԻԼԻԹ

 

 

Հոգուս ռեինկարնացիան նույն մարմնում

 

Մահվան վախից

տագնապում է կյանքը՝

կարոտով նայելով

անմահության աչքերին։

Հոգուս աբստրակտ

մտապատկերում

ուրվագծվում են

բոլոր կյանքերի

հոգեկենսափորձը։

Հոգիս փնտրում է

խճապատկերի

վերջին հատվածը,

որը գտնվում է

վերջին մարմնում՝

իր այժմյան բնակարանում։

Առանց մարմինը լքելու՝

քնած ժամանակ,

տեսնում է

եթերային և աստրալ

մարմինների հիշողությունը,

ըմպում էքստրակտը,

որը պարունակում է

անցած կյանքի պտուղները։

Հոգիս արթնանում է,

և իրեն չի գոհացնում

մարմնի ոգեկերտվածքը։

Նա որոշում է փոխել

ներքին ոգեապրման

գիտակցությունը՝

ֆիզիկական վերապրման

միջոցով,

ինքնարտացոլվելով

մարմնիս աչքերում։

Ժամանակի ընթացքում

փոխվում է իմ

կենսատրամադրությունը,

որն արտահայտվում է

հոգեմարմնական էության

առանձնահատկությամբ։

Իրագործվում է

հոգուս ռեինկարնացիան

նույն մարմնում։

 

Մենք հանդիպեցինք  ենթահիշողության

սրտում

 

Բացում եմ անցյալի հիշողության

բյուրեղյա գանձատուփը,

որ վերապրեմ

իմ նախածննդյան

ենթահիշողությունը։

Մտնում եմ դարպասից ներս,

և պապիկս,

առաջին անգամ

տեսնելով ինձ,

կարոտած գրկում է։

Նա քաղում է մեր բակի

խնձորի առաջին պտուղը,

որ առաջնապտուղը ես ուտեմ։

Գնում ենք տուն, և սեղանի շուրջ

ես արդեն իմ տեղն ունեմ,

ինչպես ամբողջ ընտանիքը։

Մենք համտեսում ենք

տատիկիս պատրաստած իմ սիրելի

համեղ ճաշատեսակները։

Հետո խիստ, բայց ժպտուն աչքերով

պապիկս քարտեզի վրա ցույց է տալիս

երկրներն իրենց մայրաքաղաքներով։

Ձմեռ է։

Պապիկս ինձ հետ

հրաշքի սպասող մանկան անմեղ աչքերով

զարդարում է

իմ մանկության տոնածառը։

Ձմեռ պապիկից

խնդրում եմ,

որ այս հանդիպման

սիրո հոգևոր ջերմության

հիշողությունը

միշտ ուղեկցի իմ կյանքում։

Մայրիկիս աչքերով

նայում եմ պապիկիս։

Միասին սուրճ ենք խմում

և զրուցում։

Պապիկս թերթ է կարդում,

ապա միասին

ռադիոյով լսում ենք

Ամերիկայի ձայնը։

Նա տալիս է իր կիտրոնի ծառի առաջին

ու երևակայական  հիշողության

վերջին պտուղը։

Պապիկս համբուրում է ինձ

և ասում.

– Երբ դու ծնվեցիր,

ես տեսա իմ աղջկա ժպիտը

քո շուրթերին՝ նրա աչքերով,

գրկեցի քեզ՝ նրա ձեռքերով,

և սիրեցի քեզ աղջկաս սրտով։

Դու իմ սիրելի թոռնիկն ես։

Այժմ արդեն

ես ու մայրդ միասին ենք

և արևի շողերով

ջերմացնում ենք քեզ։

Անձրևի կաթիլներով

արտասվում է մեր կարոտը,

իսկ ծիածանի գույներով

ծնվում է մեր հանդիպման հույսը։

Մենք առաջին անգամ հանդիպեցինք

ենթահիշողության սրտում։

Ես կարոտել էի քեզ, պապի՛կ։

 

Միայնության փիլիսոփայությունը հոգեվերլուծության համալսարանում

 

Օդում տարրալուծվում են իմ շնչառության

մենահնչյունները,

և մենությունս դառնում է կենսական։

Լսում եմ իմ սրտի զարկերը

ոտնաձայներիս արձագանքում։

Տեսնում եմ իմ էության

դիմապատկերն ապակու վրա՝

անձրևի կաթիլներով  պատկերված։

Լռությունը դառնում է հոգուս

նվիրական խորհրդատուն

և պատասխանն

իմ անձայն խոսքերի։

Ես սովորում եմ

միայնության փիլիսոփայություն

հոգեվերլուծության անժամկետ համալսարանում։

Վկայականը

կենսափորձն է,

որը լինում է ծիածանագույն՝

տալիս են հոգուս արցունքի անձրևումից հետո,

երբ արդեն լուսաբաց է։

 

Սերը մուտացիայի է ենթարկում  ժամանակը տարածության մեջ

 

Ես լքում եմ իմ էության

կենսատարածքը,

որ ճանաչեմ քո սիրո

սահամանված

անսահմանությունը։

Սկզբում ապագայի

տեսաժապավենից

ջնջում եմ

նախկին երազանքների

հնարավոր իրականացման

կանխորոշված տեսլականը։

Ապագայի դատարկությանը

նայում եմ

քո աներևակայելի սիրո

երևակայական աչքերի

սինթեզված ցանցաթաղանթով,

և այնտեղ երևում են

եթերային

երջանկապատկերները։

Ես զգում եմ

սիրո բոլոր տեսակները

մեր հայացքների

գրկախառնությունից։

Մեր շուրթերը ժպտում են

միաժամանակ,

և Սերը տարրալուծում է

մեր սրտերը՝

դարձնելով մեկ սիրտ

երկու հոգեմարմնում։

Ներկան դառնում է

կենսական ակնթարթ,

որը պետք է կանգ առնի

և վերածնվի հաջորդ

երանության

ակնթարթի մեջ։

Մեր սերը

մուտացիայի է ենթարկում

ժամանակը

տարածության մեջ։

Մենք սիրում ենք իրար,

և կյանքը

վերածնվում է դրախտում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։