Դերենիկ Դեմիրճյանն այս տարի հոբելյար է, լրանում է նրա ծննդյան 145-ամյակը: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հոբելյանը ոգեկոչելու մի շարք նախագծեր է հղացել, որոնցից մի քանիսն արդեն իսկ կյանքի են կոչվել: Մենք կարևոր ենք համարում գրողի մասին հիշատակումը նաև մամուլի էջերում, ուստի՝ ողջ տարվա ընթացքում կպատրաստենք հետաքրքիր, բացառիկ նյութեր և կհրապարակենք դրանք տարբեր պարբերականներում:
Դասականի արխիվը լի է տարատեսակ անտիպ նմուշներով, որոնց հանրայնացումը անհրաժեշտություն է թե՛ Դեմիրճյանի, թե՛ նրա արժեքը գիտակցող անձանց համար:
Մենք սկսում ենք «Դերենիկ Դեմիրճյանը՝ ծաղրանկարիչ» շարքը, որում կներկայացնենք գրողի ծաղրանկարները և դրանց առնչվող պատմություններ:
Հայտնի է, որ Դեմիրճյանը դեռևս Արդահանի դպրոցում ուսանելիս աչքի է ընկել կերպարվեստի և երաժշտության ասպարեզներում ունեցած ձիրքերով, թեև, ինչ խոսք, դրանք էապես զիջել են գրական օժտվածությանը:
Ոչ միայն մանկության, պատանեկության, երիտասարդության, այլև խոր ծերության շրջանում Դեմիրճյանը չէր դադարում նկարելուց: Նրա գեղանկարչական գործերը տուն-թանգարանի ցուցադրության կարևոր մասն են կազմում: Բայց կան բազմաթիվ նկարներ, որոնք մինչ օրս անհայտ են անգամ դեմիրճյանագետ և դեմիրճյանասեր շրջաններին: Դրանք հիմնականում երգիծական բնույթի մատիտանկարներ են, որոնք գրողն արել է թե՛ առանձին թերթիկների վրա, թե՛ իր նամակների, ձեռագրերի էջերում: Այդ աշխատանքներից մի քանիսը հոբելյանական տարում կհամալրի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը. բացումը կկայանա «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում: Գրեթե բոլոր նկարներն ունեն որոշակի մեկնաբանություն-տակագրություններ: Այդ նկարներում մենք հանդիպում ենք Դեմիրճյանի անվանի ժամանակակիցներին: Այս մասին նա գրում է նաև իր հուշերում. անդրադառնալով «Վերնատուն» գրական խմբակի հավաքներին՝ պատմում է. «Մենք սկսեցինք քննադատական վերաբերմունք ցույց տալ մեզանից դուրս եղած գրականությանը և քննադատությանը: Ես զավեշտական թերթիկներ էի կազմում հատուկ այդ երեկոյի համար, ուր ծաղրանկարում էի զանազան անձնավորությունների: Մի անգամից ավելի Լեոն դառել է իմ նկարների հերոսը» (Դերենիկ Դեմիրճյան, Երկերի ժողովածու 14 հատորով, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1987, հ. 14, էջ 247):
Հենց Լեոյին պատկերող ծաղրանկարով էլ մեկնարկում է «Դերենիկ Դեմիրճյանը՝ ծաղրանկարիչ» շարքը: Հավելենք, որ այս ծաղրանկարները՝ աննշան բացառությամբ, հրապարակվում են առաջին անգամ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