ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
***
Սամվել Մարգարյանի «Շինելը» բանաստեղծությունը հայ քնարերգության մարգարիտներից է:
Հովհաննես Շիրազ
***
Ընթերցելով «Օրհնություն դաշտերին», «Երազգավորս» բանաստեղծությունների ժողովածուները՝ համոզվեցի, որ գործ ունեմ կայացած, ճշմարիտ բանաստեղծի հետ:
Վազգեն Մնացականյան
***
Շիրակցի շնորհաշատ բանաստեղծ Սամվել Մարգարյանը միաժամանակ հայրենասեր, ազգասեր քաղաքացի է: Շնորհակալություն նրան, որ ստեղծեց Բագրատունյաց փառքի հուշապուրակը:
Գևորգ Ղարիբջանյան
***
«Օրհնություն դաշտերին» («Յոթ անուն») ժողովածուի հեղինակ Սամվել Մարգարյանը երկար ճանապարհ ունի անցնելու:
Լյուդվիգ Դուրյան
***
Հետաքրքիր է Սամվել Մարգարյան բանաստեղծի կերպարը իր տաղանդի դրսևորումներով: Առաջին հերթին նա բանաստեղծ է, ունի իր առանձնահատուկ ձայնը, լուսաբանում է մեր պատմության առանձին փակ էջեր: Բարձր եմ գնահատում նաև նրա լրագրողական, հասարակական գործունեությունը:
Լևոն Անանյան
***
Իր էությամբ շատ հետաքրքիր պոետ է Սամվել Մարգարյանը: Նա կայացած և հրաշալի բանաստեղծ է:
Ավիկ Իսահակյան
***
Կան գրողներ, որոնք հիանալի յուրացրել են 20-րդ դարի հայ դասականներին և յուրովի հետևում են նրանց, ձայնակցում նրանց, սակայն նրանց ձայնը զատվում է որպես գեղեցիկ համահնչյունություն: Ահա այդ բանաստեղծներից մեկն է Սամվել Մարգարյանը:
Աելիտա Դոլուխանյան
***
Սամվել Մարգարյանին գիտեմ Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետից, երբ նոր էր ընդունվել և գրական առաջին թոթովանքներն էր մեզ ներկայացնում: Ուրախ եմ, որ նա այսօր կայացած և շնորհաշատ բանաստեղծ է:
Սևակ Արզումանյան
***
Յուրօրինակ ու ինքնատիպ գիրք է «Հերոսապատումը», որը հայոց պատմության տարբեր դրվագներով մի ընդհանուր հերոսապատման շղթա է իր գեղարվեստական առանձնահատկություններով: Հետաքրքիր, արժեքավոր ժողովածու է նաև Սամվելի «Մարգարեի ուղերձը» գիրքը՝ հրատարակված աշխարհի 10 լեզուներով:
Վարդան Դևրիկյան
***
Քո քնարերգության բոլոր լարերը հնչում են հայրենախոս, ոգեղեն տարերքով: Քո բոլոր նվագները ոչ միայն հնչում են այդ ոգով, այլև պարզապես խոսում են, այո՛, խոսում, ավելի ճիշտ՝ երկխոսում են մեզ հետ, քո շուրթերով:
Լյուդվիգ Կարապետյան
***
Ինչն է անփոփոխ
Փոխվում են օրերը,
փոխվում են գույները,
Եվ տարիներն են
փոխվում շարունակ,
Չեն փոխվում լեռները,
չեն փոխվում ծովերը,
Նույնն է օվկիանը այս արևի տակ:
Հանգում են հուրերը,
թոշնում են կյանքերը,
Եվ սերունդներն են
փոխվում շարունակ,
Փոխվում են կարգերը,
խամրում են փառքերը,
Երկինքը էլի ջինջ է, կապուտակ:
Անցնում են դարերը, հողվում են գահերը,
Եվ սահմաններն են փոխվում շարունակ,
