ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐՆ ԵՆ / Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Այս տարվա թատերական աշունը նշանավորվեց մի շատ կարևոր իրադարձությամբ: Առաջին անգամ տեղի ունեցավ փառատոն, որը նվիրված էր ժամանակակից դրամատուրգիային և ներառում էր արդի պիեսների բեմադրությունները: Քաղաք Վանաձորի աբելյանական հերթական փառատոնը, որը նվիրված էր անվանի գրող Հ. Մաթևոսյանին, մեկ շաբաթ շարունակ տեղի հանդիսատեսին ցուցադրեց ժամանակակից պիեսների բեմադրությամբ ներկայացող Թիֆլիսի և հանրապետության տարբեր թատրոնների ներկայացումներ: Փառատոնի բացման արարողությունը վստահված էր դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Միայն քեզ եմ սիրում» ներկայացմանը (Հ. Պարոնյանի անվ, թատրոն), որտեղ կատակերգական իրավիճակների մեջ հայտնված ամուսինները` Զարան (Մ. Ղազանչյան) և Գոգին (Ա. Մարգարյան) իրենց ընտանեկան գժտությունները հաղթահարում են և ի վերջո գալիս ընդհանուր հայտարարի: Երիտասարդ և տաղանդավոր այս դերասանները մեծ հմտությամբ են խանդում, կռվում և հաշտվում:
«Վարագույրը չփակեք» հանձնարարելու է գալիս Հ. Աբելյանի անվ. թատրոնը` Նելլի Շահնազարյանի համանուն պիեսով: Այստեղ ներկայացման հերոսուհին իր փառքի գագաթնակետն ապրած դերասանուհի է (Գ. Մեջլումյան), ով հիշողությունների գիրկն է ընկնում, ներկայանում իր դերացանկը զարդարող կերպարներով: Բեմադրիչ Վ. Շահվերդյանը սիմվոլների լեզվով փոխանցում է հերոսուհու ներքին ապրումները, անձնական երջանկությունը բեմին զոհած կնոջ ապրումները: Բեմի ձախ մասում ծալվեծալ խունացած վերմակը խորհրդանիշն է դառնում ապրված մի ողջ կյանքի, որտեղից և ներկայացման մյուս կերպարը` Մարդաշունը (Ռ. Մխիթարյան) գտնում ու դուրս է բերում Քամելիազարդ տիկնոջ հովհարը, Փառանձեմ տիկնոջ մաշված կոշիկները և այլն: Մարդաշան կերպարը անպատասխան սիրո զոհ է: Ռ. Մխիթարյանը հանրապետության այն բացառիկ դերասաններից է, ով նույնիսկ մեկ տեսարանում կարող է ներկայանալ իր ողջ հմայքով, ի ցույց դնել մասնագիտական հմտությունները, յուրաքանչյուր բեմելով զարդարել աբելյանական բեմը, որովհետև նա բեմում խոսել գիտե, քայլել, ապրել ու խաղալ գիտե: Մի տեսարան կա, որտեղ շունը պարում է: Գիտե՞ք, այդ կրքոտ պարում սեր կա՛, միայնակ ապրված կյանք կա՛, սպասում կա՛, հավատարմություն ու նվիրում կա՛: Եվ այս դեպքում պատահական չէ բեմադրիչի կողմից դերակատարի հենց ա՛յս ընտրությունը:
Փառատոնին մասնակից միակ ուսանողական ներկայացումը Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» պիեսի բեմադրությունն էր, որտեղ աբսուրդային կեցությունը գոյության այլ կերպ է թելադրում: Երիտասարդ դրամատուրգը իր նուրբ զգացողությամբ որսացել է ժամանակակից մարդուն բնորոշ արատավոր, կենդանական մոլուցքները և ստեղծել բեմավիճակների այնպիսի կառույց, որը մարդուն տանում է անասնացման: Այս պիեսի հերոսներին երիտասարդ դերասանները կերպավորում են աբսուրդի թատրոնի պայմանաձևերի իմացությամբ և խաղաոճով:
Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացումը իր առանձնահատուկ տեղն ունեցավ փառատոնի կյանքում: Տաղանդավոր բեմադրիչ Ն. Մալյանի այս ներկայացումը հենց հայի սրտի բաբախյունն է: Տեսնել է պետք, թե տեղ-տեղ գրոտեսկային ինչ լուծումներով է նա ներկայացնում հային: Այստեղ հավաքված այս մի բուռ մարդիկ բոլորն էլ տարբեր են` խի՛ստ տարբեր, բայց բոլորն էլ շաղկապված` գենետիկ նույն կապով:
