Ծիրանատոնը Յոթ մուսաների այգում

Հայաստանի գրողների միությունը, Մշակույթի հայկական ֆոնդը և «Արագածոտն» գրական-մշակութային միավորումը որպես Ծիրանատոն հռչակված հուլիսի մեկը այս տարի նշեցին առանձնակի հոգևոր լիցքով: Բանաստեղծ և նկարիչ Արևշատ Ավագյանի հրավերով Օշական էին ժամանել բազմաթիվ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, արվեստաբաններ և լրագրողներ: Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեծ սիրով իր համագործակցությունն առաջարկեց գրական-մշակութային հաստատություններին՝ հայոց հողի բարիքներին նվիրված տոնախմբությունները, այլ հոգեմտավոր ձեռնարկներ կազմակերպելու և իրականացնելու գործում:
Ծիրանատոնի մեկնարկը տրվեց Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Տոնախմբության մասնակիցները խոնարհվեցին ու ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Նրանց ուղեկցում և բացատրություններ էր տալիս Արման սարկավագ Հովակիմյանը, որը, շատերի համար, թերևս, առաջին անգամ, ներկայացրեց եկեղեցում իրականացված վերջին պեղումների բացահայտումները: Սրբի դամբանախցի հյուսիսային պատին ագուցված խաչքարը տեղաշարժելիս, հնագետները բացահայտել են կից մի դամբանախուց ևս, որտեղից հանված աճյունների ոսկորները հետազոտության են ուղարկված Իտալիա: Բացվել են նաև 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի դամբանի վրա կառուցված եկեղեցու հիմքերը, որոնք այժմ առնված են ապակյա ծածկերի տակ: Սարկավագը բացատրություններ տվեց նաև եկեղեցու նոր վարագույրի մասին, որը հինկտակարանյան թեմաները կրկնելով՝ նաև հայոց եռագույնի երանգներն է կրում:
Ս. Մեսրոպ Մաշտոց Դպրատան դահլիճում Տերունական աղոթքով ազդարարվեց գրական տոնի սկիզբը: Այնուհետև այն շարունակվեց Հայ գրերի հուշարձանի դեմ-դիմաց փռված Արևշատ Ավագյանի այգում, որը մյուս կողմից հարում է Քասախի գեղատեսիլ կիրճին: Այստեղ յոթ տեսակի ծիրան է հասունանում՝ բոլորն էլ բնաշխարհիկ, բոլորն էլ հայկական: Այգին հիմնադրվել է 2002 թվականի նոյեմբերի 15-ին: Այդ օրը բանաստեղծին հյուրընկալված մեր գրականության ու արվեստի մեծերը՝ Սեն Արևշատյանը, Անահիտ Սահինյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Բաղիշ Հովսեփյանը, Արամ Սաթյանը և էլի շուրջ 60 հոգի, ծիրանենիներ և այլ տեսակի բազմաթիվ ծառեր տնկեցին՝ իրենց օրհնանքը թողնելով այն վայելող ապագա սերունդների գրականության ու մշակույթի նվիրյալներին: Այդ օրվանից ի վեր ամեն տարի հին ու նոր սերնդի մեր գրողները, նկարիչները, երգահանները, գիտնականները, դերասանները, գրչի ու մտքի մարդիկ այստեղ վայելում են կանաչագեղ այգու բուրմունքներն ու բարիքները, կարդում են բանաստեղծություններ, հնչեցնում երգեր, քննարկում հայ մշակույթի նոր ձեռքբերումներն ու անելիքները: Այգին արդեն վաղուց կրում է «Յոթ մուսաների այգի» անվանումը: Եվ յոթ մուսաների սպասավորներն այստեղ կազմակերպում են նաև գրական-մշակութային այլ ձեռնարկներ՝ նվիրված հայկական մյուս մրգերին՝ թթին, կեռասին, դեղձին, խաղողին, նռանը և ընկույզին:
Գրականության ու մշակույթի արագածոտնյան պտղատոներն արդեն հարուստ պատմություն ունեն: Աշտարակում Արևշատ Ավագյանին և «Արագածոտն» գրական միավորմանը հյուրընկալվել են բազմաթիվ հայ ու այլազգի գրական ու մշակութային գործիչներ, նշանավոր գրողներ, նկարիչներ, գիտնականներ: Այս դաշտահանդեսներն իրենց հերթին ծնունդ են տվել այլևայլ մտահղացումների: Ծրագրեր կան այստեղ ցուցադրել նաև քանդակագործական աշխատանքներ, կառուցել տաղավարներ, հանգստի գողտրիկ անկյուններ, որոնք կգրավեն, հոգևոր լիցք կհաղորդեն Օշականի սրբավայր և Հայ գրերի հուշարձան այցելողներին ու հանգստացողներին:

Արտ. ՆԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։