Չեն փոխվում երկնային գութն ու լույսերը,
Սերն աստվածային այս արևի տակ:
Ընկնում են կուռքերը, հառնում են նորերը,
Եղանակներն են փոխվում շարունակ,
Չի փոխվում մոր կաթը,
չի փոխվում մեր սերը
Եվ հայրենիքը այս արևի տակ:
Սահյանական
Ասում ես՝ մի քիչ ես ծերացել եմ,
Մի քիչ մամռել եմ ու կարծրացել եմ,
Քունքերիս ձյունն է մեր Մասիսների,
Աչքերիս նինջն է աշնան ցելերի…
Բա այսքան տարի
Անվերջ վազել եմ, անվերջ տքնել եմ,
Անվերջ տնկել եմ, անվերջ կերտել եմ,
Հողս հերկել եմ, խոտը հնձել եմ
Եվ թովչանքներից իմ Ախուրյանի,
Ներշնչանքներից սքանչելի
Եվ սիրո դողից, ցավից, ցասումից
Այդքան երգել եմ ու կրակվել եմ,
Այդքան կիզվել եմ…
Ասում ես՝ մի քիչ ես ծերացել եմ,
Բա այսքան տարի
Ձիեր եմ սանձել սանձարձակ, վայրի,
Կենաց բոցերում այդքան թրծվել եմ,
Սիրածաղկել եմ, սիրաժայթքել եմ,
Այդքան գժվել եմ:
Ինչ որ պեղել եմ,
Ինչ որ ժողվել եմ՝
Ես քիչն եմ վերցրել, շատը թողել եմ:
Թողածս հոգու կենարար հևք է,
Թողածս երգ է, թողածս գիրք է,
Հիշատակներ են սիրո և փառքի,
Հուշապուրակներ են հույսի, սխրանքի,
Հուշարձաններ են մեր հերոսների:
Այսքանից հետո, ես գարնան երգով
Հասել եմ կենաց լեռան գագաթին,
Ջրում եմ սիրո տունկերն իմ կյանքի
Եվ իմ լույսերն եմ բաշխում ամենքին:
Եվ հավատարիմ նախնյաց մեծ ուխտին՝
Երկրպագում եմ հայոց սուրբ հողին,
Երկրպագում եմ Աստծուն, երկնքին,
Երկրպագում եմ բարուն, գեղեցկին
Եվ իմ պարտքերն եմ
հանձնում աշխարհին:
Ութնյակներ
***
Մայիսին բուրում են ժայռերը,
Երկինքը երգում է մայիսին,
Մայիսին վառվում են վարդերը,
Իմ սերը հորդում է մայիսին:
Ծաղկում են ծովերը, գետերը,
Լեռները զուգվում են մայիսին,
Եվ կրկին կանչում է ինձ սերը…
Երբ մեռնեմ՝ ինձ թաղեք մայիսին:
***
Շուտով կլինեմ յոթանասուն տարեկան,
Բայց ինձ թվում է՝ քսանյոթ տարեկան եմ,
Ես ձի եմ հեծնում առաջվա նման,
Առաջվա նման շռայլ այգեպան եմ:
Վարում եմ, ցանում առաջվա նման
Եվ պատանու պես սիրահարվում եմ,
Կարկաչում եմ առվակի նման
Եվ օվկիանի պես ես շառաչում եմ:
***
Ինչ լավ է, որ կաս, և իմ աշխարհը
Լեցուն է հիմա կրակներով քո կեզ,
Սիրով է լեցուն հիմա իմ կյանքը,
Իմ սիրո՛ աստղիկ, երկրպագում եմ քեզ:
Ա՜խ, գիտեմ, գիտեմ, որ կա վախճանը,
Մոխիր է դառնում ամեն մի կրակ,
Եկ ամուր գրկենք սիրո վայրկյանը,
Եկ չկորցնենք ակնթարթները թանկ:
***
Յասամանները ծաղկել են նորից,
Բուրում են, ծփում պատուհանիս տակ,
Գարնան ծաղիկներ որքա՜ն եք դուք ջինջ,
Որքա՜ն եք դուք ջերմ,
որքա՜ն եք դուք թանկ:
Քո դեմքն եմ տեսնում ծաղկանց մշուշում,
Քո ժպիտները, քո երանգները,
Ծաղկանց հետ հիմա ես քեզ եմ տենչում,
Քեզ են երազում յասամանները:
***
Փայտահատները կտրեցին կաղնուն,