Բեմում ցավալի իրողությունն է` Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողությունը»: Ցեղասպանության վերհուշ է գիտաժողովին մասնակից երիտասարդ գիտնականի (Է. Քոչարյան) կողմից: Պիեսը եղերական դեպքերից հետո շարունակվող կյանքի, երիտասարդ հերոսի սրտում կոծկված անասելի ցավի մասին է: Կ. Խոդիկյանը մեծ հմտությամբ ու զգուշավորությամբ է անդրադառնում այս թեմային, նրբորեն զարգացնում գործողությունները ներկա և անցյալ ժամանակներում: Բեմադրիչ Վ. Շահվերդյանը հավատարիմ մնալով պիեսին իրադարձությունների զարգացումը կատարում է երկու աշխարհներում և զուսպ կերպով ի դերև է հանում նահատակված ընտանիքի պատմությունը` հուշի միջոցով: Բեմադրության մեջ այնպիսի տեսարաններ կան, որոնք պատմականորեն վկայակոչում են էրզրումցիների նիստուկացը, երազանքները, սովորույթները: Ներկայացման մեջ բեմում ապրում են այս մարդիկ, աղի գաթա պատրաստում, ազգային պարեր պարում, թաքուն սիրահարվում, հյուրեր ընդունում ու հանկարծ վրա է հասնում արհավիրքը` արնաներկում հարսանեկան քողը:
Փառատոնում հայի մեծ ողբերգության թեման վերհուշի միջոցով շարունակելու է գալիս Գյումրու թատրոնը` Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկի» ներկայացումով, ուր աշխարհահռչակ հայազգի նկարիչը (Տ. Գաբոյան) վտարանդի է, մշտապես տեսիլների ու հուշերի աշխարհում, մշտապես մոր, ընտանիքի կարոտից խեղդվում է: Բեմադրիչ Հ. Հովհաննիսյանը բեմ է բերում գորշ դիմակավորների, ստվերային լուծումներ կիրառում` այդ կերպ ի ցույց դնում նկարչի ներաշխարհը:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. թատրոնը փառատոնին մասնակցելու էր եկել Արմեն Բայանդուրյանի «Օրը`անձրևոտ» ներկայացումով: Բեմադրիչ-դրամատուրգը անդրադարձել է ժամանակի կործանարար խնդիրներից մեկին` հարբեցողությանը: Նա ներկայացրել է մի աշխարհ, ուր տարբեր պատկերացումներով հերոսները առնված են փրկօղակների մեջ, անվանված որպես շաբաթվա օրեր: Նրանք դողդողում են խմիչքի պակասից, կակազում են, պատկերացում չունեն ժամանակի մասին ու խմել են ուզում: Բեմադրիչը նուրբ կերպով խմիչքին հակադրում է հարբեցողի` իր կնոջ մոտ վերադառնալու, մյուսի` մեդալի արժանանալու ցանկությունները և այս կերպ նրանց ճահճից վեր ելնելու հնարավորություն տալիս: Գտնված հրաշալի մի տեսարան կա, որտեղ բեմառաջքում անձրև է «հորդում» և նրանք ուրախացած նետվում են այն վայելելու: Այս տեսարանում ասես Ա. Բայանդուրյանը իր հերոսներին փրկություն է պարգևում, մաքրագործում նրանց, մղում առաջ` նոր կյանքով ապրելու:
Աբելյանական բեմում «Աշնան արևն» է` մաթևոսյանական հերոսներով: Ներկայացումը հայ կնոջ մասին է, նրա ապրած կյանքի, երազանքների ու կամային հատկանիշների, զոհաբերությունների մասին: Հզոր տեսարան է Գրետա Մեջլումյան-Աղունի ու բեմում լվացքի պարանի վրա դեպ իրեն եկող կոստյումի տեսարանը: Նա մեծ գորովանքով, կարոտախեղդ գրկում է կոստյումը, զրուցում, դրան անվանում «զավակս»:
Ներկայացման մյուս հենասյունը` Ռ. Մխիթարյանը, Արուսի կերպարով է: Որքան կոլորիտով, որքան հյութեղ է այս դերակատարումը և դերասանական արվեստ ուսուցանող ինչպիսի դպրոց է սա: Բեմադրիչ Հ. Ազիզյանը գործողությունները հիմնականում զարգացնում է մասսայական տեսարանների միջոցով: Գյուղացիները այս բեմադրության մեջ կերպավորվում են, ստանում հավաքական կերպար:
Փառատոնի փակման արարողությունը անսպասելի էր հանձնախմբի կայացրած որոշման առումով: Առաջին անգամ Հովհաննես Աբելյանի անվան հուշամեդալի և դիպլոմի արժանացան մասնակից դրամատուրգները, իսկ Հրանտ Մաթևոսյանի հատուկ մրցանակը հանձնվեց Վահե Շահվերդյանին՝ արժանի գնահատական արվեստագետին, ով 19 հայ ժամանակակից հեղինակների 27 պիեսներին բեմական կյանք է տվել:
Այս փառատոնը եկավ փաստելու և արժևորելու ազգային դրամատուրգիայի գոյությունը: Մաթևոսյանական խորհող հայացքի ներքո, աբելյանցիների սիրով ու ջերմությամբ լի, աշնան արևով անցան այս օրերը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։