Իբրև յուրօրինակ ֆիլմի սցենար

Հուլիսի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Արտակ Ավագյանի «Ինտրիգ» վիպակի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ «Ինտրիգ» վիպակը ընթերցվում է կինոպատումի պես, նկատեց, որ այն ներկայացնում է ժամանակակից կյանքը և ընդգրկում տարբեր տարածաշրջաններ, իսկ հերոսները տարբեր ազգությունների մարդիկ են՝ հետաքրքիր իրենց ճակատագրերով, ժամանակի մեջ անկանխատեսելի իրավիճակներում հայտնվող: «Այս գրքով երևում է, որ Արտակի գրիչը ամրանում է, նրա արտահայտություններն ու նկարագրությունները, երկխոսությունները ավելի գեղարվեստական խորքի են ձգտում: Մի խոսքով, նա ընթերցողին կարող է պահել իր գրքի շրջանակներում և թույլ չտալ ձանձրանալ»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Արևշատ Ավագյանը, ներկայացնելով Արտակ Ավագյանին, նշեց, որ նա զբաղվել է հրատարակչական աշխատանքներով, հրատարակել է մշակութային թերթեր: Նրա հավաստմամբ՝ գրողական այն փորձը, վարպետությունը որ սովորաբար ստեղծագործողները, մանավանդ արձակագիրները ձեռք են բերում տարիների ընթացքում, Արտակի մոտ դրսևորվում է այս վիպակով: Նա հմտորեն կարողանում է իր հերոսների հոգեբանական երկխոսությունների միջոցով լարում, հետաքրքրություն առաջացնել ընթերցողի մեջ: Վիպակում արտացոլված է վերակառուցման տարիներից հետո տարբեր ժողովուրդների ու ազգերի մարդկանց ճակատագիրը: «Այդ հերոսների մեջ կյանքի հատակից սկսած մինչև հոգեբանական բարդույթների մեջ ընկած ու իրենց ճակատագիրը, բախտը փնտրող մարդկանց հոգեբանությունն է, ոչ թե պատահական, էժանագին խոսքերով, պատկերներով կամ փոխաբերություններով ու այլաբանություններով, այլ իրական կյանքի կերպարներ, բնավորություններ, որոնք համահունչ են կյանքին և ներկայացնում են այսօրվա ժամանակակից կյանքը»,- ասաց նա և հավելեց, որ վիպակում երևում է հայոց պետականության մասին մտածող մարդու կարծիքը:
Ըստ Պետրոս Դեմիրճյանի՝ վիպակը գրված է սահուն, հետաքրքիր սյուժեով, ինտրիգներով: Նրա կարծիքով՝ հիմնահարցը խորհրդային միության փլուզման և մեր երկրի անկախացման սահմանագծային շրջանն է, մի քանի տարիները, որ շարունակվում են մինչև այսօր և բավական խոր իրենց հետքն են թողնում մարդկանց ճակատագրերի վրա: «Ես ուրախ եմ, որ Արտակը նկատում է մարդկանց հոգեբանության, նրանց կյանքի ընկալումների, ճակատագրի վրա այդ վիթխարի փոփոխությունների ազդեցությունները և փորձում է գեղարվեստորեն արտացոլել»,- ասաց Պ. Դեմիրճյանը:
Տիգրան Նիկողոսյանի կարծիքով՝ «Ինտրիգ» վիպակը կարդացվում է թեթև ու հանգիստ, որպես յուրօրինակ ֆիլմի սցենար: «Հեղինակը մեր հայացքը ուղղում է դեպի բարոյական այն հենասյունները, որը մարդուն մարդ է պահում և տալիս է ապրելու իրավունք»,- կարևորեց նա:
Ելույթ ունեցան նաև Հենրիկ Էդոյանը, Արսեն Համբարյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արտակ Ավագյանը՝ տեղեկացնելով, որ վիպակի հիմքը դրվել է «Բռավո» ամսագրի հետ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։