Անտառի հսկան դարձել է գերան,
Վաղը կքաշեն տախտակները սիրուն,
Գուցե պատրաստեն սեղան, նստարան:
Գուցե պատրաստեն մի գողտրիկ տնակ,
Տանիք, առաստաղ, գրապահարան
Կամ գուցե շինեն դագաղ-տապանակ
Եվ այդ դագաղով տանեն ինձ գերեզման:
Տագնապ
Թռչում են բոցերը մոլեգին,
Բոցերը երկնքին են հասել,
Գրկել է կենգուրուն իր ձագին,
Աչքերում սարսափն է քարացել:
Դողում է ձագուկը մոր գրկում,
Վառվում է հիացմունքը վայրի,
Ամենուր հրդեհն է մոլեգնում,
Չեն սթափվում այրերը աշխարհի:
Հրդեհը քիչ էր, և հիմա
Ուղտերի սպանդ է այդ երկրում,
Զոհվում են զավակները բնության
Աղետի և զենքի բոցերում:
Աշխարհը դեռ խելքի չի եկել,
Լողում է օվկիանում մեղքերի,
Չեն տեսնում՝ մոտեցել է երկրին
Մի ահեղ, հրեղեն ցունամի:
Հայաստան
Հայաստա՛ն, իմ Հայաստան
Հորիզոնից հորիզոն՝
Լեռնաստան ես, այգեստան,
Հեռաստանից հեռաստան,
Բերդաստան ես, բուրաստան:
Ամեն լեռդ մի տաճար է
Ու ամրոց,
Ամեն հովիտ
Նվիրական մի սրբոց,
Ամեն գետակ
Ջրահարս է տավղահար,
Եվ քնար է
Խաչազարդված ամեն քար,
Ուր էլ գնաս, ուր էլ խորհես
Ու պեղես՝
Հայաստանում հին աշխարհներ կգտնես,
Հայաստանի հին փառքերը կտեսնես,
Հայաստանի հին ցավերից կտխրես
Եվ կպաշտես ամեն մի քար,
Ամեն բուռ հող ու մասունք,
Ամեն մի ծառ, ամեն մի տունկ…
Հայաստա՛ն իմ, Հայաստա՛ն,
Դու ծովից ծով՝
Լեռնաշխարհն իմ սրբազան,
Ծովակներով աստղացոլ՝
Մյուռոնաբույր ավազան՝
Դու գետերից գետ և սարից սար՝
Լեգենդավայր, հաղթավայր,
Դաշտավայրից դաշտավայր՝
Նվիրական սրբավայր,
Նվիրական արտ ու ափ,
Հույսի ամրոց ու տանիք,
Եվ ապագա ոսկեշող,
Եվ աստղալույս մեր գալիք,
Իմ սրբազա՛ն հայրենիք,
Հայաստա՛ն իմ, Հայաստա՛ն…
ԱՅՍՏԵՂ ԵՄ ԾՆՎԵԼ
Ես այստեղ եմ ծնվել ջրհեղեղից առաջ,
Աչք եմ բացել մի օր Վանա լճի ափին,
Տեսել աստղի ծնունդ, լեռան հրե կակաչ,
Հոգու աչքով նայել իմ սուրբ Արարատին:
Հրաբուխ էր շնչում Արագածը ջահել,
Մռնչում էր ցածում հոտը մամոնտների,
Հայապատկան հողում և աստվածավայել
Ծաղկեց ոգին, լեզուն իմ նաիրյան ցեղի:
Տուն շինեցի ես ջոջ ու շինեցի հնձան,
Ու արբեցավ սիրտս ոսկեփրփուր գինով,
Ես գրեցի կյանքս սեպով ուրարտական
Ու ջրեցի ծառս Արաքս գետի ջրով:
Ու քոչվորներ եկան, ցեղեր նենգ ու վայրի,
Եվ իմ սրին խաչվեց նիզակ,
տապար ու տեգ,
Չլքեցի տունս, չհանձնվեցի գերի,
Հոշոտվեցի, ընկա, չպարտվեցի երբեք:
Տունս կիսվեց մի օր յաթաղանով չարի,
Բայց հառնեցի կրկին
սրտով արյունաքամ,
Չցամաքեց ջուրը զորեղ իմ ակունքի,
Ծով ծաղկունքով
բուրեց այգիս անմահական:
Պատմությունս լույս է, ոգու ավետարան,
Ու թե փորձեն եղծել
ճշմարտությունն անեղծ,
Հայող հողն ու ջուրը լեզու
կառնեն այնժամ
Ու կպատմեն ի լուր ճակատագիրն իմ մեծ:
***
Լուսանում է, մթնում, լուսանում է, մթնում,
