Հուլիսի 4-ին Ստեփանակերտում կայացել է «Իմ սփռված մեծ ընտանիքը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որի պրեմիերային ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի «Երկու հասարակած տևողությամբ շուրջերկրյա ճանապարհորդություն» (մյուս անվանումը` «Ծովից ծով Հայաստան») գրքի հիման վրա, որը գրվել է 2010-2011թվականներին իրականացված նախագծի` «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտից հետո: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է` Աննա Դերձակյանը, օպերատորները` Սամվել Բաբասյանը և Հայկ Բադալյանը (նրանք նաև շուրջերկրյա արշավախմբի անդամներ էին):
Ֆիլմը պատմում է ինչպես երկար ամիսների ընթացքում զբոսանավով իրականացրած ճանապարհորդության «տեխնիկական» կողմի, խմբի մասին, այնպես էլ արշավախմբի առջև դրված ազնիվ նպատակի մասին` երկրագնդի 5 մայրցամաքներով, ոչ սեփական կամքով սփռված հայկական եկեղեցիները «հավաքելը» դարձնել յուրօրինակ միջոց` աշխարհի հայերին համախմբելու Հայրենիքի շուրջ: