ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

 

Հունիսի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Շանթ Մկրտչյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ Շանթ Մկրտչյանը ութ գրքի հեղինակ է, առանձնանում է իր մշակութային գիտակցությամբ. բացի իր բանաստեղծական հրաշալի արվեստից, նաև բազմաթիվ գրքերի թարգմանիչ է, հատկապես՝ Նոբելյան մրցանակակիրների, ու հիմա տպագրության ընթացքում է նրա արձակի և էսսեների ժողովածուն՝ նկարիչների, գրողների ու տարբեր սերունդների արվեստագետների մասին: «Շանթը միևնույն տեքստում մերում է հակադիր ոճեր՝ էլիտար և ցածր, բայց դա չի վերածում պարոդիայի, այլ՝ յուրահատուկ ժամանակակից մտածողության, որում դասական-մշակութային հոսքերին խառնված են անձնական փորձի սրտահույզ հուշ-պատառիկներ»:

«Շանթ Մկրտչյանը ոչ միայն ստեղծագործում է տարբեր ժանրերով՝ գրելով բանաստեղծություններ, էսսեներ ու արձակ ստեղծագործություններ և թարգմանել է մոտ 15 բավական բարդ հեղինակների, այլև ՀԳՄ հրատարակչության տնօրենն է և հրատարակում է հրաշալի գրքեր»,- իր ելույթում նշեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

Գրականագետ Վազգեն Գաբրիելյան. «Շանթն իր ստեղծագործության ընդհանրության մեջ մշակութային երևույթներից մեկն է մեր ժամանակակից գրականության մեջ: Մշակույթի այն ասպարեզը, որ ընտրել է ինքը և այն անունները, որ թվարկել է իր ստեղծագործությունների մեջ, ասում են, որ ինքն իրեն մենակ չի զգում, զգում է մեծերի շարքում՝ ոչ միայն գրականության, այլև նկարչության ու արվեստի մյուս բնագավառների: Ինքն իրեն հոգեհարազատ է զգում նրանց հետ. այդ մշակութային դաշտն է շոշափում: Մեր մշակութային կյանքում նա իր տեղը, դերը և անունն ունի»:

Բանաստեղծ Հենրիկ Էդոյան. «Բանաստեղծությունը միայն զգայական արտահայտություն չէ: Պոեզիան մտածողության բարձրագույն ձևն է, լեզվի բարձրագույն ձևը: Այն փորձի արդյունք է: Շանթի բանաստեղծությունների մեջ դրանք կան: Նրա բանաստեղծությունների թեմատիկան լայն է, դուրս է գալիս մեր տեղանքից, կա ժամանակակից մարդու մտածողություն: Թարգմանությունը ներքին պահանջ է, և նա թարգմանել է լավ բանաստեղծների»։

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյան. «Շատ կարևոր է, որ գրածդ ապրածիդ պես լինի: Շանթը ապրում է և ապրածից է բերում իր ստեղծածը: Բոլոր ոլորտներում նրա տաղանդը փայլեց. և՛ պոեզիայում, և՛ էսսեներում, և՛ պատմվածքներում, և՛ թարգմանություններում: Նա ապրածով է ապացուցում իր տաղանդը»։

Բանաստեղծ Մանասե. «Շատ գրողներ իրենց ոճը գտնում են թարգմանելով: Շանթն ուղղակի չի թարգմանում, այլ նաև յուրացնում է իր թարգմանածը: Եթե գրողներին պայմանականորեն բաժանենք՝ մռայլ և պայծառ, ապա նա պայծառ գրող է»: Բանաստեղծ և թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանն ասաց, որ որպես սերնդակից ուրախ է շնորհավորել Շանթին այն ամենի համար, որ նա վաստակել է: Էդ. Հախվերդյանը խոսեց Շանթ Մկրտչյանի մանկապատանեկան պատմվածքների և առանձնապես թարգմանությունների մասին, որոնք կատարվել են մեծագույն բծախնդրությամբ ու նվիրվածությամբ:

Շանթ Մկրտչյանին շնորհավորեցին և նրա գրական ու թարգմանական գործունեության մասին դրվատանքով խոսեցին թարգմանիչ Մերուժան Հարությունյանը և արձակագիր Վահագն Մուղնեցյանը: Գայանե Սամվելյանը և Մայրանուշ Գրիգորյանը ասմունքեցին Շանթ Մկրտչյանի բանաստեղծություններից:

Շանթ Մկրտչյանը իր շնորհակալանքի խոսքում ասաց.
«Մուրճի և զնդանի արանքում այսքանն հասցրեցի անել: Մտածողությունը շատ կարևոր է, առանց դրա հնարավոր չէ հայացք նետել կյանքին, առավել ևս՝ ունենալ աշխարհայացք, բայց ժամանակակից տարածվող մտավարժանքների մեջ ես փորձում եմ ավելի հուզական հունի մեջ պահել ինձ: Մեր սերնդի կատարած գործը բոլորովին ուրիշ է: Ազատությունը հնարավորություն տվեց այլ կերպ նայել աշխարհին: Մետաֆիզիկական այն շերտը, որ չուներ նախորդ սերունդը, այս սերունդն ունի: Թարգմանությունը սպառում է հեղինակին, բայց ես փորձում եմ հավասարակշռել իմ գրածը և թարգմանածը»:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.