Քո ավյունը բաշխել, հեռանում ես, արև՛,
Աստղավառ է արդեն,
մեզ աստղերն են կանչում,
Մեզ աստղերն են թովում
այս էլ քանի դարեր:
Հողն է նորից ցնծում,
ազդարարում գարուն,
Կռունկներն են կանչում ու բադերը վայրի,
Նույն ճամփով են գալիս,
նույն ճամփով են չվում
Այս էլ քանի գարուն, այս էլ քանի տարի:
Օ՜, բնությո՛ւն շռայլ, հրաշքներ ես երկնում,
Հոլովում ես քո մեծ
գաղտնիքները անտես,
Երեկ ծովն էր շնչում փոթորիկ ու ցասում,
Այսօր հողն է բացել
արարչության հանդես…
Լուսանում է, մթնում,
լուսանում է, մթնում…
Էքսպրոմտ որդուս՝ Սերգոյին
Քեզ տանում եմ ես իմ կրծքին
Որպես ամռան շաղոտ շուշան,
Դու իմ կրծքին՝ մի արշալույս,
Գերբ ու դրոշ անմահության:
Հավատում եմ, դու կվառես
Բոլոր լույսերն իմ կորած տան,
Դու իմ կրծքին Թլոր Դավիթ
Ու ոսկե ջահ խաղաղության:
ՇԻՆԵԼԸ
Անցել են օրերը այն դժվար,
Եվ վաղուց որոտներն են լռել,
Բայց հայրս պահել է մինչև այսօր
Մոխրագույն, հասարակ մի շինել:
Մի գարուն տարել է հաղթանակ,
Հայրենի եզերք է նա դարձել,
Բերել է մարտերից հիշատակ
Մոխրագույն, հասարակ մի շինել:
Եվ հաճախ, երբ հոգնած է լինում,
Ուզում է առաջվա պես քնել,
Նա նորից ուսերին է առնում
Մոխրագույն, հասարակ մի շինել:
Ծխում են հուշերը երազում,
Բացվում են կարոտի գարուններ,
Ու կապույտ մի լեգենդ է դառնում
Մոխրագույն, հասարակ մի շինել:
ԵՍ ՈՒԽՏԻ ԵՄ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ
Դստերս՝ ԱՆԻԻՆ,
Ես ուխտի եմ նորից եկել,
Իմ հավատի խաչն ես, Անի՛,
Բագրատունյաց արքաների
Լեռնամռունչ կանչն ես, Անի՛:
Դու իմ հայոց լեռնաշխարհի
Կիսված սրտի վերքն ես, Անի՛,
Դարաչարչար Հայաստանի
Աստվածաշունչ գիրքն ես, Անի՛:
Հավերժազանգ Ախուրյանի
Զարկերակի զանգն ես, Անի՛,
Հայոց ոսկե քաղաքների
Ամենապերճ թագն ես, Անի՛:
Ես ուխտի եմ նորից եկել
Ավերակաց քո գեղանի,
Պիտի տեսնես վառքդ նորեն,
Պիտի գտնես փառքդ, Անի՛:
ԻՄ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
Իմ հայո՛ց մայրեր, մայրե՛ր իմ բարի,
Լցված գթությամբ սուրբ Աստվածամոր՝
Արթուն եք պահում խիղճը աշխարհի
Լույսի պես անճառ, լույսի պես հզոր:
Դուք շունչն ու ոգին մայր բնության,
Դուք շունչն ու ոգին մեր մայր հայրենիքի,
Լինելիության օրրան-օթևան,
Դուք հավերժահորդ ակունքը կյանքի:
Աշխարհի գանձը չի փոխարինի
Մայրական կաթի կումին կենարար,
Արևի հուրը չի փոխարինի
Մայրական սիրո կրակին անմար:
Դարեր շարունակ դուք օջախի սյուն,
Բերդի զորություն և խորան վանքի,
Հայոց աշխարհի ոգու մաքրություն,
Ոգեղեն լույսը մայր հայրենիքի:
Ձեր գոյությամբ է շքեղ հայրենին
Եվ հորդ է լույսը հայոց հանճարի,
Ձեր գթությամբ է ծաղկում մայրենին,
Հերոսամայրե՛ր հայոց աշխարհի:
