«ՀՈՂԸ ԿԸ ԽՕՍԻ»
2010 թվականի ամռան սկզբին մասնակցում էի Ծաղկաձորում անցկացված Գրողների համահայկական համաժողովին: Այն ժամանակ ծնվում էր 1915 թվականի գարնանը Օսմանյան կայսրության տարածքում սանձազերծված ցեղասպանության առաջին զոհերի շարքում հայտնված կարևորագույն հայ գրողների հեղինակած արձակ և չափածո աշխատությունների հավաքածու կազմելու գաղափարը:
2015 թվականին, մեկուկես միլիոն հայի կյանք խլած տխրահռչակ իրադարձությունների հարյուրամյակի առթիվ, Երևանում անգլերենով, գերմաներենով, ռուսերենով և ֆրանսերենով լույս տեսավ «Հողը կը խօսի» հատորը, որում ընդգրկված էին այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ անմահացած տասը գրողների երկեր:
Նախաձեռնությունը պատկանում էր Հայաստանի գրողների միությանը (նախագծի համակարգող՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան), ի դեմս երկու արժեքավոր ու տաղանդավոր գրողների՝ Հերմինե Նավասարդյանի և Տիգրան Գաբոյեանի, որոնք ընտրել էին գրական էջերը: Նրանք ընտրություն էին կատարել արդեն թարգմանված և նախկինում Հայաստանում, Կանադայում ու Միացյալ Նահանգներում հրատարակված տարբեր հատորներում լույս տեսած երկերից և ավելացրել նոր թարգմանություններ:
Եվ ահա, ևս հինգ տարի անց, 2020 թվականին, 20-րդ դարի առաջին ցեղասպանության հարյուր հինգ ամյակի առիթով, Հայաստանի գրողների միությունը լույս ընծայեց նաև 2015-ին չորս լեզուներով ներկայացված երկերի բնագիր տարբերակը դարձյալ «Հողը կը խօսի» խորագրի ներքո: «Եղեռնազոհ հայ գրողներ» վերնագրով առաջաբանի հեղինակն է Երևանի պետական համալսարանի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը:
Օսմանյան կայսրության ամբողջ հայ ազգաբնակչությունը բնաջնջելու ծրագրի իրականացումն սկսվում է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ մի գիշերում կոստանդնուպոլսաբնակ 235 հայ մտավորականներ ձերբակալվում, աքսորվում և կոտորվում են: Այսպիսով գլխատվում էր հայ համայնքը: Շատ շուտով նրանց թիվը հասնում է 800-ի: Հետո բնաջնջման հրամանը տարածվում է նաև օսմանաբնակ բոլոր հայերի՝ ներառյալ Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում ապրող հայերի վրա:
Հատորն ընդգրկում է տասը գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չեոկյուրյանի և Ռուբեն Զարդարյանի ստեղծագործություններից քաղված ներկայացուցչական էջեր: Նրանք բոլորը ծնված էին 1870-1880 թթ. և սպանվել են նույն 1915-ին… Յուրաքանչյուր գրողի երկերից առաջ զետեղված են կենսագրական տվյալներ և մեկական լուսանկար:
Ինչպես և մյուս լեզուներով հրապարակված հատորների, տվյալ հատորի շապիկի չորրորդ էջում մեջբերված են կանադաբնակ բանաստեղծ, քաղաքական գիտությունների պրոֆեսոր, «Հայոց ցեղասպանություն. դիմադրելով անտարբերության իներցիային» (The Armenian Genocide: Resisting the Inertia of Indifference, 2012) հատորի համահեղինակ (Լորնե Շիրինյանի համահեղինակությամբ), «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց» (The Armenian Genocide: the essential reference guide, 2015), «Արդար բանաստեղծություններ. անդրադարձ Հայոց եղեռնին» (Just Poems- Reflections on the Armenian Genocide, 2009) հատորների հեղինակ Ալան Ուայթհորնի (ում տատերից մեկը եղել է ցեղասպանությունը վերապրած որբ երեխա) հետևյալ խոքերը. «Մէկը միւսին յաջորդող աւերիչ հարուածներով հայ ժողովուրդը կորցրեց նրանց, ովքեր կարող էին առաւել արդիւնաւէտ նախազգուշացնել աշխարհին երիտթուրքերի բռնատիրութեան կողմից կազմակերպուած ջարդերի եւ մարդկութեան դէմ կատարուող ոճրագործութիւնների մասին»:
Մադլեն ԳԱՐԱԳԱՇՅԱՆ
Նոր կյանք, 11-12/2020, Բուխարեստ, Ռումինիա
